RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
#041, 2021-11-05 > #042, 2021-11-12 > #043, 2021-11-18 > #044, 2021-11-26

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #43, 18-11-2021



ՄՇԱԿՈՒՅԹ

Տեղադրվել է` 2021-11-19 00:52:43 (GMT +04:00)


Ընթերցված է` 996, Տպվել է` 1, Ուղարկվել է էլ.փոստով` 0

ՄԵՐ ՄՐՑԱՆԱԿԱԿԻՐՆԵՐԸ

ՔՐԻՍՏԻՆԵ ՄԵԼՔՈՆՅԱՆ, Հայաստանի Թեքեյան մշակութային միության լրատվական կենտրոն

Արտավազդ Նազարյան

Ուղեփակոց էՙ

իջած մեր երկար ու ցավոտ ճամփին,

կարմիր շերտերով ուղեփակոց

մեր դեռ նոր բացած մայրուղու դիմաց,

ուղեփակոց է մեր երազների,

մեր հույսի, տենչի,

մեր ցավի դիմաց:

Տողերի հեղինակը գրող Արտավազդ Նազարյանն է, որը «Վահան Թեքեյան» 2021 թվականի մրցանակաբաշխությանը հաղթող ճանաչվեց «Գրականություն» անվանակարգումՙ «Ուղեփակոց» եւ «Արվարձան» բանաստեղծությունների ժողովածուների համար:

Երկու գրքերում էլ բանաստեղծի ասելիքն է, հույզերն ու ապրումները, որ նա փորձել է փոխանցելՙ առանց պահպանելու բանաստեղծական դասական կաղապարներն ու չափերը, եղել է ազատ, անկաշկանդ: Բանաստեղծություններում հեղինակն ինքն է իր հերոսը, որ տողերի արանքում ներկայացնում է իր կյանքը, հոգեվիճակը, այդ պահի զգացումները, որ հանձնում է թղթին: Խոստովանում էՙ բանաստեղծություններն ընթացքում փոփոխություններ կրել են. եթե սկզբում թղթին միայն իր ներշնչանքն էր տալիս, հետո սկսեց տողերը շոյել, շոշափել, զգալՙ արդյո՞ք բառն իր տեղում է:

Ինչպես բանաստեղծն է խոստովանում, «Արվարձան» ժողովածուն իր հասուն մտածումների ու գաղափարների ամփոփումն է, որ ասելիքն ընթերցողին հանդարտ ու մեղմ է փոխանցում: Այն ամփոփում է հեղինակի տարբեր տարիների ստեղծած բանաստեղծական շարքերը, որոնք ժամանակակից մարդու խոհերի ու զգացումների գեղարվեստական արտացոլումներ են եւ աչքի են ընկնում ասելիքի խորությամբ, բանաստեղծական ձեւերի բազմազանությամբ ու լեզվաոճական արտահայտչամիջոցների հարստությամբ: Գրքի «Այրվող ներկապնակ» պոեմում գրողն հակադրել է զգացմունքն ու միտքը, բնազդը եւ գաղափարը. «Եթե նախ գերիշխում էր մարդկային բնազդը, հետագայում գալիս է միտքն ու գաղափարը, որը հակադրվում է եւ միշտ ճնշում զգացմունքներին»,-նշում է Արտավազդ Նազարյանն ու գրում այն մասին, թե ի՞նչ կբերի ճնշող միտքը եւ ի՞նչ ավերածություններ կանի ծանրացող գաղափարը:

Ի՞նչ անեմ ես այս բանաստեղծության հետ,

Ո՛չ արցունք ունի, ո՛չ ծիծաղ,

Իր համար աճում է այս ցուրտ օրերի մեջ,

Ո՛չ հուշ է քրքրում, ո՛չ էլ հյուսում տենչ:

...

Թանաք է սա, որ ներծծվել է թղթին,

Տող է դարձել ու վերջ,

Ո՛չ արցունք ունի, ո՛չ աղոթք,

Հնչյուններն էլ արդեն խլացել են ինչպես

Վաղուց մարած ճիչեր, որ չի լսել ոչ ոք:

(«Բանաստեղծություն»)

Խոսելով «Ուղեփակոց» ժողովածուի մասինՙ բանաստեղծը խոստովանում է, որ այն իր զայրույթն է, նախորդ տարվա պատերազմի, կորուստների վերաբերյալ իր ապրումների ուղղակի արտացոլանքը:

«Ժողովածուի խմբագիրըՙ Երվանդ Տեր-Խաչատրյանն իր դիտողություններում նկատում էրՙ սա ակնհայտ քաղաքական բուրմունք ունի եւ շատ նման է արձակագրության: Դա այդ օրերի իմ ապրումների արձագանքն էր»,-նշում է բանաստեղծն ու եւս մեկ անգամ վերահաստատում, որ իր համար ոճի եւ կաղապարների պահպանումը երկրորդական է. առաջնայինը հույզն ու ապրումը ընթերցողին հասցնելն է:

Ես ձեր տներն եմ մտնում մեկ առ մեկ,

Ո՜վ որդեկորույս տիրամայրեր,

Ինչպես խորանը խնկաբույր,

եւ ձեր սրբապատկերի առաջ ծնկում եմ

ցաված ծնկով, ցաված մեջքով, ցաված սրտով

արցունքներս հեղում եմ ձեր սկիհներին,

մոխրանում եմ խնկամանում,

ու որպես ծուխ բարձրանում եմ

գմբեթն ի վեր ձեր սրտերի:

(«Հոգեհանգիստ»)

Ուղեփակոց էՙ

Հազարից մեկը դարերի ոլոր-մոլոր կածանին,

Որ մեր գնացքին ասում է ՙ կանգա՜ռ,

Գրպանից հանիր քո անցաթուղթը,

Ցույց տու՜ր ինչի՞ց է ձուլված քո հոգին...

Ի՞նչ գանձ ես բերել քո ճամպրուկում,

եւ ո՞ւր ես գնում,

ինչո՞ւ ես գնում:

(«Ուղեփակոց»)

«Տեխնոլոգիական այս դարում դժվար է մնալ փխրուն բանաստեղծ, պահել դարավոր մշակույթը, ստեղծագործական երակըՙ Նարեկացուց մինչեւ 21-րդ դար: Արտավազդ Նազարյանի բանաստեղծություններում տեսնում ենք այնպիսի գեղեցկություն, որը բնորոշ է միայն կերպարվեստի աշխատանքներին: Նա բանաստեղծական հանգերի կալանավորը չէ եւ ստեղծագործում է կաղապարներից դուրս»,-«Վահան Թեքեյան» ամենամյա մրցանակաբաշխության ընթացքում նշեց «Գրականություն» անվանակարգի մրցութային հանձնաժողովի նախագահ, ԱՄՆ եւ Կանադայի Թեքեյան մշակութային միության կենտրոնական վարչության նախագահ, Հայաստանի ԳԱԱ արտասահմանյան անդամ Երվանդ Ազատյանը :

Նա այն կարծիքին է, որ Արտավազդ Նազարյանի բանաստեղծություններն առանձնանում են պատկերային գեղեցկություններով, տաղաչափությանն ու հանգերին փոխարինող ներքին երաժշտականությամբ, ապրումների եւ պատկերացումների ազատությամբ: Երվանդ Ազատյանը նաեւ նկատում է, որ բանաստեղծի համար հայրենիքը դրոշակ, ազդ ու հռետորություն չէ, այլ հոգեկան ապրում, որ բանաստեղծի հոգում վերածվում են գրականության:

Հայրենիքը սեր է,

Որ ծփում է ալիքաձեւ,

Բորբոքվում է ու սառչում

Լցնում է սրտերը

եւ սրտերը լքում,

քնքուշ է մանկության պես

եւ ծերության պես մահամերձ,

թեթեւ երազի պես

եւ մահվան պես ծանր,

ծիծաղելի ու պաթետիկ,

հեզ է ու մարտնչող:

(«Հայրենիքը սեր է»)

Արտավազդ Նազարյանն իրեն «հին սերնդի գրող» է համարում, քանի որ առաջին բանաստեղծությունը տպագրվել է դեռեւս 1961 թվականին: Նախ զբաղվել է լրագրությամբ եւ թղթակցել տարբեր թերթերի, այդ թվումՙ «Ազգ»ին, ապա անցել գիտական աշխատանքի Հայ եկեղեցու Օշականի դպրատանը, հետո նվիրվել գրականությանըՙ ստեղծագործելով տարբեր ժանրերումՙ քառյակից մինչեւ պոեմ: Խոստովանում էՙ բոլոր ժամանակներում ու տարբեր աշխատանքներին զուգահեռ երբեք չի դադարել գրելուց:

«Բանաստեղծ Ղուկաս Սիրունյանը պատահաբար ընթերցեց բանաստեղծություններս. սկզբում ընթերցում էր զարմացած, հետո զայրացած, վերջումՙ ագահաբար»,-տարիների հեռվից հիշում է Արտավազդ Նազարյանն ու հավելում, որ հենց այդ պահից մի կողմ է դրել թերթն ու կազմել առաջին գիրքըՙ «Մասնատուփ»-ը, որը տպագրվեց 2015 թվականին:

Իր գրական կյանքում բանաստեղծը կարեւորում է նաեւ իր ժողովածուների խմբագրիՙ գրականագետ Երվանդ Տեր-Խաչատրյանի դերը, ում հետ մշտապես գրական վեճեր են ունենումՙ տողի, բառի ընտրության հարցում:

«Մասնատուփ», «Արվարձան» եւ «Ուղեփակոց». սրանք Արտավազդ Նազարյանի տարբեր տարիների բանաստեղծական ժառանգությունն ամփոփող գրքերն են, որոնցում նա բաց զրույցի է հրավիրել ընթերցողներինՙ իր ապրումների ու հույզերի մասին խոսելով անկաշկանդ, ազատ լեզվով ու միայն իրեն բնորոշ ոճովՙ առանց բանաստեղծական կաղապարների:

Հայաստանի եւ Ամերիկայի ու Կանադայի Թեքեյան մշակութային միությունների համատեղ նախաձեռնությամբ արդեն 27-րդ անգամ անցկացվող «Վահան Թեքեյան» մրցանակաբաշխությունն իրականացվում է «Ագապի-Շաքե Ղազարյան» հիմնադրամի ֆինանսական աջակցությամբ: Այս տարիներին մրցանակների եւ դրամական պարգեւների են արժանացել հարյուրից ավելի արվեստագետներ, գիտնականներ:

Արտավազդ Նազարյանը մեծ պատիվ է համարում Հայաստանի Թեքեյան մշակութային միության «Վահան Թեքեյան» մրցանակին արժանանալը: Նա համարում է, որ սա այն գնահատանքն է, որը տրվում է գրաքննադատության, գրողին արժեւորելու բացակայության պայմաններում:

Լրագրություն, գիտական աշխատանք, գրականություն.տարիների հեռվից Արտավազդ Նազարյանն ամփոփեց անցած ուղին ու վերահաստատեց ՙ կմնա նորից գրականության մեջ, բայց արդեն արձակի ժանրում:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #43, 18-11-2021

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ