RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
#032, 2021-09-03 > #033, 2021-09-10 > #034, 2021-09-17 > #035, 2021-09-24 > #036, 2021-10-01

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #34, 17-09-2021



ՄՇԱԿՈՒՅԹ

Տեղադրվել է` 2021-09-16 22:46:36 (GMT +04:00)


Ընթերցված է` 1902, Տպվել է` 1, Ուղարկվել է էլ.փոստով` 0

«ՀԱՅ ԱԶԳԱՅԻՆ ՊԱՐԸ ՇԱՀԵՑ ԲԱՑԱՌԻԿ ՄԻ ՊԱՐՈՒՀԻ...»

ՆԱԶԵՆԻԿ ՍԱՐԳՍՅԱՆ

Այնպես պատահեց, որ 2021 թվականը հայ պարարվեստի մի շարք ականավոր գործիչների համար հոբելյանական տարի է: Նրանց թվին է պատկանում մեր Պարի պերական համույթի նշանավոր մենապարուհի, «Մովսես Խորենացու» մեդալակիր Սրբուհի Բաբայանը :

Երբ ես հարց տվեցի Սրբուհի Բաբայանին, թե քանի՞ արտասահմանյան երկրում է հանդես եկել հյուրախաղերով, նա ասաց. «Ավելի հեշտ է թվարկել այն երկրները, որոնցում ես չեմ եղել: Ճապոնիա, Ավստրալիա եւ... Անտարկտիդա ( ծիծաղում է)» : Եվ իսկապես, այնքա՜ն երկրների բեմահարթակներում է հանդես եկել Հայաստանի պարի պետական անսամբլը, այնքա՜ն երկրների հանդիսատեսի է գայթակղել «նաիրյան աղջիկների հեզաճկուն պարը» փայլուն առաջատար մենապարուհուՙ Սրբուհի Բաբայանի կատարմամբ եւ այնքա՜ն անգամ արտերկյա մամուլը գովաբանել է նրա կատարողական վարպետությունը: Հոդվածագիրներից մեկն իր գրությունը վերնագրել է. «Եթե պարում է Սրբուհին, ուրեմն Հայաստանը ծաղկում է»:

Սրբուհու կյանքը պարարվեստի աշխարհում սկսվել է ութամյա տարիքում, երբ մայրը նրան տարավ ընդունելության քննությունների Երեւանի պետական պարարվեստի ուսումնարան (այժմՙ քոլեջ): Նա սովորել է լավագույն դասատուների մոտՙ Դինա Գացինա (դասական պար, սկզբից մինչեւ ավարտը), Վիկտոր Բորիսով (ժողբնորոշ պար), Մաքսիմ Մարտիրոսյան (զուգապար): Վերջինս, այդ տարիներին լինելով պարարվեստի ուսումնարանի գեղարվեստական ղեկավարը, շատ բարձր էր գնահատում Սրբուհի Բաբայանինՙ տեսնելով նրա մեջ դասական բալետի բազմաժանրային առաջատար պարուհու ստեղծագործական ապագա:

Նախ Մոսկվայի, իսկ այնուհետեւ Երեւանի հանդիսատեսը հիացած էր 16 տարեկան ուսանողուհի Սրբուհի Բաբայանի գլխավորՙ Մոր դերի կատարմամբՙ Մաքսիմ Մարտիրոսյանի բեմադրված Ռոմեն Դավթյանի «Երջանկության համար» բալետում: Աչքի էին ընկնում թե՛ Սրբուհու գեղեցկադիմությունը, թե՛ կեցվածքը, թե՛ բնատուր պարային օժտվածությունը եւ դասական պարի հնարքների լավ տիրապետումը: Եվ ամենագլխավորըՙ դերասանական արտահայտչականությունը:

Եվ այդ բալետում կայացավ նաեւ շատ կարեւոր իրադարձություն Սրբուհու կյանքում: Նրա զուգապարողըՙ Հոր դերակատար Վլադիսլավ Անգուրովը դարձավ նրա մերձավոր ընկերը, այնուհետեւՙ ամուսինը: Ամեն ամուսնական զույգ չէ, որ անհրաժեշտ է հիշատակել կամ էլ օրինակ բերել: Բարձրահասակ, գեղեցիկ արտաքինով Անգորուվը դարձավ Սրբուհուն բոլոր առումներով արժանի ամուսինՙ թե՛ որպես պարի զուգընկեր, թե՛ տան գլխավորը, որի վրա Սրբուհին կարող էր միշտ հենվել: Վլադիսլավ Անգուրովը մեր օպերայի եւ բալետի թատրոնում է սկսել իր ճանապարհը որպես մենապարողՙ կատարելով մի շարք առաջատար դերեր, այդ թվումՙ «Հավերժական կուռք» բալետում, այնուհետեւ որպես մենապարող տեղափոխվել է Պարի պետական անսամբլ եւ փաստորեն Սրբուհուն, ինչպես ասում են եկեղեցում, սիրել է մինչեւ իր կյանքի վերջին օրը: Ավաղ, նա հեռացավ մեզնից 2013 թ-ին:

Սրբուհին 1969 թ. ավարտել է դասական բաժինը եւ պատրաստվում էր դառնալ դասական պարուհի: «Պատահեց այնպես,- ասում է պարուհին,- որ ես իմ պրոֆիլը փոխեցի, քանի որ առողջական խնդիր կար»: Նա սկսել է իր երկար, 37-ամյա կատարողական ճանապարհը (ինչը շատ երկար ժամանակամիջոց է պարային կատարողական ասպարեզում) Պարի պետական անսամբլի գործունեության ծաղկունքի շրջանում: Պարի պետականում անմիջապես ընդգրկվել է որպես առաջատար պարուհի: Ընդհանուր առմամբ, 37 տարում կատարել է չորս մենապար, որոնք բեմադրվել են հատկապես իր համար: Դրանք ենՙ Կոմիտասի «Շուշիկի»-ն եւ Ալ. Ալեքսանդրյանի «Հարսնացուն Զանգեզուրից», որոնք բեմադրել է Վանուշ Խանամիրյանը: Երբ որպես գլխավոր բալետմայստեր անսամբլ եկավ Գագիկ Կարապետյանը, նա Սրբուհու համար բեմադրեց «Մայրություն» մենապարը Խաչատուր Ավետիսյանի երաժշտությամբ: Չորրորդ մենապարը եղել է նրա բենեֆիսի ժամանակՙ նվիրված ծննդյան 50 եւ գործունեության 30-մյակին: Կոմպոզիտոր Գեւորգ Մանասյանը հատուկ նրա համար գրել, իսկ Գագիկ Կարապետյանը բեմադրել է մի համար, որն ականավոր պարուհու անունով կոչվեց «Սրբուհի»:

Մասնակցել է անսամբլի ողջ խաղացանկին, այդ թվումՙ «Վաղարշապատի պար», «Կռունկներ», «Կժերով պար», «Զանգեզուրի պար», «Սրերով պար», «Որսորդներ», «Գարնանային անուրջներ», «Դլե յաման»: Այդ բոլոր պարերը մասսակայան են, սակայն անպայման մենապարուհու մասնակցությամբ: Սրբուհին մասնակցել է նաեւ բոլոր պարերի բեմադրմանը: «Պետք է նշել,- ասում է պարուհին,- որ դասական պարի մասնագիտական տիրապետումն ինձ շատ օգնեց: Ինչքանով էլ պարը լինի հայկական, ազգային, այն դասականով է անցկացվում, որի շնորհիվ ավելի կատարելագործված են դառնում շարժումները»:

Տեղին է բերել մի պատկերավոր եւ ամփոփ հատված Մաքսիմ Մարտիրոսյանի ելույթից Սրբուհի Բաբայանի բենեֆիսի ժամանակ: «Որպես բալետային թատրոնի պարուհիՙ նա պետք է կերտեր կերպարների համաստեղություն. Ֆրիգիաՙ «Սպարտակում», Զարեմաՙ «Բախչիսարայի շատրվանում», Խումարՙ «Անտունիում» եւ այլն: Սակայն Սրբուհին փոխեց իր պարային պրոֆիլը եւ շարժվեց դեպի Պարի պետական անսամբլը, որտեղ արդեն 30 տարի պարում է: Եվ չնայած, ի դեմս Սրբուհի Բաբայանի, բալետը կորցրեց տաղանդավոր պարուհի, հայ ազգային պարը շահեց մի բացառիկ պարուհի: Եվ անցած տարիների ընթացքում նա կերտեց հայ կանանց մի ամբողջ պատկերասրահ, հայուհու ուրախությունը, երջանկությունը, ցնծությունը, հերոսականությունը, նաեւՙ վիշտը, տառապանքը, ողբերգությունը հաղորդող կերպարներ: Նա ոչ միայն հրաշալի պարուհի է, այլ նաեւ փորձավար: Կասկած չկա, որ շատ շուտով շնորհիվ Սրբուհի Բաբայանի բեմ կելնեն նոր պարուհիներ, որոնք կշարունակեն մեր վարպետների գործն ու արվեստը»:

Եվ իսկապես, ինչպես ասում է Սրբուհի Բաբայանը. «2004 թ-ից ես դասավանդում եմ Պարարվեստի քոլեջում: Մենք ունենք համերգներՙ կիսամյակային եւ ավարտական, բնականաբար մենք պահպանում ենք մեր մեծերի ժառանգությունը, եւ ունեմ նաեւ սեփական բեմադրություններ: Դրանք ենՙ «Էլեգիան», «Իրիկնային», «Ալաշկերտի քոչարին», «Թամզարան»... Տարեկան մենք տալիս ենք միջին հաշվով 30-ից 60 ավարտական ուսանող: Եվ նախկին ուսանողներս ինձ ուրախացնում են: Նրանք աշխատում են բոլոր պետական համույթներում, շատերը հասել են մեծ հաջողությունների»:

Եվ այսօր էլ անզուգական Սրբուհի Բաբայանը պահպանում է իր գեղեցկադիմությունը, կեցվածքը եւ հայ կանացի պարերին հատուկ շարժումների այն նուրբ արտահայտչականությունը, որը ժամանակին գրավել է աշխարհի բազում հանդիսատեսների սերն ու հիացմունքը:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #34, 17-09-2021

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ