RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ

#035, 2021-09-24 > #036, 2021-10-01 > #037, 2021-10-08 > #038, 2021-10-15 > #039, 2021-10-22

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #37, 08-10-2021



Տեղադրվել է` 2021-10-08 00:39:00 (GMT +04:00)


Ընթերցված է` 3012, Տպվել է` 2, Ուղարկվել է էլ.փոստով` 0

ԱԲՐԱՀԱՄԻ ՍԿԶԲՈՒՆՔԸ

ՀՈՎԻԿ ԱՖՅԱՆ

Հրեական դպրոցներից մեկում ուսուցիչը մտնում է դասարան եւ հայտարարում. «Երեխաներ, Աստված չկա, կարող եք նայել երկինք ու հայհոյել նրան»: Աշակերտները մեծ սիրով անում են ուսուցչի հանձնարարությունը, եւ միայն վերջին շարքում նստած Աբրահամն է, որ լուռ հետեւում է այդ սրբապղծությանը: Ուսուցիչը նկատում է Աբրահամի լռությունն ու դիմում նրան.

- Աբրահա՛մ, իսկ դու ինչու չես նայում երկինք ու հայհոյում, չէ՞ որ ասացիՙ Աստված չկա:

Աբրահամը պատասխանում է.

- Հարգելի՛ ուսուցիչ, կա երկու տարբերակՙ Աստված կա եւ Աստված չկա: Եթե Աստված չկա, ինչպես դուք եք պնդում, ապա ի՞նչ իմաստ ունի նրան հայհոյելը: Իսկ եթե Աստված կա, ապա կարիք չկա փչացնել հարաբերությունները նրա հետ:

Անկեղծ ասածՙ չգիտեմ, թե հետո ինչ է լինում այդ դասարանում, բայց տպավորություն ունեմ, որ հրեական պետությունը կոնկրետ Հայաստանի հետ հարաբերությունները կառուցում է հենց «Աբրահամի սկզբունքով»: Բացահայտ չի հայհոյում (ինչը, ընդունենք, թե ոչ, բոլորն են սկսել անել) եւ չի ուզում փչացնել հարաբերություններըՙ թեկուզ կասկածելով մեր պետության լիարժեք գոյությանը:

Իսկ ի՞նչ է անում Հայաստանը: Եթե հիշում եք, գործող իշխանության արտաքին քաղաքական առաջին հեղափոխական քայլերից էր Իսրայելում ՀՀ դեսպանատան հիմնումը: Ավելին, այն ժամանակ սովորական իշխանական պատգամավոր, այսօր իշխողՙ ՔՊ խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանը, որն, ի դեպ, առավել հայտնի է Խրիմյան Հայրիկին մեջբերելու լուսավոր անցյալով, Հայաստանի խորհրդարանի բարձր ամբիոնից Իրանն անվանեց բռնապետական ռեժիմ, ինչի համար, իհարկե, հետո ներողություն խնդրեց, բայց ի տարբերություն «ներողության», «բռնապետություն» բառն ավելի արագ է թարգմանվում պարսկերեն: Միայն այս երկու հանգամանքից կարող ենք եզրակացնել, որ գործող իշխանությունը «Իսրայելից է պետք սովորել» հայկական ազգային թեւավոր խոսքը հասկանում էՙ «Իսրայելի հետ է պետք լավ լինել» քաղաքականություն որդեգրելով: Այնինչ խոսքը բացառապես «Աբրահամի սկզբունքի» մասին է, ինչով առաջնորդվելն ի դեպ, մեր իշխանությանը բացի արտաքին քաղաքական հաջողությունների հնարավորություն ընձեռելուցՙ շեշտակիորեն կնվազեցնի Հայաստանի ներքին բանավեճում քֆուրների պաշարը, եւ ուրեմնՙ կտա ներքին ու ազգային համաձայնությունների հասնելու, ինչպես այս իշխանությունն է սիրում ասելՙ աննախադեպ հնարավորություն:

Հիմա Հայաստանը քաղում է ցանածի արդյունքը: Իրանը, որի համար Իսրայելն ավելի թունդ բան է, քան Թուրքիանՙ Հայաստանի, բնականաբար պետք է դավադրության հոտ առնի, հատկապես որ Գորիս-Կապան ճանապարհի զգալի մասը Հայաստանի իշխանությունը համարում է Ադրբեջան, որտեղ սիոնիստական ուժերը վաղուց արդեն «հավանագիլա» են պարում: Թեհրանը հասկանում է, որ որքան երկարիՙ թեկուզ շիա, բայց սիոնիստական Ադրբեջանի հետ իր սահմանը, այնքան կմեծանա իսրայելական վտանգըՙ ընդորում հենց իր տան դռան մոտ: Բայց ցավալին մեզ համար ոչ թե սա է, այլ այն, որ Թեհրանը հասկանում է նաեւ, որ Երեւանն իր քայլերով ոչ միայն չի նպաստում սիոնիստական ուժերի հեռացմանըՙ տարածաշրջանից, այլեւ ինքն է բարենպաստ պայմաններ ստեղծել, որ դրանք այստեղ ավելի լավ զգան իրենց: Այս ֆոնին Հայաստանի ԱԳ նախարարը, տպավորություն կա, որ շտապ գնում է Թեհրան, Իրանի ԱԳ նախարարը, հավանաբար Միրզոյանի հետ զրույցից շատ բան չհասկանալով, շտապ մեկնում է Մոսկվա, դե իսկ Փաշինյանը գրեթե երդվում է, որ Հայաստանը երբեք Իրանի դեմ քայլ չի արել ու չի անելու, բայց Հայաստանի վարչապետը մոռանում է, որ Իրանին հավատարմության երդում է տալիս Լիտվայում, որը ԵՄ անդամ է, որն էլ արդեն քանի տարի էՙ պատժում է Իրանին:

Բայց դառնանք Աբրահամին: Կարծում եմՙ ակնհայտ է, որ դասարանում նա միակ աշակերտն էր, որն առաջնորդվեց բացառապես սեփական շահով: Մյուսները պարզապես կատարեցին հանձնարարությունը կամ հրամանը: Ընդորում, Աբրահամը սեփական շահն առաջ տարավ պարզ, տրամաբանական եւ բոլորին հասկանալի ու բոլորի համար ընդունելի ձեւակերպումներով, որից հետո նրան պատժելն առնվազն նորմալ չէր լինի:

Ես իհարկե հասկանում եմ, որ աշխարհաքաղաքական դրությունը, այն էլ մեր տարածաշրջանում, ամենեւին էլ նման չէ հրեական խաղաղ դասարանին, բայց ես նաեւ հասկանում եմ, որ «Աբրահամի սկզբունքը» քաղաքականության հիմք դառնալուց առաջ ծնվել է դպրոցում, ու Հայաստանում հազարավոր դպրոցներ կան:

Իմիջիայլոց (բառիս լավ իմաստով), երեքշաբթիՙ հոկտեմբերի 5-ին, Ուսուցչի օրն էր: Շնորհավորում եմ, ամենակարեւո՛ր մարդիկ:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #37, 08-10-2021

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ