RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ

#035, 2021-09-24 > #036, 2021-10-01 > #037, 2021-10-08 > #038, 2021-10-15 > #039, 2021-10-22

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #37, 08-10-2021



ՄՇԱԿՈՒՅԹ

Տեղադրվել է` 2021-10-08 00:39:00 (GMT +04:00)


Ընթերցված է` 1562, Տպվել է` 0, Ուղարկվել է էլ.փոստով` 0

«ՀԱՅՐԵՆԻՔԻ ՀԱՄԱՐ» ԿԵՆՍԱԳՐԱԿԱՆ ՀԱՆՐԱԳԻՏԱՐԱՆԻ ՇՆՈՐՀԱՆԴԵՍ

ՀԱՍՄԻԿ ՄԽԻԹԱՐՅԱՆ

Հոկտեմբերի 5-ին Մանկավարժական համալսարանում տեղի ունեցավ ՀՊՄՀ Գիտական գրադարանի տնօրեն Տիգրան Պետրոսյանցի «Հայրենիքի համար» կենսագրական հանրագիտարանի շնորհանդեսը, որի ընթացքում մանկավարժական համալսարանի զոհված ուսանողները հետմահու պարգեւատրվեցին «Մանկավարժական համալսարան» մեդալով, որոնք հանձնվեցին նրանց ընտանիքներին:

Բուհի Գիտական խորհրդի որոշմամբ հրատարակված գիրքը նվիրված է արցախյան երեք պատերազմներին մասնակցած 310 համալսարանականներին. Հայաստանի անկախության վերակերտման համար արցախյան պատերազմներին գործուն մասնակցություն են ունեցել համալսարանի շրջանավարտներ եւ ուսանողներ: Նրանցից 55-ը կյանքը զոհել է հանուն հայրենիքի: Կենսագրական հանրագիտարանում ներկայացված է շուրջ 277 քաջորդիների ընդհատված կյանքի ուղին:

«Հայ մտավորականության եւ երիտասարդության հետ, շարժման առաջին օրերից, ոտքի կանգնեցին նաեւ ՀՊՄՀ-ի դասախոսներն ու ուսանողները: Այդ օրերին համալսարանում սկսեց հաղթահարվել խորհրդային տարիների թմբիրը, վերանայվեցին, լուսաբանվեցին Հայոց պատմության փակի տակ գտնվող բազմաթիվ էջեր»,- նախաբանում նշել է ՀՊՄՀ նախկին ռեկտոր, դոկտոր, պրոֆեսոր Ռուբեն Միրզախանյանը :

«Հայրենքի համար» գրքում ներկայացված է Արցախի առաջին պատերազմում զոհված 17, Ապրիլյան քառօրյայում 1 եւ վերջինՙ 44-օրյա պատերազմում 37 նահատակների կենասագրություն, ինչպես նաեւ նրանցը, ովքեր պայքարել են հայրենիքի համար եւ այսօր էլ շարունակում են իրենց գործը հանուն հայրենիքի վաղվա օրվա:

«Մենք այսօր հիշատակի ուխտ ենք կատարում համալսարանի զոհված ուսանողների եւ պատերազմի մասնակից աշխատակիցների հիշատակի առջեւ, որպեսզի նոր սերնդի երիտասարդները գիտակցումով ու պատասխանատվությամբ գնահատեն նրանց հերոսական օրինակն ու մշտապես վառ պահեն նրանց հիշատակը»,- ասաց գրքի հեղինակ, ՀՊՄՀ-ի Գիտական գրադարանի տնօրեն Տիգրան Պետրոսյանցը:

Շնորհանդեսի շրջանակում ներկաները ծաղիկներ խոնարհեցին ՀՊՄՀ զոհերի հիշատակը հավերժացնող հուշաքարի առաջ եւ մեկ րոպե լռությամբ հարգեցին նրանց հիշատակը:

Տիգրան Պետրոսյանցն իր խոսքում անդրադարձ կատարեց նաեւ օրվա խորհրդին:

«Այսօր մեր ինքնության կերտողներիՙ ուսուցիչների օրն է, մեր շնորհավորական խոսքն ենք ուղղում Ձեզ: Այս օրը լցված է ոչ միայն հիշատակի տուրքով, այլեւ համալսարանի ներկայիս եւ ապագա ուսուցիչների օրվա հարգանքի խոսքով»,- ասաց Պետրոսյանցը, ապա նկատեց, որ դահլիճում նստած յուրաքանչյուրը հիշում է իր ուսուցչին, իսկ հաջորդ տարի մանկավարժներ պատրաստող բուհը կնշի իր հիմնադրման 100-ամյակը. նշանակում է համալսարանը հարյուր հազարավոր ուսուցիչներ է պատրաստել եւ հպարտ է իր այդ առաքելությամբ:

«Այսօր այս դահլիճում մենք մեկտեղել ենք մեր զոհված սուրբ նահատակների հարազատներին, որպեսզի եւս մեկ անգամ հարգանքի տուրքը մատուցենք նրանց, որպեսզի կիսենք ձեզ հետ մեր փոքր ազգի գոյամարտի արդյունքի ծանր բեռը, գոյամարտ, որը դեռ շարունակվում է եւ հանուն որի, հանուն հայրենիքի եւ ազգի գոյատեւման իրենց կյանքը տվեցին մեր երիտասարդները»,- նշեց ՀՊՄՀ նոր ռեկտոր Աշոտ Խոեցյանը:

Ռեկտորը նաեւ ընդգծեց, որ Մանկավարժական համալսարանի համար այս հանդիպումը մեծ նշանակություն ունի: Մեր հերոսների ճակատագրերը կապված ու դաջված են համալսարանի պատմությանը, եւ նրանց օրինակը հարստացնում է 100-ամյա պատմություն ունեցող բուհի կենսագրությունը. «Ձեր զավակներն իրենց կյանքը զոհեցին հանուն հայրենիքի, նոր սերնդի եւ մեր ժողովրդի գոյատեւման: Մեր ֆիզիկական գոյությամբ շնորհակալ ենք նրանց.նրանք զոհեցին ամենաթանկըՙ իրենց կյանքը: Այսօր նաեւ ուսուցչի մեծարման օրն է, ամենակարեւոր մասնագիտության, որ մարդու մեջ դաստիարակում է հայրենասիրություն, սեփական երկրի, հայ ժողովրդի հողի նկատմամբ պատասխանատվության զգացում»:

Միջոցառման ավարտին Տիգրան Պետրոսյանցը մեջբերեց Գարեգին Նժդեհի հետեւյալ խոսքերը. «Հայրենիքները ստեղծվում են սիրով եւ կործանվում դրա պակասից»:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #37, 08-10-2021

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ