RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
#041, 2021-11-05 > #042, 2021-11-12 > #043, 2021-11-18 > #044, 2021-11-26

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #43, 18-11-2021



Տեղադրվել է` 2021-11-19 00:52:43 (GMT +04:00)


Ընթերցված է` 1284, Տպվել է` 1, Ուղարկվել է էլ.փոստով` 0

ՅԱԿՈՒՏԱԿԱՆ ԱԴԱՄԱՆԴՆԵՐԸ ՀԵՏԱՔՐՔՐՈՒՄ ԵՆ ԷՐԴՈՂԱՆԻՆ. ԹՈՒՐՔԱԿԱՆ ՍՈՒԼԹԱՆԸ ՑԱՆԿԱՆՈՒՄ Է ՌՈՒՍԱՍՏԱՆԻՑ ԽԼԵԼ ՅԱԿՈՒՏԻԱՆ

ԳԵՎՈՐԳ ԳՅՈՒԼՈՒՄՅԱՆ

Թյուրքական գիտությունների ակադեմիան օրերս Ռուսաստանի ամենամեծ շրջանըՙ Սախայի Հանրապետությունը (Յակուտիա) համարել է «համաշխարհային հանրության կողմից չճանաչված պետական կազմավորում»: Ռուսաստանի տարածաշրջանի մասին տեղեկատվությունը տեղադրված է ակադեմիայի պաշտոնական կայքի «Թուրքական պետական կազմավորումներ» (TGO) վերնագրի ներքո եւ պարունակում է սովորական հանրագիտարանային տեղեկատվություն տարածքի, բնակչության, տեղանքի եւ տնտեսական ներուժի մասին:

Թյուրքական ակադեմիայի հիմնադիրներից են Թուրքիան, Ադրբեջանը, Ղազախստանը, Ղրղզստանը: Այդ կառույցի կենտրոնը գտնվում է Ղազախստանի մայրաքաղաք Նուր-Սուլթանում: Նպատակը թյուրքական աշխարհի պատմության եւ արդիականության, լեզվի եւ մշակույթի վերաբերյալ գիտական հետազոտությունների խթանումն է, ինչպես նաեւ «համաշխարհային տարածքում թյուրքական պետությունների դերն ու տեղը բացահայտելը»: Բաց տվյալների համաձայնՙ Թյուրքական ակադեմիան կապեր ունի Թյուրքական խորհրդի մասնակից երկրների քաղաքական կազմակերպությունների եւ Թյուրքական մշակույթի միջազգային կազմակերպության (TURKSOY) հետ: Չնայած այն հանգամանքին, որ այդ կազմակերպությունների մասնակիցները գրեթե նույն երկրներն ենՙ հիմնականում նախկին խորհրդային հանրապետությունները, Անկարան նրանց ակնհայտ առաջնորդն է: 2019 թվականի ամռանը Թուրքիայի նախագահի որդինՙ Բիլալ Էրդողանը , այցելել է Սախայի Հանրապետություն: Նա այցելել է Յակուտսկի տաճարի մզկիթ, որտեղ նամազ է արել.

«Թուրքերն ու յակուտները արյունակից եղբայրներ են, հետեւաբար, նրանք պետք է զարգացնեն հարաբերությունները հանրապետությունների միջեւ, ոչ միայն զբոսաշրջության, այլ նաեւ այլ ոլորտների»,- մեջբերում են լրատվամիջոցները նրա խոսքերը: Ավելի ուշ հանրապետության ներկայացուցիչ Այխալ Գաբիշեւը պատասխան այցով մեկնել է Թուրքիա:

Թուրքական նվաճողական այս քաղաքականությանն օրերս անդրադարձել է IMEMO RAN- գիտական կենտրոնի ավագ գիտաշխատող, Դիվանագիտական ակադեմիայի դոցենտ Վլադիմիր Ավատկովը ՙ պաստասխանելով Lenta.ru-ի հարցերին:

«Այն, ինչ կատարվում է, բնական է: ԽՍՀՄ փլուզումից հետո Թուրքիան ամեն կերպ փորձում է ազդել հետխորհրդային տարածքի պետությունների եւ Ռուսաստանի թյուրք ժողովուրդների վրա: Սրանում ոչ մի անսպասելի բան չկա, սակայն Ռուսաստանի կազմում «չճանաչված պետական սուբյեկտի» մասին ձեւակերպումը չի կարող հարցեր չառաջացնել»-իրավիճակը մեկնաբանել է նաՙ նշելով, որ Թուրքիան աշխատում է թյուրք ժողովուրդների հետՙ ազդելով կրթության, գիտության, կրոնի եւ մշակույթի միջոցով ձեւավորել լոբբիստական կառույցներ հետխորհրդային տարածքում, այդ թվումՙ Ռուսաստանում.

«Թեպետ մեզ մոտ Անկարան ավելի քիչ հաջողություններ ունի, քանի որ Մոսկվան նախորդ տարիներին, չնայած հակամարտություններին, կարողացավ կոնսոլիդացնել հասարակությունը»:

Խնդրին անդրադարձել է նաեւ վերոհիշյալ Այխայ Գաբիշեւը, որը Սախայի Հանրապետության (Յակուտիա) այսպես կոչված Հանրապետության հայրերի լիգա հասարակական կազմակերպության նախագահն է: Նա հերքում է տարածաշրջանում անջատողական միտումները եւ նման կարգի խոսկացություններն անվանում բացահայտ սուտ.

«Յակուտիայում տիտղոսակիր ազգը սախա ժողովուրդն է, որի մեջ ընդգրկված են թյուրքական ցեղեր: Աշխարհում այսօր թյուրքական ցեղերի մոտ 250 միլիոն մարդ կա: Մենքՙ որպես սախա ժողովուրդ, պահպանել ենք մեր մայրենի լեզուն, մշակույթը, կենցաղը, ավանդույթներն ու բանահյուսությունը: Բայց դա չի նշանակում, որ մենք ուզում ենք ինչ-որ մեր առանձին պետությունը ստեղծել: Դա հիմարություն է»,- նշել է նա:

«Թուրքիայում տարբեր քաղաքական կուսակցություններ եւ միտումներ կան: Շուտով Թուրքիայում նախագահական ընտրություններ են. տարբեր տենդենցների լոբբիստներն արդեն սկսում են տարբեր ֆանտազիաներ առաջ քաշել: Սա թուրք գիտնականների եւ քաղաքական գործիչների զուտ անձնական կարծիքն է, ովքեր ցանկանում են դրանով քաղաքական դիվիդենտներ վաստակել: Յակուտիան եղել է եւ կլինի Ռուսաստանի Դաշնության անբաժանելի մասը: Մենք ասում ենք Յակուտիա - նկատի ունենք Ռուսաստանը: Մենք ասում ենք Ռուսաստան - նկատի ունենք Յակուտիան»-եզրափակել է Գաբիշեւը:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #43, 18-11-2021

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ