RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ

#031, 2021-08-26 > #032, 2021-09-03 > #033, 2021-09-10 > #034, 2021-09-17

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #33, 10-09-2021



Տեղադրվել է` 2021-09-09 22:44:20 (GMT +04:00)


Ընթերցված է` 1825, Տպվել է` 0, Ուղարկվել է էլ.փոստով` 0

ԱՐԶԱԿԱՆԻ ՀԵՐՈՍՆԵՐԸ

ԷԼԱԴԱ ՊԵՏՐՈՍՅԱՆ

Սեպտեմբերի 4-ին, Չարենցավան համայնքի Արզական գյուղում տեղի ունեցավ Արցախյան երկրորդ պատերազմի հերոս Աբրահամ Հովհաննիսյանի հիշատակին նվիրված խաչքար-հուշաղբյուրի բացման արարողությունը:

Օրը պատահական չէր ընտրված. դա Աբրահամի ծննդյան օրն էր: Նա այդ օրը կդառնար 28 տարեկան:

Խաչքար-հուշաղբյուրը պատրաստվել եւ քանդակվել է Աբրահամի հորեղբոր որդուՙ Եփրեմ Հովհաննիսյանի կողմից:

Խաչքար-հուշաքարի ձախակողմյան հատվածում փորագրված են նաեւ Արզականի անմահ մյուս հերոսների անուններըՙ փոխգնդապետ Հայկազ Հովհաննիսյանի , «Ես եմ» ծրագրով բանակ մեկնած Նարեկ Մելքոնյանի , կամավորական Վաղինակ Հովհաննիսյանի , ժամկետային զինծառայողներ Սարո Եղիազարյանի եւ Էրիկ Գալստյանի անունները, որոնք ոչ միայն հուշաքարին, այլ նաեւ համագյուղացիների սրտում են փորագրված:

Խաչքար-հուշաղբյուրի բացմանը ներկա էին Չարենցավան համայնքի ղեկավարՙ Հակոբ Շահգալդյանը, Արզականի վարչական տարածքի ղեկավարՙ Լիպարիտ Մարգարյանը, զինակից ընկերները, ծնողները, հարազատները եւ համագյուղացիները, որոնք մեծ ցավով եւ խորը կսկիծով էին հիշում արզականցի հերոս Աբրահամին:

Արզականի միջնակարգ դպրոցի աշակերտներն անտարբեր չէին մնացել եւ իրենց կարեկցանքի խոսքն ուղղեցին նրա ծնողներինՙ վերապրեցնելով նրա անքննելի սխրանքը:

Անչափ հուզիչ էր Աբրահամի մորաքրոջ, հորեղբոր եւ քեռու թոռների եւ երեխաների խոսքը, այն առավել ճանաչողական բնույթ էր կրում եւ բնութագրում էր հերոս Աբրահամի ամբողջական կերպարը, որը հավերժ կապրի բոլորի ներսում:

Եկե՛ք խորապես ճանաչենք մեր հերոսին:

Աբրահամը ծնվել էր 1993 թվականին, սեպտեմբերի 4-ին, Արզականում:

Բարի, անկեղծ, ընկերասեր, աշխատասեր, ընտանիքին եւ հայրենիքին նվիրված, խիզախ եւ անվեհեր երիտասարդը, բազում նպատակներն իր առջեւ դրած, առաջնային համարեց հայրենիքի պաշտպանությունը:

2020 թվականի սեպտեմբերի 11-ին նշանադրվել էր, իսկ սեպտեմբերի 27-ին մեկնել ռազմաճակատ...

Երկու օր անցՙ սեպտեմբերի 29-ին, ընտանիքը ստացել է ցավալի լուրըՙ Մարտակերտի դիրքերը պաշտպանելիս զոհվել է արկի պայթյունից...

«Հայրենիք» անունը իր սրտում դաջածՙ նա քայլեց մեր հերոսների ոտնահետքերով ՙ առաջինն արձագանքելով հայրենիքի կանչին:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #33, 10-09-2021

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ