RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ

#033, 2021-09-10 > #034, 2021-09-17 > #035, 2021-09-24 > #036, 2021-10-01 > #037, 2021-10-08

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #35, 24-09-2021



Տեղադրվել է` 2021-09-23 22:32:08 (GMT +04:00)


Ընթերցված է` 1663, Տպվել է` 0, Ուղարկվել է էլ.փոստով` 0

ՀԱՅ ԺՈՂՈՎՐԴԻ ԱՎՍՏՐԻԱՑԻ ԲԱՐԵԿԱՄԸՙ ՅԱՍՄԻՆ ԴՈՒՄ-ԹՐԱԳՈՒՏ

ՀԱՍՄԻԿ ՊՈՂՈՍՅԱՆ

«Արցախի պատմա-մշակութային ժառանգությունը համաքրիստոնեական արժեք է, այն պահպանելը միայն Հայաստանի խնդիրը չէ»

...Արցախ աշխարհ: Մեծ Հայքի 10-րդ նահանգ: Հայ ազգը դարեր շարունակ այստեղ ապրել ու արարել է իր քաղաքակրթությունը, որի ակունքները ձգվում են մինչեւ հազարամյակների խորքը: Հայոց Տիգրան Մեծ արքան Ք.ա. 1-ին դարում այստեղ կառուցեց պատմական քաղաք Տիգրանակերտը: Հետագա դարերի ընթացքում արդեն Արցախում հառնեցին քրիստոնեական հռչակավոր վանքերն ու տաճարները...

2020 թվականի սեպտեմբերի 27-ից թշնամու կողմից Արցախի դեմ սանձազերծված 44-օրյա պատերազմից հետո բռնազավթվեց Արցախի 75 %-ը... Իսկ թշնամին անմիջապես անցավ իրեն բնորոշ վանդալիզմինՙ ոչնչացրեց Շուշիի Ս. Հովհաննես Մկրտիչ (Կանաչ ժամ) եկեղեցին: Վտանգված է Արցախի մշակութային ժառանգությունը:

Զալցբուրգի համալսարանի Քրիստոնյա Արեւելքի հետազոտությունների կենտրոնի տնօրեն, ավստրիացի հայագետ, դոկտոր Յասմին Դում -Թրագուտը գրեթե 30 տարի զբաղվում է հայագիտությամբ: Զալցբուրգի համալսարանի հայագիտության ամբիոնի հիմնադիրն է, ՀՀ ԳԱԱ պատվավոր դոկտոր եւ հայագիտական ոլորտի մրցանակների դափնեկիր: Պատերազմի առաջին օրերից եղել է հայ ազգի պայքարի կողքին, միջազգային մամուլում հետեւողականորեն ներկայացրել, թե ինչ վայրագություններ են կատարվում ընդդեմ Արցախի ու Հայաստանի: Նա արդեն ամիսներ շարունակ Եվրոպայի բազմաթիվ ազդեցիկ գործիչների ու կազմակերպությունների հետ ծրագրեր է մշակում, որ քայլեր ձեռնարկվեն մեր մշակութային ժառանգությունը ոչնչացման վտանգից փրկելու համար:

- Մշակութային արժեքները ոչնչացնելը ցեղասպանության բաղադրիչներից է: Իսկ Արցախի պատմա-մշակութային ժառանգությունը համաքրիստոնեական արժեք է, եւ այն պահպանելը միայն հայերի խնդիրը չէ ,- ասում է հայագետը:

Դոկտոր Յասմին Դում-Թրագուտը հերթական այցով Հայաստանում է. նա պատմել է, որ արդեն գործընկերային կապեր է հաստատել «Կապույտ վահան» միջազգային կոմիտեի հետ , որը նվիրված է կոնֆլիկտային իրավիճակներում հայտնված մշակութային կոթողների պահպանմանը:

- Հարգելի դոկտոր, գիտենք, որ «Կապույտ վահան» միջազգային կոմիտեն ստեղծվել է Հաբսբուրգների ազնվականական տան ժառանգ Կարլ ֆոն Հաբսբուրգի նախաձեռնությամբ եւ ամենուր կարեւորագույն առաքելություն է իրականացնում «աշխարհի հիշողության»ՙ շարունակվող պատերազմների պայմաններում ազգերի մշակութային ժառանգությունը պահպանելու համար: Եվ կոմիտեի հետ դուք արդեն սկսել եք աշխատել Արցախի վտանգված մշակութային ժառանգության հարցում: Կխոսե՞ք այս մասին:

- «Կապույտ վահան» («Blue Shield») միջազգային կոմիտեն ստեղծվել է 1996թ.-ին եւ ներառում է 5 միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչների` Արխիվների միջազգային խորհրդից (ICA), Թանգարանների միջազգային խորհրդից (ICOM), Հուշարձանների եւ տեսարժան վայրերի միջազգային խորհրդից (ICOMOS), Գրադարանների ասոցիացիայի միջազգային խորհրդից (IFLA) եւ Տեսալսողական արխիվների ասոցիացիայի համակարգող խորհրդից (CCAAA): «Կապույտ վահան»-ը հավակնում է լինել «Կարմիր Խաչ»-ի մշակութային տարբերակը: «Կապույտ վահան»-ի ներկայիս հոգեբարձուների խորհրդի ղեկավարը Փիթր Սթոունն է...

Ես երկար տարիներ է, որ համագործակցում եմ Հայ Առաքելական եկեղեցու հոգեւոր առաջնորնդերի հետ, բազմաթիվ հանդիպումներ եմ ունեցել Էջմիածնումՙ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Հայոց կաթողիկոսի հետ, իրականացրել ենք բազմաթիվ ծրագրեր: Տարիներ ի վեր Ավստրիայում համագործակցում եմ Կենտրոնական Եվրոպայի եւ Շվեդիայի Հայրապետական պատվիրակՙ Գերաշնորհ Տ. Տիրան Սրբազան Պետրոսյանի հետ: Միասին հիմնել ենք Ավստրիայիՙ Արցախի մշակութային ժառանգության պահպանության կոմիտեն, որում ընդգրկված են հայտնի հասարակական գործիչներ, գիտնականներ Եվրոպայի տարբեր երկրներից: Հիմա աշխատում ենք «Blue Shield»-ի հետ, որի անդամն եմ: Այս կազմակերպությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի նման զբաղվում է պատերազմական տարածաշրջանների երկրների մշակութային ժառանգության պահպանության հարցերով: Բայց , ի տարբերություն ՅՈՒՆԵՍԿՕ-իՙ այն սկզբունքորեն որեւէ երկրի կառավարության հետ պայմանագրեր չի ստորագրում, ինչն ավելի անաչառ է դարձնում կատարվող աշխատանքները: Մենք նպատակ ունենք, որ Հայաստանում հիմնվի «Blue Shield»-իՙ այս կարեւոր կազմակերպության ներկայացուցչությունը, եւ մեզ պետք է միանան Հայաստանի տարբեր կազմակերպություններ: Ես էլ որպես միջնորդՙ փորձում եմ հնարավորինս սեղմ ժամկետներում իրականություն դարձնել այդ ծրագիրը, որը պետք է իր գրասենյակն ունենա Հայաստանում:

Կոմիտեի հիմնադիր Կարլ ֆոն Հաբսբուրգը հետաքրքրված է Արցախի մշակութաին ժառանգության պահպանության խնդրով. նա նպատակ ունի այցելել Արցախ: Դժվար է կազմակերպելը, բայց, հուսանք, որ կհաջողվի:

Դոկտոր Յասմին Դում-Թրագուտը այս բոլոր ծրագրերը կյանքի կոչելու համար առաջնային է համարում համակարգված աշխատանքըՙ իրավագիտական հարցերից մինչեւ տեղեկատվական քարոզչություն, օտարալեզու գրքերի ու ալբոմների հրատարակություն...

- Մենք մտածում ենք Արցախի մասին, բայց հիշենք, որ հսկայական մշակութային ժառանգություն կա նաեւ Հայաստանում: Վտանգված են Արցախի հուշարձանները, բայց թիրախավորված է նաեւ Սյունիքը, Տավուշը... Չես կարող ասել վաղն ինչ կլինի: Հետեւաբար, պետք է ունենանք համընդհանուր ծրագրեր, համատեղ քայլեր ձեռնարկենք:

Եվ այսպիսի գրքուկ արդեն պատրաստ է, որը հեղինակել է դոկտոր Յասմին Դում-Թրագուտըՙ Թաֆթի եւ Կալիֆոռնիայի համալսարանների միջազգային ճանաչում ունեցող գիտնականներՙ Քրիստինա Մարանցիի եւ Սերջո Լա Պորտայի հետ միասին: Ամենայն Հայոց կաթողիկոսի աջակցությամբ Մայր աթոռ Ս. Էջմիածնի հրատարակչությունը թողարկել է անգլալեզու գրքույկ, որի խորագիրն է «Armenian Cultural-Religious Heritage of Artsakh (Major Sites In The Territories Currently Occupied By Azerbaijan)»: Եվ այսՙ «Արցախի Հայկական հոգեւոր-մշակութային ժառանգությունը (Ադրբեջանի կողմից ներկայիս բռնազավթված տարածքում գտնվող նշանավոր սրբավայրերից) գրքույկում Արցախի շուրջ 2000 եկեղեցիներից ու վանքերից ընդգրկված է միայն փոքր մասը: Սակայն դոկտորը սա համարում է մեկնարկը հետագա աշխատանքների համար:

- Ի՞նչ ընդգրկում ունի սույն գրքույկը,- դիմում եմ հայագետին:

- Իմ գործընկերներիՙ Քրիստինա Մարանցիի եւ Սերջո Լա Պորտայի հետազոտությունների կենտրոնում տարիներ շարունակ գտնվում են Քրիստոնյա Արեւելքին, հայերին, Հայաստանին եւ Հայոց եկեղեցուն առընչվող տարբեր թեմաներՙ պատմությունից մինչեւ ճարտարապետություն: Այսպիսի ներգրավվածությամբ հնարավոր է դարձել հետազոտվող նյութը ներկայացնել ամենատարբեր տեսանկյուններից: Գրքույկում տեղ են գտել սրբավայրերի հիմնման պատմությունները, աշխարհագրական տեղորոշման հստակ նկարագրությունները, եկեղեցիների ճարտարապետական ու մշակութային առանձնահատկություններն եւ արժեքը, իսկ որոշ դեպքերումՙ ազգագրական կարեւորություն ունեցող հանգամանքները: Ներկայացրել ենք նաեւ առանձին սրբավայրերի հիմքում գտնվող սրբազան մասունքների կամ այդ սրբավայրերի հետ կապված սրբերի պատմությունները, բազմաթիվ եկեղեցիների ու վանքերի լուսանկարները, դրանց հատակագծերի գերճշգրիտ պատկերները: Մենք առաջնային ենք համարել այն հատկապես անգլերենով հրատարակելը, քանի որ խիստ կարեւոր է միջազգային հանրությանը հասցնել Արցախի հայկականության փաստը:

Այսօր ադրբեջանցիները շարունակելով կեղծել պատմությունըՙ իրենց հայտարարում են աղվանցիների հետնորդներ, իսկ Արցախըՙ «պատմական Աղվանքի» մաս: Բայց Եվրոպայում կրթված մարդիկ, անաչառ գիտնականները գիտեն, որ դա այդպես չէ: Այո, եղել է Աղվանքը, եղել են աղվանցիները: Բայց դա եղել է առանձին պատմական երկիր եւ ժողովուրդ, եւ չեն կարող կապ ունենալ իրենց հետ,- ասում է հայագետը:

Հայաստանում եղած օրերին նա մասնակցել է նաեւ Սուրբ Էջմիածնում Գարեգին Բ կաթողիկոսի օրհնությամբ եւ նախաձեռնությամբ Մայր Աթոռի Քարոզչական կենտրոնի ու Արցախի հոգեւոր-մշակութային ժառանգության պահպանման հանձնախմբի կազմակերպված «Միջազգային կրոնական ազատություն եւ խաղաղություն» խորագրով երկօրյա համաժողովին (սեպտեմբերի 9-10), որին մասնակցում էին Մայր աթոռի միաբաններ, քույր եկեղեցիների եւ քրիստոնեական կառույցների ներկայացուցիչներ, ազդեցիկ գիտնականներ ու հասարակական գործիչներ տարբեր երկրներից: Հյուրերի թվում է եղել նաեւ Արցախի բարեկամ բարոնուհի Քերոլայն Քոքսը:

Դոկտոր Յասմին Դում-Թրագուտը համաժողովը դիտարկում է որպես վերջին շրջանի ամենակարեւոր նախաձեռնություն.

- Համաժողովի ընթացքում բոլոր բանախոսները հանդես եկան արժեքավոր զեկուցումներով: Եվ ամենակարեւորըՙ իրավական գնահատական էր տրվում Արցախի հայկական ժառանգության նկատմամբ կատարվող ոտնձգություններին: ՅՈՒՆԵՍԿՕԻ-ին եւ միջազգային կառույցներին կոչ էր արվում ուշադրության առանցքում պահել Արցախի մշակութային ժառանգության հետ կապված հրատապ խնդիրները: Հենվելով Մարդու իրավունքների համընդհանուր հռչակագրում եւ տարածաշրջանային հետագա պայմանագրերում ամրագրված դրույթների վրաՙ վերահաստատվեց այն գաղափարը, որ սուրբ վայրերը պետք է պահպանվեն ներկա եւ գալիք սերունդների համարՙ արժանապատվությամբ, ամբողջականությամբ եւ հարգանքովՙ իրենց անվան եւ դավանանքի ինքնության նկատմամբ, -ասում է դոկտոր Յասմին Դում-Թրագուտը:

Նշենք, որ համաժողովն ընդունել եւ հրապարակվել է կոմյունիկեն (ամբողջությամբ տեսնել Մայր աթոռի Տեղեկատվական համակարգի ֆեսբուքյան էջում):

- Հարգելի՛ դոկտոր, իսկ որո՞նք պետք է լինեն մեր հետագա քայլերը այս դժվարին պայքարը մինչեւ վերջ տանելու գործում:

- Երբ ոչնչացնում են քո մշակույթը, ոչնչացնում են քո ինքնությունը: Իսկ սա արդեն անվտանգության հարց է: Սա մշակութային ցեղասպանություն է: Արցախում դա կանխելու եւ Ջուղայի դարավոր խաչքարերի ճակատագրի կրկնությունը թույլ չտալու համար բոլորս պետք է գործենք մեկտեղ ու համախմբված ,-ասում է Արցախի ու Հայաստանի բարեկամ դոկտորըՙ Յասմին Դում-Թրագուտը:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #35, 24-09-2021

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ