RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ

#032, 2021-09-03 > #033, 2021-09-10 > #034, 2021-09-17 > #035, 2021-09-24 > #036, 2021-10-01

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #34, 17-09-2021



Տեղադրվել է` 2021-09-16 22:46:35 (GMT +04:00)


Ընթերցված է` 3262, Տպվել է` 1, Ուղարկվել է էլ.փոստով` 0

«ՑԱՆԿԱՆՈՒՄ ԵՆՔ, ՈՐ ՀԱՅԱՍՏԱՆԸ ՀԱՐԳԻ ԶԻՆԱԴԱԴԱՐԻ ՊԱՅՄԱՆՆԵՐԸ ԵՎ ՉԿԱՏԱՐԻ ՈՐԵՎԷ ՍԽԱԼ ՔԱՅԼ»

ՀԱԿՈԲ ՉԱՔՐՅԱՆ, Թուրքագետ

Հայտարարել է Թուրքիայի պաշտպանության նախարար Աքարը

Մինչ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Հայաստանի հետ հարաբերությունները բարելավելու, այսպես կոչված, շատ դրական ազդակներ էր հաղորդում, իսկ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը դրանց արձագանքում էր «դրական որոշակի ազդակներին դրական ազդակներով պատասխանելու» պատրաստակամությամբ, եւ հայ-թուրքական հարաբերությունների «բարելավման» հավանականությունը տեղիք էր տալիս աշխույժ քննարկումների ինչպես հայկական, այնպես էլ թուրքական քաղաքական շրջանակներում, ահա սեպտեմբերի 15-ին ելույթ է ունենում Թուրքիայի պաշտպանության նախարար, բանակի գեներալ Հուլուսի Աքարը :

Օգտվելով առիթից նշենք, որ նա մինչ այդ զբաղեցրել է թուրքական զինված ուժերի գլխավոր շտաբի պետի պաշտոնը: Թուրքական մամուլի վկայությամբ, մասնավորապես «Վաթան» եւ «Միլիյեթ» թերթերի, ելույթում նա ասել է. «Մենք Ադրբեջանին ուղղված սպառնալիքներն ընդնում ենք որպես մեր դեմ ուղղված սպառնալիքներ: Ցանկանում ենք, որ Հայաստանը հարգի հաստատված զինադադարը եւ չդիմի որեւէ սխալ քայլի, որ տարածաշրջանում ապահովվի զինադադարի հարատեւությունն ու կայունության հաստատումը»:

Աքարն այս ելութը ունեցել է ռազմաօդային ուժերի զորավարժությունների ընթացքում, ամենայն հավանականությամբՙ թուրք-ադրբեջանական, եւ Ադրբեջանի զինված ուժերի գլխավոր շտապի պետ Քարիմ Վելիեւի ու ռազմաօդային ուժերի զորահրամանատար Ռամիզ Թահիրովի ներկայությամբ:

Թուրքական վերոհիշյալ թերթերի վկայությամբ Թուրքիայի պաշտպանության նախարարն ելութով հանդես է եկել լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ: Մեզ համար կարեւորը, ինչ խոսք, դրա բովանդակությունը չէ, այլ նկրտումները, որոնց մասին էլ որոշակի պատկերացում են տալիս Աքարի ճեպազրույցին հաջորդած հայտարարությունները:

Նա այդ հայտարարությունների ժամանակ, ըստ թուրքական թերթերի, ասել է, որ Թուրքիան հարգում է բոլոր հարեւաների տարածքային ամբողջականությունն ու ինքնիշխանությունը, ավելացնելով. «Մենք որեւէ մեկի սահմանները խախտելու մտադրություն չունենք, այդ մասին խոսք անգամ լինել չի կարող: Սակայն չենք կարող թույլ տալ որեւէ մեկին, որ խախտի մեր եղբոր տարածքային ամբողջականությունն ու ոտնահարի նրա իրավունքները: Մեր միակ նպատակը հարազատ եղբայների անվտանգության ապահովումն է: Գաղտնի ոչ մի նկրտում չենք հետապնդում»:

Ապա նա շնորհավորել է 30 տարի շարունակ օկուպացման տակ գտնվող տարածքները 44 օրվա ընթացքում, այսպես կոչված, ազատագրած ադրբեջանական զինված ուժերին, նշել է հրամանատարական կենտրոնի մասին, որտեղ թուրքական եւ ռուսական զինծառայողները գործում են համատեղ, եւ անդրադարձել «Շուշիի հռչակագրին», ասելով. «Հունիսի 15-ին նախագահ Էրդողանի եւ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի ստորագրած «Շուշիի հռչակագիրն» ամրապնդել է ոչ միայն մեր եղբայրությունը, այլեւ երեւան է հանել այն ուղեգիծը, որին հետայսու հետեւելու են Թուրքիան եւ Ադրբեջանը: Մեր նախագահի եւ մեծարգո Ալիեւի մեկնած բարյացակամ ձեռքը Հայաստանին, ինչպես նաեւ խաղաղության եւ կայունության առաջարկը, խիստ կարեւոր են տարածաշրջանի կայունության համար, սակայն մինչեւ օրս, ցավոք, դա չի արժանացել համարժեք արձագանքի: Մեր նպատակը կողմերի խաղաղ գոյակցությունն է, ինչպես նաեւ տարածաշրջանի կայունությունը: Ցանկանում ենք, որ Հայաստանը հարգի զինադադարի պայմանները, չկատարի սխալ որեւէ քայլ եւ նպաստի տարածաշրջանի կայունությանը»:

Թուրքիայի պաշտպանության նախարար Հուլուսի Աքարի խնդիրը, ինչ խոսք, տարածաշրջանի կայունությունը չէ, ոչ էլ խաղաղությունը, ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի ջանքերով կաթվածահար վիճակում հայտնված, ահաբեկված Հայաստանի ծանր կացությունը Ռուսաստանի հետ համագործակցությամբ սեփական շահերին ծառայեցնելը: Որքան էլ այս երկու պետությունների շահերը Հայաստանի եւ հայ ժողովրդի հարցերում համընկնեն, երկուսն էլ բախվում են ԱՄՆ-ի գործոնին, քանի որ չեն կարող պայքարել դրա դեմ, եւ իրենց համատեղ առաջադրանքը փորձում են լուծել հայաստանյան իշխանությունների միջոցով:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #34, 17-09-2021

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ