RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
#036, 2021-10-01 > #037, 2021-10-08 > #038, 2021-10-15 > #039, 2021-10-22 > #040, 2021-10-29

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #38, 15-10-2021



ՄՇԱԿՈՒՅԹ

Տեղադրվել է` 2021-10-14 23:00:57 (GMT +04:00)


Ընթերցված է` 1566, Տպվել է` 3, Ուղարկվել է էլ.փոստով` 0

ՌԱԶՄԱՀԱՅՐԵՆԱՍԻՐՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՅ-ԻՐԱՆԱԿԱՆ ՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ԱՐԴԻ ՕՐԱԿԱՐԳՈՒՄ

ԿԱՐԵՆ ՄԿՐՏՉՅԱՆ, Իրանագետ

Հայկական սփյուռքի տարբեր համայնքներում վաղուց ձեւավորվել են բազմաթիվ ավանդույթներ: Դրանցից թերեւս լավագույնը անվանի հայերի անուններով օտար, սակայն հյուրընկալ երկրում հայկական ներկայության մասին վկայող հուշարձանների տեղադրումն ու փողոցների անվանակոչումն է: Այդ մասին է վկայում վերջերս Թեհրանում գտնվող Հայ մշակութային «Արարատ» կազմակերպության հարակից պողոտայիՙ (նախկինում հայտնի է եղելՙ որպես «Աֆթաբ») անվանափոխումը իրանահայ ճարտարապետ, քանդակագործ, նկարիչ Ռոստոմ Ոսկանյանի պատվին:

Մեկ այլՙ Սպահանի քաղաքային խորհրդի Անվանակոչության խորհրդիՙ 2020 թվականի հունվարի 12-ի հայտարարությամբ էլ քաղաքի 5-րդ շրջանում մեկ կենտրոն կոչվել է Իրանի բասկետբոլի աստղերիցՙ Այլին Մելիքյանի անունով:

Վերոնշյալի շրջանակներում եւ հայրենասիրական քարոզչություն ապահովելու նկատառումներից ելնելով իշխանությունները նախաձեռնել են նաեւ իրանական պետության պաշտպանության գործում որոշակի ներդրում ունեցած անվանի հայերին մեծարելու գործընթաց: Այս տարվա հունիսին Թեհրանի Սասուն հայաբնակ քաղաքամասի «Արաստու» փակուղին, «Հինգերորդ» եւ «Իններրորդ» փողոցները համապատասխանաբար վերանվանվեցին Իրան-իրաքյան պատերազմի նահատակներՙ Վարդան Աղախանյանի , Ալֆրեդ Գաբրիի եւ Փայլակ Ավետյանի անուններով:

Հիրավի, իրանական հասարակական կյանքի առավելություններից է բազմազանության ապահովմամբ սոցիալական պատշաճ համադրության եւ միջավայրի ստեղծումը, որն էլ այս պարագայում անմիջականորեն կապված է այնպիսի վեհ գաղափարների հետ, ինչպիսիք են միասնությունը եւ հայրենասիրությունը:

Ակնհայտ է, որ նահատակների անուններով կոչված փողոցները վկայում են կրոնական համերաշխության մթնոլորտի առկայության, ինչպես նաեւ մատաղ սերնդին նրանց օրինակով հայրենասիրություն սերմանելու մասին: Նահատակներ Զարեհի , Հրաչ Թորոսյանի , Հրանտ Ավանեսյանի , Մադանի, Մահդավի եւ Զորիկ Մուրադյանի հիշատակը հավերժ են պահում ոչ միայն հայ համայնքում, այլ նաեւ իրանական հանրային կյանքում:

2021 թվականի հունվարի 5-ին Թեհրանի քաղաքապետ դոկտոր Հանաչիի ձեռամբ մայրաքաղաքի կենտրոն համայնքի Միրզայե Շիրազի պողոտայում գտնվող 19-րդ փողոցը անվանակոչվեց նահատակ Անդրանիկ Մկրտչյանի անունով: Քաղաքապետի խոսքովՙ նահատակների անունով Թեհրանի փողոցների ու անցուղիների անվանակոչումը հետապնդում է իրենց ինքնապաշտպանության ոգին ու արժեքները կենդանի պահելու նպատակը:

Իրանական քաղաքներում անվանի հայերի անուններով փողոցներն ու կենտրոններն ունեն սոցիալ-մշակութային եւ պատմական արժեք: Դրանից բացի, այդ անունները վկայում են հանուն իրանական հայրենիքի ազատության նահատակված, Իրանի քաղաքացի հայերի անմնացորդ նվիրումի եւ հավատարմության վեհ արժեքների մասին: Նրանցից յուրաքանչյուրն իր օրինակով խտացնում է մարդկային այնպիսի արժանիքների մարմնավորումը, ինչպիսիք ենՙ անձնվիրումը եւ ինքնազոհությունը, որի համար էլ անմահ են իրենց սխրանքով:

Իրան-իրաքյան ութամյա պատերազմը, որն իրանական հասարակական շրջանակներում հայտնի է որպես Պարտադրյալ պատերազմ անունով, մասնակցել են նաեւ բազմաթիվ իրանահայեր: Այդ մասին է վկայում Հայ արհեստավորների միության տարբեր խմբերի մասնակցումը պատերազմի ճակատներում:

Այսօրՙ Իրան-իրաքյան պատերազմի ավարտից 33 տարի անց, իրանահայ համայնքում ապրում են ավելի քան 90 վետերաններՙ հաշմանդամության տարբեր կարգավիճակներով: Նրանցից ոմանք ապրում են իրենց ընտանիքներով ու հարազատներով, իսկ ոմանք էլՙ միայնակ, իրենց հետ կրելով պատերազմում ստացված ոչ միայն վնասվածքները, այլ նաեւ մարդկային ապրումներով ծանր հիշողությունները: Հենց այդ հիշողություններն են, որ կիսում են հայ եւ պարսիկ ժողովուրդներըՙ դժվարին օրերի մասին:

2920 օր տեւած պատերազմին մասնակցել են հարյուրավոր հայ զինծառայողներ: Սկսած Իսալամական հեղափոխությունից մինչեւ Իրաքի կողմից իրանական քաղաքների ռմբակոծումը զոհվել են 106 հայեր, իսկ մի մասն էլ հայտնվել է գերեվարության մեջ: Իրանական իշխանությունները հայերի մասնակցությունը ռազմական գործողություններին գնահատում են որպես հավատարմություն իրանական պետության հանդեպ:

Այսօր էլ իրանական հասարակական կյանքում արդիական է հայկական մոտիվներով եւ ռազմահայրենասիրական նշանակություն ունեցող մշակութային գործերի հանրահռչակումն ու գնահատումը: Այդ մասին է խոսում օրերս Պերճ Զեյթունցյանի «Մահապատիժ հայկական ձեւով» պիեսի ներկայացումըՙ Թեհրանի Ջամշիդ Մաշայեխիի անվան դահլիճում: Պիեսը պարսկերեն է թարգմանել իրանահայ անվանի գրող Անդրանիկ Խեչումյանը :

Ներկայացման պրոդյուսեր եւ ռեժիսոր Մեհդի Ասղարյանի խոսքովՙ «Այս օրերին, երբ կյանքը մեզ համար այլ նշանակություն չունի, քան աստիճանաբար հոգու մահի, կամ ցանկությունների եւ գուցե նույնիսկ սիրո անէացումն է, ռիթմ ենք գտել երգելու մեղեդային երգերՙ հայրենիքի հանդեպ ունեցած հույսի ու սիրո մասին: Ոչ սիրո բալլադների, եւ ոչ էլ էպիկական պոեմի ոճով, այլՙ մարդկային իդեալների մասին: Առանց սահմանների, առանց ցեղի...»:

Այս համատեքստում հիշարժան է Երեւանում կազմակերպված իրանական ժամանակակից ֆիլմերի ցուցադրության անցկացումըՙ նվիրված Հայաստանի Հանրապետության եւ Իրանի Իսլամական Հանրապետության միջեւ դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակին:

Փառատոնի շրջանակներում հայրենասիրության թեմատիկան եւս արդիական էր: Ի թիվս այլ ֆիլմերի, հայ հանդիսատեսին ներկայացվեց 2017 թ. նկարահանված, ռեժիսոր Մունիր Ղեյդիի «Վիլլայի բնակիչները» ֆիլմը: Այս ֆիլմը նվիրված է հայրենիքի պաշտպանության համար մղված պայքարին: Իրանական բանակի ղեկավարների համար հատկացված Villaeiha համալիրում է ապրում Ազիզն իր թոռների հետ: Էլյասը վարորդ է, որն ամեն անգամ դժվարությունների է հանդիպում, երբ անհրաժեշտ է լինում տեղեկություններ հաղորդել ընտանիքների մասին: Որոշ ժամանակ անց համալիր է գալիս Ազիզի հարսը` երեխաներին ապահով տեղ տանելու համար, բայց վերջինս հրաժարվում է: Թեհրանում բարեկեցիկ կյանք ունենալու տարբերակը մերժվում է, փոխարենը ներկայացվում է ռմբակոծության պայմաններում համառորեն պայքարելու եւ սեփական հայրենիքը պաշտպանելու կենսաձեւը:

Հավելեմ, որ հայրենասիրության վերաբերյալ իրանական ընկալումը ֆիլմի միջոցով կարծես փոխանցվեց հանդիսատեսին, որի մոտ ակամայից առաջացավ մեկ տարի առաջ 44-օրյա պատերազմի զգացողությունները:

Այսպիսով, հայ-իրանական մշակութային օրակարգում է ռազմահայրենասիրական թեմատիկան, որի խորհուրդն է տարածաշրջանի բնիկ քաղաքակրթությունները պաշտպանելը:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #38, 15-10-2021

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ