RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
#032, 2021-09-03 > #033, 2021-09-10 > #034, 2021-09-17 > #035, 2021-09-24 > #036, 2021-10-01

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #34, 17-09-2021



Տեղադրվել է` 2021-09-16 22:46:35 (GMT +04:00)


Ընթերցված է` 2700, Տպվել է` 10, Ուղարկվել է էլ.փոստով` 0

ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱՆԿԱԽՈՒԹՅԱՆ 30-ՐԴ ՏԱՐԵԴԱՐՁԸ. ԱՌԻԹ ՈՉ ԾԻԾԱՂԵԼՈՒ ԵՎ ՈՉ ԷԼ ԱՐՏԱՍՎԵԼՈՒ

ԵՐՎԱՆԴ ԱԶԱՏՅԱՆ, Դետրոյթ, ԱՄՆ

Վերնագրի երկրորդ մասը հարգարժան պարոն Աբրահամ Հարթունյանի «Ոչ ծիծաղել եւ ոչ էլ արտասվել. հուշեր հայերի ցեղասպանության մասին» գրքից է, քանի որ դրանում արտացոլվել եւ ներկայացվել է այսօրվա Հայաստանում տիրող տրամադրությունը:

Երկրի անկախության 30-ամյակին ընդառաջ վարչապետ Նիկոլ Փաշինյանը խորհրդարանի նիստում հայտարարեց, որ կառավարությունը ծրագրել է մեծ եւ գունագեղ տոնակատարություններով նշել այն:

Հանրության բուռն արձագանքը չհապաղեց, բայց ոչ այն պատճառներով, որոնց հույսը թերեւս փայփայում էր վարչապետը: Հայտարարությունը խոր խոցեց հատկապես նահատակված զինվորների ընտանիքների անդամներին: Ֆեյսբուքի միջոցով ֆլեշմոբեր կազմակերպվեցին սգավոր ընտանիքների կողմից, որոնցից ոմանք սպառնում էին խափանել տոնակատարությունները:

Այսօրվա բեւեռացված մթնոլորտում յուրաքանչյուր հարց կարող է վիճաբանություն առաջացնել:

Ուստի զարմանալի չէ, որ ընդդիմության ներկայացուցիչները անմիջապես օգտվեցին զոհերի ընտանիքների զանգվածային հուզական պոռթկումները ի շահ իրենց օգտագործելու հնարավորությունից:

Անցյալում անկախության տարեդարձը նշում էին Հանրապետության հրապարակում զորահանդեսներով եւ ժամանակակից զենք-զինամթերքի ցուցադրությամբՙ հապացույց հայկական զինված ուժերի այն պնդումների, որ իրենք տարածաշրջանի ամենահզոր մարտական ուժն են: Անցյալ տարվա պարտությունից հետո ցանկացած նմանատիպ ցուցադրություն ոչ միայն կդիտվի որպես ամբարտավան քայլ, այլեւ կցուցադրի եւ կարտացոլի բանակի իրական պատկերը. եթե Հայաստանը ցուցադրի իր հնացած ռազմական տեխնիկան, ապա դա թշնամու համար համապատասխան հաջորդ քայլը ծրագրելու խթան կդառնա: Մյուս կողմից, եթե Հայաստանը ցուցադրի վերջերս Ռուսաստանից գնած զենքը, ապա դա մեզ կկանգնեցնի մեկ այլ քաղաքական խնդրի առաջ: Այդ պատճառով, կառավարությունը ընտրել է գունագեղ, քաղաքացիական տոնակատարության անցկացման տարբերակը եւ այդ նպատակով վարձել է մի ընկերության, որի ղեկավարի խոսքերովՙ «միայն դասական երաժշտություն է հնչելու»:

Բայց դրանով հնարավոր չեղավ մարել հանրության կրքերը, եւ վիճաբանությունը վարակի նման տարածվեց համացանցում:

Խորհրդարանի ընդդիմադիր անդամներից մեկըՙ Գեղամ Նազարյանը, գրեց. «Նրանք ծրագրում են ծախսել 2 միլիոն դոլար մեր հերոսների հիշատակը ծաղրելու համար: Նրանք ովքեր պատրաստվում են երգել եւ պարել, կանգնում են մեր զոհված երեխաների արյան վրա: Եթե նրանք ցանկանում են նշել անկախության տարելիցը, թող հնչի Բախ ու Մոցարտ, թող հրավիրեն կաթողիկոսին, որ աղոթք կարդա: ...Ինչն եք տոնումՙ Շուշիի հանձնո՞ւմը»:

Ի դեպ, այս կապակցությամբ, զոհված զինծառայողների պաշտոնական թվաքանակը ճշգրտվել էՙ 4 000-5 000-ից նվազելով մինչեւ 3 800-ը կամ դրանից պակաս: Դա որեւէ կերպ չի մեղմում կորուստի ցավը, ոչ էլ Ադրբեջանի 11 000 զոհերը կարող են մխիթարության աղբյուր դառնալ հայ հանրության համար:

Մարդկային զոհերին գումարվել է տարածքների կորուստը. Արցախը կորցրել է իր տարածքի 75 տոկոսը եւ ադրբեջանական զինված ուժերը հատել են Հայաստանի սահմանըՙ սպառնալով բռնի ուժով ստիպել հայերին կատարել իրենց կամքը, եթե վերջիններս չհամաձայնվեն հաղթանակած պետության կողմից թելադրված պայմաններինՙ եւ Հայաստանին կանգնեցնելով ինքնիշխանության կորստի առաջ:

Անցյալ տարի Հայաստանի դեմ ծավալած 44-օրյա պատերազմից հետո Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը եւ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը դարձել են աշխարհում խաղաղության ռահվիրաներ: Հարկ է ընդունել, որ երկու երկրներն էլ իրենց տեղեկատվական քարոզչությունը այնքան հմտորեն էին կազմակերպել, որ աշխարհի եւ ոչ մի հզոր խաղացող չբարձրացրեց իր բողոքի ձայնը միջազգային իրավունքի կոպտագույն խախտումների համար: Ի լրումն այդ ամենի, նախագահ Վլադիմիր Պուտինը այժմ փրկչի թիկնոց է հագելՙ պնդելով, որ եթե չլինեին նոյեմբերի 9-ի եռակողմ Հայտարարությունը կազմելուն եւ ստորագրելուն ուղղված իր ջանքերը, Հայաստանը էլ ավելի շատ կորուստներ կունենար:

Իրականում նախագահ Ալիեւը վերջերս անձամբ խոստովանեց, որ եթե պատերազմը եւս մեկ շաբաթ կամ մի փոքր ավելի շարունակվեր, իրենց կորուստները պարզապես անդառնալի կլինեին: Եվ սա այն դեպքում, երբ Ադրբեջանի կողմից կռվում էին Թուրքիայի համատեղ զինված ուժերը, «Իսլամական պետության» ջիհադիստները եւ Պակիստանի օդուժի օդաչուները:

Ճակատագրի հեգնանքով, այս պատերազմում Իսրայելի անօդաչու սարքեր արտադրողները դարձան իսլամական ջիհադիստների ակամա դաշնակիցները, որոնք բոլորն էլ իրենց գործունեությամբ նպաստեցին Ադրբեջանի ապօրինի գործողություններին:

Հեգնանքն այն է, որ Թուրքիան եւ Ադրբեջանը Հայաստանից շատ ավելի շատ գումար են ծախսել զանգվածային լրատվամիջոցներին ֆինանսավորելու վրա եւ հենց այդ պատճառով նրանց հաջողվել է «խաղաղարարի» անուն վաստակել, Ռուսաստանն էլ իր հերթին միջնորդի իր ծառայություններն է առաջարկում: Իրապես, այս անգամ նրանց բոլորի շահերը համընկնում են, քանի որ այդ պայմանական խաղաղարար գործունեության այլընտրանքը Եվրոպայի անվտանգության եւ համագործակցության կազմակերպության (ԵԱՀԿ) Մինսկի խմբի նիստերի գումարումն է, որի համանախագահներից երկուսը (ԱՄՆ-ն եւ Ֆրանսիան) պնդում են, որ «Ղարաբաղի կագավիճակը դեռեւս պետք է որոշվի»: Այդ մասին այս շաբաթ հայտարարել էր Հայաստանում ԱՄՆ դեսպան Լին Թրեյսին, մինչդեռ Մոսկվան, Անկարան եւ Բաքուն փորձում են Արեւմուտքը հեռու պահել Կովկասից:

Պատերազմը բավական դաժան էր հայերի բարոյական դիմագիծը աղավաղելու համար. այսօր բեւեռացումն ու բաժանումը քաոս են ստեղծել երկրում:

1in.am1 լրատվական կայքում մեկնաբան Արամ Ամատունին գրել է. «Թշնամական մթնոլորտը Հայաստանի կառավարության համար կարեւորագույն մարտահրավեր է:»

Այդ հայտարարությունը արտացոլում է Հայաստանի բուն իրականությունը: Չնայած դրան, շատ հայեր կարծում են, որ Արամ Ամատունին խորհրդարանի նախկին պատգամավոր Արման Բաբաջանյանի գրական կեղծանունն է, որը նախկին վարչակարգի նկատմամբ խայթիչ գրոհների հիմնական աղբյուրն է համարվում:

Դժբախտաբար, ներկայիս բոլոր մյուս խնդիրների ֆոնին համաճարակը անարգել տարածվում է: Քաղաքացիների մեծամասնությունը ճակատագրին հնազանդ գնում է մահվանՙ հրաժարվելով դիմակներ կրելուց կամ քովիդի դեմ պատվաստվելուց:

Հայաստանի անկախությունը ուրախության եւ ծիծաղի առիթ է, սակայն պատերազմի կործանարար հետեւանքներըՙ շատ զինվորների դեռ հողին չհանձնած աճյունների հետ միասին առաջացրել են տրավմա, որը դեռեւս հաղթահարված չէ: Եվ սա ողբալու ու արտասվելու պատճառ է:

Սեպտեմբերի 21-ին Հայաստանի բնակչությունը երկու բեւեռայնորեն տարբեր հույզեր կունենա: Մարդիկ չգիտենՙ ծիծաղե՞ն, թե՞ արտասվեն:

Անգլ. թարգմանեցՙ ԼՈՒՍԻՆԵ ՂԱԼՈՒՄՅԱՆԸ, (Armenian Mirror-Spectator)

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #34, 17-09-2021

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ