RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ

#032, 2021-09-03 > #033, 2021-09-10 > #034, 2021-09-17 > #035, 2021-09-24 > #036, 2021-10-01

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #34, 17-09-2021



Տեղադրվել է` 2021-09-16 22:46:35 (GMT +04:00)


Ընթերցված է` 2589, Տպվել է` 1, Ուղարկվել է էլ.փոստով` 0

ԻՐԱՆԻ ՄԻՋՈՒԿԱՅԻՆ ԾՐԱԳՐԵՐԻ ՇՈՒՐՋ ԲԱՆԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՎԵՐՍԿՍՈՒՄ

ԳՐԻԳՈՐ ԱՌԱՔԵԼՅԱՆ, Իրանագետ

Չունգաչունգ Իրան-Արեւմուտք հարաբերություններում

Սեպտեմբերի 12-ին տեղի ունեցավ Իրանի նորընտիր նախագահ Էբրահիմ Ռայիսիի պաշտոնամուտից հետո ատոմային էներգիայի միջազգային գործակալությանՙ ՄԱԳԱՏԷ -ի ղեկավար Ռաֆայել Գրոսսիի առաջին այցը Թեհրան եւ առաջին հանդիպումը Իրանի ատոմային էներգիայի կազմակերպության նորանշանակ ղեկավար Մոհամմադ Էսլամիի հետ:

Հարկ է նշել, որ Իրանի նկատմամբ կիրառվող պատժամիջոցների վերացմանն ուղղված միջուկային ծրագրերի շուրջ բանակցային գործընթացը Թեհրանի արտաքին քաղաքականության գլխավոր ուղղություններից է, ինչը մասնակիորեն իր հանգուցալուծումը պիտի ստանար 2015 թ. ապրիլի 2-ինՙ Լոզանի Հայտարարագրի հրապարակումից հետո: Սակայն, հակաիրանական տրամադրություններով հայտնի Դոնալդ Թրամփի ԱՄՆ նախագահ ընտրվելուց հետո Իրանի հետ ստորագրված համաձայնագիրն արժանացավ Սպիտակ տան նոր ղեկավարի «վատթարագույն գործարք» գնահատակին: Իսկ որոշ ժամանակ անցՙ 2018 թվականին, ԱՄՆ-ը միակողմանիորեն դուրս եկավ Համատեղ գործողությունների համապարփակ ծրագրից (ՀԳՀԾ)ՙ հաշվի չառնելով անգամ իր դաշնակիցների կարծիքը:

Հետագայում ԱՄՆ նախագահի ուղերձից պիտի հայտնի դառնար, որ ՀԳՀԾ-ից հրաժարվելով, Վաշինգտոնն իր առջեւ խնդիր էր դրել ոչ այնքան կասեցնել Իրանի միջուկային ծրագրերը, որքանՙ զսպել Իրանի տարածաշրջանային ակտիվությունն, ու հնարավորության դեպքումՙ տապալել Իրանի կրոնապետական կարգերը:

Բնականաբար, Դոնալդ Թրամփի նախագահության օրոք դժվար էր Իրանի շուրջ գործող պատժամիջոցների վերացմանն ուղղված ջանքերի արդյունավետություն եւ պատժամիջոցների ծանր բեռի մասնակի թեթեւացում ակնկալել:

Արտաքին քաղաքական ոլորտում Դոնալդ Թրամփի ձեռնարկումները «խմբագրելու» ճանապարհին ահռելի փոփոխությունների հասած ԱՄՆ նորընտիր նախագահ Ջո Բայդենի քաղաքական ասպարեզում հայտնվելը նոր հույսեր արթնացրեցին Թեհրանում: Իսկ Իրանի հոգեւոր վերնախավի ձգտումը ԻԻՀ նախագահական ընտրություններում արմատական թեւի ներկայացուցիչ, հոգեւոր առաջնորդի անվերապահ աջակցությունը վայելող Էբրահիմ Ռայիսիի հաղթանակի հարցում նույնպես հասկանալի ու տրամաբանական էր: Արեւմուտքը հստակ գիտակցում էր, որ միջուկային ծրագրերի իրագործման շուրջ զիջումների գնացողը ո՛չ բանակցություններին ներկայացող ԻԻՀ պատվիրակներն էին, ո՛չՙ Իրանի արտաքին գերատեսչությունը, ո՛չ էլՙ երկրի նախագահը: Իրանի միջուկային ծրագրերի շուրջ բանակցությունների հանդիպակաց կողմը ներկայացնող բանագնացները վստահ էին, որ նման հարցերի վերաբերյալ վերջնական կարծիք արտահայտողը Իրանի հոգեւոր առաջնորդ Սեյյեդ Ալի Խամենեին է:

Միջուկային ակտիվությունը սահմանափակելու դիմաց Իրանի նկատմամբ պատժամիջոցների վերացման շուրջ ընթացող բանակցություններում Արեւմուտքը չէր կարող չհիշել Վիեննայում ընթացող բանակցություններում Իրանի ԱԳՆ ձախողումներն արդարացնելու նպատակով ԻԻՀ նախկին նախագահ Հասան Ռոհանիի հնչեցրած հայտարարությունն առ այն, որ «եթե բանակցություններին մասնակցող ԻԻՀ ԱԳ նախարարի տեղակալ Աբբաս Արաղչիին հարկ եղած լիազորությունները տրվեին, նա մեկ օրում պատժամիջոցների վերացման հարցը կլուծեր»:

Այսօր նորընտիր նախագահ Էբրահիմ Ռայիսին ու իր նշանակած ԱԳ նախարար Ամիր Աբդոլլահիանը համոզված են, որ բանակցություններում հարկ եղած լիազորություններով օժտված են լինելու, քանի որ այսօրվա Իրանի կառավարման համակարգը առավել քան երբեւէ միատարր է:

Այսպիսով, ատոմային էներգիայի միջազգային գործակալության գլխավոր տնօրեն Ռաֆայել Գրոսսին այցի ընթացքում ձեռք բերված պայմանավորվածությունները հուսադրող գնահատելով, կարեւոր ձեռքբերում է համարել նախ եւ առաջ ընդհատված բանակցությունների վերսկսման փաստը, ինչպես նաեւ հայտարարել ՄԱԳԱՏԷ-իՙ Իրանի միջուկային օբյեկտների դիտարկման տեսախցիկներին հասանելիությունը վերականգնելու մասին:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #34, 17-09-2021

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ