RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ

#033, 2021-09-10 > #034, 2021-09-17 > #035, 2021-09-24 > #036, 2021-10-01 > #037, 2021-10-08

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #35, 24-09-2021



Տեղադրվել է` 2021-09-23 22:32:08 (GMT +04:00)


Ընթերցված է` 1439, Տպվել է` 1, Ուղարկվել է էլ.փոստով` 0

ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 25-ԻՆ ՆՇՎՈՒՄ Է ՍՈՒՐԲ ԳԵՎՈՐԳԻ ՏՈՆԸ

ԳԵՎՈՐԳ ՄՈՂՐՈՎՅԱՆ

Հայ առաքելական եկեղեցին սեպտեմբեր ամսի վերջին շաբաթ օրը նշում է Սուրբ Գեւորգի տոնը: Սակայն շատերը չգիտեն, թե ով է եղել եւ ինչ պատմություն ունի Սուրբ Գեւորգը: Նա հույն ինշխան եւ մեծ զորավար է եղել,ծնվել է 3-րդ դարում, Կապադովկիայում: Մանկությունը անցել է Պաղեստինում, ընտրել է զինվորական ասպարեզը եւ ցուցաբերած բացառիկ քաջության շնորհիվ կարճ ժամանակում դարձավ հազարապետ` 30 տարին չբոլորած:

Հռոմեացի կայսր Դիոկղետիանոսը, որ հալածում էր քրիստոնյաներին,նրանց դեմ խիստ հրովարտակ է արձակում, որով` այն քրիստոնյաները, որոնք հանձն չէին առնում զոհվելու հանուն բազմաստվածության, պետք է մեռնեին չարաչար մահով:

Սակայն Սուրբ Գեւորգը հրապարակայնորեն պատռեց կայսեր հրովարտակը, արհամարհելով եւ ծաղրելով առաջիկայում սպասվող չարչարանքները, որոնց պիտի ենթարկվեին քրիստոնյաները: Այդպիսով նա օրինակ հանդիսացավ հավատացյալների համար` հանուն ճշմարտության նահատակվելու քարոզը գործով իրականացնելով:

Կայսրը անձամբ ճանաչելով Գեւորգին, հորդորում է նրան ուրանալ քրիստոնեությունը, խոստանալով մեծամեծ պարգեւներ ու պաշտոններ, սակայն ապարդյուն: Սուրբ Գեւորգը իր հավատքի զորությամբ եւ հոգու արիությամբ, դառնում է բազմաթիվ հեթանոսների դարձի եւ քրիստոնյաների առավել ամուր հավատ ունենալու պատճառ:

Սուրբը կրում է բազում հալածանքներ եւ չարչարանքներ, որոնցով փորձում են հավատափոխ անել նրան, սակայն ոչ մի արդյունքի չհասնելովՙ կայսեր հրամանով նրան գլխատում են:

Մեկ այլ պատմության համաձայն` Սուրբ Գեւորգը գնալով կռատուն մեկ առ մեկ ջարդում է բոլոր կուռքերը, ցույց տալով դրանց կեղծ եւ սին լինելը: Ասում են հենց այս արարքից հետո է կայսրը գլխատել տվել Գեւորգին: Վերջինիս գլուխն ամփոփված է Հռոմիՙ նրա անունը կրող եկեղեցում:

Գեւորգի պատկերը հետագայում դառնում է հռոմեական կայսրերի զինանշանը: Նա համարվում է Անգլիայի պահապան սուրբը, իսկ միջնադարում հանդիսանում էր հայոց թագավորների եւ զորականների հովանավորը, քանզի նրանք մեծ հավատ էին տածում Գեւորգի զորության հանդեպ: Նույնիսկ կա պատմություն այն մասին, թե ինչպես է Սուրբ Գեւորգը իր զորությամբ օծում Անդրանիկ զորավարին եւ հենց դա է դառնում պատճառ, որ Անդրանիկն անխոցելի էր թշնամու կողմից:

Սուրբ Գեւորգը, որ ամենից շատ մեծարվող սրբերից մեկն է Կաթոլիկ, Ուղղափառ եւ Հայ առաքելական եկեղեցիներում, իր կյանքով պատգամում է քրիստոնյաներիս ընդդիմանալ չարինՙ Աստծո օրհնությամբ հաղթահարելով բոլոր առկա խնդիրները:

Եկեղեցական սրբապատկերներում Գեւորգը ներկայանում է սպիտակ ձիու վրա` նիզակով վիշապին սպանելիս: Վիշապը մարմնավորում է Չարությունը, որի դեմ պայքարեցին Քրիստոսի քաջարի նահատակները:

Սուրբ Գեւորգ զորավարի տոնի առթիվ պատարագ է մատուցվում նրա անունը կրող` Նորագավթի, Մուղնիի, Մասիսի, Մարմաշենի եւ Կանաչուտի եկեղեցիներում:

Այս ծանր ժամանակներում, որում ապրում ենք մենք եւ որը պատել է ողջ աշխարհը,պետք հնարավորինս կապված լինենք սեփական կրոնի եւ եկեղեցու հետ եւ թույլ չտանք,որ այդ ամուր կապերը փորձեն արձակել դավադիր ուժերը:Հարկավոր է քաջատեղյակ լինել սեփական կրոնի պատմությանը,անկախ նրանից,որ Հայոց եկեղեցու պատմություն առարկան դուրս է մնացել դպրոցների կրթական ծրագրից:

Թող զորավար Սուրբ Գեւորգի աջը զորվաիգ լինի հայոց բանակին եւ հայ զինվորին:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #35, 24-09-2021

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ