RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
#032, 2021-09-03 > #033, 2021-09-10 > #034, 2021-09-17 > #035, 2021-09-24 > #036, 2021-10-01

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #34, 17-09-2021



Տեղադրվել է` 2021-09-16 22:46:35 (GMT +04:00)


Ընթերցված է` 3057, Տպվել է` 24, Ուղարկվել է էլ.փոստով` 0

ԻՆՉԻ ՀԱՄԱՐ Է ԽՈՐՀՐԴԱՐԱՆԸ

ՄԱՐԻԵՏԱ ԽԱՉԱՏՐՅԱՆ

Ինչի համար է խորհրդարանը, եթե երկրի համար ամենակենսական ու հրատապ անվտանգային խնդիրները չի քննարկում, ու, ով զարմանք, քառօրյայի ուղիղ կեսին, մի երկու երկրորդական նշանակության հարց քննարկելուց հետո, սպառում է օրակարգը: Դա այն խորհրդարանն է, որն օրենսդրությամբ երկրի ղեկավարման առաջնային մանդատն ունի: Այդ խորհրդարանը, թեկուզ պոստֆակտում, քննարկե՞ց նոյեմբերի 9-ի հայտարարագիրը, քննարկե՞ց Մոսկվայում ստորագրված երկրորդ եռակողմ թուղթը, կանգ առա՞վ այդ երկու թղթերի վտանգների վրաՙ թեկուզ այդպես վեր հանելով այդ փաստաթղթերի աննպաստ հետեւանքները: Իհարկե ոչ: Հիմա արդեն, երբ ադրբեջանցիք գործնական տարբերակով ի ցույց են դնում իրենց հետագա գործողությունների ծրագիրըՙ ոստիկանական հենակետ տեղադրելով Կապան-Գորիս ճանապարհին եւ անգամ լկտիաբար մաքսի պահանջ ներկայացնում իրանական համարանիշներով տրասպորտային միջոցներին մեր իսկ պետության ներսում, ու երբ դրան զուգահեռ երկրի վարչապետը խորհրդարանում նշում է, թե 2010-ին ընդունված վարչատարածքային բաժանման մասին օրենքով Շուռնուխ ու Որոտան գյուղերի վարչական սահմանները համապատասխանում են հայ-ադրբեջանական սահմանին, այդ հատվածներում Գորիս -Կապան ավտոճանապարհը դուրս է գալիս Հայաստանի Հանրապետության կամ Խորհրդային Հայաստանի վարչական սահմանից, ու այդ պատճառով են ադրբեջանական ոստիկանական հենակետեր լինելու, պարզ են դառնում վերջնականապես մի քանի իրողություններ: Եթե ավելացնենք նաեւ Փաշինյանի այն արձանագրումը, որ 2020 թվականի դեկտեմբերին իրականացվել է Հայաստանի զինված ուժերի դիրքերը ԽՍՀՄ-ից ժառանգած սահմանների հետ համապատասխանեցնելու գործընթացՙ ռազմական նոր էսկալացիայից խուսափելու համար, ապա տարակույս չի մնում, որ Հայաստանի ներկա ղեկավարությունը, առանց հանրության կարծիքը լսելու, առանց խորհրդարանում քննարկման, ուզում է հենց ԽՍՀՄ պայմանական սահմաններով սահմանազատում եւ սահմանագծում իրականացնել, ռազմական էսկալացիայից վախեցած, առամց հաշվի առնելու ԽՍՀՄ ժամանակաշրջանի տարբեր տարիներին հայկական տարածքների հետ կատարված բազմաթիվ անօրինությունները եւ Հայաստանի անվտան

գության տեսակետից նպաստավոր դիրքերը զիջել Ադրբեջանին: Չի էլ թաքցվում, որ այդ գործընթացն է նախապայման Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագրի ստորագրման համար, որով, ի դեպ, հարցականի տակ կդրվի Արցախի ապագան: Ու եթե դա արագանա, ինչպես որ կարելի է եզրահանգել որոշ նշաններից, ապա հասկանալի է, որ որքան էլ Մինսկի խմբի համանախագահ երկրներից, մասնավորապես ԱՄՆ եւ Ֆրանսիայի ներկայացուցիչներից, հայտարարություններ հնչենՙ Արցախի հարցը Մինսկի խումբ վերադարձնելու հրամայականի մասինՙ կարգավիճակը ճշտելու, Հայաստանի ղեկավարության շտապողականությունը կարող է խանգարել դրան: Հայաստանի սահմանազատումը վտանգ է ոչ միայն Հայաստանի համար, այլ հենց Արցախի, քանի որ սահմանազատումից հետո հարկ է ճանաչել այդ սահմանները, ասել է, թե թշնամուդ տարածքային ամբողջականությունըՙ Արցախին բաժին ընկած անորոշ ճակատագրով հանդերձ:

Խորհրդային Հայաստանի սահմաններ ասելովՙ Փաշինյանը նկատի ունի Խորհրդային Հայաստանի այն սահմանները, որ ունեինք անկախանալուց առաջ, մոռանալով, որ Հայաստանի խորհրդայնացման առաջին տասնամյակում եղած տարածքներից շատ ու շատ հատվածներ տարբեր պատրվակներով եւ անօրինական կերպով ԽՍՀՄ ղեկավարությունը հանձնել է Ադրբեջանին, իսկ Հայաստանի ղեկավարներն էլ ստիպված են եղել համաձայնել այդ կորուստների հետ: Բայց չէ՞ որ կան այդ բոլորի իրավական հիմքերը, ի՞նչն է խանգարում դիմել միջազգային ատյաններին ու հետ պահանջել Հայաստանի այն արոտավայրերը, որոնցով Ստալինը, համագործակցած Ադրբեջանի հետ, Արցախի ու Հայաստանի միջեւ ուզում էր Կարմիր Քրդստան ստեղծել, այդ նպատակով վերցվեցին Հայաստանի շատ տարածքներ, ու հետո ոչ Կարմիր Քրդստանը ստեղծվեց, ոչ էլ Ադրբեջանը հետ վերադարձրեց Հայաստանի այդ տարածքները: Հենց այս պատճառով է Գորիս -Կապան մայրուղին որոշ հատվածներով ճանապարհի կեսով անցնում իբր ադրբեջանական տարածքներով:

Բացի այդՙ որ հիմա ոչ բացահայտ, ներքին քննարկում կա անկլավների վերադարձի մասին (որն, ի դեպՙ խորհրդարանում Փաշինյանի ասած խորհրդային սահմանների տրամաբանության մեջ է), եթե այդպիսի բան տեղի ունենա, ադրբեջանցիք կնստեն մեր մայրուղիների վրա, որտեղ տեղադրված են անկլավները եւ, փաստորեն, կվերահսկեն Հայաստանի միջպետական ճանապարհները, ինչպես Կապան-Գորիս ճանապարհին են անում այժմ:

Լավ, 2010-ին վարչատարածքային բաժանման օրենք է ընդունվել, որն անընդհատ մատնանշում է իշխանությունը, թե դրա պատճառով են այսօր Շուռնուխն ու այլ բնակավայրեր հայտնվել թշնամու քթի տակ, անգամ մասամբՙ նրա տարածքում, է, լավ, փոխեք այդ օրենքը, ասեքՙ սխալ է, նոր նախագիծ բերեք: Անգամ ընդդիմությունը չի առաջարկում նման բան:

Մինչդեռ Փաշինյանը թարգմանում է ադրբեջանական մուննաթները, թե բա որ մենք միջանցք չենք տրամադրում նրանց, նրանք էլ հարկում են միջազգային բեռնափոխադրումները, քանի որ հաղորդուղիները բացելու եռակողմ թղթերում չեն նշված միջազգային բեռնափոխադրումների մասին:

Դե իսկ Սյունիքում իրավիճակը նկարագրելով, Փաշինյանն Էյվազլի եւ Չայզամի է նշել հայկական բնակավայրերի անուններըՙ ընդգծելու համար, որ դրանք Սովետական Հայաստանի տարածքից դուրս տարածքում են: Էհե՜յ, մենք Սովետական Հայաստանում չենք ապրում, անկախանալուց հետո մենք ազատագրել ենք մեզ պատկանող որոշ հատվածներ եւ մասամբ վերադարձել մինչեւ 1930-ական թվականները եղած ԽՍՀՄ քարտեզներին, ու այժմ ապրում ենք Հայաստան անկախ պետությունում, կուրսի չե՞ք, էս ի՞նչ եք ասում: Համեմատեք 1922-ից հետոյի քարտեզները 1969 թվականի քարտեզների հետ, մեր ներկա քարտեզները մի փոքր մոտենում են մեր նշած առաջին քարտեզներին, իսկ դուք ուզում եք տեղավորվել 1969-ի մեջ ու հանձնել իրոք հայկական հատվածները, երբ այդ բոլորի դեմ ի վերջո ընդզվեցինք 1988-ին : Սա թույլատրելի չէ, նույնիսկ եթե Հիսուս Քրիստոսն իջնի ու դա պնդի, հայ ղեկավարը չպետք է մտածի ադրբեջանական նպատակահարմարության դիրքից: Ի՞նչ Խորհրդային Հայաստան, ո՞վ է ճանաչել Խորհրդային Հայաստանի սահմանները, եղել են ԽՍՀՄ սահմանները, իսկ մնացյալը ներքին պայմանավորվածություններ ու ոչ թե իրավական հաստատում անցած սահմաններ են եղել: Պահանջեք Մոսկվայից ռազմական, գաղտնի համարվող քարտեզները, այնտեղ իրական հայկական դիրքերի հստակ պատկերն է, որով էլ պետք է անցնեն Հայաստանի սահմանները:

Հիմա վերադառնանք այն հարցին, որ հրապարակման սկզբում բարձրացրել ենք. Ինչի՞ համար է խորհրդարանը, եթե երկրի համար ամենակենսական ու հրատապ անվտանգային խնդիրները չի քննարկում: Իրոք, որքան ժամանակ է իշխանությունը խոսում է սահմանազատումից եւ սահմանագծումից, որՙ իբր Հայաստանը պատրաստ է դրան, ու, որքան էլ տարօրինակ, մինչեւ հիմա միասնական մոտեցում չկա, թե ո՞ր քարտեզներով ենք պատրաստ սահմանագծման:Եւ հասկանալի չէՙ ինչի՞ հիման վրա է պնդում վարչապետ Փաշինյանը, թե Խորհրդային սահմաններով պետք է սահամանազատում լինի, երբ ԱԳՆ-ում ստեղծված համապատասխան հանձնաժողովն ընդամենը մեկ նիստ է արել, մենք չունենք այդ գործի նեղ մասնագետներ, իսկ քարտեզագետ-աշխարհագրագետներն էլ բազմաթիվ արգումենտներ են բերում, թե ինչու հարկավոր չէ Խորհրդային Հայաստանիՙ վերջին շրջանի քարտեզներով առաջնորդվել. Օրինակՙ այն պատճառով, որ Հայաստաանի խորհրդայնացումից հետո Ադրբեջանը համաձայնել է, որ Նախիջեւանն ու Լեռնային Ղարաբաղը Հայաստանին են պատկանում, դրանից հետո տեղի են ունեցել անվերջ-անսահման լռելյայն կորուստներ, որի դեմ հայ ղեկավարությունը չի կարողացել ընդվզել, ու փաստորեն, այդ կորուստներն ամրագրելովՙ Հայաստանն հետո եկող սերունդներին փոխանցելը սարսափելի պատասխանատվություն է, հետագայում շագրենի կաշու պես փոքրացող Հայաստանի անվերջ կորուստների դուռը բաց թողնելու աններելի քայլ:

Հիմա խորհրդարանն ինչո՞ւ իր վրա չի վերցնում այն պատասխանատվությունը, որ օրակարգ բերի Հայաստանի սահմանազատման հարցի իրավական-պատմական հիմքերը քննարկող նախագիծ, ի վերջո հրապարակային քննարկի դրանքՙ հանրությանն ու, ինչու չէՙ հարեւաններին հասու դարձնելով իրականությունը, որն առիթ կդառնա զսպելու ե՛ւ նրանց, ե՛ւ խաղաղության միջնորդների ախորժակը, քանի որ իրավական հիմքերի բացահայտումը եւ այդ առթիվ խորհրդարանի ընդունած առաջարկը կարող են հիմք դառնալ միջազգային ատյաններ դիմելու համար: Ընդ որումՙ նախաձեռնությունը կարող են հավասարապես հեղինակել ե՛ւ ընդդիմադիր, ե՛ւ իշխանական խմբակցությունները: Խորհրդարանի դերն էլ հենց դա էՙ երկրի համար կարեւոր, ճակատագրական հարցերում առանցքային դերակատար լինել, եւ ոչ թե անվերջ մնալ «դուք այս էիք ասում, մենք ՙ այս, դուք դավաճան եք, մենքՙ հայրենասեր» լեզվակռվի մակարդակում: Եթե իհարկե հենց սկբից այլ նպատակ չի որդեգրվելՙ ֆոն պահելու, զբաղեցնելու հանրությանը, մինչեւ ցավոտ որոշումները կայացվեն: Այդ աստիճանի պետական մտածողության պակաս կա. հա՞, մեր խորհրդարանում, այդ աստիճանի միջանձնային վարքուբարք, որ ոչ ոք չի նախաձեռնում այս կարգի քննարկումներ եւ նախագծեր:

Ես եւ ինձ նման միլիոնավոր հայ մարդիկ իրոք պատրաստ չենք Փաշինյանի ասած սահմաններով սահմանազատման, ասել է թեՙ դա սակավաթիվ մարդկանց կարծիքն է, որ փաթաթվում է մեծամասնության վզին: Իմ հայրենիքը ես թույլ չեմ տալիս հանձնել թշնամուն:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #34, 17-09-2021

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ