RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
#041, 2021-11-05 > #042, 2021-11-12 > #043, 2021-11-18 > #044, 2021-11-26

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #43, 18-11-2021



Տեղադրվել է` 2021-11-19 00:52:43 (GMT +04:00)


Ընթերցված է` 2301, Տպվել է` 3, Ուղարկվել է էլ.փոստով` 0

ԻՍՐԱՅԵԼԻ ԵՎ ԱԴՐԲԵՋԱՆԻ ՀԱՏՈՒԿ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ

ՎԼԱԴԻՄԻՐ ԴԱՐԲԻՆՅԱՆ, Անվտանգության հարցերով փորձագետ

«Ազգ»-ի նոյեմբերի 5-ի եւ նոյեմբերի 12-ի 41 եւ 42 համարներում ստորագրվել էր «Բաքվի անվտանգությունը մեզ համար նույնքան կարեւոր է, որքան Թել Ավիվինը»ՙ խորագրով հոդվածները, որտեղ Իսրայելի արտաքին հետախուզությանՙ «Մոսադի» բարձրաստիճան պաշտոնյան, եւ երկրի, վարչապետի ազգային անվտանգության հարցերով նախկին խորհրդական Ուզի Արադը հարցազրույց է տալիս «Ջերուսալեմ փոստ» հրեական թերթրին:

Հարցազրույցն անցկացրել է վերոհիշյալ թերթի գլխավոր քաղաքական թղթակից Գիլ Հոֆմանը:

Ըստ հարցազրույցի, Իսրայել-Ադրբեջան լիարժեք հարաբերությունները հաստատվել են 1991-ին, երբ Ադրբեջանը ձեռք է բերել անկախությունը: 1992թ-ի ապրիլի 7-ին այդ պետությունների միջեւ հաստատվել են դիվանագիտական հարաբերություններ: Նշվում է նաեւ, որ Հեյդար եւ Իլհամ Ալիեւները (երկրի գլխավոր ղեկավարները) այնքան էլ լուրջ չէին վերաբերվում մահմեդականությանը, դրա համար էլ հարաբերությունները հեշտությամբ սկսեցին զարգանալ:

Ուշագրավ է նաեւ այն հայտարարությունը, թե վերջին 24 տարում Իսրայելի բանակի ավելի քան 50 հրամանատար ՆԱՏՕ-ի հովանու ներքո եւ Թուրքիայի սերտ համագործակցությամբ իրականացրել են Ադրբեջանի ռազմական կառույցի վերականգնումը, գաղտնի համազորավարժությունները, մարզումային կուրսերը, ԱԹՍ-ների արտադրության գործարանների ստեղծումը, եւ այլն, եւ այլն:

Նշվում է նաեւ,որ վերջին տարիներին ԱՄՆ-ի, Մեծ Բրիտանիայի եւ Իսրայելի դեսպանատները Բաքվում իրար հետ ակտիվորեն համագործակցում ենՙ հետապնդելով նույն նպատակները: Այդ կոալիցիան գերիշխանություն է ստեղծել Ադրբեջանի եւ նրա ղեկավարության քաղաքական որոշումների վրա:

Իսկ հիմա մեկ այլ ուշագրավ հանգամանք: Հարցազրույցում նշվում է, որ Բաքվում Անվտանգության ծառայության շենքի մեկ հարկում «Մոսադի» սպաներին առանձնասենյակներ են տրամադրվել, այն էլ ԱՄՆ Կենտրոնական հետախուզության Վարչության (CIA) եւ Հետաքննությունների դաշնային բյուրոյի (FBI) գործակալներին տրամադրված առանձնասենյակների կողքին:

Ի միջի այլոց նշեմ, որ այդ դրվագում նույնպես, ինչպես եւ ամբողջ հարցազրույցում, նոր եւ արտառոց ոչինչ չկա, եւ ես համաձայն չեմ «Անդրադարձ» հոդվածի հեղինակի հետ, որ առանձնասենյակների տրամադրումը սենսացիոն եւ աննախադեպ բնույթ ունի, որեւէ այլ երկրուն նման բան չկա:

Ուզում եմ նշել. որ Խորհրդային Միության փլուզումից հետո աշխարհի շատ հատուկ ծառայություններ (հիմնականում հետախուզությունները) շտապ կարգով հայտնվեցին բոլոր հանրապետություններում, ընդ որում շատ դեպքերում ավելի արագ արձագանքեցին, քան դիվանագետները (եւ դա օբյեկտիվ է) եւ ստեղծեցին համագործակցության առաջին «կամուրջները»:

Հետո սկսվեց փորձի փոխանակում, կադրերի ուսուցում եւ վերապատրաստում, երբեմն տեխնիկական աջակցություն, համատեղ օպերացիաներ միջազգային ահաբեկչության դեմ, պայքար «փողերի լվացման դեմ» եւ այլն, եւ այլն: Հետո արդեն ստեղծվեցին լեգալ ռեզիդենտուրաներ (օրինական ներկայացուցչություններ), որոնք կոնկրետ աշխատանքային ռեժիմով ապահովում էին համագործակցությունը տեղի հատուկ ծառայությունների հետ: Ես կարող եմ նշել մի շարք երկրների անուններ, որոնք տրամադրել են առանձնասենյակներՙ այսպես կոչված գործընկերներին իրենց հատուկ ծառայությունների կենտրոնակայաններում: Կան եւ դեպքեր, երբ «գործընկերները» ստեղծում են իրենց առանձին կայանատեղերը (իհարկե տեղի հատուկ ծառայությունների հետ համաձայնեցնելով): Այլ բան է, թե ինչքանով է ճիշտ գնալ այդ քայլին եւ տրամադրել առանձնասենյակներ «գործընկերոջը» կենտրոնակայանում: Նախ հաշվի առնենք, որ առանձնասենյակից կարելի է տեխնիկական հսկողություն սահմանել մյուս առանձնասենյակների նկատմամբ, կամ հակառակը: Հետո հնարավորոթյուն է ստեղծվում շատ շփումներ ստեղծել, ուսումնասիրել տրամադրություններ, զրույցներ վարել հետագա զարգացումներով, եւ այլն: Ուրեմն փոխադարձ վստահությունը որքան բարձր պետք է լինի, որպեսզի գնան այդ քայլին: Բայց դա կարող է պարզապես հրահանգ լինել ամենավերին իշխանական օղակներից:

Չմոռանանք նաեւ անգլիական ասացվածքը. «Չկան մշտական բարեկամներ եւ մշտական թշնամիներ, այլ կան մշտական հետաքրքրություններ ու շահեր»: Սա հատկապես վերաբերում է հատուկ ծառայություններին: Միանգամից նշեմ, որ Ուզի Արադը իրավունք չուներ նման տեղեկատվության «արտահոսք» կազմակերպելու, ո՛չ իր գործունեության ընթացքում, ո՛չ էլ պաշտոնաթող կարգավիճակում, եթե իհարկե դա հատուկ գործառույթ չէ, համաձայնեցված մի շարք ատյանների հետ (ընդ որումՙ երկու կամ ավել պետությունների):

Պատմաբան-վերլուծաբան Ա. Այվազյանը իրազեկ է դարձել, որ Գիլ Հոֆմանը հերքել է այդ հարցազրույցի փաստը եւ նշել է, որ կեղծ է նաեւ նրա անվամբ բացված այն բլոգը, որտեղ հրապարակվել է այդ նյութը:

Նշեմ, որ լիովին համաձայն եմ Այվազյանի վերլուծության հետ: Այո, սա ակտիվ «հետախուզակյան գործառույթ է», կազմակերպված որեւէ կողմի հատուկ ծառայությունում:

(Շարունակելի)

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #43, 18-11-2021

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ