RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ

#035, 2021-09-24 > #036, 2021-10-01 > #037, 2021-10-08 > #038, 2021-10-15 > #039, 2021-10-22

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #37, 08-10-2021



Տեղադրվել է` 2021-10-08 00:39:00 (GMT +04:00)


Ընթերցված է` 2900, Տպվել է` 41, Ուղարկվել է էլ.փոստով` 0

ԳԼԽԱՎՈՐԻ ՄԱՍԻՆ

ՄԱՐԻԵՏԱ ԽԱՉԱՏՐՅԱՆ

Եկեք դուրս գանք լրատվամիջոցներում սովորաբար առկա «ասաց-պատասխանեց» ձեւաչափից, թեեւ վերջին օրերին իրոք հետաքրքրական շատ խոսքուզրույց է հնչել, եւ մեր երկրի շուրջ կատարվող իրադարձությունների մեջ ամենաակտուալ շեշտադրումնեըը նկատենք: Վերջին շրջանում ավելի տեսանելի է, որ Ռուսաստանը հենց ինքն է փորձում Մինսկի խմբի ձեւաչափը փոխել եւ, այլ տարածաշրջանային խնդիրների լուծման հետ մեկտեղ, հայկական խնդիրների լուծումը վերագրել նոր ստեղծվելիք ինչ-որ «3+3» ձեւաչափի (Ռուսաստան, Թուրքիա, Իրան, Հայաստան, Վրաստան, Ադրբեջան), որն ավելի շուտ հավանաբար Ռուսաստանի ու Թուրքիայի շահերն առաջ տանելուն է միտված լինելու: Իսկ Արցախի կարգավիճակը Մինսկի խմբում քննարկելու հարցն աննկատ քնեցնելու ռուսական ջանքը հենց այս նոր ձեւաչափը կայացնելու, դրանով տարածաշրջանի կնճռոտ հարցերը լուծելու ռուս-թուրքական նպատակադրումներով են պայմանավորված: Դեռ չձեւավորված այդ ձեւաչափը, ի թիվս այլ խնդիրների, պետք է լուծի հաղորդակցության միջանցքների եւ ուղիների անվտանգ տրամադրման խնդիրները նաեւ: Հայաստանը դեռ չի բարձրաձայնում, թե ինչ վերաբերմունք ունի այդ ձեւաչափին, այդ մասին կառավարությանն ուղղված հարցն Ազգային ժողովում առարկայական պատասխան չստացավ, եւ ոչ էլ ավելի վաղ էին այդ կարգի, այդ թվումՙ լրագրողական հարցերը պատասխան ստանում իրավասուներից:

Մինչդեռ ռուսական կողմն այդ հարցն առաջ է հրում, Մոսկվայում Իրանի արտգործնախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիյանի հետ այդ հարցը քննարկելու մասին խոսեց ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը, չնայած քննարկումից հետո համատեղ ասուլիսում առավել քան երեւութական էր, որ Իրանին այս ձեւաչափն այնքան էլ սրտամոտ չէ, Իրանը մտահոգված է տրանսպորտային միջանցքների տրամադրմամբ, համարելով, որ դրանք բերելու են տարածաշրջանում սահմանների փոփոխության:

Իսկ Սյունիքում տրանսպորտային միջանցքի տրամադրումը հենց Իրանի սահմանին է, այնպես որ այստեղ տարընթերցումների տեղ չի մնում, Իրանն ուղիղ տարածքի վերաձեւում է համարում Հայաստանից հաղորդուղու տրամադրումը, որքան էլ մեր իրավասուները բառախաղեր անենՙ տրանսպորտային միջանցք ու հաղորդակցության ուղի հասկացությունները հակադրելով: Մինչդեռ Իրանն ակամա, իր շահերը պաշտպանելիս, այստեղ դառնում է մեր բնական դաշնակիցը: Ի դեպՙ Իրանի արտգործնախարարը մինչեւ մոսկովյան հանդիպումը հանդիպել էր Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանի հետ, իրանական լրավամիջոցներին տված հարցարույցներում էլ, մոսկովյան ասուլիսին էլ մտահոգվել իրանական սահմանի մոտ ահաբեկիչների եւ սիոնիստների առկայությամբ: Դե իսկ ռուսական փորձագիտական մակարդակով հայտնված այն տեսակետը, թե երբ «3+3» ձեւաչափի երկրորդ եռյակի պետությունները խանություններ էին Ռուսական կայսրության կազմումՙ ռուսները զորք էին մտցնում այդ երկրներ ու ոչ մեկին չէին հարցնում (Սատանովսկի), պարզ է, որ միայն փորձագիտական երազանք չէ, այլ հենց կրեմլյան շրջանակների իղձ: Իսկ մենք պետություն ենք, ոչ թե խանություն, մեզ ոչ ոք չի կարող հարկադրել մտնել հակահայկական շահերի վրա կառուցվող ձեւաչափեր, որտեղ մեր հաշվին ուրիշ պետություններն իրենց խնդիրներն են լուծելու: Համենայնդեպսՙ անկախ պետությանը սկզբունքորեն ոչ ոք չպետք է կարողանա ձեւաչափ պարտադրել: Եւ եթե մեզ Արցախի հարցում բանակցությունների վերսկսման տեսակետից ձեռք է տալիս Մինսկի խմբի ձեւաչափը, որպես ոչ միակողմանի, առավել բալանսավորված կառույց, ուրեմն այդ մասին ավելի լավ պետք է հասկացնենք բոլորին, թե չէ դուրս է գալիս, որ Հայաստանում ԱՄՆ դեսպանն Արցախով ու Հայաստանով ավելի մտահոգված է, քան մենք, ու նա է անընդհատ խոսում Արցախի կարգավիճակից ու վերջնական լուծումից, այլ ոչ թե մենք: Երբ մեզ ակնարկում-հասկացնում են, թե Մինսկի խմբի ձեւաչափը մահացել է, եւ պետք է նոր ձեւաչափը ընդունել, մեր հակափաստարկները ավելի վստահորեն պետք է բերենք, ոչ թե դրանք ուշացնենք կամ ծամծմենք:

Բայց արդյո՛ք պետության պես ենք պահո՞ւմ մեզ:

«Հայաստանի կառավարության դիրքորոշումն այն է, որ մենք պետք է առավելագույնն անենք Լեռնային Ղարաբաղի ժողովրդի իրավունքները պաշտպանելու համար: Բայց ես ուզում եմ ասել, որ այդ գործընթացում մենք սահմանափակված ենք այն փաստաթղթերով ու գործողություններով, որը ձեր քաղաքական ուժի ղեկավարի քվեարկությամբ ընդունվել է ՀՀ կողմիցՙ որպես միջազգային հարաբերությունների ընդունելի կանոն: Մենք դրանով սահմանափակված ենք եւ կփորձենք, ամեն ինչ կանենք, որ այդ սահմանափակումները հաղթահարենք», պատասխանել է Արցախի կարգավիճակի հարցի մասին խորհրդարանական ընդդիմության ներկայացուցչի հարցին վարչապետ Փաշինյանը : Այսինքնՙ փաստաթղթերն այլ իրողություններ են արձանագրում, քան մեր ցանկություններն ու պատկերացումներն են, այսպես կարելի է վերծանել նրա ասածը:

Ի՞նչ փաստաթղթեր, ո՞վ, ե՞րբ, որտե՞ղ եւ ո՞ւմ է դեմ տվել այդ փաստաթղթերը, վերջապես ո՞վ փաստերով եւ առարկայաբար կասի հանրությանը:

Ու ոչ Փաշինյանը, ոչ մեր նախկին ղեկավարները երբեք չեն բարձրաձայնել ընթացող բանակցությունների նյութըՙ վախենալով միջազգային սկանդալներից, քանի որ պայմանավորվածություն է եղել չբացահայտել բանակցային ընթացքը: Համենայնդեպսՙ Փաշինյանն ինքը խորհրդարանում խոստովանեց, որ իշխանությունը ստանձնելիս ուներ հնարավորություն բացահայտելու տասնյակ տարիների ղարաբաղյան բանակցային մանրամասները, բայց չի արել դաՙ սկանդալի ու նոր լարվածության մեջ չներքաշելու համար երկիրը: Սկսելով զրոյից, նա ավելի վատթարացրել է պատկերըՙ դրանից ոչ մի լավ բան դուրս չեկավ ոչ իշխանության, ոչ Հայաստանի համար, ու ամեն ինչ ընթացավ վատթարագույն սցենարով, պարտությամբ, զոհերով:

Այժմ նույն իրավիճակն է, տարածաշրջանում նոր լարվածություն է, Իրանը բոլորին հասկացնում է, որ թույլ չի տա խաղի կանոնների փոփոխություն մեր տարածաշրջանում, ռուսներն ու թուրքերը փորձում են տարբեր հարկադրանքներով խաղ պարտադրել, նոր պատերազմ միշտ կարող է լինել, ու նորից մեր երկրի նախկին ու ներկա ղեկավարները պետք է ընտրություն կատարենՙ մինչեւ վերջ բացահայտե՞լ, թե ի՞նչ են պարտադրում մեզ տարածաշրջանային դերակատարները, բոլոր բանակցությունների, անցյալ պատերազմի պարտության մանրամասները քողազերծե՞լ սեփական ժողովրդի համար, այդպիսով պատրաստելով մեզ այն հնարավոր կատակլիզմներին, որ կարող են լինել, ու դրանց իրազեկված լինելով դիմակայելուն, թե՞շարունակել նույն կերպ, ամեն անգամ ավելի անհավանական թերասացություններ հրամցնելովՙ հիմնավորելու համար անհիմնավորելին, հերքելով Հայաստանին պարտադրվող ակնհայտ աննպաստ պայմանների առկայությունը ամեն տեսակի անհեթեթություններով, ինչպես Շուշիի վերաբերյալ Լիտվայում վարչապետ Փաշինյանի արգումենտն էր, թե բա ինչու ներդրում չէիք անում Շուշիում, ինչու բնակարան չէիք կառուցում, քանի որ գիտեիքՙ հանձնելու ենք, Բադեն-Բադենում ավելի շատ ներդրում եք արել: Այ, այ, այ...

Իհարկե,Շուշիի մասով բազմաթիվ պատասխաններ են հնչել այդ մտքին, սակայն իմ տպավորությունը փոխանցեմ: Առաջին անգամ Շուշի եմ գնացել Շուշիի ազատագրման հաջորդ օրը, երբ դեռ ողջ քաղաքն ավերված էր գռադից, ռմբակոծություններից, Ղազանչեցոց Ս. Աստվածամոր եկեղեցին մի քանի օր մաքրում էին ադրբեջանական կեղտից ու ռազմամթերքի մնացորդներից, քանի որ այն վերածել էին զինանոցի եւ ավերելՙ որքան հնարավոր է: Հետագայում տասնյակ անգամներ այցելել եմ Շուշիՙ «Ազգում» էլ պարբերաբար պատմելով Շուշիի վերականգնման ու նոր կառուցումների պատմությունները: Շուշին տարին- տարվա վրա դառնում էր մաքուր, մշակութային- հոգեւոր կենտրոնները լիովին նորոգած, վերականգնված հյուրանոցներով եւ պատմամշակութային հուշարձանները նորովի ներկայացնող քաղաք: Միգուցեՙ ոչ այն տեմպերով էր վերականգնվում, որ պետք էր, կամ կարող էր լինել, եթե Հայաստանում չգործեին կառավարման կոռումպացված համակարգեր: Բայց որ Շուշին դարձել էր զբոսաշրջային շենշող քաղաք, ուր պատրաստվում էին փոխադրվել պետական կառավարման կառույցներից մի քանիսըՙ դա փաստ է: Եւ չարժե ուրանալ դաՙ ինչ է թե Շուշիի հանձնումը հիմնավորվի: Լսել եք, չէ՞, ծայրահեղ վարկածներ էլ կան, որ Շուշի ադրբեջանցիները չեն մտել, այլՙ միանգամից ռուսները, ռուսական զինուժը, բա որ դա մի օր հաստատում ստանա:

Բոլոր դեպքերում ոչ ներկա իշխանությունն է անկեղծՙ Հայաստանի շուրջ իրողությունները բացահայտելու առումով, ոչ էլ նախկին ղեկավարները:

Ամբողջ խնդիրն այն է, որ նախկին նախագահները, որոնցից երկուսը վերջին օրերին հրապարակային խոսքով հանդես եկան, նույնպես ելնելով իրենց քաղաքական շահիցՙ անկեղծորեն չեն բացահայտում մինչեւ 2018 թվականն եղած բանակցությունների ողջ նյութը, չնայած եթե նրանք Ռուսաստանից կամ այլ մի գործոնից կախվածություն չունենայինՙ պիտի դա անեին հենց Հայաստանի ապագայի առումով ճիշտ քայլեր որդեգրելու համար, նախկին լինելը միգուցե այդ առումով արդարացում կլիներ այդ բացահայտումների համար (միամիտ չենքՙ այդտեղ անգամ կյանքի ռիսկ կա): Ոչ ոք չի ուզում վերցնել պատասխանատվությունը եւ բացահայտել Հայաստանին պարտադրվող այն բոլոր պահանջների արիալը, որոնք ի վերջո բերել են մեր երկրին այս վատթարագույն վիճակը եւ դեռ բերելու են: Անգամ Ռոբերտ Քոչարյանը չի կարողանում միանշանակ պատասխան գտնել այն հարցին, թե երկրի անկախությունը կորցնելու վտանգը որքան իրական է: Տպավորություն էր, որ նախկին երկու նախագահների դարդուցավը իրար պատասխանելը կամ իրար հետ մրցակցելն էր ասուլիսներով, ու ոչ թե երկրի վիճակի վերաբերյալ ելքեր մտմտալ-առաջարկելը: Նույնն, ի դեպ, խորհրդարանում է, որի առիթով ընդդիմադիր խմբակցությունների իրական ղեկավար նախկին երկու նախագահներին կուզեինք ասել, որ խորհրդարանի իրենց ենթակա կորպուսները նրանով չեն զբաղված, ինչով պետք է զբաղվի անկախության ատրիբուտները վտանգված պետության ընդդիմությունը, հարկ է փոխել այդ խմբակցությունների աշխատաոճը:

Սթափեցնելու համար նշենք, որ դավադրապաշտերն առավել առաջ են գնում իրենց սեւ կանխատեսումներով, ռուս-թուրքական նախագիծ «3+3» ձեւաչափի երկրորդ եռյակ-կցորդ երկրներիՙ անկախության կորուստը եւ կայսրությանը ենթակա կոնֆիգուրացիա ստեղծելու հեռանկարը գուժելով: Այնպես որՙ իրեն պատասխանատու զգացող քաղաքական միավորները, որոնք այժմ զբաղված են դատավորի տեսքով ու կեցվածքով իրար մեղադրելով, մեր գլխին թափվելիք նոր վաթար իրադարձությունների, այդ թվումՙ անկախության կորստի պատասխանատուն կարող են դառնալ:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #37, 08-10-2021

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ