RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ

#033, 2021-09-10 > #034, 2021-09-17 > #035, 2021-09-24 > #036, 2021-10-01 > #037, 2021-10-08

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #35, 24-09-2021



Տեղադրվել է` 2021-09-23 22:32:08 (GMT +04:00)


Ընթերցված է` 1232, Տպվել է` 3, Ուղարկվել է էլ.փոստով` 0

ԵՐԲ ԶՎԱՐՃԱՆՔԻ ՄԻՋՈՑԸ ՎՏԱՆԳԱՎՈՐ Է...

ՀԱՍՄԻԿ ՄԽԻԹԱՐՅԱՆ

«Պրիվեծիկի բոլորին», «Պրիվետ պուպսիկի», «Մատդ ծալիր, եթե...», «Սիրելի հետեւորդներ, եթե ուզում եք դիտել շարունակությունը, ապա օգնեք հասնեմ 10 մլն հետեւորդի».

Այս եւ նման արտահայտությունները քեզ համար կլինեն անհեթեթ ու անտրամաբանական, եթե կյանքում նույնիսկ մեկ անգամ չես օգտվել Տիկտոկ հավելվածից:

Տիկտոկը «ծնվել է» 2016թ. սեպտեմբերին, մեկ տարի անց այն դառնում է ամենաշատ ներբեռնված հավելվածներից մեկը: Չինական հավելվածի օգտատերերի մեծ մասը հնդիկներն են, իսկ երկրորդ հորիզոնականում ամերիկացիներն են, Հայաստանն այս ցուցակում առաջատար չէ, բայց հարյուրավոր հայ օգտատերեր ամեն օր ակտիվորեն հոլովակներ են նկարում իրենց հետեւորդների համար:

«Տիկտոկում գրանցվել եմ 2019թ. ամռանը, երբ համալսարանում ավարտել էի քննություններս եւ անելիք չունեի: Շրջապատումս շատերն էին խոսում հավելվածից, ու քանի որ տեղյակ չէի դրա գործառույթերի մասին, ինձ այլմոլորակային էի զգում եւ որոշեցի ուղղել սխալս»,-մեզ հետ զրույցում պատմում է Տիկտոկյան օգտատեր Մանեն, ապա ավելացնում, որ հավելվածում մեծ մասամբ ներկայացնում է իր առօրյան. «Սկզբում հետեւորդներս շատ քիչ էին, բայց հիմա նրանց թիվը հասնում է մոտ 22 հազարի»:

Տիկտոկում հոլովակ տեղադրելու համար յուրահատկություններ պետք չեն, ընդամենը պետք է ունենալ սմարթֆոն, ապա կանգնել կամ նստել տեսախցիկի առաջ ու ներկայանալ. ոմանք կիսում են իրենց խոհարարական գաղտնիքները, ոմանք պարում են, նվագում կամ նմանակում անում, ոմանք էլ ուղղակի ներկայացնում են իրենց առօրյան, իսկ շատերն էլ դրա միջոցով գումար են վաստակում:

Ինչպես մնացած սոցցանցերում, Տիկտոկում նույնպես, գրեթե անհնար է վերահսկել այն ահռելի բովանդակությունը, որի սպառողները երեխաներ ու դեռահասներ են: Այստեղ օգտատերը կարող է բախվել ամենաբացասական բովանդակություն պարունակող հոլովակի հետ:

«Երեխաս հաճախ ինձ 18+ բնույթի հարցեր էր տալիս, իսկ ես սկզբում չէի հասկանում, թե որտեղից այդ ամենի մասին գիտի: Հետագայում, երբ հարցրեցիՙ ասաց, որ մամ, Տիկտոկի մեկնաբանություններից մեկում է կարդացել, եւ ուզում է իմանալՙ ինչ է նշանակում»,- ասում է 11-ամյա Կարենի մայրը:

Չնայած, որ հավելվածը նախատեսված է 12-ից բարձր տարիքային խմբի համար, այնուամենայնիվ այնտեղ իրենց հաշիվներն ունեն անգամ յոթ-ութ տարեկան երեխաները, որոնք չգիտակցաված քայլերի պատճառով, թե՛ օնլայն հարթակում, թե՛ իրական կյանքում արժանանում են ծաղրի ու վիրավորանքների: Տեսնելով Տիկտոկում անչափահասների ստեղծած «հարթակը», ականատես ենք լինում երեխաներիՙ տարիքին անհամապատասխան նկարների ու տեսանյութերի տարածմանը:

Տիկտոկում երբեմն տարածվում են տիկտոկյան լեզվով ասածՙ lifehack-եր կամ փորձարկումներ, որոնք կրկնելու դեպքում հնարավոր է ինքդ քեզ կամ դիմացինին վնաս հասցնես կամ էլ անիմաստ ժամանակի կորուստ ունենաս: Դրանք կայծակնային արագությամբ են տարածվում հատկապես դեռահասների շրջանում:

«Մի անգամ Տիկտոկում տեսա, թե ինչպես է մի տղա ձեռքի վրա փրփուր լցնում ու այրում, որի միջոցով գեղեցիկ վիդեո է ստանում, որոշեցի ինքս էլ փորձել»: Եվ մինչ 17-ամյա Անահիտը կհասցներ հարմար տեղավորվելՙ նրա մազերը բռնկվեցին եւ այդ փորձից իրեն «նվեր» մնացին այրված մազերը:

Տիկտոկ սոցիալական ցանցը «մագնիս է» մանկապիղծների համար: Դեպքեր են եղել, երբ կեղծ օգտատերերը երեխաների հետ շփվել են հավելվածի միջոցով, երեխաները կիսամերկ նկարներ են ուղարկել, ապա այն հրապարակելու սպառնալիքով իրենցից պահանջել ու ստացել են գումար:

36-ամյա Միլենան ծրագրավորող է եւ վերջին տարիներին սկսել է ուսումնասիրել Տիկտոկյան հարթակը.«Տիկտոկը բացարձակ անվտանգ տեղ չէ, այն էլ երեխաների համար: Այնտեղ կարող է նաեւ սեռական ոտնձգություն լինի: Ամեն ծրագիր, որը թույլ է տալիս նամակ գրել, կարող է օգտագործվել հանցագործների կողմից: Տիկտոկը չունի անվտանգության այնպիսի խիստ պահանջներ, որոնք պարբերաբար ջնջում են հավանական վտանգավոր հաշիվները: Մանկապիղծները սիրում են նայել պարող ու երգող երեխաներին»:

Հոգեբան Անի Խուդոյանի պնդմամբՙ Տիկտոկն առաջին հերթին ազդում է երեխայի ու դեռահասի արժեհամակարգի վրա: Տեղի է ունենում բացասական վարքի կրկնօրինակում, ժամանակի անիմաստ կորուստ եւ կախվածության առաջացում:

Մասնագետների կարծիքով դպրոցներում պետք է երեխաներին դասավանդեն Մեդիագրագիտություն առարկան, որի միջոցով երեխային կբացատրենՙ ինչպես պետք է օգտվել սոցցանցերից եւ ինչպես պետք է ներկայանալ մեդիա հարթակում:

Այսպիսով կարող ենք ասել, որ Տիկտոկը լինելով ժամանցային հավելված, իր մեջ պարունակում է նաեւ այնպիսի բովանդակությամբ հոլովակներ, որոնք վտանգ են ներկայացնում եւ հոգեբանական վնասներ են հասցնում հատկապես երեխաներին ու դեռահասներին:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #35, 24-09-2021

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ