RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ

#035, 2021-09-24 > #036, 2021-10-01 > #037, 2021-10-08 > #038, 2021-10-15 > #039, 2021-10-22

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #37, 08-10-2021



ՄՇԱԿՈՒՅԹ

Տեղադրվել է` 2021-10-08 00:39:00 (GMT +04:00)


Ընթերցված է` 1814, Տպվել է` 0, Ուղարկվել է էլ.փոստով` 0

ԵՐԳԻԾԱՆԿԱՐԻ «ԼԵՎԱՆԱ» ՓԱՌԱՏՈՆ

Հոկտեմբերի 2-ին Հովհ. Թումանյանի տուն-թանգարանի բացօթյա տարածքում Հայաստանի երգիծանկարիչների ասոցիացիան, ղեկավարությամբ եւ նախաձեռնությամբ երգիծանկարիչ, Ճարտարապետության եւ շինարարության Հայաստանի ազգային համալսարանի դասախոս Սուքիաս Թորոսյանի (Toto), բացվեց «Լեւանա» խորագրով փառատոնըՙ նվիրված Հայաստանի Հանրապետության անկախության 30-ամյակին: Փառատոնից ցուցադրանքին դեռ մինչեւ հոկտեմբերի 10-ը կարելի է ծանոթանալ թանգարանի տարածքում:Փառատոնի հիմնական մասնակիցներն էին երիտասարդ երգիծանկարիչներ, ուսանողներ:Փառատոնի հովանավորներն են տեր եւ տիկին Լեւոն եւ Անա Աֆեյանները :

Սուքիաս Թորոսյանի հետ զրույցում հստակեցրինք երգիծանք սիրող հանրությանը երգիծանկարի փառատոն մատուցելու շարժառիթն ու նպատակադրումը.

«Մեր նպատակն է Հայաստանում զարգացնել հումորային գրաֆիկան, երգիծանկարչությունը, կոմիքս-մանգան, անիմացիոն արվեստը:Առայժմ առաջին քայլերն են կատարվում: Լավ մասնագետներ կան, բայց դեռ դպրոց չունենք, ստիպված բուհերում մի քանի ժամ դասավանդելով բավարարվում ենք: Երիտասարդների հետաքրքրությունը դեպի այս արվեստը օր-օրի ավելանում է, իսկ արտահայտվելու եւ լրջորեն զբաղվելու հնարավորություն չունեն: Իմ ընկերների եւ անձնական միջոցներով կազմակերպեցինք այս փառատոն-ցուցահանդեսը, շնորհակալություն Լեւոն եւ Անա Աֆեյաններին, որոնք հավատացին այս նախագծին եւ ծախսի մեծ մասը հոգացին: Դրանով է պայմանավորված «Լեւանա» անվանումը: Նպատակ ունենք այն միջազգային փառատոն դարձնելու, քանի որ այդպիսի փորձ ունեմՙ նախկինում կազմակերպել եմ «Արեւավիշապ» ամենամյա փառատոնը Երեւանում, ուր 68 երկրներից մասնակցություն ունեինք (221 մասնակցով): Մշակույթի նախարարությունը օժանդակում էր եւ բեռը թեթեւացնում: Այսօր սկսում ենք զրոյից եւ միայն երիտասարդների հետ:Հուսով եմ մեզ կմիանան նույնքան երկրների երիտասարդներ, որքան «Արեւավիշապի» ժամանակ: Կարեւոր եմ համարում ժամանակին եւ օբյեկտիվ լուսաբանումը: Դառը փորձը ցույց տվեց, որ պետությունը գումարներ կարող է ծախսել եւ տեր չկանգնել իր իսկ ծրագրերին (վատ օրինակՙ 2018թ. Գորիսի քարանձավներում ինտերակտիվ ցուցահանդես բացեցինք, բարձրաստիճան հյուրերը, իմանալով մեր միջոցառման մասին, ցանկացել էին այցելել, իսկ անտեղյակ Մակունցը որոշել էր ավելի «ազգային» տեղ տանել նրանց եւ տարել էր թութ թափ տալու): Այս դրվագը չէի պատմի, եթե արված գործը անլուրջ վերաբերմունքի պատճառով ջուրը չգցվեր», իր մտորումները փառատոնի առիթով մեզ փոխանցեց մեր հավերժական շարժիչ Սուքիասը:

Փառատոնի մասին իր անմիջական տպավորություննն ավելի լավ է ներկայացնում փառատոնի երիտասարդ մասնակից Սերյոժա Առաքելյանը : Ստորեւՙ նրա անդրադարձը.

«Փառատոնի մասնակիցները 18-25 տարեկան երիտասարդ երգիծանկարիչներ են, ուսանողներ, որոնք ներկայացրել էին իրենց հեղինակած երգիծանկարները, պատկերապատումները, կոմիքսները եւ ժյուրիի կողմից արժանացել իրենց ստեղծագործությունները ցուցահանդեսում ներկայացնելու պատվին: Փառատոնի առանցքային նպատակներից էր` հումորային ժանրում մեր կենցաղը, բարքերը, տարակարծությունները մեկնաբանելը, ժամանակի խնդիրները քննադատելը: «Լեւանա» փառատոնը նպատակ ունի խթանելու գրաֆիկական հումորիՙ որպես արվեստի առանձին ճյուղի զարգացումը Հայաստանում: Փառատոնն ուղեկցվում էր կենդանի երաժշտությամբ, որը յուրօրինակ տրամադրություն էր ստեղծում: Այցելուները, անգամ եթե նախապես չգիտեին փառատոնի մասին, անպայման մոտենում էին, դիտում երիտասարդների աշխատանքները, քաջալերում մասնակիցներին:

Փառատոնին ես նույնպես մասնակցում էի իմ երկու աշխատանքներով: Անկեղծ ասեմՙ ես կիսատ էի թողել ուսումս եւ երկու տարի առաջ զորակոչվել բանակ: Իմ ծառայությունն անցավ 44-օրյա պատերազմի միջով: Պատերազմը շատ բան է փոխել իմ կյանքում: Կորցրել եմ ընկերներիս, ապրել պատերազմի բոլոր ծանր պահերը... Իմ ներկայացրած աշխատանքներից էլ կարող եք դա զգալ: Միայն դասախոսիս` պարոն Թորոսյանի քաջալերմամբ ու խորհրդով հաղթահարեցի ինքս ինձ եւ որոշեցի մասնակցել փառատոնին: Շնորհակալ եմ: Պատերազմից հետո իմ ամենակարեւոր ու պայծառ պահերը ապրեցի այդ օրը:

Ցուցահանդեսի մասնակից ուսանողները պարգեւատրվեցինՙ ի հիշատակ 44-օրյա պատերազմում հերոսացած Ալբերտ Հովհաննիսյանի մրցանակներով»:

Հաջողություն նոր ձեռնարկին:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #37, 08-10-2021

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ