RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
#032, 2021-09-03 > #033, 2021-09-10 > #034, 2021-09-17 > #035, 2021-09-24 > #036, 2021-10-01

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #34, 17-09-2021



Տեղադրվել է` 2021-09-16 22:46:35 (GMT +04:00)


Ընթերցված է` 3374, Տպվել է` 2, Ուղարկվել է էլ.փոստով` 0

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՀԵՐԹԱԿԱՆ ՕՐԱԿԱՐԳԸ

ՆԱԻՐ ՅԱՆ

***

ՀՀ Կառավարությունը սեպտեմբերի 16-ի նիստին հավանություն տվեց «Ավտոմոբիլային տրանսպորտի մասին» ՀՀ օրենքում փոփոխությունների նախագծին: Ըստ այդմՙ «Զվարթնոց» օդանավակայանում կաշխատեն միայն սպիտակ, ոչ հին եւ գործարանային վառելիքային համակարգով աշխատող տաքսիները:

Կառավարությունն առաջարկում է օդանավակայանի ուղեւորափոխադրումների համար տրամադրել Ա տիպի լիցենզիա, որը կտրվի միայն այն կազմակերպություններին ու անհատներին, որոնք ունեն մինչեւ 7 տարեկան, սպիտակ, գործարանային վառելիքային համակարգով աշխատող, «Աերոտաքսի» գրառմամբ եւ շախմատաձեւ տարբերանշանով ավտոմեքենաներ:

Ա տիպի լիցենզիայի տարեկան վճարման չափը 200. 000 դրամ է:

***

Կառավարությունը հավանություն է տվել նաեւ «Գովազդի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին նախագծին:

«Արգելվում է շահումով խաղի կամ ինտերնետ շահումով խաղի կամ խաղատան կամ խաղասրահի կամ տոտալիզատորի կամ դրանց կազմակերպիչների ցանկացած տեսակի գովազդը, այդ թվումՙ ռադիոյով, հեռուստատեսությամբ կամ համացանցով, բացառությամբ իր պաշտոնական կայքի կամ խաղատների կամ շահումով խաղերի կամ ինտերնետ շահումով խաղերի կամ տոտալիզատորի (խաղասրահ, բուքմեյքերային գրասենյակ) շենքերի, շինությունների կամ սրահների մեջ կամ վրա, Հայաստանի Հանրապետության սահմանային մուտքի կետերում, ինչպես նաեւ առնվազն չորսաստղանի կարգին համապատասխան որակավորման պահանջներին եւ չափանիշներին համապատասխան հյուրանոցներում տեղադրվողների կամ սույն հոդվածով սահմանված դեպքերի, իսկ խաղարկությունով կամ համակցված վիճակախաղի գովազդը թույլատրվում է նաեւ խաղարկությունով կամ համակցված վիճակախաղի վաճառակետերում»:

Նշենք, որ 2020թ. համացանցով կատարված խաղադրույքները, համեմատած 2018թ. հետ, ավելացել են 6 անգամ, իսկ մասնակիցների թիվըՙ 3 անգամ:

Կառավարության այս նախագիծն արդեն իսկ հարուցել է լրատվական կայքերի դժգոհությունը, որովհետեւ սա նշանակում է նրանց ֆինանսական աղբյուրը կտրել մի ժամանակահատվածում, երբ երկիրն առանց այն էլ տնտեսական լուրջ խնդիրների առաջ է կանգնած: Իսկ հայտնի է, որ ֆինանսական աղբյուրից զրկվելովՙ լրատվական կայքերը կփակվեն, եւ ազատ, ընդդիմադիր, քննադատական խոսք իշխանությունների հասցեին այլեւս չի հնչի:

***

Կառավարության նիստից հետո, լրագրողների հետ ճեպազրույցում ՀՀ Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը , անդրադառնալով խաղաղողագործների տեւական բողոքին, թե գործարանները հրաժարվում են խաղող մթերել, բերքը փչանում է, բացատրել է, որ անցյալ տարի շատ քիչ քանակությամբ է կոնյակ սպառվել, այդ պատճառով էլ գործարանները չեն կարող այս տարի խաղող մթերել:

«Պետք է պաշարները եւ վաճառքը բալանսավորվեն, որ ընկնենք նորմալ հունի մեջ: Մինչ այդ, փորձում ենք լուծել խնդիրները, այնպես անել, որ բերքը գետնին չմնա»,-ասել է նախարարը:

Լրագրողները հատկապես կենտրոնացել են ադրբեջանցիների վերահսկողության տակ անցնելու հետեւանքով Գորիս-Կապան ճանապարհի խնդիրների վրա: Ի վերջո, անհերքելի է, որ դրա պատճառով մեր երկիրը տնտեսական լուրջ վնասներ է կրելուՙ չհաշված անվտանգությոան խնդիրները:

«Մենք անհանգստացած ենք Գորիս-Կապան ճանապարհի իրավիճակով եւ համարում ենք, որ ճանապարհի այս կարգավիճակը մեծ վնաս է տալիս տնտեսությանը, առեւտրին եւ զբոսաշրջությանը»,- ասել է նախարարը եւ հավելել, որ ԱԱԾ-ն, ՊՆ-ը, ԱԳՆ-ն զբաղվում են այդ հարցով:

Նախարարի պատասխանը, բնակաբար, չի բավարարել լրագրողներին, որովհետեւ մինչեւ այժմ տեսել ենք, թե նշյալ կառույցները հայ-ադրբեջանական սահմանային խնդիրներով զբաղվելով, ինչ «արդյունքի» են հասել:

«Եթե ձեզ թվում է, որ մենք պետք է կյանքը կանգնեցնենք, զբաղվենք միայն այդ մի ճանապարհով եւ չշնչենք-չարտաշնչենք, չքնենք-չզարթնենք եւ այլն, ապա այդպես չէ, պետք է զբաղվել նաեւ այլ խնդիրներով»,- վրդովմունքը չթաքցնելովՙ ասել է ՀՀ Էկոնոմիկայի նախարարը:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #34, 17-09-2021

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ