RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
#032, 2021-09-03 > #033, 2021-09-10 > #034, 2021-09-17 > #035, 2021-09-24 > #036, 2021-10-01

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #34, 17-09-2021



ՕՐԵՐԻ ՀԵՏ

Տեղադրվել է` 2021-09-16 22:46:35 (GMT +04:00)


Ընթերցված է` 3920, Տպվել է` 8, Ուղարկվել է էլ.փոստով` 0

ՀՐԱԺԵ՞ՇՏ ԱՆԿԱԽՈՒԹՅԱՆԸ

ՀԱԿՈԲ ԱՎԵՏԻՔՅԱՆ

Անցնող 30 տարիների ընթացքում, ամեն սեպտեմբերի 21-ին, յուրաքանչյուր ոք, ով չալարեց, խոսեց կամ գրեց Անկախության մասին, որպես գերագույն ու բացարձակ արժեք դրա առավելությունների եւ նշանակության մասին: Ոմանք համոզված, ուրիշներ հավուր պատշաճի ու տակավին ուրիշներՙ պաշտոնի ու պարտականության բերումով, բառ չխնայեցին գովերգելու 1991 թվականի սեպտեմբերյան հանրաքվեն, Հռչակագիրը, համաժողովրդային «Այոն», առանց բացատրելու, թե ի՞նչ էինք անելու մենք, եթե փլուզվող կայսրության պայմաններում չգնայինք այդ քայլին. մնալու էինք գոյություն չունեցող կայսրության մե՞ջ, ուր ոչ ոք չէր լինելու այլեւս...

Հիշում եմ, դրանից մեկ տարի առաջ, Հայոց համազգային շարժման 1-ին թե՞ 2-րդ համագումարում, Լեւոն Տեր-Պետրոսյանը ինձ 5 րոպե ժամանակ տվեց ամբիոնից արտահայտվելու: Մեծ բան չասացի, նախապատրաստված չէի, եւ լսարանը անսովոր էր ինձ համար: Հասցրեցի միայն ասել, որ անկախությունը պետք է հիմնված լինի, ծնունդը լինի տնտեսական ինքնաբավության: (Դրանք այն օրերն էին, երբ ջերմուկով էինք երկիր պահելու, մինչ ուրիշներ օձի թույն արտահանելու մեջ էին տեսնում երկրի ապագան): Դահլիճը դժգոհ էր իմ ելույթից, ոմանք ժամացույցն էին մատով ցույց տալիս, ուրիշներ «ռեգլամենտ» էին գոռում, թեեւ 5 րոպեն չէի սպառել: Դահլիճում շատ էին խելոք մարդիկ, ճշգրիտ գիտությունների մասնագետներ: Բայց նրանց պակասում էր մտահորիզոնը: Բոլորին ոգեւորել էր միջազգայինՙ հատկապես արեւմտյան երկրների հետաքրքրությունը մեր անկախական շարժումների նկատմամբ, նրանց քաջալերանքը սովետիզմից տարանջատվելու մեր ձգտումներին: Հետագայում եղան մարդիկ, նույնիսկ պետական բարձրաստիճան այրեր, որոնք անկեղծ համոզված էին, որ մենքՙ հայե՛րս ենք քանդել Բեռլինի պատը... Ավելի ուշ եղան մարդիկ, ի՜նչ եմ ասումՙ գրեթե ամբողջ էլիտան, նաեւ մամուլը, որ հրճվագին ողջունում էին արցախյան հակամարտության միջազգայնացումը, բացի «Ազգ»ից, որը խորհուրդ էր տալիս, հատկապես ադրբեջանական բանակի ջախջախումից հետո, դեմ դիմաց, աչք աչքի նստել Բաքվի ղեկավարների հետ ու միանգամընդմիշտ լուծել հարցերը, առանց 3-րդ կողմի եւ այլ կողմերի միջնորդության ու միջամտության:

Այո, մեր Անկախության շարժումը եւ Արցախյան ազատամարտը չենք կարող տարանջատել իրարից, թեեւ, անհրաժեշտ է շեշտել, որ դեռեւս ոչ մի պատմաբան չի կարողացել բացատրել, թե ո՛րն է օրգանական կապը Արցախյան հերոսական գոյամարտի ու 1991 թ. սեպտեմբեր 21-ի ակտի միջեւ, այնպեսՙ ինչպես դեռեւս համոզիչ բացատրություն տրված չէ Սարդարապատի հերոսամարտի եւ մայիսի 28-ի պատճառահետեւանքային կապի մասին:

Այդ գործը վերապահելով պատմաբաններինՙ բավարարվենք այն ընդգծումով, որ քաղաքական անհրաժեշտ եւ անխուսափելի մեր քայլերինՙ հայերիս սովորությունն է առնչել հերոսականությունը, հերոսականության շղարշով պատել ամեն բացառիկ երեւույթ: Եվ այդ հերոսականությունը, թող տարօրինակ չհնչի, միշտ էլ խանգարել է մեզ, մնացել ենք հերոսականության ընդարմացման տակ ու չենք կատարել մեղվիՙ բոլորովին ոչ հերոսական ամենօրյա այն աշխատանքը, որը իմաստ, բովանդակություն, արդյունավորում կարող է տալ մեր համազգային ձգտումներին, այս պարագայումՙ Անկախությանը:

Մեզ խանգարել է նաեւ հերոսականության մեկ այլ դրսեւորումՙ անհատի դերի ուռճացումը, դա լինի անկախության շրջանի մեր գլխավոր դեմքերից Լեւոն Տեր-Պետրոսյանի, Վազգեն Սարգսյանի, Ռոբերտ Քոչարյանի եւ Սերժ Սարգսյանի պարագայում, որոնց չհաջողվեց, խոշոր հաշվով, ոչ թե ժողովրդին դաս տալ, այլ նրան վարժեցնել այն մտքին, որ անկախությունը ի վերուստ տրված բան չէ, այլ միավորների ամենօրյա աշխատանքի հանրագումար, որ պետությունը դոնոր կազմակերպություն չէ, այլՙ կազմակերպող, համակարգող, հակակշռող մեխանիզմ, որ յուրաքանչյուր անհատի բարեկեցությունից է կախված երկրի ընդհանուր բարօրությունը, ուժը եւ, վերջապես, Անկախության ամրությունն ու գինը աշխարհում:

Համենայնդեպս, նրանք բոլորն էլ, արտակարգ դժվար պայմաններում, արեցին-կերտեցին ինչ-որ բանՙ հաջորդներին թողնելով սխալներն ու թերությունները սրբագրելու, պակասը լրացնելու գործը: Մինչդեռ հաջորդներից առաջինը եկավ քանդելու ինչ որ նախորդներին հաջողվել էր կերտել: Քանզի, ի տարբերություն նախորդների, այս մեկը տառապում էր, եւ է՛, մեսիականության, փրկչականության, անսխալականության, բացառիկության եւ այլ ախտերով: Նկատի չունեմ 44-օրյա պատերազմը միայն, այլեւ տգիտության եւ անձեռնհասության բոլոր այն գործողությունները, որոնք դրսեւորվեցին վերջին երեք տարիներին թե՛ բանակի կազմաքանդման, թե՛ տնտեսության քայքայման, թե՛ պետական կառավարման եւ ժողովրդավարության ինստիտուտների այլասերման ուղղությամբ, մեր պետականությունը դնելով այլոց ողորմածության եւ ուրիշների արգահատանքի տակ: Հնար լիներ երկրով մեկ անցկացնելու հանրաքվեՙ «կուզենայի՞ք միավորվել, մեկ պետություն դառնալ Ռուսաստանի հետ» հարցումով: Պատասխանը, կարծում եմ, պիտի հուսահատեցներ ամենալավատեսներին անգամ:

Եվ հիմաՙ Հանրապետության հրապարակում պատրաստվում է խրախճանքՙ ժանտախտի պահին, «Հրաժեշտ Անկախությանը» թեմայով: Մաղթենքՙ ոչ վերջին հրաժեշտը:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #34, 17-09-2021

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ