RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ

#035, 2021-09-24 > #036, 2021-10-01 > #037, 2021-10-08 > #038, 2021-10-15 > #039, 2021-10-22

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #37, 08-10-2021



Տեղադրվել է` 2021-10-08 00:39:00 (GMT +04:00)


Ընթերցված է` 1869, Տպվել է` 1, Ուղարկվել է էլ.փոստով` 0

ԻՆՉՊԵՍ ԵՐԱԺՇՏՈՒԹՅԱՄԲ ՍՏԵՂԾՎԵՑ ՆՈՐ ՀԱՅԿԱԿԱՆ ԽՄԻՉՔ «ՏԱՏԵՈՆԸ»

ԱՐԾՎԻ ԲԱԽՉԻՆՅԱՆ

Հարցազրույց երգիչ եւ գործարար Արմեն Կարապետյանի հետ

Երգիչ (բարիտոն) Արմեն Կարապետյանի հետ ծանոթացել եմ 2000 թվականին, Փարիզում, երբ նա այնտեղ նոր էր սկսել իր կարիերան կնոջՙ սոպրանո Լիանա Հարությունյանի հետ: Անցած տասնամյակներին Լիանան, որպես երգչուհի համբավ ձեռք բերեց Արեւմուտքի օպերային աշխարհում, իսկ Արմենը երգարվեստից անցում կատարեց մեկ այլՙ փոքր-ինչ անսպասելի բնագավառ:

1970 թվականին Վարդենիսում ծնված եւ Երեւանի Կոմիտասի անվան կոնսերվատորիայի վոկալ բաժինն ավարտած Արմենի անցյալի եւ ներկայի գործունեության մասին է մեր զրույցը:

- Արմեն, քսանչորս տարի Հայաստանում չէիր: Ինչպե՞ս հայտնվեցիր Ֆրանսիայում:

- 1995 թվականին, Հովհաննես Չեքիջյանի ղեկավարած երգչախումբը, որտեղ ես երգում էի, հյուրախաղերի մեկնեց Եվրոպայի տարբեր երկրներ, այդ թվումՙ Ֆրանսիա: Պատանեկան տարիքից, գրականության եւ կինոյի շնորհիվ Ֆրանսիան երազանքի վայր էր ինձ համար, եւ հայտնվելով այնտեղՙ որոշեցինք հաստատվել այդ երկրում: Երիտասարդ ժամանակ, ցավոք, հաճախ ապագադ հայրենի երկրում չես տեսնում, մյուս կողմից, դժվարին տարիներ էին Հայաստանում: 1997 թվականից ես եւ Լիանան արդեն մշտապես Ֆրանսիայում էինք, որտեղ զբաղված էինք մեր բուն մասնագիտությամբ, բազմաթիվ լսումների ենք գնացել: Վոկալ արվեստը ես կատարելագործել եմ տարբեր ուսուցիչների մոտ, այդ նպատակով նաեւ Իտալիա էի հաճախ մեկնումՙ մասնավորապես դասեր առնելով նշանավոր բաս Բոնալդո Ջայոտտիից:

- Ի՞նչ տվեց քեզ Ֆրանսիան:

- Երեւի առաջին հերթին Ֆրանսիան վերադաստիարակեց մեր մեջ մարդուն, որը միգուցե ուներ ինչ-որ արժանիքներ, ինչ-որ տաղանդ, սակայն այդ ամենին ավելացավ կարգապահություն աշխատանքի նկատմամբ եւ մարդկային ու պրոֆեսիոնալ հարաբերությունների մեջ:

- Շատերը մեկնում են մեծ աշխարհ ու նպատակաուղղված կարիերա են անում, բայց դու կարծես շատ հանգիստ ես վերաբերվում դրան:

- Երգիչների համար կարիերա անելը կարեւոր է. երիտասարդ ժամանակ բոլորս կարիերիստ ենք: Սակայն ինձ համար կարիերան երբեք գերնպատակ չի եղել. ավելի կարեւոր է եղել ինքս ինձ հասկանալը, ինքս ինձ գտնելը: Ինքն իրեն գտնելը հաջողության հասնելն ու հարստանալը չէ, որ մի օր ասեսՙ ես մեծ երգիչ եմ. ինձ համար շատ ավելի կարեւոր է ինքնաճանաչումը: 17-18 տարեկանից հետաքրքրվել եմ միստիկայով, յոգայով, մեդիտացիաներով: Շատերն էին ինձ ասում, որ ես տարօրինակ ձեւով հանգիստ եմ: Իրականում այդ հանգստությունը տարիների աշխատանք է: Հարց է, թե ո՞րն է ավելի արժեքավորը կյանքում, արդյո՞ք մեծ բեմում լինելն էր ինձ երջանկացնելու, քան, ասենք, այսպես նստած քեզ հետ զրուցելը: Այդ իսկ պատճառով ես չսահմանափակեցի ինձ միայն իմ մասնագիտությամբ: Երբ Ֆրանսիայում առաջին տարիների էյֆորիան անցավ, ես հասկացա, որ ճիշտ կլինի այստեղ այլ գործով նույնպես զբաղվել: Իմ մեջ միշտ եղել է գործարարության ջիղը, դեռ Հայաստանում ինչ-որ բաներ ձեռնարկել եմ ճգնաժամային տարիներին: Մենք տանը երկու երգիչ էինք, եւ Լիանայի կարիերան ավելի հաջող էր ընթանում, քան իմը: Լսումներին նա միշտ ավելի հաջողություն էր ունենում, մրցույթներում տեղեր էր գրավում: Մի քանի տարուց հասկացա, որ երկուսով առաջ գնալը հնարավոր չէ, ուստիեւ հետ քաշվեցի:

- Ցավալի չէ՞ր երգը թողնելը:

- Որոշ չափով: Կար ընտանիք պահելու հարցը, մեր որդին մեծանում էր, բայց ես որոշեցի անցնել այլ գործունեության, չնայած մեջս միշտ եղել է ու հիմա էլ կա երգիչը: Եղավ մի պահ, երբ որդիս ապրում էր Նորմանդիայումՙ Կաեն քաղաքում, իսկ ես եւ Լիանանՙ Մարսելում: Ես որոշեցի, որ ճիշտ չէ, որ տղաս մեծանում է ծնողներից հեռու, ուստի գնացի Կաեն ու այնտեղ գնեցի մի իրանական ռեստորան: Մի քանի հայկական ճաշատեսակներ ավելացնելովՙ ստեղծվեց հայ-իրանական մի ինքնատիպ ռեստորան, որն աշխատեցրի ինը տարի:

- Լիանան այսօր պահանջված երգչուհի է, անընդհատ շրջագայությունների մեջ է: Դժվար չի՞ լինել նշանավոր երգչուհու ամուսին:

- (Ծիծաղում է): Շատ հետաքրքրական հարց է: Դժվար էր մինչեւ այն ժամանակ, երբ ես ձգտում էի կարիերայի, որովհետեւ ինչքան էլ սիրելի մարդ լինի կողքիդ, ինչքան էլ քո ամենամոտիկ մարդը լինի, երբ դու նրան տեսնում ես միջազգային բեմերում, լինելով նույն մասնագիտության տեր մարդՙ բնականաբար ինքդ էլ ցանկանում ես քեզ նույն բեմերում տեսնել: Բայց հիմա բացարձակապես որպես երգիչ այլեւս չունեմ այդ բարդույթը: Հիմա դժվարն այն է, որ նման կարիերա անող մարդուն տեսնում ես մշտապես լավագույնն անելու, ամեն անգամ գոնե իր մակարդակը պահելու ստրեսի մեջ:

- Երբ երեք տարի առաջ հանդիպեցինք Երեւանում, ասացիր, որ ուզում ես բիզնես սկսել Հայաստանում: Վերջերս ես համտեսեցի խնձորից պատրաստված նոր արտադրված հայկական մի ոգելից խմիչք ու հետո ուրախությամբ իմացա, որ արտադրողը դու ես: Ինչպե՞ս ծնվեց այդ գաղափարը եւ ի՞նչ ճանապարհ անցավ:

- 2018-ից առաջ սկսել էի երգել փառատոներին, հիմնականումՙ երկրորդական դերեր, բայց զգում էի, որ ինչ-որ բանից հեռու եմ, կտրված եմ, երջանկության մի տեսակ կա, որ չեմ զգում: 2018-ին թվում էր, որ մենք արդեն հզոր երկիր ենք կառուցելու եւ բոլորս պիտի այդ գործին մասնակից լինենք: Արդեն հունիսին Լիանան ելույթ ունեցավ Երեւանի ֆիլհարմոնիայում (ասեմ, որ այդ մեկ համերգի պատճառով նա հրաժարվեց Փարիզի «Օպերա Բաստիլի» տաս ներկայացումներից): Իսկ աշնանը, երբ խնձորը հասունացավ, ես իմ հայրենի Վարդենիսում նկատեցի, որ գյուղացիները չեն կարողանում իրացնել այն ու հաճախ խնձորի բերքով պարարտացնում են հողը: Նաեւ հաճախ կտրում են խնձորենիները, քանի որ դա իրենց համար գլխացավանք է: Ես ցնցվեցի, քանի որ ապրել էի Ֆրանսիայի Կալվադոսի շրջանում, որտեղ խնձորի բերքի ամեն մի հատիկն օգտագործվում էր: Ու միանգամից միտք հղացա Հայաստանում խնձորօղիՙ կալվադոս արտադրել: Կրտսեր եղբորսՙ Հենրիկի հետ մեր քրոջ ավտոտնակում սկսեցինք նախնական արտադրությունը երկու տոննա խնձորովՙ հասկանալու համար, թե կարո՞ղ ենք Հայաստանի պայմաններում կալվադոս ստանալ: Արդեն այդ երկու տոննան գնելիս հասկացա, որ մենք մի ճանապարհին ենք, որը բոլորիս տանելու է մի հաճելի տեղ: Մարդիկ պատրաստվում էին իրենց աճեցրած միրգը թափել, իսկ ահա իրենցից գնում են, երկուստեք շահավետ գործարք է կայանում: Մեր ազգականների օգնությամբ խնձորը ճզմեցինք, թորեցինք, ստացանք սպիրտը, լցրեցինք կաղնեփայտե տակառները: Թվում էր, թե կալվադոսը պատրաստ է, բայց ինձ միտքս հանգիստ չէր տալիս: Իսկ ինչո՞ւ կալվադոս, լիկյոր կամ վիսկի, չի՞ կարող լրիվ ուրիշ մի բան լինել: Եվ ինչպես հաճախ, մեդիտացիայի ժամանակ միտք առաջացավՙ ստեղծել մի նոր խմիչք խնձորից: Մեր ստացած սպիրտով սկսեցի փորձարկումներ կատարել: Երեւի քառասուն տեսակ տարբեր խմիչքներ ստացա, բայց ամեն անգամ զգում էի, որ մի բան այն չէ, մինչեւ որ մի օր մտածեցի, որ խմիչքի մեջ կարելի է գործածել խնձորենու փայտանյութը: Երբ խնձորենու ճյուղերն առաջին անգամ դրեցի վառարանը ու զգացի ծխի անուշ բույրը, միանգամից պատկերացրի այն խմիչքի մեջ ու հասկացա, որՙ է՜վրիկա, գտա՛ ուզածս: Ինձ հաջողվեց ստեղծել մի նոր խմիչքՙ միայն խնձորենու պտուղից ու փայտից: Ի դեպ, այդ ամենը կապված է նաեւ երաժշտության հետ: Ամեն անգամ, երբ ուզում էի ինչ-որ բան ստեղծել, Բեթհովենի երաժշտությունը կամ Վագների նախերգանքներն ականջիս դրած երկար քայլում էի, այդ մտքերը միշտ երաժշտությունն է ինձ բերել: Այնպես որ մեր արտադրած խմիչքի մեջ լեցուն երաժշտություն կա: Այս գործում մեզ թիկունք կանգնեց մեր ամենամտերիմ բարեկամըՙ Լիանա Հարությունյանը, որը հավատաց մեր գաղափարին, կատարեց զգալի ներդրում, եւ նախանցյալ տարի մենք վաթսուն տոննա խնձոր գնեցինք: Տոնի պես մի բան էր, երբ մարդիկ իրենց ժիգուլիներով խնձոր էին հասցնում մեզ: Զգում էի, որ մի բան ենք անում, որ իմ սրտով է, որ այդ ամենի մեջ սեր կա, գեղեցկություն կա: Ոմանք ասում էին, թե ինչո՞ւ այն չանվանել պարզապես «հայկական կալվադոս» կամ «հայկական լիկյոր»: Բայց քանի որ այն նոր խմիչք է, ստեղծման տեխնոլոգիայով տարբերվում է մնացածից, ուստիեւ այն բոլորովին նորություն էՙ նոր անունով...

- Եվ այդ անունն է «Տատեոն»: Որտեղի՞ց այս անունը:

- Խմիչքն արդեն կարՙ իր դեղին գույնով, բնորոշ համ ու հոտով: Սկսեցի անուններ փնտրել: Ինձ միստիկ անուններն էին գրավում, բայց որդիսՙ Վռամը, ասաց, որ լավ կլինի անունը կապել ծննդավայրիս հետ: Ես կարդացի, որ իմ նախնիները ծնունդով Մեծ Հայքի Այրարատ նահանգի Տատեոն կամ Դիադին ավանից են, որոնք 1828 թվականի ռուս-թուրքական պատերազմի ժամանակ միացել են ռուսական բանակին: Սակայն 1829 թվականի Ադրիանուպոլսի պայմանագրով, երբ ռուսները Տատեոնը վերադարձրել են թուրքերին, ավանի հայերի մեծ մասը ստիպված գաղթել է Արեւելյան Հայաստանՙ հիմնականում բնակություն հաստատելով այժմյան Վարդենիսի շրջանում: Այս բնակավայրը հիշել է Մովսես Խորենացինՙ Տատեոնք ձեւով, նշել է, որ 378 թվականին պատերազմի պատճառով մեծ քանակությամբ հույն զինվորներ են զոհվել Տատեոնի տարածքում եւ թաղվել են այդտեղ: Եկեղեցականներն այդ մասն անվանել են «դիերի տուն», եւ Տատեոնն աստիճանաբար վերածվել է Դիադինի, բայց մենք ընտրեցինք նախնական անունը: Կարծում եմ, այն գործող անուն է ապրանքատեսակի համար:

- Այո, թե՛ պատմական հիշողության առումով, թե՛ բարեհունչ է: Շուտով մեկ տարին կլրանա, ինչ սկսել եք արտադրությունը...

- Անցյալ տարի մթերեցինք քառասուն տոննա խնձոր, հենց պատերազմի օրերին: Այն ժամանակ, երբ ադրբեջանական ԱԹՍ-ները թռչում էին Վարդենիսի վրա, մենք շարունակում էինք մեր աշխատանքը: Երբեմն շատ են թերագնահատում մեր պաշտպանությունը, բայց ես Վարդենիսում շատ անգամ ականատես եմ եղել, թե ինչպես է մեր հակաօդային պաշտպանությունն անվրեպ հարվածում Հայաստանի օդային տարածք ներխուժած ԱԹՍ-ները: Մեր աշխատող կանանցից մեկի երկու որդիներն էլ ռազմաճակատում էին, եւ նա արցունքն աչքին շարունակ աշխատում էր: Փառք Աստծո, երկուսն էլ վերադարձան:

- Իսկ որտե՞ղ է հնարավոր ձեռք բերել «Տատեոն»:

- Իհարկե, Վարդենիսում, նաեւՙ Երեւանի կենտրոնի խանութներում եւ օդակայանում: Փորձելու ենք դուրս գալ միջազգային շուկա եւ ունենալ առցանց վաճառք: Մենք պատրաստվում ենք մասնակցել Ֆրանսիայում եւ ԱՄՆ-ում կազմակերպվող խմիչքների փառատոներին:

- «Տատեոնին» մաղթում ենք կանաչ ճանապարհ... Իսկապես հետաքրքրական էՙ խմիչք, որ ստեղծել եւ արտադրել է երգիչը:

- Մի բան ասեմ վերջում, ինձ հարազատ միստիկայի բնագավառից: Հայտնի է, որ խնձորի հյութի խմորման ժամանակ կենդանի մարմիններ են առաջանում: Պատկերացրի, որ դրանք զույգերով վալս են պարում: Միլիարդավոր կենդանի մարմիններ վալս են պարում: Եվ այդ տակառների մեջ, որտեղ կատարվում էր խնձորի հյութի խմորումը, դրեցինք բարձրախոսներ, ու քասնչորս ժամ այս տակառներին ես դասական երաժշտություն էի «լսել տալիս»: Բազմաթիվ վալսերՙ Շտրաուսից մինչեւ Արամ Խաչատրյան: Չգիտեմՙ որքանով դա օգնեց, բայց համոզված եմ, որ խմիչքը նույնպես հիշողություն ունի եւ շշալցված «Տատեոնն» իր մեջ պահպանում է բարձրագույն երաժշտության ոգին...

Նկար 1. Հենրիկ եւ Արմեն Կարապետյաններ, Վարդենիս:

Նկար 2. Արմեն Կարապետյանը եւ Լիանա Հարությունյանը Մետրոպոլիտեն օպերայի առջեւ, Նյու Յորք:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #37, 08-10-2021

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ