RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ

#033, 2021-09-10 > #034, 2021-09-17 > #035, 2021-09-24 > #036, 2021-10-01 > #037, 2021-10-08

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #35, 24-09-2021



Տեղադրվել է` 2021-09-23 22:32:08 (GMT +04:00)


Ընթերցված է` 2322, Տպվել է` 2, Ուղարկվել է էլ.փոստով` 0

ՇԱՐԺԻՐ, ՇԱՐԺԻՐ ՏՂԱ ԴՐՈՇԱԿԸ

ՍԵՎԱԿ ՎԱՐԴՈՒՄՅԱՆ

Կոկորդիլոսների կենսաբանական դասարակգումից ու հեկտարի թվաբանական չափումներից գլուխ չհանելուց հետո Պետական գույքի կառավարման կամիտեի նախագահ Գարիկ Սարգսյանը որոշել է դրոշ ծածանելով զբաղվել: Իր հարազատ Արարատի մարզում, որտեղ իշխանափոխությունից հետո մինչեւ 44-օրյա պատերազմի ավարտը մարզպետ էր աշխատում, Սարգսյանը Հայաստանի ամենամեծ դրոշն է տեղադրել: 12 մետր երկարությամբ, 6 մետր լայնությամբ դրոշը տեղադրվել է 35 մետրանոց ամրան-ձողի վրաՙ թշնամու ուղիղ նշանառության տակ: «Իմ անձնական նախաձեռնությամբ ու սեփական միջոցներով եմ Երասխում դրոշ տեղադրել»,- ասում է Սարգսյանն ու հավելում, որ ծածանվող դրոշը նվիրվում է 30-ամյա հանրապետության անկախության տոնին ու ազատության, ինքնիշխանության համար իրենց կյանքը զոհած հայորդիների հիշատակին:

Անձնական միջոցներով դրոշ ծածանող նախկին մարզպետը, որ ծնունդով հենց Արարատի մարզից է, հուսով ենք, լավատեղյակ է, թե ինչպես են ապրում Երասխի բնակիչներըՙ թշնամու կողմից արձակվող կրակահերթերի տակ: Հուսով ենքՙ գիտակցում է նաեւ, որ դրոշի բարձրությունն ու լայնությունն ուղիղ համեմատական չեն հակառակորդի լկտի պահվածքի հետ, ու ինչքան վսեմաշուք լինի դրոշը, այքան ցածր չի լինելու սահմանից լսվող կրակոցի ձայնը: 44-օրյա պատերազմի արհավիրքներից հետո ազգովին դեռ ուշքի չենք եկել, ամենքս մտածում ենքՙ ինչպես օգնել տուն-տեղից զրկված Արցախի մեր հայրենակիցներին, զոհվածների ընտանիքներին կամ վիրավոր եղբայրներին, ու, վերջապես, ինչպե՞ս դադարեցնենք սովորական դարձած կրակոցները, ու մեկ էլ պարզվում է, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հավատարիմ անձը գտել է այդ ամենի լուծման բանալինՙ դրոշ է ծածանում: Փաշինյանի գլխավորած իշխանությունն ասես յուրօրինակ թուլություն ունենա դրոշների նկատմամբ: Դեռ երկու տարի առաջ պատին հենած ու փոքր-ինչ փոշոտված դրոշի համար Փաշինյանն էր Պետական եկամուտների կոմիտեի աշխատակիցներից մեկին ազատում աշխատանքից:

Դրոշի հանդեպ ակնածանքն անխոս գովելի է, բայց այն պոպուլիզմի է վերածվում, երբ կարեւոր հարցերը թողածՙ ձեւականության հետեւից ես ընկնում: Լրագրողների հետ զրույցում, օրինակ, Երասխի մի բնակիչ անկեղծ ու ազնիվ հարց է տալիս «Հիմա այս դրոշի բարձրությունը տեսնելովՙ թուրքը չի՞ կրակելու: Սրանով անվտանգության հարցը լուծվո՞ւմ է»: Հարցի պատասխանը, կարծում եմ, հայտնի է Գարիկ Սարգսյանին: Նրա համար պարզ է նաեւ, որ Երասխում տեղադրված Եռագույնից չեն կաշկանդվելու Գորիս-Կապան ճանապարհին կանգնած ադրբեջանցի սահմանապահներն ու շարունակելու են զենքի վրա ամրակցված դանակով մաքրել Արցախից ժամանող ավտոբուսների վրա փակցված Արցախի դրոշը:

Սարգսյանի նախաձեռնությամբ «պատմական» դրոշ տեղադրվելու հենց նույն օրը ադրբեջանական կողմը որոշել է GPS-ով նոր սահմաններ գծել Արցախի Մարտունու շրջանի Մաճկալաշեն գյուղում: Ամարասի վանքի հարակից տարածքում դիրքերն առաջ տալու մտադրությունից հետո ադրբեջանցիները պահանջել են հանել վանքի վրա տեղադրված Արցախի դրոշը: Ռուսական կողմը սակայն նրանց առաջ շարժվել չի թողել, բայց վանքի պահպանությամբ զբաղվող հայերին էլ հորդորել էՙ հանել Արցախի դրոշն, ու այն փոխարինել ՀՀ եռագույնով:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #35, 24-09-2021

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ