RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
#041, 2021-11-05 > #042, 2021-11-12 > #043, 2021-11-18 > #044, 2021-11-26

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #43, 18-11-2021



Տեղադրվել է` 2021-11-19 00:52:43 (GMT +04:00)


Ընթերցված է` 2751, Տպվել է` 3, Ուղարկվել է էլ.փոստով` 0

ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆՆԵՐՙ «ԹՈՒՐՔԱԿԱՆ ԱՇԽԱՐՀԻ» ՔԱՐՏԵԶԻՆ

ԳԵՂԱՄ ՄԿՐՏՉՅԱՆ, Գյումրի

Ըստ «Գազետա.ռու»-ի հրապարակման

Երեւի անցյալ տարի համացանցում ինչ-որ տեղ հրապարակվել էր մի խոսուն ձեռանկար, որտեղ մեկը կաթի շշով սնուցում է վիշապի ձագին, հետո այդ վիշապը մեծանալովՙ կուլ է տալիս իրեն զորացնողին: Այս նկարը մարդ ամեն անգամ ակամա հիշում է, երբ այստեղ-այնտեղ թուրքական ծավալապաշտության աճող դրսեւորումներն ու նկրտումները ո՛չ Արեւմուտքի, ո՛չ Ռուսաստանի կողմից պատշաճ հակազդեցության չեն հանդիպում ու կարծես թե այդ երկու կողմերին շատ չեն էլ անհանգստացնում, դրանով ըստ էության խրախուսելով այդ երկրի քայլերը:

Ռուսական «Գազետա.ռու»-ն նոյեմբերի 16-ին մի հոդված է հրապարակել «Դաղստանից մինչեւ Յակուտիա. Թուրքիայում ո՞ւմ աչքն է ռուսական տարածքների վրա» վերնագրով, ըստ որի հիշյալ երկրում ի հայտ եկած «թուրքական աշխարհի քարտեզում» ներառված են նաեւ ռուսաստանյան մի շարք տարածաշրջաններ: Նման «տարածքային հավակնություններ» թուրքական կողմից առաջին անգամը չէ, որ երեւան են գալիս, նշում է թերթը եւ փորձում պատասխաններ գտնել այն հարցերին, թե արժե՞ արդյոք զգուշանալ թուրք քաղաքական գործիչների նման քայլերից ու այդ մասին ի՞նչ են մտածում նաեւ տվյալ քարտեզում նշված ՌԴ տարածաշրջաններում:

Թուրքական «Ազգայնական շարժում» խորհրդարանական կուսակցության առաջնորդ Դեւլեթ Բահչելին հրապարակել է իր լուսանկարը «թուրքական աշխարհի քարտեզի» մոտ, որում ընդգրկված տարածքների թվում են ՌԴ համարյա երկու տասնյակ սուբյեկտներՙ Դաղստանից ու Օրենբուրգի մարզից մինչեւ Ալթայ ու Յակուտիա: Նշվում է, որ այդ քարտեզը հայտնվել է թյուրքալեզու պետությունների համագործակցության խորհրդի (ԹՊՀԽ, Թյուրքական խորհուրդ) ստամբուլյան վերջին գագաթաժողովում «Թյուրքական աշխարհի տեսլական 2040»-ի ընդունման հաջորդ օրը:

Այդ գագաթաժողովի ժամանակ Թուրքիայի նախագահը հավաստիացրել է, թե պատմական ընդհանրության վրա հիմնված Թյուրքական պետությունների կազմակերպության գոյությունը (ժողովում կառույցն այդպես է վերանվանվել) ոչ ոքի չպետք է անհանգստացնի: Մինչդեռ հենց Թուրքիայի տարածքային հավակնությունները Ռուսաստանի այլ տարածքների նկատմամբ եւս նախկինում էլ տարբեր կերպ արտահայտվել են: Յակուտիայից ՌԴ Պետդումայի պատգամավոր Ֆեդոտ Թումուսովը , պատասխանելով «Գազետա.ռու»-ի հարցին, նման տարածքային հավակնությունները դատարկ բան է համարել: «Մի կողմից, այո, մենք թուրքեր ենք,- ասել է նա:- Բայց գծել նման քարտեզ... անօգուտ գործ է: Ռուսաստանը պետք է արձագանքի նման գործողություններին»: Իսկ խորհրդարանի ստորին պալատի թաթարստանցի պատգամավոր Այրատ Ֆարախովը հակված է հիշյալ քարտեզի մոտ լուսանկարվելու Դեւլեթ Բահչելիի ժեստը համարելու ոչ թե Թուրքիայի, այլ անհեռատես քաղաքական գործչի դիրքորոշում: Թաթարստանում Թուրքիան, նկատել է նա, բավական մեծ ներդրող է, որն աշխատատեղեր է ստեղծում: Այդ երկրի հետ համագործակցությունը նա փոխշահավետ եւ արդյունավետ է համարում:

Խնդիրն այլ կերպ է գնահատել Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի համաշխարհային տնտեսության եւ միջազգային հարաբերությունների ինստիտուտի ավագ գիտաշխատող Վիկտոր Նադեին-Ռաեւսկին: Խոսքը պանթյուրքիզմի, այսինքն մեծ կայսրություն ստեղծելու գաղափարի մասին է, ասել է նա: Եվ նշել է, որ այդ ոչ նոր հավակնությունները «կարելի է տեսնել յուրաքանչյուր թուրքական դասագրքում: Երեխաներին դեռ դպրոցից սովորեցնում են, թե դա մի աշխարհ է, որտեղ ապրում են բացառապես թուրքեր»: «Պանթուրքիզմի նման ալիքը նրանց բերել էր գերմանական բլոկ: Վերջինիս կազմում նրանք մասնակցություն ունեցան առաջին համաշխարհային պատերազմին, որի արդյունքներով կայսրությունը փլուզվեց: Սովորաբար այդպես են ավարտվում նրանց բոլոր հավակնությունները»,- նկատել է փորձագետը: Նրա այս վերջին միտքն, իհարկե, առայժմ իրականություն դառնալու նշաններ ցույց չի տալիս:

Ինչ մնում է պանթուրքիզմի ծանոթ քաղաքականությանը, Նադեին-Ռաեւսկու պնդմամբ իսկ այժմ Թուրքիայում դրան շատերն են հետեւում, եւ թուրքական կառավարությունն աջակցում է նրանց:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #43, 18-11-2021

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ