RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
#041, 2021-11-05 > #042, 2021-11-12 > #043, 2021-11-18 > #044, 2021-11-26

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #43, 18-11-2021



Տեղադրվել է` 2021-11-19 00:52:43 (GMT +04:00)


Ընթերցված է` 1562, Տպվել է` 2, Ուղարկվել է էլ.փոստով` 0

ԹՈՒՐՔԻԱՅՈՒՄ ՕՐՀԱՆ ՓԱՄՈՒՔԻ ԴԵՄ ԿՐԿԻՆ ՔՐԵԱԿԱՆ ԳՈՐԾ Է ՀԱՐՈՒՑՎԵԼ

Գ. Գ.

Օրերս Թուրքիայում վերաբացվել է թուրք գրող, Նոբելյան մրցանակի դափնեկիր Օրհան Փամուքի դեմ հարուցված քրեական գործը: Նրան մեղադրում են իր նորՙ «Ժանտախտի գիշերներ» վեպում Թուրքիայի Հանրապետության հիմնադիր Մուստաֆա Քեմալ Աթաթուրքին վիրավորելու, զրպարտելու եւ թուրքական դրոշն անարգելու մեջ: Այս մասին հաղորդում է նաեւ ermenihaber-ը: Բողոքը ներկայացրել է փաստաբան Թարջան Ուլյուքըՙ պնդելով, որ Փամուքը ժողովրդի մեջ ատելություն եւ թշնամանք է սերմանել: Գործը քննող դատախազությունը նախապես կարճել էր այնՙ հայտնելով, որ գրքում Աթաթուրքի դեմ ուղիղ վիրավորանքի օրինակներ չեն հայտնաբերվել:

Հայցվոր կողմը բողոքարկել էր որոշումը, իսկ բողոքը քննող դատարանն էլ եզրակացրել է, որ գրքի որոշ հատվածներում կան արտահայտություններ, որոնք կարող են վիրավորական համարվել: Օրհան Փամուքը չի ընդունել իր դեմ մեղադրանքներըՙ շեշտելով, որ վեպում որեւէ կերպ Աթաթուրքին չի վիրավորել, չի անարգել նաեւ թուրքական դրոշը:

Հիշեցնենք, որ սա Թուրքիայում Օրհան Փամուքի դեմ դատական միակ հետանդումը չէ, դեռ 2005 թվականին, երբ Փամուքն անդրադարձավ Հայոց ցեղասպանությանը, նրա դեմ բազմաթիվ քրեական գործեր հարուցվեցինՙ ծայրահեղ ազգայնական փաստաբան Քեմալ Քերինչսիզի ներկայացրած բողոքի հիման վրա: Բողոքները ներկայացվեցին 2006թ. հունվարի 22-ին: Նրա գրքերը այրեցին ազգայնական հանրահավաքում: Փամուքը հետագայում հայտարարեց, որ մտադրություն ուներ ուշադրություն հրավիրել խոսքի ազատությանը վերաբերող հարցերի վրա: 2011 թ. մարտի 27-ին Փամուքը մեղավոր է ճանաչվել եւ ստիպված է եղել վճարել ընդհանուր առմամբ 6000 լիրա որպես փոխհատուցում հինգ անձանց նրանց արժանապատվությունը վիրավորելու համար:

Փամուքի դեմ քրեական մեղադրանքները առաջ քաշվեցին 2005թ. փետրվարին շվեյցարական «Դաս Մագազին» թերթի հետ զրույցի ժամանակ արված հայտարարությունների պատճառով, որոնք տարածվեցին մի շարք շվեյցարական թերթերումՙ Tages-Anzeiger, Basler Zeitung, Berner Zeitung, Solothurner Tagblatt: Հարցազրույցում Փամուքն ասել է. «Այստեղ սպանվել են շուրջ 30 հազար քուրդ եւ մեկ միլիոն հայ: Եվ գրեթե ոչ ոք չի համարձակվում ասել այդ մասին: Ես ասում եմ: Թուրք պատմաբանները այս թեմայով մեկնաբանություններ խուսափում են անել»:

Փամուքը հայտարարել էր, որ ինքը ենթարկվել է ատելության արշավների, որի պատճառով ստիպված հեռացել է իր հարազատ երկրից: Հետագայում, երբ վերադարձել է, 2005 թվականին, իր դեմ արդեն քրեական գործեր են հարուցված եղել: BBC News-ին տված հարցազրույցում նա ասել է, որ ինքը ցանկանում էր պաշտպանել խոսքի ազատությունը, որը Թուրքիայի միակ հնարավորությունն էր, որ հաշվի նստի իր իսկ պատմության հետ: «1915 թվականին Օսմանյան հայերի հետ տեղի ունեցածը մեծ բան էր, որը գաղտնի պահվեց թուրք ժողովրդից. ասեսՙ դա տաբու էր, բայց մենք պետք է կարողանանք խոսել անցյալի մասին»: Սակայն, երբ CNN TURK-ը հարցրեց Փամուքին իր ելույթի մասին, նա պնդեց, որ «հայերը սպանվել են», բայց մերժեց, որ «թուրքերն են սպանել հայերին» եւ չնշեց զոհերի թիվը:

Թուրքիայի Քրեական օրենսգրքի 301-րդ հոդվածը պնդում է. «Մարդը, որը հրապարակայնորեն կվիրավորի Թուրքիայի Հանրապետությունը կամ Թուրքիայի Ազգային Մեծ Ժողովը, կպատժվի վեց ամսից մինչեւ երեք տարի ազատազրկմամբ»: Փամուքին մեղադրանք առաջադրվեց այդ օրենքը խախտելու համար: Հոկտեմբերին սկսված դատական գործընթացից հետո, Փամուքը վերահաստատեց իր տեսակետները Գերմանիայում տեղի ունեցած մրցանակաբաշխության ժամանակ տված ելույթում. «Կրկնում եմ, ես բարձրաձայնել եմ, որ Թուրքիայում մեկ միլիոն հայ եւ 30 հազար քուրդ է սպանվել»:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #43, 18-11-2021

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ