RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
#032, 2021-09-03 > #033, 2021-09-10 > #034, 2021-09-17 > #035, 2021-09-24 > #036, 2021-10-01

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #34, 17-09-2021



Տեղադրվել է` 2021-09-16 22:46:35 (GMT +04:00)


Ընթերցված է` 2756, Տպվել է` 11, Ուղարկվել է էլ.փոստով` 0

«ՌԱԶՄԱԿԱՆԱՊԵՍ ԹՈՒԼԱՑԱԾ ՀԱՅԱՍՏԱՆԸ ՉԻ ԿԱՐՈՂ ԹԵ՛ ԻՐ, ԹԵ՛ ԱՐՑԱԽԻ ՀԱՄԱՐ ԵՐԱՇԽԱՎՈՐ ԼԻՆԵԼ»

Հարցազրույցըՙ ՍԵՎԱԿ ՎԱՐԴՈՒՄՅԱՆԻ

«Ազգ»ի զրուցակիցն է քաղաքագետ Գարիկ Քեռյանը

- Ադրբեջանցիները Գորիս-Կապան ավտոճանապարհի մի հատվածում ոստիկական անցակետ են տեղադրել: Ըստ տարածվող տեսանյութերիՙ նրանք այնտեղ արդեն ոստիկաններ են տեղակայել ու հսկում են ավտոմեքենաների երթեւեկը: Հայաստանից այժմ հայտարարություններ են հնչում, թե այդ տարածքները Խորհրդային Ադրբեջանի մաս են կազմել: Ի՞նչ գնահատական կտաք ստեղծված իրավիճակին:

- Կոնֆլիկտային այս ամբողջ իրավիճակն սահմանների միջազգայնորեն ճանաչված սահմանագծման ու սահմանազատման գործընթացների բացակայության հետ է անմիջականորեն կապված: Թե՛ Հայաստանը, թե՛ Ադրբեջանը ոչ թե անկախ, այլ Խորհրդային միության մաս կազմող պետություններ են եղել, ու նրանց սահմաններն էլ ոչ թե պետական-քաղաքական, այլ ներպետական վարչական սահմաններ են եղել:

Քանի որ նույն պետության մեջ են եղել, բնակավայրերը երբեմն միմյանց կապել են հարմար ճանապարհներով, ու այդ պարագայում որեւէ նշանակություն չի տրվել այն հանգամանքին, թե Հայաստանի քաղաքների ճանապարհներն անցում են Խորհրդային Ադրբեջանի, թե՞ Խորհրդային Հայաստանի վարչատարածքային սահմանով: Այն ժամանակ առհասարակ սահման հասկացություն չի եղել: Համեմատության համար այսպես ասեմՙ Երեւանից Գյումրի գնալու համար անցնում ենք Արագածոտնի մարզով, այնուհետ մտնում Շիրակի մարզ, չէ՞: Դուք տեսե՞լ եք, որ Շիրակի ու Արագածոտնի մարզերի միջեւ սահմանի լինի, չկա այդպիսի բան: Կա վարչատարածքային նկարագրական ինչ-որ ցուցանակ: Բնականաբար Խորհրդային միության փլուզումից հետո օբյեկտիվ ու սուբյեկտիվ պատճառներով Հայաստանն ու Ադրբեջանը սահմանազատման ու սահմանագծման աշխատանքներ չեն իրականացրել: Իսկ խորհրդային ժամանակահատվածում գյուղերի միջեւ տարածքների բաժանումը կատարվել է մոտավորՙ առանց հաշվի առնելու, թե տվյալ տարածքը ո՞ր հանրապետությանն է պատականում:

Միջազգայնորեն ընդունված սահման Հայաստանը ներկայումս ունի միայն Իրանի ու Թուրքիայի հետ, դա էլ ոչ թե Խորհրդային Հայաստանն է իրականացրել, այլՙ Խորհրդային միությունը: Այսինքնՙ սահմանը ոչ թե Հայաստան-Թուրքիա կամ Հայաստան-Իրան է եղել, այլ ԽՍՀՄ-Թուրքիա, ԽՍՀՄ-Իրան: Միջազգայնորեն ընդունված ու ճանաչված սահմանը, փաստացի, մենք ուղղակի ժառանգել ենք Խորհրդային միությունից:

Մինչեւ 44-օրյա պատերազմը 30 տարվա ընթացքում Հայաստանի եւ ոչ մի իշխանության մտքով չի անցել սահմանների ճշգրտմամբ զբաղվել: Որեւէ մեկի մտքով, գուցե օբյեկտիվորեն, չի անցել, որ Հայաստանի արեւելքում գտնվող Արցախի Հանարապետության տարածքները մի օր հնարավոր էՙ Արցախինը չլինեն: Դա, իհարկե, կարճատեսության, անհետեւողականության ու բարձիթողի վիճակի մասին է վկայում: Որեւէ մեկը չի մտածել, որ եթե մի օր Արցախի հարցը լուծվի, ու 7 շրջանները, որոնք մենք անվանում ենք անվտանգության գոտի, վերադարձվեն, ինչպես է լինելու սահմանների կամ թեկուզ հենց Գորիս-Կապան ավտոմայրուղու ճակատագրի հետ: Հիմա, երբ այնպես է ստացվել, որ պատերազմում պարտվելովՙ Հայաստանը հետ է քաշվել, ու, բնականաբար այդ տարածքները, որոնք, ենթադրենք, խորհրդային տարիներին թողարկված քարտեզներով Ադրբեջանի տարածքում են եղել, ադրբեջանցիները եկել, այդտեղ կանգնել են, ու Հայաստանի միջպետական ավտոճանապարհի մի մասը հայտնվել է Ադրբեջանի վերահսկողության տակ: Հիմա համառ ու քրտնաջան աշխատանք է պետք գուցե ինչ-որ մի տեղ փոխզիջման հասնելու ու Գորիս-Կապան ճանապարհը Հայաստանին թողնելու համար: Սակայն դրանից ավելի բարդ խնդնիրներ կան այսօր. անկլավների հարցն է ու նոյեմբերի 10-ի պայմանագրից բխող դրույթը, ըստ որիՙ Հայաստանն Ադրբեջանին պետք է ճանապարհային հաղորդակցություն տրամադրի դեպի Նախիջեւան: Սրանք կոկորդին մնացած ոսկորներ են, որտեղ սկզբունքային անհամաձայնություններ կան Հայաստանի ու Ադրբեջանի միջեւ, ինչը կարող է անվտանգային ու պատերազմական իրավիճակ ստեղծել:

Այս բոլոր հարցերում մեծ դեր ունի ռուսական կողմը, որն իր վրա խաղաղար առաքելություն է վերցրել: Տնտեսապես ու ռազմականապես թուլացած, պարտված Հայաստանը, չունենալով բավարար ռեսուրսներ, չի կարող թե՛ իր, թե՛ Արցախի համար երաշխավոր լինել: Արեւմուտքը, ճիշտ է, ճնշում գործադրում է Ադրբեջանի վրաՙ հայտարարելով, որ Արցախյան հարցը լուծված չի, բայց փաստը մնում է փաստ, որ տարածաշրջանում հարց լուծողն ու Արցախի երաշխավորը Ռուսաստանն է, ու նրանից է կախված նաեւ մեր սահմանների անվտանգության հարցը: Ինչ-որ դեր մենք, միանշանակ, կարող ենք խաղալ, բայց վճռորոշը ռուսական կողմի խոսքն է:

- Առանց այն էլ թուլացած, պարտված երկրի համար վտանգավոր չէ՞, երբ պաշտոնյաները հակառակորդի ջրաղացին ջուր լցնող հայտարարություններ են անումՙ ասելով, թե այդ տարածքներն Ադրբեջանի սուվերեն տարածքի մաս են կազմում:

- Անշուշտ կարող են վնասել, բայց տարբեր մարդկանց հայտարարությունները մի բան են, պետության պաշտոնական հայտարարություննՙ ուրիշ բան:

- Բայց չէ՞ որ այդ անձինք պետություն են ներկայացնում:

- Իհարկե, ճիշտ եք ասում, նրանք էլ են պետության մաս կազմում, բայց արտաքին հարաբերությունների կոնտեքստում վճռորոշ դեր են խաղում առաջին դեմքերի, օրինակ, արտաքին գործերի նախարարի, Ազգային ժողովի, վարչապետի հայտարարությունները: Եթե օրինակ ինչ-որ մի նախարար կամ նախարարության վարչության պետ ինչ-որ մի բան է ասում, դա կարող է ասել նաեւ որպես մասնագետ կամ քաղաքացի: Անկեղծ ասածՙ ծանոթ չեմ, թե առանձին պաշտոնյաներիցՙ ով ինչպես է արտահայտվել Գորիս-Կապան ավտոճանապարհի մասին, բայց պետական պաշտոն զբաղեցնող մարդը պետք է շրջահայաց լինի, հասկանա, որ իր խոսքը հակառակորդի կողմից կարող է որպես քարոզչության միջոց օգտագործվել: Էլ չասած, որ դա կարող է թյուրըմբռմամբ ընկալվել սեփական երկրում, տարընթերցումներովՙ միջազգային հանրության մեջ: Համաձայն եմ ձեզ հետՙ պետական պաշտոնյաները պետք է խուսափեն նման հայտարարություններ անելուց, քանզի մեզ նման պայթյունավտանգ վիճակում գտնվող երկրում նման հայտարարություններ անելու իրավունքը պետք է միայն առաջին դեմքերին տալ, նրանք էլ շատ շրջահայաց լինեն, յոթ չափեն մեկ կտրեն, հետո նոր հայտարարություն անեն:

- Անգամ այս պայմաններում մեր դիվանագետներն ու պատկան մարմինները մանեւրելու տեղ ունե՞ն:

- Հիմա մանեւրելու տեղ ուղղակի չկա: Գաղտնի բանակցությունների մասին տեղեկություններ կան, դուք ինքներդ էլ լսել եք վստահաբար, որ Երեւանի ու Բաքվի միջեւ խաղաղության պայմանագրի շուրջ գաղտնի բանակցություններ են ընթանում, բայց դրանք մամուլում շրջանառվող լուրեր են: Ներկա պարագայում մեր երկրի դիվանագիտական կորպուսը կարող է ինչ-որ ձեւով մեղմել պարտությունը: Ֆրանսիան, օրինակ, պարտվեց, բայց ֆրանսիացի Շառլ Մորիս Թալեյրանի դիվանագիտական ճկունության արդյունքում պատերազմից հետո Ֆրանսիան պահեց իր տարածքային ամբողջականությունը Վիեննայի վեհաժողովի ժամանակ: Ճիշտ եքՙ մեր դիավանագիտությունից շատ բան է կախված, բանակիցՙ ոչ, նոր պատերազմը մեր երկիրն ամբողջովին ջախջախման կտանի: Դրա համար պետք է անենք ամեն ինչՙ խուսափելու նոր պատերազմից, ինչը եթե պատահի, մեզ համար, երեւի թե, վերջինը կլինի:

Դիվանագիտության մեջ ոչ թե թնդանոթներ ու հրթիռներ, այլ քաղաքական ճկունություն է պետք: Մեր երկրի դիվանագիտությունը պետք է արտահայտվի նաեւ Ռուսաստանի տարածաշրջանային շահերում Հայաստանի շահերի որոնումը ու դրանց համընկնումը: Այսինքնՙ պետք աշխատել սեպ խրել Ռուսաստան-Ադրբեջան հարաբերությունների մեջ, որոնք մինչեւ պատերազմը նույնիսկ ռազմավարական էին որակվում: Պետք է աշխատել օգտվել ՌԴ-Թուրքիայի հարաբերությունների ոչ միանշանակությունից: Պետք է աշխատել գործի գցել ԵԱՀԿ Մինսկի խմբի ձեւաչափն ու օրակարգ բերել Արցախի կարգավիճակի հարցը:

Ես իհարկե վերապահումով եմ մոտենում, որ մեր դիվանագիտությունն ունի այդ կարողությունը, դա նոր իրողություն չէ, այն ՀՀ անկախության հռչակումից մինչ այսօր կաղացել է: Ինչպե՞ս կարելի է 26 տարի բանակցություն վարել ու գոնե կես քայլ առաջ չգնալ: Չէ՞ որ մարդիկ հաղթանակ էին տոնել, սոված-ծարավ հրապարակ էին դուրս գալիս, միտինգներ էին անում, 6-7 հազար մարդ զոհվեց, արտոնյալ պայմաններում զինադադար ունեցանք, բայց 26 տարի մսխեցինք այդ հաղթանակը: Բալային համակարգով դուք ի՞նչ կգնահատեիք դիվանագիտական կորպուսի աշխատանքը, եսՙ զրո: Ու այնպես չէ, թե արտգործնախարարությունն այսօր քաղաքական նոր վեկտոր է ընտրել, նրանք իներցիայով շարունակում են առաջ գնալ, ու միմատություն է կարծել, թե այն այսօր-վաղը կտրուկ փոխելու է այդ ուղղությունը:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #34, 17-09-2021

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ