RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ

#033, 2021-09-10 > #034, 2021-09-17 > #035, 2021-09-24 > #036, 2021-10-01 > #037, 2021-10-08

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #35, 24-09-2021



Տեղադրվել է` 2021-09-23 22:32:08 (GMT +04:00)


Ընթերցված է` 2155, Տպվել է` 3, Ուղարկվել է էլ.փոստով` 0

44-ՕՐՅԱ ՊԱՏԵՐԱԶՄԻ ԳԼԽԱՎՈՐ ԽԱՂԱՑՈՂՆԵՐԸ

ԳՐԻԳՈՐ ԱՌԱՔԵԼՅԱՆ, Իրանագետ

Ըստ իրանցի վերլուծաբանի

Թեեւ Արցախի պատերազմում Բաքու-Անկարա-Թել-Ավիվ եռյակի դերակատարության մասին իրանցի վերլուծաբան Համիդ Ահմադիի դիտարկումներում չկան Մոսկվային վերագրվող փաստեր, սակայն ինչպես անձրեւաբեր աղոթքներին չտիրապետող գյուղացին է շռայլորեն օգտվում բնության պարգեւած բարեբեր անձրեւից, այնպես էլ Մոսկվան դարձել է պատերազմի գլխավոր շահառուներից մեկը եւ առատորեն օգտվում ստեղծված իրավիճակի «պարգեւած» շնորհներից:

Աղետաբեր պատերազմի բռնկումից մեկ տարի անց դեռեւս շարունակվում է հայերի ու ադրբեջանցիների միջեւ ռազմական գործողությունների գլխավոր դերակատարների ու շահառուների փնտրտուքը:

Ակնհայտ է, որ Հարավային Կովկասի վերջին իրադարձությունները հավասարազոր էին Իրանի Իսլամական Հանրապետությանը հասցված աշխարհաքաղաքական ցնցմանը: Հետեւաբար, տվյալ առճակատման մեջ պետք է բացառել Իրանի դերակատարությունը որպես խաղացող (ակտոր) կամ շահառու:

Ըստ իրանցի վերլուծաբանների որոշակի հատվածի, հակամարտությունը չի կարելի դիտարկել որպես մահմեդականների ու քրիստոնյաների կամ Ադրբեջանի Հանրապետության ու Հայաստանի Հանրապետության միջեւ խրոնիկ բախումների նորօրյա դրսեւորում: Նման մոտեցման կողմնակիցների կարծիքով, պատերազմը միջէթնիկական կամ կրոնական հակասություններով պայմանավորելը ոչ միայն մեզ կմղի Արցախի պատերազմի միակողմանի վերլուծությանը, որի հետեւանքն էր Հայաստանի պարտությունն ու Իրանի սահմանների մոտ թուրքական ու սալաֆիական ուժերի տեղակայումը, այլ մեզ կզրկի խնդրի այլ ասպեկտների մեջ խորամուխ լինելու հնարավորությունից:

Իրանում լույս տեսնող «azariha» կայքում տեղ գտած «Ղարաբաղի պատերազմըՙ Հարավային Կովկասի աշխարհաքաղաքական ցնցում» խորագրով վերլուծության հեղինակ Համիդ Ահմադին հավատացած է, որ Հարավային Կովկասի աշխարհաքաղաքական վայրիվերումները իրականում տարբեր նպատակներ հետապնդող երեք խաղացողների մշակած ու իրագործած եռակողմ ռազմավարություն էր:

Ահմադին Իրանի եզակի քաղաքական վերլուծաբաններից է, որ տվյալ հակամարտության մեջ առանձնացնում է միայն երեք հիմնական խաղացողներիՙ բացառելով Ռուսաստանի դերակատարությունը: Սակայն, ավելի մեծ թիվ են կազմում գլխավոր խաղացողների ու շահառուների մեջ Ռուսաստանի դերակատարության հետքերը տեսնող իրանցի վերլուծաբանները, որոնցից են Ալիաքբար Ջոքարը , Ղահրաման Նուրին , Արեֆ Բիժանը եւ այլք:

Ռուսաստանին հակամարտության գլխավոր խաղացողների շարքից բացառող Համիդ Ահմադին համոզված է, որ հայ-ադրբեջանական ռազմական գործողություններում հիմնական խաղացողն Ադրբեջանն էր, որը 90-ականների սկզբին Հայաստանի հետ պատերազմական գործողությունների ժամանակ տարածքներ էր կորցրել ու դրանք վերադարձնելու համար երկարաժամկետ ծրագրեր մշակել:

Ըստ Ահմադիի, երկրորդ խաղացողը Թուրքիան էր, որը Խորհրդային Միության փլուզումից ու սառը պատերազմի ավարտից հետո իր արտաքին քաղաքական ուղղություններում կանգնած էր երկընտրանքի առջեւՙ մի կողմից միանալ Եվրոմիությանը, մյուս կողմիցՙ իրագործել պանթուրքիստական երբեմնի երազանքը, այն էՙ Չինաստանի սահմաններից մինչեւ Եվրոպա ձգվող լայնածավալ պետության ստեղծումը:

Կովկասի աշխարհաքաղաքական վերջին ցնցումներին կարեւոր դերակատարություն ունեցած երրորդ խաղացողը, ըստ իրանցի վերլուծաբանի, Իսրայելն էր: Վերջինիս դիտարկմամբ, թեեւ Թել Ավիվը Խորհրդային Միության փլուզմանը հաջորդած տարիներին որոշակի հաջողություններ էր գրանցել Կովկասում եւ միջինասիական տարածաշրջանում ծավալվելու հարցում, սակայն Հարավային Կովկասի իրադարձություններին մասնակից դառնալով, Իսրայելն իր առջեւ միայն տվյալ տարածաշրջանում ներկայությունն ապահովելու կամ ազդեցության ոլորտն ընդլայնելու խնդիր չէր դրել: Վերլուծաբանի համոզմամբ, Իսրայելը Հարավային Կովկասի առնչությամբ ավելի հեռագնա նպատակներ էլ է հետապնդում:

Իրանցի վերլուծաբանն արձանագրում է, որ Իսրայելի գլխավոր նպատակը ԻԻՀ վրա ճնշում գործադրելն ու Իրանի թե՛ հյուսիսային, եւ թե՛ հարավային սահմանների մոտ ռազմական ներկայության ապահովումն էր, ինչը եւ հնարավորություն է տվել Թել Ավիվին մեղմելու հայ զինվորների սպանությանը մասնակից դառնալու հարցում հնչող ներքին եւ արտաքին քննադատությունները: Համիդ Ահմադին համոզված է, որ Իսրայելը մտադիր էր Հարավային Կովկասի սահմանների փոփոխմամբ ավելի մեծ ճնշում գործադրել Իրանի վրա: Ուստիեւ, եզրակացնում է վերլուծաբանը, կարելի է ենթադրել, որ Ադրբեջանին տրամադրած ռազմական տեխնիկայով, առավելապեսՙ ժամանակակից ԱԹՍ-ներով, եւ հավանաբար, Հայաստանի մասին Բաքվին գաղտնի տեղեկատվություն փոխանցելով, Իսրայելը հայերի պարտության հարցում ամենամեծ դերակատարությունն է ունեցել:

Իրանցի վերլուծաբանը համոզված է, որ հայերի պարտությունը պայմանավորված չէր Ադրբեջանի Հանրապետության զինյալների արիությամբ ու սխրանքներով, այլՙ հայկական մարդուժի ու զինտեխնիկայի ոչնչացմանը հանգեցրած իսրայելական ու թուրքական ԱԹՍ-ների լայնածավալ հարձակումներով:

Այսպիսով, ըստ Համիդ Ահմադիի, իսրայելական ու թուրքական օդուժի օգնությամբ հայկական զինուժի ջախջախումից հետո, թուրքական հրամանատարության ներքո գործի անցան մի քանի հազարի հասնող Սիրիայի ու այլ շրջանների իսլամի ծայրահեղական ուղղությունը ներկայացնող սալաֆիները:

Իրանցի վերլուծաբանն իր ներկայացրած փաստարկները վերլուծելով եզրակացնում է, որ երեք խաղացողներն էլ հասել են իրենց բուն նպատակներին. Նախ Ադրբեջանը 30 տարի անց կարողացավ վերականգնել իր տարածքային կորուստները: Թուրքիային հաջողվեց թե՛ Ադրբեջանի Հանրապետությունում, (հատկապեսՙ Կովկասի հարավային հատվածներիՙ Իրանի սահմանների երկայնքով) եւ իր ներկայությունն ապահովել, եւ թե՛ ջանքեր գործադրել պանթուրքիստական մայրուղու գործարկման եւ ռազմական ներկայությունն Իրանի հետ սահմանակից շրջաններում ապահովելու համար: Իսրայելն էլ կարողացավ Ադրբեջանին ռազմական ու տեղեկատվական աջակցություն ցուցաբերելով, թե՛ իր ռազմաքաղաքական ներկայությունն ապահեվել Իրանին սահմանակից շրջաններում, եւ թե՛ նպաստել Իրանի պոտենցիալ հակառակորդ Բաքվի վարչակարգի հզորացմանը, որը 20-րդ դարի սկզբից ցայսօր Իրանի ներքաղաքական կյանքում ազգամիջյան տարաձայնություններ հրահրելու ուղղությամբ գործնական քայլեր է ձեռնարկում:

«Ազարիհա» կայքի վերլուծաբանը վերջում անդրադառնում է նաեւ իր պատկերացրածՙ գլխավոր ռազմավարական խաղացողների համաձայնեցված գործողությունների նկատմամբ Իրանի Իսլամական Հանրապետության դերակատարության հարցինՙ Հարավային Կովկասի առնչությամբ ԻԻՀ վարած արտաքին քաղաքականությունը որակելով որպես կրավորական մոտեցում: Իրանցի վերլուծաբանը սուր քննադատության ենթարկելով ԻԻՀ արտաքին քաղաքականության դերակատարներին տարածաշրջանային խնդիրների նկատմամբ անտարբեր վերաբերմունքի եւ Իրանի ներազգային անցուդարձերի հետ որեւէ աղերս չունեցող արաբական երկրների խնդիրներով զբաղվելու համար, նշում է, որ Թեհրանը չկարողացավ ընկալել երեք խաղացողների հնարավոր ռազմավարության էությունը, հետեւաբար, նաեւ ի զորու չեղավ կանխատեսելու Հարավային Կովկասի վերջին իրադարձությունները:

Ահմադիին ավելի է զարմացնում այն փաստը, որ Թեհրանը պատերազմի ընթացքում հարկադրաբար պաշտպանելով Ադրբեջանի վարած քաղաքականությունը, անուղղակիորեն հայտնվեց Բաքու-Անկարա-Թել-Ավիվ եռյակի լարած թակարդի մեջ: Ահմադին դրա մեղքը բարդում է նաեւ Բաքվում Իրանի դիվանագետների վրա, որոնք չկարողացան ըմբռնել Իրանին սպառնացող վերջին տարիների մարտահրավերները, կամ էլ անտեսեցին դրանք, եւ ընդառաջ գնալով Բաքվի պանթուրքիստական եւ հակաիրանական նկրտումներին, գործնականում իրենց համերաշխությունը հայտնեցին Հեյդար Ալիեւի ու նրա որդու վերջին երեք տասնամյակի ընթացքում վարած քաղաքականության նկատմամբ:

Այո, աղետաբեր պատերազմի բռնկումից մեկ տարի անց շարունակվում է ոչ միայն ռազմական գործողությունների գլխավոր դերակատարների ու շահառուների, այլ նաեւ պատերազմի բռնկմանը նպաստած բուն մեղավորների փնտրտուքը:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #35, 24-09-2021

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ