RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ

#032, 2021-09-03 > #033, 2021-09-10 > #034, 2021-09-17 > #035, 2021-09-24 > #036, 2021-10-01

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #34, 17-09-2021



Տեղադրվել է` 2021-09-16 22:46:36 (GMT +04:00)


Ընթերցված է` 2678, Տպվել է` 2, Ուղարկվել է էլ.փոստով` 0

ԲԱՔՈՒՆ, «ԹԱԼԻԲԱՆ» ՇԱՐԺՈՒՄԸ ԵՎ ՄԵՆՔ

ՎԼԱԴԻՄԻՐ ԴԱՐԲԻՆՅԱՆ, Անվտանգության հարցերով փորձագետ

Եթե պետք է բնութագրել «Թալիբան» շարժումը, ապա սովորական բառերով այն կարելի է անվանել չարացած աֆղաններ - այդպես է անվանում վերլուծաբան Թեդ Կալլահանը այդ շարժումը:

Նրա կարծիքով այդ շարժումը այլեւս պաշտոնական էթնիկ-ազգային շարժում չէ, ինչպես 90-ականներին:

«Թալիբան» շարժումը հիմնականում իհարկե բաղկացած է փուշթուն աֆղաններից, բայց դա այդքան էլ հասարակ հարց չէ, քանի որ գոյություն ունի «Հաքքանի ցանց» հասկացությունը, որը հիմնավորված է ինչպես Պակիստանում, այնպես էլ տեղաբաշխված է Աֆղանստանում: Այդ ցանցում կան էթնիկ ուզբեկներ եւ տաջիկներ, թուրքմեններ, ինչպես նաեւ էթնիկ խազարներ, որոնք նույնպես աֆղաններ են եւ ընդգրկված են «Թալիբանի» կազմում:

Հայտնի է, որ թալիբների կազմում մարտնչող արտասահմանյան մարտիկների թվում կան ահաբեկիչներ Մերձավոր Արեւելքից, որոնք «Ալ-Ղաիդայի» կազմից են, կան մարտիկներ Պակիստանից եւ Կենտրոնական Ասիայից: ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի վերլուծաբանները պնդում են, որ «Թալիբանի» 85.000 մարտիկներից առնվազն 10.000-ը արտասահմանյան մարտիկներ են: Ուրիշ տվյալների համաձայն, նրանցից 65.000-ը Պակիստանի քաղաքացիներ են, մնացածը Կենտրոնական Ասիայից են, Չեչնիայից կամ Մերձավոր Արեւելքի «Ալ-Ղաիդայից»:

Ըստ Չինաստանի հետախուզության տվյալների, էթնիկ ույղուրների մարտիկները երկրի հյուսիս-արեւմուտքից, օգտագործվում են «Թալիբանի» կողմից Աֆղանստանի հյուսիս-արեւելյան նահանգումՙ Բադախշանում:

Իսրայելական հատուկ ծառայություններից մեկի նախկին ղեկավար, այժմ քաղաքական փորձագետ Յակով Քեդմին վերլուծելով իրադարձությունները Աֆղանստանում, նշում է, որ «Թալիբանը» ստեղծված է Պակիստանի ռազմական հետախուզության կողմից եւ համաձայնվում է Ռամզան Կադիրովի (Չեչնիայի նախագահ) այն մտքերի հետ, որ «Թալիբանը» ստեղծված է Քաշմիրում (Հնդկաստան) դիվերսիաներ անցկացնելու նպատակով:

Յակով Քեդմին հաստատում է, որ «Թալիբանը» արմատական, ահաբեկչական, էքստրեմիստական շարժում է, որի նպատակը Աֆղանստանում Խալիֆաթ կառուցելն է: Խալիֆա՛թ, ոչ թե պետություն: Խալիֆաթը իսլամական հասկացություն է, եւ դրա սահմանները վերջանում են այնտեղ, որտեղ այլեւս չկան մուսուլմաններ: Ինքնստինքյան պարզ է, որ էքստրեմիստ թալիբները չեն կանգնի իրենց խաիլֆաթի սահմանների մոտ, նրանք կշարժվեն առաջ...

Այն արագությունը, որով թալիբները գրավեցին գրեթե ամբողջ Աֆղանստանը, շշմեցրեց բոլորին: Միացյալ Նահանգները, Մեծ Բրիտանիան եւ նրանց դաշնակիցները ՆԱՏՕ-ի բլոկից, վերջին 20 տարիների ընթացքում կառուցում, մարզում եւ պատրաստում էին Աֆղանստանի անվտանգության ուժերը, ոստիկանությունը, բանակը եւ հատկապես ռազմա-օդային ուժերը:

Կառավարական փաստաթղթերում նշվում էր, որ երկրի անվտանգությունը ապահովում են ավելի քան 300.000 զինծառայողներ: Պարզվում է, որ դա այդպես չէր... Բրիտանական հակահետախուզության (Mi 5) ղեկավարըՙ Քեն Մակկալումը , իր հերթական զեկուցագրում նշում է, որ «Թալիբանի» իշխանությունը զավթելուց հետո, շատ հնարավոր է, որ 9/11 (ահաբեկչություն Նյու Յորքում 2000թ.) տեսակի ահաբեկչական ակտերը կրկնվեն աշխարհում:

Այսինքն ահաբեկիչները կվերականգնեն իրենց «ցանցերը» եւ պայմաններ կստեղծեն լավ մշակված, հնարամիտ դավադրությունների համար: Սակայն Մակկալումը չկարողացավ պատասխանել այն հարցին, թե արդյո՞ք Մեծ Բրիտանիան կարող է թիրախ հանդիսանալ թալիբների համար: Սակայն հակահետախուզության ղեկավարը նշեց, որ վերջին 4 տարիների ընթացքում իրենց հաջողվել է կանխել 31 ահաբեկչական դավադրություններ, ընդ որումՙ վերջին փուլում: Հատկապես ահաբեկչական ակտեր քաղաքացիական օդանավերում:

Մեզ պետք է հետաքրքրի մեկ կարեւոր հարցՙ իշխանափոխությունը Աֆղանստանում ինչպե՞ս կանդրադառնա հայ-ադրբեջանական հակամարտությանը, ի՞նչ թաքնված ռիսկեր կան Հայաստանի եւ Արցախի համար, ինչքանո՞վ կամպրապնդվի Թուրքիայի դերը տարածաշրջանում եւ կթուլացնի Ռուսաստանի դիրքերը:

Ամենայն հավանականությամբ հարաբերությունները Ադրբեջանի եւ Աֆղանստանի միջեւ կշարունակվեն: Հիշեցնենք, որ առաջին քաղաքացիական ավիաընկերության ինքնաթիռը, որ ուղեւորվեց Քաբուլ, դա ադրբեջանական «AZAL» ավիափոխադրիչն էր: Երկար ժամանակ, սկսած 2000-ականներից, ամբողջ աշխարհը Աֆղանստան էր մեկնում Բաքվից, ադրբեջանական չվերթներով, եւ բեռնափոխադրումները իրականացվում էին ադրբեջանական «SILK WAY» ավիաընկերության միջոցով: Ավելին, Բաքվում էին պատրաստվում Աֆղանստանի դիվանագետները:

Ըստ որոշ տվյալների, Քաբուլի օդանավակայանում հերթապահող թուրք զինվորական զորակազմում կային 120 ազեր զինծառայողներ:

Թալիբների հետ ակտիվ շփումներ ունեն Պակիստանը եւ Քաթարը, իսկ Բաքուն գրեթե դաշնակցային կապեր ունի Իսլամաբադի եւ գործընկերությունՙ Քաթարի հետ:

Աֆղանստանի նախկին, օրինական իշխանությունները 2020թ. 44-օրյա պատերազմի ընթացքում իրենց աջակցությունը հայտնեցին Ադրբեջանին: Կասկած չկա, որ թալիբները «ուշքի գալուց» հետո նույնպես կաջակցեն Ադրբեջանին: Հարցն այն է, թե ինչ աստիճանի կլինի այդ աջակցությունը:

Իհարկե, Հայաստանը պետք է զերծ մնա հայտարարություններից «Թալիբանի» վերաբերյալ, սակայն այն հանգամանքը, որ Հայաստանը 2021թ. սեպտեմբերից նախագահում է հավաքական անվտանգության պայմանագրային կազմակերպությունում, իսկ Տաջիկստանի սահմաններում դեռ հայտնի չէ ի՞նչ օպերատիվ իրավիճակ կստեղծվի, կարելի է ասել, որ ոչ հասարակ օպերատիվ-քաղաքացիական իրավիճակ կարող է ստեղծվել...

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #34, 17-09-2021

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ