RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
#041, 2021-11-05 > #042, 2021-11-12 > #043, 2021-11-18 > #044, 2021-11-26

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #43, 18-11-2021



Տեղադրվել է` 2021-11-19 00:52:43 (GMT +04:00)


Ընթերցված է` 2695, Տպվել է` 2, Ուղարկվել է էլ.փոստով` 0

ՆՈՅԵՄԲԵՐԻ 16-Ի ՀԱՅ-ԱԴՐԲԵՋԱՆԱԿԱՆ ԲԱԽՈՒՄՆԵՐԸ ՀԱՆԳԵՑՐԻՆ ԱՄՆ-Ի ԵՎ ՖՐԱՆՍԻԱՅԻ ԱԿՏԻՎԱՑՄԱՆԸ ՀԱՐԱՎԱՅԻՆ ԿՈՎԿԱՍՈՒՄ

ՀԱԿՈԲ ՉԱՔՐՅԱՆ, Թուրքագետ

«Առաջին լրատվականի» հետ հացազրույցներում ասել էի, որ Ռուսաստանը պատուհաս է դարձել հայ ժողովրդի գլխին, մատնանշելով. «Դեռեւս չեն սպառվել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հայատյաց նկրտումները»: Նոյեմբերի 16-ի հայ-ադրբեջանական բախումներն ու դրանց ռուսական մեկնաբանությունները դժբախտաբար հաստատեցին իմ ենթադրությունները: Դրանք թերեւս սկսել են նոյեմբերի 14-ին, հայկական դիրքերի վրա հազար տարում հազիվ մարդասպան դարձած ադրբեջանական հրոսակի հարձակումներով, նոր զոհեր են պատճառելով մեզ: ՀՀ պաշտպանության նախարարության տվյալներով, զոհվել է մեկ զինվոր, 3-ըՙ վիրավորվել, իսկ 12-ըՙ գերեվարվել են: Անհետ կորած է 24 հայ զինծառայող:

Նոյեմբերի 17-ին ՀՀ պաշտպանության նորանշանակ նախարար Սուրեն Պապիկյանին հանդիպելու համար Երեւան ժամանելիս, գեներալ Ռուստամ Մուրադովը Բաքվից մեր մայրաքաղաք է տեղափոխել հայ զինվորի աճյունը: Ակամա հարց է ծագում, նոյեմբերի 16-ին Սլունիքում զոհված հայ զինվորի դին ինչո՞ւ է հայտնվել Բաքվում: Ամենայն հավանականությամբ նրան գերեվարել եւ տարել են Բաքու, որտեղ էլ սպանել, որ Մուրադովը լավության կարգով հանձնի մեզ:

Քանի որ Հայաստանի արեւելյան սահմանագոտում Ադրբեջանի սադրանքով ծայր առած մարտերը եղել են հայկական լրատվամիջոցների ուշադրության կենտրոնում, ուստի նպատակահարմարը դրանց միջազգային արձագանքներին անդրադառնալն է: Հարկ է նշել, որ դրանք բավականին ծանրակշիռ են եւ բովանղակալից: Խոսքը տվյալ դեպքում վերաբերում է ԱՄՆ-ի եւ Եվրոպական միության արձագանքներին, որոնք, ըստ ամենայնի, գերազանցում են ենթադրությունները:

Ինչ վերաբերում է թուրքական եւ ռուսական արձագանքներին, ապա դրանք մնացել են ենթադրելիության սահմաններում: Նոյեմբերի 16-ին «Haber Turk» հեռուստատեսությունը, պայմանավորելով բախումները «Հայաստանի սադրանքով», հրապարակեց հայ զինվորների փախստին վերաբերող լուսանկարներ, թե Ադրբեջանի բանակը մարտերում տարել է հերթական փայլուն հաղթանակը: Հաջորդ օրը «Գերչեք»-ի գլխավորությամբ հեռուստատեսությանը, հաղթանակի բացականչություններով լրացրեցին թուրքական թերթերը, նշելով, որ մարտերում «սպանվել է 15 հայ զինվոր, զոհվել 7 ադրբեջանցի: Մարտերը դադարել են Ռուսաստանի միջամտությամբ, եւ Արեւմուտքը սադրիչ գործողությունների համար դատապարտել է Հայաստանին»:

Մոտավորապես նույն բնույթի, այսինքն նույնքան լղոզված են նաեւ ռուսական արձագանքները: Դրանում համոզվելու համար բավական են ռուսական լրատվամիջոցների հաղորդագրություններն ու ՌԴ արտգործնախարարության ներկայացուցիչ Մարիա Զախարովայի հայտարարությունները:

INTERFAX.RU-ն, ինչպես նաեւ մյուս գործակալությունները, նոյեմբերի 16-ին նշել են, որ իրավիճակը Սյունիքի մարզում սրվել է նոյեմբերի 13-ին, իսկ 15-ին ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները զսպվածության կոչով դիմել են հակամարտող կողմերին, կոչին հետեւել են բախումները, որոնք դադարել են շնորհիվ ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուի : Հայկական կողմը տվել է 15 զոհ, ճշտվում է վիրավորների թիվը, գերի է ընկել 12 հայ զինծառայող: INTERFAX-ը միաժամանակ վկայակոչելով ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանին , նշում է Հայաստանի օգնության խնդրանքով Ռուսաստանին ներկայացրած դիմումի մասին, որը իրականում ներկայացվել էր նոյեմբերի 16-ի առավոտյան, դրա մասին TACC-ի ներկայացրած նյութը հանվել էր գործակալության կայքից, որ երեկոյան տեղադրվի, որպեսզի Ռուսաստանի անգործությունը հանկարծ տեղիք չտա մեկնաբանությունների, թե Մոսկվայի մատը խառն է այղ բախումներում:

Այլ կերպՙ մինչեւ երեկո քողարկվել է հայկական կողմի օգնության դիմումը այսպես կոչված դաշնակից Ռուսաստանին: Քողարկելու պարագային Կրեմլի խնդիրը, ինչ խոսք, TACC-ի հաղորդագրությունը չէր, այլ Մինսկի խմբի համանախագահների, ԱՄՆ-ի, Ֆրանսիայի, Եվրոպական միության, համանուն մյուս կառույցների, ինչու չէ նաեւ ՄԱԿ-ի ցուցաբերած ակտիվությունը, որը փաստորեն ի չիք է դարձնում 44-օրյա պատերազմում Պուտին-Էրդողան սերտ համագործակցությամբ Ռուսաստանի ձեռք բերած աշխարհաքաղաքական բոլոր նվաճումները, մասնավորապես ԱՄՆ-ի եւ Ֆրանսիայի օտարումը Մինսկի խմբից, ղարաբաղյան հիմնահարցը 3+3 ձեւաչափով կարգավորելու անվան տակ խնբի մյուս համանախագահներին Թուրքիայով ու Իրանով փոխարինելու, առավել եւս թույլ չտալու, որ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում ընդունվի Արցախումՙ, ինչպես «Լրագրի» նոյեմբերի11-ի համարում նշել Կառուցողական կուսակցության նախագահ Անդրիաս Ղուկասյանը , նախկին ԼՂԻՄ-ի տարածքում իրականացվի միջազգային կառավարում, որը նմանապես ներառելու է նաեւ Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ վիճելի տարածքները:

Հնարավոր այս զարգացումները խիստ անհանգստացրել են Մոսկվային, որ «Լրագրի» նոյեմբերի13-ի վկայությամբ, Փարիզում Ֆրանսիա-Ռուսաստան ձեւաչափով ընթացած հանդիպումից հետո ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը հայտարարել է Մինսկի խմբի համանախագահների գործունեությունն առաջիկայում հումանիտար հարցերի կարգավորման վրա կենտրոնացնելու անհրաժեշտության մասին: Այսինքն, նա իր իսկ ցանկատեսությամբ կարգավորված է համարում ղարաբաղյան հիմնահարցը, ինչպես չարաբաստիկ եռակողմ հայտարարության ստորագրումից հետո հայտարարել էր Պուտինը , որ փաստի առջեւ կանգնեցնի ԱՄՆ-ին եւ Ֆրանսիային:

Ըստ երեւույթին նույն կերպ պետք է մեկնաբանել ՌԴ ԱԳՆ ներկայացուբիչ Մարիա Զախարովայի նոյեմբերի 17-ի հայտարարությունը, թե Ռուսաստանը լուրջ է վերաբերում Հայաստանի եւ Ռուսաստանի միջեւ 1997 թ. ստորագրված «բարեկամության, համագործակցության եւ փոխօգնության» պայմանագրից բխող պարտավորություններին:

Մինչ Լավրովը կարգավորված է համարում ղարաբաղյան հիմնահարցը եւ փորձում է Մինսկի խմբի մյուս համանախագահների գործունեությունը սահմանափակել հումանիտար հարցերով, իսկ Զախարովան խոսում է Հայաստանի նկատմամբ Ռուսաստանի պարտավորությունների կատարման մասին, ԵԱՀԿ Մինսկի խմբի եռանախագահները, ինչպես Զախարովան է նշել նոյեմբերի 17-ին, Վիեննայում քննարկում են հայ-ադրբեջանական սահմանին ստեղծված իրավիճակը եւ ընդգծել է «համանախագահների շուտափույթ տարածաշրջան այցի կարեւորությունը»:

Այդ ընթացքում ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը հորդորել է Բաքվին ու Երեւանին «ուղիղ եւ կառուցողական ներգրավվածություն ցուցաբերելՙ բոլոր չկարգավորված խնդիրները լուծելու համար, ներառյալ սահմանների դեմարկացիան»՛: Նրան հաստատում է Ադրբեջանում ԱՄՆ-ի նախկին դեսպան Ռիչարդ Կազլյարիչը , ասելով. «Միացյալ Նահանգները պետք է ընդլայնի իր ակտիվությունը այս տարածաշրջանում: Ռուսական միակողմանի միջնորդության հարցում առաջընթացի եւ Մինսկի խմբի որեւէ լուրջ ներգրավվածության բացակայությունը հանգեցրել էին այնպիսի իրավիճակի, երբ բախումները դարձան եթե ոչ միակ այլընտրանքը, ապա տրամաբանական եզրակացությունը»:

Վերլուծաբան Ջոշուա Կուցերան իր հերթին, Eurasianet օնլայն հարթակում հրապարակած հոդվածում գրում է, որ Երեւանը հետ է կանգնել նոր համաձայնագրեր ստորագրելուց, իսկ Բաքուն, կարծես թե, փորձում է ուժի միջոցով ստիպել հայկական կողմին կնքել նոր համաձայնություն:

Այս ամենի առումով թերեւս հատկանշականը Եվրոպական խորհրդարանի ֆրանսիացի պատգամավոր, Արտաքին հարաբերությունների հանձնաժողովի Անվտանգության եւ պաշտպանության ենթահանձնաժողովի նախագահ Նատալի Լուազոյի նոյեմբերի 17-ի հայտարարությունն է. «Ադրբեջանի ու Հայաստանի միջեւ կան ագրեսոր եւ ագրեսիայի ենթարկված կողմեր, չպետք է չեզոք մնալ, ոչ էլ Հայաստանը թողնել Ռուսաստանի ճիրաններում»:

Նրա այս խոսքերը, անկախ միջազգային վերոհիշյալ նախաձեռնություններից, ոչ միայն տակնուվրա են անում պաշտոնական Մոսկվայի աշխարհաքաղաքական հաշվարկները, այլեւ հակասում են Հայաստանը միջազգային աջակցությունից զրկված, տարածաշրջանում մեկուսացած եւ տնտեսապես կազմալուծված տեսնելու ռուսական նկրտումների տրամաբանությանը: Ինչ վերաբերում է Լավրովի եւ Զախարովայի հայտարարություններին, ապա դրանք արտահայտում են այս ամենի հետեւանքով Կրեմլում առաջացած խուճապը, քանի որ Մոսկվային չի հաջողվում կանխել Ֆրանսիայի, առավել եւս ԱՄՆ-ի վերադարձը տարածաշրջան:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #43, 18-11-2021

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ