RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
#032, 2021-09-03 > #033, 2021-09-10 > #034, 2021-09-17 > #035, 2021-09-24 > #036, 2021-10-01

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #34, 17-09-2021



Տեղադրվել է` 2021-09-16 22:46:36 (GMT +04:00)


Ընթերցված է` 2427, Տպվել է` 1, Ուղարկվել է էլ.փոստով` 0

ՀՈՒՇ-ՑԵՐԵԿՈՒՅԹՙ ՆՎԻՐՎԱԾ ՌԱԶՄԱԿԱՆ ԲԺԻՇԿԻ ՀԻՇԱՏԱԿԻՆ

ԷԼԱԴԱ ՊԵՏՐՈՍՅԱՆ

Սեպտեմբերի 11-ին, Կոմիտասի թանգարան-ինստիտուտի համերգային դահլիճում տեղի ունեցավ հուշ-ցերեկույթՙ նվիրված Արցախյան 44-օրյա պատերազմում զոհված ռազմական բժիշկ Նարեկ Մեսրոպյանի հիշատակին:

Նարեկ Մեսրոպյանը ծնվել է 1989 թվականին Ստեփանակերտում: Դեռ մանկուց փայլել է բոլոր բնագավառներում. երգում էր, դաշնակահար էր, դերասան: Ստեփանակերտի Մանկապատանեկան ստեղծագործական կենտրոնի մանկական երգչախմբի սաներից էր: Ապա երգել է այդ երգչախմբի հիմքի վրա ստեղծված «Մռակած» պետական կամերային երգչախմբում:

Սակայն, ի վերջո ընտրել էր ամենամարդասիրական մասնագիտությունը. 2006 թվականին ընդունվել է ԵՊԲՀ ռազմաբժշկական ֆակուլտետ:

Նարեկը բուժծառայության մայոր էր, Միքայելյան համալսարանական հիվանդանոցի Դիմածնոտային վիրաբուժության բաժանմունքի կլինիկական օրդինատոր:

Նա մասնակցել է 2016 թվականի ապրիլյան քառօրյա պատերազմին: Փրկելով հարյուրավոր զինվորների կյանքերՙ պարգեւատրվել է «Արիության» մեդալով:

Պատերազմի լուրը ստանալուն պեսՙ Նարեկ Մեսրոպյանը շտապել է Արցախ նաեւ 2020 թվականին: Նա նշանակվել է Խոջալուի հրաձգային գնդի բուժծառայության պետ:

Հոկտեմբերի 11-ին Աղդամի ճանապարհինՙ վիրավոր զինվորներին օգնության շտապելիս, հրետակոծության ժամանակ մայորը վիրավորվել է: Նրան տեղափոխել են Երեւան. բժիշկներն ութ օր պայքարել են բազմաթիվ կյանքեր փրկած գործընկերոջ կյանքի համար: Սակայն Նարեկը, չկարողանալով հաղթահարել, բռնել է հավերժի ճամփան:

Նա արժանացել է «Մարշալ Բաղրամյան», «Արիության», «Անբասիր ծառայության համար 1-ին աստիճանի» մեդալների, հետմահուՙ «Մարտական խաչ 2-րդ աստիճանի» շքանշանի:

Հուշ-ցերեկույթին ելույթ ունեցան ԱՀ վաստակավոր արտիստ Սիմոն Սարգսյանը , Արցախի «Մռակաց» պետական կամերային երգչախումբը Տիգրան Քախվեջյանի ղեկավարությամբ եւ այլք: Տեսաֆիլմով ներկայացվեց ռազմական բժշկի անցած շատ կարճ, բայց բովանդակալից ճանապարհը:

Հուշ-ցերեկույթն ավարտվեց ՀՀ ժողովրդական արտիստ Արթուր Գրիգորյանի ՙ Նարեկ Մեսրոպյանին եւ 44-օրյա պատերազմի ժամանակ անմահացած հերոսների հիշատակին նվիրված «Դու կաս, տղաս» երգով:

Նարեկ Մեսրոպյանին նվիրված հիշատակի օրը միջոցառման մասնակիցներն ամփոփեցին «Եռաբլուր» զինվորական պանթեոնում:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #34, 17-09-2021

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ