RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
#041, 2021-11-05 > #042, 2021-11-12 > #043, 2021-11-18 > #044, 2021-11-26

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #43, 18-11-2021



ՄՇԱԿՈՒՅԹ

Տեղադրվել է` 2021-11-19 00:52:44 (GMT +04:00)


Ընթերցված է` 817, Տպվել է` 2, Ուղարկվել է էլ.փոստով` 0

ՍԵՐԲ-ՀԱՅԿԱԿԱՆ ԲԱՐԵԿԱՄՈՒԹՅԱՆ ԵՎ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՄԻ ՆՈՐ ԱՎԱՆԴ

ԱՆՈՒՇ ԲԱԼԱՅԱՆ, Բելգրադ

Սերբիայի մշակույթի եւ տեղեկատվության նախարարությունը, արդեն չորրորդ անգամ, ընդունում է «Ակցիա կույրերի համար» կազմակերպության նախագիծըՙ «Արվեստագետի շարժունություն» խորագրով: Այս տարի գարնանը հայտարարված մրցույթին կազմակերպության նախագահ, գրող-երաժիշտ Լուկա Յոկսիմովիչ Բարբաթի հետ մասնակցեցինք «Գիրքըՙ որպես հոգու հայելի» վերնագրված նախագծով, հիմքում ունենալով Ավետիք Իսահակյանի անվան կենտրոնական գրադարանի տնօրեն Հասմիկ Կարապետյանի հրավերը: Այդ գրադարանում արդեն 2016 թ. հյուրընկալվել էինք, երբ շնորհանդեսին ներկայացրինք սերբ հեղինակ Վեսելին Ջելետովիչի «Յոհանի սերբական սիրտը» վիպակի հայերեն թարգմանությունը:

Մեր առաջին հանդիպումն ընթերցողի հետ կայացավ անցած հոկտեմբերի 8-ին, Իսահակյանի անվան քաղաքային գրադարանում: Տնօրեն Հասմիկ Կարապետյանի ողջույնի խոսքից հետո բանասեր Արծվի Բախչինյանը ներկաներին մանրամասնորեն ներկայացրեց Լուկա Յոկսիմովիչ Բարբաթինՙ որպես գրողի, իր «Հայերը եւ սերբերը» գրքի համահեղինակ եւ «Կրակագույն պատմվածքների» հեղինակի: Նա նկատեց, որ ժողովածուում ընդգրկված պատմվածքները բազմաժանր ենՙ խորը փիլիսոփայականից մինչեւ դետեկտիվ, հումորիստականից մինչեւ հոգեւոր եւ երաժշտական արվեստի թեմատիկայով:

«Կրակագույն պատմվածքներ» գիրքը հրատարակեց «Հայաստան» հրատարակչությունը, որի տնօրեն Վահագն Սարգսյանը միաժամանակ նաեւ գրքի խմբագիրն է: Վերջինս հանգամանալից վերլուծեց Լուկայի պատմվածքներըՙ նշելով, որ պատմվածքները բազմաշերտ ենՙ գրված մի հեղինակի կողմից, որը գերազանց ճանաչում է հոգեբանությունը: Դա զարմանալի չէՙ հաշվի առնելով գրողի ստացած կրթությունը: «Պատմվածքներն ընդգծված հոգեբանական են, դինամիկ են եւ անսպասելի, սակայնՙ հնարավոր ու ակնկալելի շրջադարձներով»: Հրատարակիչը գիրքը ջերմորեն հանձնարարեց ընթերցողին:

Ողջույնի իր խոսքն ուղղեց հանդիսատեսին նաեւ Լ.Յ.Բարբաթը : Նրա խոսքը դուրս եկավ իր գրքի սահմաններից. նա ընդգծեց հայ ազգի հանդեպ տածած իր համակրանքը, հայ եւ սերբ ժողովուրդների գոյություն ունեցող բարեկամությունը եւ այն առավել ամրապնդելու անհրաժեշտությունը:

Խոսեց նաեւ թարգմանչուհի Անուշ Բալայանը : Նա, բացի «Կրակագույն պատմվածքները» ժողովածուից, ներկայացրեց իր թարգմանական գործունեությունը, թարգմանած եւ հրատարակված գրքերը, ինչպես հայերենից սերբերեն, այնպես էլ սերբերենից հայերեն:.

Արդեն ավանդույթ է դարձել, որ գրքի շնորհանդեսի բաղկացուցիչ մասը կազմի փոքրիկ համերգը: Լուկան կիթառ է նվագում եւ նույն հաջողությամբ կատարում սերբերեն, իտալերեն եւ հայերեն երգեր: Նրա, «Կռունկի» հուզական կատարումից հետո, «Սանտա Լուչիայի» կատարման ժամանակ գրադարանի տնօրեն Հասմիկ Կարապետյանի խրախուսմամբ բեմ է բարձրանում եւ իր բարիտոնով երգակցում օպերային երգիչ Արկադի Մարտիրոսյանը : Ամենավերջում, բոլորս միասին երգում ենք Էմիր Կուստուրիցայի «Սեւ կատու, սպիտակ կատու» ֆիլմից «Բուբամարա» երգը: Դրական լիցքեր ստացած հանդիսատեսը ծափահարություններով հայտնեց իր գոհունակությունը:

Հոկտեմբերի 12-ին Գիտությունների Ազգային ակադեմիայի պատմության ինստիտուտի մեծ դահլիճում ներկայացվեց «Հայերը եւ սերբերը պատմության քառուղիներում» գիրքըՙ համահեղինակությամբ Լուկա Յոկսիմովիչ Բարբաթի եւ ինստիտուտի աշխատակից Արծվի Բախչինյանի: Ելույթ ունեցան գրքի գրախոս Էլիզաբեթ Թաջիրյանը , հայ գաղթավայրերի եւ սփյուռքի բաժնի վարիչ Գեւորգ Ստեփանյանը եւ վերջերս Սերբիայից վերադարձած ինստիտուտի տնօրեն Աշոտ Մելքոնյանը : Վերջինս Սերբիայում ստացած իր դրական տպավորությունները կիսեց ներկաների հետ: Նա նույնպես նշեց երկու երկրների միջեւ ուղիղ չվերթի անհրաժեշտության մասին:

Այնուհետեւ, մասնավոր հանձնարարականով մեզ ընդունեց Գիտությունների Ազգային ակադեմիայի նախագահ Աշոտ Սաղյանը ՙ նրան հանձնելով պրոֆեսոր Բոժիդար Միտրովիչի «Կոլովենի» գիրքը, նրա հոդվածը եւ նամակը: Բոժիդար Միտրովիչն իր հսկայածավալ գիրքը նվիրեց Հայաստանի ազգային ակադեմիայինՙ դրանով կրկին ընդգծելով Հայաստանի հանդեպ ունեցած յուրահատուկ սերն ու արժանիքը:

Հոկտեմբերի 14-ին Ազգային գրադարանում տեղի ունեցավ մեր երրորդ հանդիպումը ընթերցողի հետ: «Կրակագույն պատմվածքներ» ժողովածուն կրկին ներկայացրեցին Վահագն Սարգսյանը եւ Արծվի Բախչինյանը, ապաՙ հեղինակը:

Հոկտեմբերի 18-ին մեզ ընդունեց Սերբիայի դեսպանատան գործերի ժամանակավոր հավատարմատար տիկին Տատյանա Պանայոտովիչ Ցվետկովիչը : Հանդիպումն անցավ ջերմ ու անմիջական մթնոլորտում: Քննարկվեցին երկուստեք հետաքրքրություն ներկայացնող հարցեր եւ արտահայտվեց հետագայում առավել ակտիվ համագործակցության պատրաստակամություն:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #43, 18-11-2021

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ