RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ

#032, 2021-09-03 > #033, 2021-09-10 > #034, 2021-09-17 > #035, 2021-09-24 > #036, 2021-10-01

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #34, 17-09-2021



Տեղադրվել է` 2021-09-16 22:46:35 (GMT +04:00)


Ընթերցված է` 3032, Տպվել է` 1, Ուղարկվել է էլ.փոստով` 0

Ո՞Վ ԿԼԻՆԻ ԳՅՈՒՄՐՈՒ ՆՈՐ ՔԱՂԱՔԱՊԵՏԸ

Գ. Մ.

Գյումրին հոկտեմբերի 17-ին կընտրի համայնքային նոր ավագանի եւ, ըստ ամենայնի, կունենա նաեւ նոր քաղաքապետ: Համայնքի ներկա ղեկավար Սամվել Բալասանյանը չի գլխավորում իր անունով կոչվող «Բալասանյան դաշինք» նոր սոցիալական կուսակցության 42 հոգանոց նախընտրական ցուցակը, եւ նրա անունը ցուցակում չկա: Գուցե դա կապված է նաեւ այն բանի հետ, որ իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը նախատեսել ու պաշտպանում է այլ մարդուՙ Շիրակի երիտասարդ մարզպետ, մասնագիտությամբ բժիշկ Հովհաննես Հարությունյանի թեկնածությունը, որը տվյալ կուսակցության 40 թեկնածուների ցուցակի առաջին համարն է:

Ընդհանուր առմամբ, այստեղ ընտրությանը մասնակցության հայտ է ներկայացրել 7 կուսակցություն եւ 3 դաշինք: Նշված երկուսից բացի իրենց նախընտրական ցուցակներն են ներկայացրել նաեւ «Զարթոնք» ազգային-քրիստոնեական, «Արժանապատիվ ուղի», Հայաստանի հանրապետական, «Ապրելու երկիր» ու կոմունիստական կուսակցությունները: «Զարթոնքի» թեկնածուների ցուցակը գլխավորում է ԱԱԾ նախկին սպա Վարդեւան Հակոբյանը , «Արժանապատիվ ուղի», «Ապրելու երկիր» կուսակցություններինը, համապատասխանաբար, նախկին ՕԵԿ-ական պատգամավոր Հովհաննես Մարգարյանը եւ իրավաբան Կարեն Մալխասյանը , ՀՀԿ-ինըՙ այս խմբակցության նախկին պատգամավոր Արտյոմ Ղուկասյանը , իսկ կոմկուսինըՙ քաղաքապետարանի աշխատակից Կոնստանտին Ղավազյանը :

Մի տեսակ «պարծենկոտ» անուններ են կրում մասնակցության հայտ ներկայացրած դաշինքները: Ահավասիկ, «Գյումրին կռնա՜». այս դաշինքի մեջ միավորվել են «Հայք-հայկազուններ» եւ Նժդեհյան ցեղակրոն կուսակցությունները, նախընտրական ցուցակը ղեկավարում է գործարար Վարդան Սրտաշյանը , իսկ երկրորդ համարը նախկին փոխմարզպետ Վարդան Գրիգորյանն է: Մյուս երկուսը կրում են «Թասիբով դաշինք», «Հայրաքաղաք» անունները: Այս վերջինում նախընտրական միավորում են կազմել ՌԱԿ եւ «Ժառանգություն» կուսակցությունների տեղական կառույցները, նախընտրական ցուցակը գլխավորում է Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբի հիմնադիր Լեւոն Բարսեղյանը , 2-րդ համարը ՌԱԿ ատենադպիր եւ մարզային կառուցի ղեկավար Հովիկ Կարապետյանն է(*):

Հայ համայնավարների ներկայացրած հայտն այս ընտրապայքարի գուցե անսպասելի նորությունն է, որը, սակայն, միայն այդ հայտով չի ավարտվում: Քաղաքում արդեն նկատվել են նրա քարոզչական մեծապաստառներըՙ Մոսկվայի Կրեմլի, ՌԴ նախագահի նկարներով, «Հավերժ միասին», «Հավերժ Ռուսաստանի հետ» հայերեն եւ ռուսերեն կարգախոսներով...

Այս ընտրապայքարին չեն մասնակցում ՀՅԴ-ն եւ ԲՀԿ-ն:

*) Այս արտառոց եւ անհեթեթ սիմբիոզին անդրադառնալու դեռ առիթ կունենանք հետագայում: Խմբ.:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #34, 17-09-2021

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ