RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
#034, 2021-09-17 > #035, 2021-09-24 > #036, 2021-10-01 > #037, 2021-10-08 > #038, 2021-10-15

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #36, 01-10-2021



Տեղադրվել է` 2021-09-30 22:41:25 (GMT +04:00)


Ընթերցված է` 1896, Տպվել է` 13, Ուղարկվել է էլ.փոստով` 0

ԱԶԱՏ ՇՈՒԿԱՆ ՈՒ... ՀԱՄԱՉԱՓ ԶԱՐԳԱՑՈՒՄԸ

ԳԵՂԱՄ ՔՅՈՒՐՈՒՄՅԱՆ

ՀՀ մերօրյա իշխանությունների, դրանք ներկայացնող բարձրագույն պաշտոնյաների անհոգությունն ու անզորությունը երկրի հիմնահարցերի լուծման խնդրում այնպիսի անփութության է հասնում, որ այն փոխանցվում է նաեւ ակտիվ ու հպարտ հայտարարված քաղաքացիներին: Ճառեր ասելիս ու ելույթներ ունենալիս ՀՀ-ի ղեկավարումը ստանձնած ողջ վաղ անցյալի ընդդիմադիրները հաճախ են կրկնում, որ առանց հայաստանյան հանրության ակտիվ մասնակցության հնարավոր չէ երկրում ակնկալվող կարգ հաստատել, միջավայր փոխել, մարդկանց առօրյան բարելավել: Տպավորություն է ստեղծվում, որ այս ամենի համար պատասխանատուներն այլ վայրերում են ապրում, ուր համատիրություններ չկան, ոստիկանական հենակետեր չեն գործում, հանրային ծառայողներ չեն ապրում, պետական հիմնարկներ չեն գործում, մի խոսքովՙ իրենք տեղյակ չեն առօրյայում կատարվողից, իսկ քաղաքացիները չեն ահազանգում, անտարբեր են:

Ի պատասխան նման շահարկումների, մեր մարդկանցից յուրաքանչյուրը կարող է իր հարեւանությամբ ապրող առնվազն մեկ տասնյակ անձանց հիշել, որոնք անմիջական պատասխանատվություն են կրում շարունակվող ապօրինաշինության ու բակային որակվող հեղինակությունների արարքների կանխման ուղղությամբ, կանխարգելիչ որեւէ գործողություն չեն իրականացնում, ասենք համընդհանուր աղմկահարության, շինաղբի տարածման, հանրային ունեցվածքի պահպանման հանդեպ: Դե եթե այսչափ անզոր եք գրեթե կենցաղայինի հասնող հարցերում, սկսած աղբահանումից ու հանրային տրանսպորտի կանոնակարգումից մինչեւ բնակֆոնդի պահպանումն ու կոմունալ ծառայություների վերահսկումը, ինչպե՞ս եք լուծելու առավել ծավալուն ու մասշտաբային խնդիրները, որոնք մեզանում գերխնդիրներ են դառնում, մարդկանց առօրյան գերգաղջ դարձնում:

Տեսեք: Հանրահայտ է, որ ՀՀ գյուղոլորտում որոշակի ծավալներով խաղող է աճեցվում, մարդիկ յուրաքանչյուր տարվա սեպտեմբեր-հոկտեմբերին արտադրածը իրացնելու խնդիր են ունենում, որն իրականացնում են խոշոր վերամշակողների կողմից: ՀՀ կառավարության հերթական նիստում սովորության համաձայն անդրադարձ եղավ խաղողի մթերումների խնդրին, որին ի պատասխան գյուղոլորտի անմիջական պատասխանատու ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը հավաստիացրեց, որ սպասվող բերքի 180 հազար տոննան մթերելու հարցում որեւէ խնդիր չի լինի: Եվ ... ընդամենը երկու օր անց սկսվեցին վրդովված խաղողագործների դժգոհություններըՙ գործարանները հրաժարվում են խաղողի բերքի ընդունումից, ընդունողներն էլ գինն են իջեցրել, գումարների տրամադրումը հետաձգել...

Իսկ ո՞ւր մնաց նախարարական խոսքը, պատասխանատվությունը: Այգեգործների ու նախարարի մի հանդիպման ընթացքում խաղողագործներից մեկը նշեց Եվրոպայում բերք արարողի ու այն ընդունողի կողմից երկարաժամկետ, մինչեւ 20 տարով կնքվող պայմանագրերից, որին նախարարը պարզապես չարձագանքեց: Հերթական անգամ հարցնենքՙ ինչո՞ւ, թեեւ նախկին շատ ինչուներ են անպատասխան մնացել, սկսած այգիների առկա ծավալներից մինչեւ դրանց ջրով ապահովումը: Տարեսկզբին ասվեց, որ ջրամբարները կիսով չափ են լցված, այդ թվում Ախուրյանի 525 մլն խորանարդ մետր ծավալով ջրամբարը: Չգիտես ինչուՙ անգամ ակնարկ չարվեց, որ այս ջրամբարը սահմանային է, Թուրքիայի հետ համատեղ օգտագործման, ջրի ինչ չափաքանակների վերցման: Պակաս կարեւոր չէ խաղողի այգիներն ընդգրկող տարածքը, որը տատանվում է 12 հազար հեկտարից մինչեւ 15-16 հազար հեկտարի միջեւ:

Այս ամենի կողքին հանկարծ ունենում ենք ՀՀ հողային տարածքում կանեփ կոչվող մշակաբույսի աճեցման ցանքատարածությունների խթանման ծրագիր: Այս բույսի մասին հայ հանրությունը հիմնականում տեղեկանում է ոստիկանական հաղորդումներից, ապօրինի աճեցված հազարավոր կիլոգրամներ ոչնչացնելու, այրելու մասին: Իսկ ահա՛, երբ գյուղոլորտի պատասխանատու վարչություններից մեկի պետին հարցրի, թե ե՞րբ մեր հողերում գրեթե առաջին անհրաժեշտություն դարձած բրինձ կարտադրվի, նա այնպիսի հայացք ընդունեց, որից անհնարին էր տրամաբանված պատասխան ստանալը: Տարօրինակից առավել իհարկե ցավալի է երկրի հարցերի ու խնդիրների հանդեպ նման մոտեցումը, մեր պարենային անվտանգության անտեսումը: Կանեփով պատրաստ ենք զբաղվել, բրնձովՙ ոչ: Երբ զրուցակցիս ասացի, որ Եվրոպայում էլ են բրինձ մշակում, տարեկան 4 մլն տոննայից ավելի բերք հավաքում, տարակուսեց: Վիճակագիրները հաստատում են, որ իտալացիներն ու ֆրանսիացիները, գերմանացիներն ու բրիտանացիները միջին 1 բնակչի հաշվով տարեկան 8 կգ բրինձ են սպառում: Հայաստանցիներիս այս քանակն ապահովելու համար հարկ է արտադրել մինչեւ 25 հազար տոննա, որը կարելի է հավաքել 5 հազար հեկտար վարելահողերից, մեր ունեցածի մեկ տոկոսից: Թե որն է այստեղ տարօրինակը, ինչու պարզ ու հասարակ հարցերը մեզանում չեն լուծվում, որի պայմաններում է հնարավոր հանրություն-իշխանություն հարաբերություններում բարերար միջավայրի ձեւավորումը, անշարժը շարժելը, պարզապես անհասկանալի է... եթե մի կողմ թողնենքՙ ներկրողների շահերի սպասարկումը:

Տեսեք ի՛նչ գներ են Եվրոպայի կենտրոնում գտնվող, ծովերից հեռու, ճիշտ մեր 1 բնակչի հաշվով վարելահողային կարողունակությունն ունեցող Ավստրիա պետությունում: Սեփական արտադրության կարագը վաճառվում է ՀՀ 3300 դրամին համարժեք եվրոյով, փաթեթավորված շաքարավազը 380 դրամով, բուսայուղի լիտրը 560 դրամով: Շուրջ 40 տոկոս հարկման արդյունքում անգամ այս գումարների զգալի մասն է բյուջետային այլեւայլ ծախսերի ձեւով վերադարձվում հանրությանը: Ըստ ԱՄՆ-ում լույս տեսնող «Համաշխարհային փաստեր. 2021» տեղեկատուի, Ավստրիան ռազմական նպատակով ծախսում է բյուջեի 1,5 տոկոսը, որը գերազանցում է 3 մլրդ դոլարը, ՀՀ ողջ բյուջեն:

ՀՀ իշխաննությունները, անկարող ենք չհիշեցնել տարօրինակ արտահայտությունը, զբաղված են, ասենք... համայնքների համաչափ զարգացման խնդրով: Թե ինչո՞ւ է պետք ազատ շուկայական հարաբերություններ ընտրած երկրում համաչափություններ սահմանել, մի այլ առիթով:

28.09.2021թ.

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #36, 01-10-2021

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ