RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
#036, 2021-10-01 > #037, 2021-10-08 > #038, 2021-10-15 > #039, 2021-10-22 > #040, 2021-10-29

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #38, 15-10-2021



ՕՐԵՐԻ ՀԵՏ

Տեղադրվել է` 2021-10-14 23:00:57 (GMT +04:00)


Ընթերցված է` 2969, Տպվել է` 7, Ուղարկվել է էլ.փոստով` 0

ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՈՒՆԵՆՔՙ ԱՇԽԱՐՀԸ ՉՈՒՆԻ

ՀԱԿՈԲ ԱՎԵՏԻՔՅԱՆ

Անցյալ շաբաթ օրը, երեկոյան ժամը 6-ի մոտակայքում, եղբորս հետ ավտոմեքենայով Դիլիջանից Երեւան վերադարձի ճանապարհին, հենց ոլորանների վրա մեզ դիմավորեց մառախուղը, տեղ-տեղՙ շատ թանձր, հազիվ 5 մետր տեսանելիությամբ: Բարեբախտաբար ձյուն չկար, բայց ասֆալտը թաց էր, եւ ստիպված էինք ընթանալ հազիվ 20-30 ժամ-արագությամբ: Դիմացը սպիտակ-սպիտակ էր, նույնիսկ չէր օգնում դեղին լուսարձակը: Միայն երբեմն, աջ թեւի վրա նշմարվում էր մետաղյա պաշտպանիչ բազրիքը, մեզ զգուշացնելով, որ ճանապարհի մեջտեղից է մեքենան ընթանում: Նման պայմաններում,- ասածս պիտի հաստատեն բոլոր վարորդները,- կողմնորոշվելու միակ միջոցը մեջտեղի սպիտակ հոծ գիծն է, որ առնվազն կանխում է հանդիպակաց կողմից եկող մեքենաներին բախվելու վտանգը: Մինչդեռ հոծ-մոծ որեւէ գիծ չկար, գծանշում ընդհանրապես չէր եղել: Գոնե տեղ-տեղ ՃՈ մեքենաներ լինեինՙ իրենց գունավոր թարթիչ լույսերով: Կարծեք համբարձվել էին, բոլորն էլ:

Բոլորովին անօգնական այդ վիճակում, 2-րդ թե՞ 3-րդ ոլորանի վրա, նկատվեցին ձախ կողմից իջնող ավտոմեքենաների երկար շարասյան լուսարձակները: Վարորդները գտել էին ինքնակարգավորման միակ ու վերջին կերպը. այսպես կոչված «ցեպոչկա» կազմածՙ դանդաղ ու կարգապահ իջնում էին դեպի Դիլիջան, մի բանՙ որը ոստիկաններին էր անկ անել: Եվ այդ պահին, որտեղից որտեղ, հիշեցի... Ալեն Սիմոնյանին, այժմու ԱԺ նախագահին, որի 2018 թ.ի նախընտրական գովազդային թերթիկի առաջին էջում որպես ծրագրային կարգախոս արձանագրված էրՙ «հանրօգուտ հասարակություն»: Անկեղծ եւ խիստ իմաստալից: Այսինքնՙ ոչ թե կառավարությունը կամ քաղաքապետարանը, այլ հանրությունը ի՛նքը պետք է հանրօգուտ աշխատանք տանի, հանգիստ թողնելով իր մուծած հարկերով ու տուրքերով սնվող պետական կառույցներին, ներկա պարագայումՙ ոստիկանությանը:

Ասածս հաստատվեց քիչ ավելի ուշ, երբ մեր մեքենան հաղթահարելով բոլոր 6 ոլորանները եւ այնուհետեւՙ կիսամութ թունելը, դուրս եկավ մայրամուտի ոսկյա ճառագայթներով ողողված Սեւանի մայրուղի: Յուրաքանչյուր 2-3 կիլոմետրը մեկ կանգնած էին ՃՈ ավտոմեքենաներըՙ կարմիր-կապույտ ազդանշանային թարթիչները միացրած: Ի՞նչ էին անում դրանք: Առաջին հայացքիցՙ հսկում էին: Բայց ի՞նչը, երթեւե՞կը: Չեմ կարծում: Իրենց բախտին թողնելով վերեւի ոլորաններումՙ թանձր մառախուղը ճեղքող վարորդներինՙ նրանք հավանաբար պաշտպանում էին սեւանյան հանրօգուտ «կայֆերից» վերադարձող պաշտոնյաներին, արդեն վաղուց այլեւս չքայլող քայլականներին:

Խոստովանեմ. դեռեւս ուսանողական տարիներից իմ մեջ վերապահություն կա մեր ոստիկանության նկատմամբ, թեեւ պետք եղած չափով գիտեմ, որ կարգուկանոնին եւ մարդկանց անվտանգությանը հսկելու համար բացարձակ անհրաժեշտություն է նրանց առկայությունը յուրաքանչյուր պետության համար: Սովետական տարիներից մնացած, ինչպես ողջ ժողովրդի մոտ, խորշանք կա «միլիցեքի», այժմՙ «մենթերի» նկատմամբ, որոնց հետ շփումը, քիչ բացառությամբ, առնվազն տհաճ է: Սովորաբար նրանք երբեք չեն լինում այնտեղ, որտեղ պետք է լինեն, եւ փոխարենը միշտ լինում են այնտեղ, որտեղ կարիք չկա նրանց ներկայության: Թվում էՙ անկախ պետականության պայմաններում փոխված պետք է լիներ մեր, նաեւ իմ վերաբերմունքը նրանց նկատմամբ: Սակայն բացառապես իշխանություններին ծառայելու, նրանց ձեռքին պատժիչ գործիք դառնալու հանգամանքը ըստ էության բնավ չի փոխվել. հասարակությանը ծառայելու, դասականի խոսքովՙ հանրօգուտ առաքելություն իրականացնելու գործում նախաձեռնությամբ հանդես գալու հարցում նրանց բացակայությունը ակներեւ է: Նույնիսկ անձնական անվտանգության հարցերով մեր հասարակությունը խուսափում է դիմել ոստիկանությանը, ոստիկաններին, զգուշանալով նրանց «կպչուն» բնավորությունից:

Բայց ամեն բանից ավելի հուսահատեցնողը մեր ոստիկանների ոչ պրոֆեսիոնալ լինելն է: Նրանք չեն կարողանում մեկ քաղաքացու, նույնիսկ մեկ կնոջ ձերբակալել, բողոքի ցույցերի ժամանակ կամ ինչ-որ անկարգության պահին, եթե առնվազն 3 կամ 4 հոգի չլինեն: Ավելինՙ անպայման պետք է բիրտ ուժ կիրառեն, անգամ քացով խփեն, վրան պառկեն, որպեսզի միայնակ մարդուն ձերբակալեն, իսկ առնվազն 6 հոգով պետք է լինենՙ ձեռնաշղթա անցկացնելու եւ գլուխը ոստիկանական մեքենա կոխելու, այո՛, կոխելու համար: Ամենաթարմ օրինակը նախորդ օրը Քեսաբի 6 հասցեում, հենց փողոցում պատահածն է, որը հիշեցնում էր «քուչի կռիվ»ՙ 6-ը 1-ի դեմ ձեւաչափով:

Ըստ երեւույթին Նիկոլ Փաշինյանը մեզնից լավ գիտի իր ոստիկանների հնարավորությունների սահմանափակ լինելը, այլապես հենց այնպես չէր տա «ասֆալտին պառկացնելու» իր հրահանգները, կամ առնվազն 1000 ոստիկաններով չէր պաշտպանի իր կյանքը:

Ո՞ր դարում ենք ապրում: Ուրիշ երկրներում բարձրաստիճան պաշտոնյաները բոլորովին այլ մեթոդներով են պաշտպանվում, արտաքուստՙ շատ փոքրաթիվ անձնակազմով, եւ ըստ էությանՙ շատ ազդու: Մեծ թվերը, ուռճացված քանակով անվտանգության ծառայողների առկայությունը բացի անօգուտ եւ անզոր լինելուց, ենթադրում է նաեւ մեծ փողեր ու ծախսեր, եւ, հավատացեք նախկին լիբանանցուս, բնավ երաշխիք չէ ապահովության:

Հետզհետե դառնում ենք ոստիկանապետություն:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #38, 15-10-2021

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ