RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ

#035, 2021-09-24 > #036, 2021-10-01 > #037, 2021-10-08 > #038, 2021-10-15 > #039, 2021-10-22

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #37, 08-10-2021



Տեղադրվել է` 2021-10-08 00:39:00 (GMT +04:00)


Ընթերցված է` 2593, Տպվել է` 2, Ուղարկվել է էլ.փոստով` 0

ԻՍԿ ԴՈ՞ՒՔ ԻՆՉ ԵՔ ԿԱՌՈՒՑԵԼ 3 ՏԱՐՈՒՄ

ՍԵՎԱԿ ՎԱՐԴՈՒՄՅԱՆ

Ընդդիմադիրների անցանկալի հարցերին պատասխանելիս վարչապետ Նիկոլ Փաշինյանը հաճախ է օգտվում «նախկիններ», «թալան», «30 տարում ոչինչ չեք կառուցել» եզրույթներից, եւ հասարակությունը հերթական անգամ ատելությամբ է լցվում «նախկինների» նկատմամբ: Հայաստանի երրորդ հանրապետության բոլոր ղեկավարների ժամանակ էլ իշխանության տարբեր ներկայացուցիչներ թալանել են պետական բյուջեն, աչք ծակող մեծության ու շքեղության տներ կառուցել, բայց դա ներկաներին սուրբ ձեւանալու որեւէ հիմք չի տալիս: 2018-ի իշխանափոխությունից հետո մեկ անգամ չէ, որ գրվել է գործող իշխանության տարբեր ներկայացուցիչներիՙ կոռուպցիոն գործարքներում ներգրավված լինելու մասին: Փաշինյանի կաբինետի երկու փոխնախարարի նկատմամբ քրեական գործեր են հարուցվելՙ պաշտոնական դիրքը չարաշահելու ու կաշառք վերցնելու մեղադրանքով: Թեեւ նրանցից մեկըՙ առողջապահության նախկին փոխնախարար Արսեն Դավթյանը , չգիտեսՙ ինչպես, մաքրագործվեց իրեն վերագրվող մեղադրանքից ու հիվանդանոցներից մեկում նորից բարձր պաշտոն ստացավ:

Նախկիններին 30 տարի ոչինչ չկառուցելու մեջ մեղադրող Փաշինյանին հարկ է հիշեցնել, որ 3 տարվա մեջ ինքն ու թիմը, բացի քանդելուց ու մասնատելուց, ոչինչ չեն արել: Կառավարական կաբինետի կազմը փոխելը ու կարեւորագույն նախարարություններն օպտիմալացնելը հենց նրա ձեռագիրն էր: 44-օրյա պատերազմից ամիսներ առաջ էլՙ ապրիլին, կառավարության որոշմամբ «Գեոդեզիա եւ քարտեզագրություն» ՊՈԱԿ-ն էր լուծարվել: Պատերազմից հետո, երբ ադրբեջանական զորքերը գրեթե ամենօրյա ռեժիմով գալիս-կանգնում են Հայաստանի սուվերեն տարածքներում ու հայտարարում, թե խորհրդային քարտեզներով Սյունիքի, Գեղարքունիքի կամ Տավուշի ինչ-ինչ տարածքներ իրենցն են, գեոդեզիայի ինստիտուտի մասնագետներն ահազանգում ենՙ արդեն փակված ՊՈԱԿ-ն էր, որ իրավասու էր ու կարող էր զբաղվել այդ աշխատանքներով: Գիտական հենքով սահմանագծում անելուն, փաստորեն, GPS-ն է փոխարինում: ՊՈԱԿ-ը, որ քարտեզագրման աշխատանքներ իրականացնող լրջագույն միակ կառույցն էր, հենց այս օրերին էր պետք Հայաստանին:

Փաշինյանի փակած, լուծարած կամ օպտիմալացրած կառույցները միայն նախարարություններով ու գեոդեզիայի ՊՈԱԿ-ով չեն սահմանափակվում: Առողջապահության նախարարությունը, հիշեցնենք, մարզային մի շարք ծննդատներ փակելու գործին էր լծվել: Մշակույթի նախարարությունը էլ թանգարաններն ու մշակութային հաստատություններն էր իրար կցմցում, իսկ նախարարի պարտականությունները կատարող Նազենի Ղարիբյանն այն համոզումն ուներ, որ Ալեքսանդր Սպենդիարյանի թանգարանը կարելի է միացնել Օպերայի ու բալետի թատրոնին, ու դա զուտ այն պատճառով, որ երկուսն էլ Սպենդիարյանի անվան հետ են առնչվում:

Նախկիններին ոչինչ չսարքելու ու չշենացնելու մեջ մեղադրողՙ երեք տարվա նորերը, փաստացի, բացի լուծարելուց ու անբովանդակ ձեւով ինչ-ինչ կառույցներ իրար միացնելուց, որեւէ այլ բան չեն արել:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #37, 08-10-2021

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ