RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
#041, 2021-11-05 > #042, 2021-11-12 > #043, 2021-11-18 > #044, 2021-11-26

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #43, 18-11-2021



Տեղադրվել է` 2021-11-19 00:52:43 (GMT +04:00)


Ընթերցված է` 1354, Տպվել է` 2, Ուղարկվել է էլ.փոստով` 0

ՏՐԱՄԱԲԱՆՈՒԹՅՈՒՆԻՑ ԴՈՒՐՍ

ՆԱԻՐ ՅԱՆ

Նոյեմբերի 17-ի երեկոյան կայծակնային կերպով լուր տարածվեց, թե Հարավային ռազմական օկրուգի զորքերի հրամանատարի տեղակալ, գեներել-լեյտենանտ Ռուստամ Մուրադովը Բաքվից Երեւան է թռչումՙ ինքանթիռի մեջ իր հետ բերելով հայ զինծառայողների դիեր:

Նշենք, որ մինչ այդ պահը, նոյեմբերի 16-ին, Սյունիքում տեղի ունեցած հայ-ադրբեջանական ռազմական գործողությունների հետեւանքով զոհվածների ստույգ թվի մասին տարբեր տեղեկություններ էին շրջանառվումՙ 12, 15, իսկ նոյոմբերի 17-ի առավոտյան խոսվում էր 1 զոհի մասին:

Լրատվամիջոցները շրջանառում էին պայմանագրային զինծառայող Գուրգեն Սարգսյանի անունն ու նրա հետ կապված պատմությունը: Տեսնելով, որ փամփուշտները վերջացել են, նա կապ է տվել հրամանատարությանն ու ասել, որ դիրքը չի թողնի, բայց գերի էլ չի ընկնի: Գուրգենը նռնակով պայթեցրել է իրեն: Նա մենակ է եղել, երեք ընկերներըՙ վիրավոր:

Այս լուրից հետո հանրությունն սպասում էր, թե Մուրադովը Բաքվից ում դիերն է բերելու, որոնք զոհվել են նոյեմբերի 16-ին, Սյունիքում թշնամուն հետ մղելիս:

Կարճ ժամանակ անց պարզ դարձավ, որ Մուրադովին Երեւան տեղափոխած ինքնաթիռում ընդամենը մեկ հայ զինծառայողի մարմին կա: Ինչ վերաբերում է գերիներին, գերիներ չկային:

Նոյեմբերի 18-ին պարզ է դարձել, որ Մուրադովը Բաքվից Երեւան է բերել ավագ լեյտենենտ Տարոն Սահակյանի խոշտանգված մարմինը: Տարոնը Տավուշի մարզի Ոսկեպար գյուղից էր, մի քանի ամիս էր, ինչ Ջերմուկի գնդում աշխատում էր որպես սպա: Նոյեմբերի 14-16-ը տեղի ունեցած մարտական գործողությունների ընթացքում հայկական կողմը ադրբեջանցի գերիներ է վերցրել, սակայն շուտով հրաման են ստացելՙ գերիներին հետ տանել: Այդ ժամանակ էլ հայ զինվորներն են գերի ընկել ադրբեջանցիների կողմից: Տարոնը նրանց մեջ է եղել: Հարազատները չգիտենՙ ով է եղել ադրբեջանցիներին հետ տանելու հրաման տվողը, ինչի պատճառով ադրբեջանցիներին գերեվարած հայ զինվորներն իրենք են գերեվարվել: Տարոնին անասնաբար ծեծել են, խոշտանգելով սպանել: Իսկ մյուս գերիների ճակատագիրը հայտնի չէ, սակայն դժվար չէ կանխատեսել, որ նրանց ողջ մնալը ադրբեջանցի գերիներին ազատ արձակելու հրաման տվողին բացարձակ ձեռք չի տալիս:

Ռազմական գործողությունների ժամանակ թշնամին գերի է տարել 13 զինծառայողի: Կան անհետ կորածներ, որոնց մասին պատասխանատու մարմինները լռում են: Օրինակՙ ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը բոլորին խորհուրդ է տալիս հետեւել միայն պաշտոնական տեղեկատվությանը, որը ոչինչ չի հաղորդում: Հայաստանի Հանրապետության սահմաններից ներս, մեր հողի վրա տեղի են ունեցել ռազմական գործողություններ, ադրբեջանական կողմը հայտնել է, որ ունի յոթ զոհ, սակայն մենք չգիտենք, թե որքան են մեր կորուստները: Արցախյան 44-օրյա պատերազմից մենք ունենք 246 անհետ կորած: Արցախի 75 տոկոսը հանձնելու պարագայում անհետ կորածներ ունենալը դեռ մի կերպ հասկանում ենք, բայց Հայաստանի՞ տարածքում ինչպես հասկանալ ու ընդունել այդ փաստը: Սա նշանակում է, որ մենք կորցրել ենք վերահսկողությունը մեր իսկ տարածքների նկատմամբ:

Եթե ունենք 13 գերեվարված ու անհայտ թվով անհետ կորածներ, ուրեմն բացառված չէ, որ արցախյան պատերազմի սցենարը կրկնվում էՙ նոր տարածքներՙ նոր գերիների ու անհայտ ճակատագրով անհետ կորածների դիմաց:

Նոյեմբերի 18-ին թշնամին կրակոցներ է արձակել նաեւ Տավուշի սահմանի ուղղությամբ. սա եւս ազդանշան է:

Ի դեպ, ԱԺ-ի ամբիոնից Նիկոլ Փաշինյանը գերիների վերաբերյալ աննախադեպ հայտարարություն արեց. «Գուցե սխալ ենք վարվել էմոցիոնալ ֆոնի վրա` ի՞նչ է նշանակում գերի ընկնել, ի՞նչ հանգամանքներում է դա եղել` պետք է քննվի: Զինվորական կանոնագրերը սահմանում են, թե որ դեպքում գերի ընկնելը չի համարվում հանցագործություն»:

Սա այն նույն Փաշինյանն է, որը նախընտրական քարոզարշավի ընթացքում անընդհատ կրկնում էր, թե գերիները հերոսներ են, մեր եղբայրները, որոնց ազատելու համար ինքը պատրաստ է անգամ իր որդի Աշոտիկին ուղարկել Բաքուՙ փոխանակման:

Հասկանալի էՙ այն ժամանակ գերիների թեման քվեներ ստանալու նպատակով շահարկելը ձեռնտու էր, հիմա արդեն եկել է պահը, երբ Փաշինյանը Հայաստանի սուվերեն տարածքները չպաշտպանելու մեղքը գցում է բանակի վրա. իբր զինծառայողները կռվելու, հողը պաշտպանելու փոխարեն նախընտրել են իրենց կյանքը փրկելՙ գերի ընկնելով, դրա համար էլ 41 քկմ ենք կորցրել: Մեղավորներ փնտրելու փաշինյանական հայտնի ձեռագիր է, ի՞նչ խոսք:

Փաշինյանը միշտ է աչքի ընկել իրարամերժ հայտարարություններով: Մոտ 10 օր առաջ ԱԺ-ի ամբիոնից շատ գոհ կեցվածքով հայտնեց. «Սյունիքում զորքերի հետքաշման հրամանը ես եմ տվել»:

Նոյեմբերի 17-ին, ԱԺ-ի հարցուպատասխանի ժամանակ նույն Փաշինյանն ասաց. «Չկրակելու հրաման տվողը պետական դավաճանություն է գործում»:

Ըստ էությանՙ մենք վաղուց ոչ մի բանի վրա չենք զարմանում, մանավանդ, երբ այդ ոչ մի բանի ակունքները իշխանության գլխում ու բերանում են: Ամեն ինչ դուրս է եկել տրամաբանությունից ու ադեկվատության սահմաններից: Փաշինյանին լսելն ու զարմանալն արդեն իսկ անադեկվատ ու անտրամաբանական է:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #43, 18-11-2021

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ