RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ

#033, 2021-09-10 > #034, 2021-09-17 > #035, 2021-09-24 > #036, 2021-10-01 > #037, 2021-10-08

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #35, 24-09-2021



Տեղադրվել է` 2021-09-23 22:32:08 (GMT +04:00)


Ընթերցված է` 2143, Տպվել է` 4, Ուղարկվել է էլ.փոստով` 0

ԷՐԴՈՂԱՆԸ ՄԱԿ-Ի ԳԼԽԱՎՈՐ ԱՍԱՄԲԼԵԱՅՈՒՄ ՇՐՋԱՆՑԵՑ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՐՑԸ

ՀԱԿՈԲ ՉԱՔՐՅԱՆ, Թուրքագետ

Մինչդեռ Անկարայի օդակայանում, Նյու Յորք ուղեւորվելիս, գլխավորապես կենտրոնացել էր այդ հարցի վրա

ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 8-րդ նստաշրջանի աշխատանքները մեկնարկել են սեպտամբերի 14-ին Նյու Յորքում: Աշխատանքներին մասնակցել է նաեւ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը : Թեեւ նա ասամբլեայում ելույթ է ունեցել, բայց, «Անադոլու» գործակուլության տվյալներով, ելույթում չի անդրադարձել Հայաստանին կամ հայ-թուրքական հարաբերություններին: Համենայն դեպս, գործակալությունը Էրդողանի ելույթին առնչվող հաղորդագրության մեջ Հայաստանը չի հիշատակում:

Մինչդեռ նա սեպտեմբերի 19-ին Նյու Յորք ուղեւորվելուց առաջ Անկարայի օդակայանում թուրք լրագրողների հետ ճեպազրույցում, թուրքական մամուլի վկայությամբ, ի պատասխան Ադրբեջանի եւ Նախիջեւանի միջեւ միջանցքի բացմանը ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի բացասական վերաբերմունքի մասին հարցին, ասել էր. «Այդ միջանցքը բացել-չբացելու հարցը քաղաքական հարց է: Մտորումների տեղիք է տալիս (ՀՀ վարչապետի) միջանցքի բացմանը բացասաբար մոտենալով հանդերձՙ ինձ հետ հանդիպելու ցանկությունը: Եթե նա ցանկանում է հադիպել Էրդողանի հետ, ապա համապատասխան քայլեր պիտի կատարի: Նա հանդիպելու իր ցանկությունը ինձ փոխանցեց Վրաստանի վարչապետի միջոցով, վերջինս էլ դիմեց ինձ: Բայց, ինչպես ասացի, ինձ հետ հանդիպելու համար նրանք (հայկական կողմը) հարցին դրական մոտեցում պետք է ցուցաբերեն եւ այդ ուղղությամբ կատարեն համապատասխան քայլեր:

Վրաստանի վարչապետի միջոցով երկխոսության պահանջի փոխանցումը ինձՙ նոր գործընթացի սկզբավորման մասին է խոսում, սակայն դրա համար այդպիսի քայլի կատարումն է պետք: Եթե դիմացի կողմը իսկապես անկեղծ է, ապա ես էլ անկեղծությամբ կարձագանքեմ եւ գործի կդրվի դիվանագիտությունը: Եթե դիվանագիտությունը գործի դրվի, ապա անհրաժեշտ կլինի ինչ-որ բաներ առնել եւ տալ: Իմ ցանկությունն է, որ այս գործընթացում գերիշխեն ոչ թե բացասական, այլ դրական մոտեցումները: Այսպիսով այդ միջանցքների բացման միջոցով կհաղթահարվի Ադրբեջանի եւ Հայաստանի միջեւ մտահոգության աղբյուր հանդիսացող խնդիրը»:

Թեեւ Էրդողանը Գլխավոր ասամբլեայի ելույթում չի անդրադարձել Հայաստանին, սակայն հայ-ադրբեջանական թեման նա քննարկել է Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլու հետ հանդիպմանը: Սեպտեմբերի 22-ին անդրադառնալով հանդիպմանը, «Ազատություն» ռադիոկայանը տեղեկացնում է, որ Թուրքիայի նախագահը Վրաստանի վարչապետին հանդիպել է նախօրեին եւ, ըստ պաշտոնական Թբիլիսիի տարածած հաղորդագրության, Էրդողանն ու Ղարիբաշվիլին խոսել են ականապատման քարտեզների դիմաց Ադրբեջանի կողմից 15 հայ ռազմագերիների Վրաստանի կառավարության միջնորդությամբ իրականացված վերադարձի մասին: Ղարիբաշվիլին եւ Էրդողանը միաժամանակ ընդգծել են, որ այդ փոխանակումը հարեւանների միջեւ համագործակցության լավ հիմք են հանդիսանում:

Ի դեպՙ նախապես ծրագրված չլինելու պատճառով Էրդողանին չի հաջողվել հանդիպումն ԱՄՆ նախագահ Ջոզեֆ Բայդենի հետ: Փոխարենը ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը սեպտեմբերի 21-ին ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի շրջանակներում հանդիպում է ունեցել Թուրքիայի արտգործնախարար Մեւլութ Չավուշօղլուի հետՙ քննարկելու համար Լեռնային Ղարաբաղում տիրող իրավիճակը: Դրա առնչությամբ պետքարտուղարության ներկայացուցիչն ասել է. «Հանդիպումը, որ տեղի ունեցավ Չավուշօղլուի հետ, տեւեց շուրջ մեկ ժամ: Իհարկե, կողմերը քննարկեցին Աֆղանստանը, խոսեցին Սիրիայի մասին: Բացի դրանից նրանք համեմատաբար երկար զրույց ունեցան Կովկասիՙ Հայաստանի, Ադրբեջանի եւ Լեռնային Ղարաբաղի մասին»:

Այս տեղեկությունը նույնպես քաղել ենք «Ազատություն» ռադիոկայանի հաղորդումներից: Նույն ռադիոկայանի տեղեկացմամբ, մինչ այդ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ Միացյալ նահանգների պաշտոնյաները ղարաբաղյան հարցը քննարկել են նաեւ Թուրքիայի եւ Ադրբեջանի ներկայացուցիչների հետ: Ավելին, հակամարտության թեման անցած գիշեր ԱՄՆ պետքարտուղարի տեղակալ Վիկտորիա Նուլանդը քննարկել է Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովի հետ:

Այս քննարկումները ղարաբաղյան հիմնահարցում պաշտոնական Վաշինգտոնի ակտիվացման վկայությունն են, ինչը իր հերթին վկայում է, որ հիմնահարցում նախաձեռնությունը աստիճանաբար անցնում է ԱՄՆ-ին: Դա ինքնաբերաբար ենթադրում Ռուսաստանի դիրքերի թուլացումը: Հաշվի առնելով ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի եւ առհասարակ Կրեմլի բացասական դիրքորոշումը արդեն ռուսական զորանոցի վերածված Արցախի Հանրապետության եւ ահաբեկված Հայաստանի նկատմամբ, ԱՄՆ-ի ակիվացման առնչությամբ թերեւս միանգամայն կարելի է ասել, որ բարին լինի մեր ժողովրդի համար:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #35, 24-09-2021

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ