RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
#032, 2021-09-03 > #033, 2021-09-10 > #034, 2021-09-17 > #035, 2021-09-24 > #036, 2021-10-01

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #34, 17-09-2021



Տեղադրվել է` 2021-09-16 22:46:36 (GMT +04:00)


Ընթերցված է` 2658, Տպվել է` 2, Ուղարկվել է էլ.փոստով` 0

ԿԱՏԱՐՎԱԾԻ ՀԵՏ ՀԱՄԱԿԵՐՊՎԵԼՈՒ ՓՈՐՁ

ՀԱՍՄԻԿ ԱՎԵՏԻՍՅԱՆ

Ամեն օր, ամեն վայրկյան, քարացած, անշնչացած, արցունքի ու կարոտի մեջ ամփոփված, տասնյակ նոր պատմություններ են ի հայտ գալիս, մինչ կատարվածի հետ հաշտ ապրելու, համակերպվելու փուլը երբեք չի գալու:

Պատերազմից գրեթե մեկ տարի անց Կարեն Հովակիմյանի մայրըՙ տիկին Գայանեն , որդու համար սիրելի դարձած վայրերում փնտրում է նրան: Զավակի յուրահատուկ ժպիտին կարոտ մոր ցավն ընդգծվում է աչքերում հավաքված արցունքով, սպասումով, ցավով:

Կարենը ծնվել է 2001թ օգոստոսի 10-ին Արմավիրի մարզի Նոր Կեսարիա գյուղում, այնուհետեւ ընտանիքով տեղափոխվել եւ բնակվել են Արմավիր քաղաքում: Բազմազավակ ընտանիքի չորրորդ տղան էր Կարենը, ուներ չորս եղբայր եւ մեկ քույր: Ընտանիքը զբաղվում էր հողագործությամբ:

«Կարենս աշխատել էր, գումար էր հավաքել, ու մինչեւ բանակ գնալը այդ գումարով ինձ ու եղբոր կնոջ համար մատանի էր գնել, մի մատանի ու վզնոց էլ գնել էր մյուս եղբոր ապագա կնոջ համար, որ հետ գար ու իր ձեռքով իր նվերը փոխանցեր: Այն չհասավ իր հասցեատիրոջը, սակայն փոխանցվեց քրոջը, որպես հիշատակ եղբորից»,- պատմում է մայրը, հայացքն ուղղում որդու նվիրած մատանուն, խորը շունչ քաշում, ապա շարունակում. «Կարենս շատ աշխատասեր էր, տարբեր գործեր էր անում, փորձում էր տան մեծ հոգսերը վերցնել իր վրա:Ինչքան ուզում է հոգնած լիներ, եթե մի բան ասեինք, առանց տրտնջալու տեղից վեր էր կենում»:

Կարենը խորապես գնահատում էր իր ծնողների անձնվիրությունն ու ջանքերը, ուզում էր բարձրացնել իրենց ընտանիքի կյանքի որակըՙ ապավինելով սեփական ուժերին:

«Շատ աշխատասեր տղա էր Կարենը, անտրտունջ, բարի: Եթե իմանար, որ մեկը կարիքի մեջ է, ինքն իսկույն հասնում էր օգնության առանց մտածելու իր մասին: Ցավոքՙ մարտի դաշտում էլ նույն կերպ վարվեց»,- պատմում է հարեւանուհինՙ Արփինե Սարիբեկյանը, որը Հովակիմյանների ընտանիքի մտերիմներից է:

Կարեն Հովակիմյանը 2019 թվականին զորակոչվել էր բանակ: Ծառայության անցնելով Արմավիրի զորամասումՙ ստացել էր սերժանտի կոչում, ապա ծառայությունը շարունակել Ջաբրաիլում:

«Պատերազմի ժամանակ կռվել է հերոսաբար: Սպաներից մեկը պատմում էր, Կարոն այնքան արագ էր վիրավորներ բերում, որ չէինք հասցնում տեղավորել: Փաստորեն, արագ մեքենա վարելու համար տանը նկատողություն էր ստանում, պատերազմում այդպես բազմաթիվ կյանքեր փրկեց»,- ասում է Արփինեն:

Կարենի եղբայրըՙ Հայկը, եղբոր մասին խոսելիս նշում է, որ նա կյանքում ոչ մի բանից չէր բողոքում, միայն դրականն էր ներկայացնում: Ասում է,երկուսով շատ ծրագրեր ունեին, որոշել էին, որ բանակից հետո միասին շինարարությամբ են զբաղվելու, մանր քայլերով, բայց առաջ են գնալու:

«Հինգ եղբայր ենք, բայց իր բնավորությունը յուրահատուկ էր: Նվիրված էր ընտանիքին, ընկերներին, հայրենիքին: Պատերազմի առաջին օրը անմիջապես դիրքեր է բարձրացել, հմտությունները լավագույնս ներդրել է մարտերում, ու ոչ մի րոպե չի երկմտել, երբ եկել է նույնիսկ սեփական կյանքը զոհելու պահը»,-պատմում է մեծ եղբայրըՙ Արտաշեսը, որը մասնագիտությամբ ատամնաբույժ է:

18-20 տարեկան գյուղաբնակ տղաները միշտ ապրել ենՙ շատերի ուշադրությունից դուրս, բայց պատրաստ մեծ թռիչքների ու քաջագործությունների. նրանք դեռ բացվելու,բացահայտվելու տեղ ունեին, դրա հետ մեկտեղՙ իրենց ձգտումները ընդարձակելու: Նրանք ավելի լայն հորիզոնների կձգտեին, չէ՞ որ դեռ չէին հասցրել իրենց համեստ միջավայրից դուրս գալ:

Արփինեն պատմում է, որ Կարենը երկու օր շրջափակման մեջ է եղել, սեփական ուժերով հետ է շպրտել թշնամու ջոկատին եւ օգնության սպասելովՙ թշնամու նոր ուժերի կողմից վիրավորվել եւ արնաքամ եղել հոկտեմբերի 14-ի լույս առավոտյան: Ծնողները զգացել են որդու մահը, վատ կանխազգացումներ են ունեցել ամբողջ օրվա ընթացքում:

Կարենի մարմինը հունվարի 13ին հանձնել են հողին,իսկ հուշերըՙ կենդանություն ստացած, մենակ չեն թողնում ընտանիքի անդամներին: Տանն ամենուր Կարենի հետքերն են, նրա նկարներով հավաքած անկյունը, նրա ժպիտը: Այժմ Կարենի կարոտը Հովակիմյանները զգում են Կարենի նորածին եղբորորդուց, որին անվանակոչել են նրա անունով:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #34, 17-09-2021

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ