RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ

#031, 2021-08-26 > #032, 2021-09-03 > #033, 2021-09-10 > #034, 2021-09-17

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #33, 10-09-2021



Տեղադրվել է` 2021-09-14 13:42:59 (GMT +04:00)


Ընթերցված է` 1168, Տպվել է` 11, Ուղարկվել է էլ.փոստով` 0

ԳԼԽԱՎՈՐԻ ՈՒ ԵՐԿՐՈՐԴԱԿԱՆԻ ՉԸՄԲՌՆՈՒՄ

Մ.Խ.

Կապան-Գորիս միջպետական ճանապարհին, Որոտան բնակավայրի մոտ ադրբեջանցիք, ինչպես հայտնի է, նախորդ օրվանից ոստիկանական անցակետ են տեղադրել եւ մաքս են պահանջում իրենց վերահսկած ճանապարհահատվածով անցնող իրանական բեռնատարներից: Սա այն անհավանական, անհեթեթ լուրն է, որը Հայաստան ինքնիշխան պետության յուրաքանչյուր քաղաքացու կարող է պարզապես հունից հանել: Հայկական կողմն ու ՌԴ սահմանապահները համատեղ իբր փորձում են հարցը լուծել, համենայնդեպսՙ Հայաստանի ԱԱԾ հաղորդագրությամբ: Ինչպես են լուծելու, չգիտենք, երբ իսկի Սեւ լճի հատվածը չկարողացան մաքրել ադրբեջանցիներից, իսկ երբ հայկական բնակավայրի անունը ԱԱԾ հաղոդագրության մեջ Էյվազլի է նշվում, այստեղ հասկանում ես, որ ինչ-որ ստվերային բան է կատարվում այդ հատվածում: Մի՞թե առանց ռուսների գիտության են ադրբեջանցիք մաքս պահանջում իրանցի վարորդներից մեր իսկ ճանապարհին, միամի՞տ եք: Է, վաղն այդ հատվածով անցնող ու Կապանից Գորիս գնացող հայկական մեքենաներից ադրբեջանցիք մաքս կպահանջեն, գոնե հասկանո՞ւմ եք սա: Լսեք, մենք պետությո՞ւն եք, թե պետություն չե՞նք, մի բան ասեքՙ հասկանանք, մենք Սահմանադրությամբ նախատեսված մեր ինքնիշխանությունն ու սուվերենությունը կարողանալո՞ւ ենք պաշտպանել ի վերջո: Մի հարեւան ունենք, որի հետ նորմալ տնտեսական կապեր ունենք, դա է՞լ եք ուզում հարցականի տակ դնել: Սա էլ չլինի Սեւ լճի հատվածում պատահածը, երբ հոխորտացիք, թեՙ կոշտ միջոցներ եք կիրառելու, ու կոշտ չէ, իսկի փափուկ միջոց չկիրառեցիք, ոնց կարՙ այնպես մնաց:

Ո՞վ է իրավասուՙ վերցրեք ու պաշտպանեք մեր ճանապարհը, հարեւանի հետ հարաբերություն կարգավորելու մեր իրավունքը, դրանից է կախված լինելու, թե սահմանները պաշտպանելու կամք ունեանալո՞ւ ենք վերջապես, թե շղթայական ռեակցիայով մեզ զիջում զիջումի հետեւից են պարտադրելու: Եթե բախտներս չի բերել ու հայրինիք զգացողությունը չունեցող ղեկավարներ ունենք, նրանք թող հետ քաշվեն, ու թող ժողովուրդը պաշտպանի իր ճանապարհն ու իր սահմանները:

Բա հայրենիքի զգացողություն ունեցող մարդիկ կնստե՞ն խորհրդարանում ու մի ողջ օր ընտրությունների վերաբերյալ ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանի զեկուցումը կքննարկեն, մի ողջ օր էլ հակակոռուպցիոն հանձնաժողովի անդամի կամ վճռաբեկ դատարանի անդամի ընտրության քննարկումների ողջ լայնքին ու երկայնքին կտրվեն, դրանք ավելի առաջնահերթ համարելով, ու ընդամենը ընդդիմադիր խմբակցությունների առաջարկով Կապան-Գորիս ճանապահատվածին ադրբեջանցիների ապօրինությունների առիթով համապատասխան գերատեսչությունների ղեկավարներին հրավիրելն ու խորհրդարանում նրանց լսելը խոստումի մակարդակի վրա կպահեն առայժմՙ հայտնի չէ ինչ առաջնահերթությանբ:

Դե որ ԱԱԾ հաղորդագրության մեջ միջպետական ճանապարհի հատվածն Էյվազլի անվանվի, վաղն էլ Աստված գիտե, թե Հայաստանի էլ որ բնակավայրը կհայտնվի Ադրբեջանի վերահսկողության տակ ու հերթական ԱԱԾ հաղորդագրությամբ կանվանվի ադրբեջանական տարբերակով, ասենք, Ծափաթաղըՙ Կըզլքենդ, նայած ադրբեջանական մաքսային ծառայությունն ինչ հերթականությամբ ու ինչ քանակի ճանապարհային հարկի մաքսային վճար հափշտակելու ախորժակ կդրսեւորի:

Թե սա է՞լ է այն համատեքստում, որ հիմնավորեն, թե սահմանագծված լինելու պարագայում այս կարգի միջադեպեր չեն լինի: Կամ էլ նախօրոք ասեքՙ Հայաստանի ճանապարհների էլ ո՞ր հատվածներում են ադրբեջանական ոստիկանական կետեր տեղադրվելու, գլխներիս գալիքն իմանանք:

Մեզ ուրիշ բան է զարմացնում: Ժողովրդի անունից իշխող ուժի ներկայացուցիչներըՙ ԱԺ նախագահը, ԱԺ մեծամասնություն կազմող խմբակցությունն այսպիսի իրավիճակում ԱԺ քառօրյայի հենց սկզբում իրենք պետք է ներկայացնեին Հայաստանի անվտանգության հետ կապված միջադեպի վերաբերյալ քննարկման առաջարկը եւ քննարկեին անհապաղ, քանի որ հավակնում են միայնակ ժողովրդի խնդիրները ներկայացնել, ու ոչ թե ընդդիմությանն ուղղակի խոստանային, որ Կապան-Գորիս հատվածի վերաբերյալ հարցն անպայման կքննարկվի, ու հարցն անընդհատ հետ տշեին:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #33, 10-09-2021

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ