RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
#042, 2021-11-12 > #043, 2021-11-18 > #044, 2021-11-26 > #045, 2021-12-03 > #046, 2021-12-10

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #44, 26-11-2021



Տեղադրվել է` 2021-11-25 23:17:19 (GMT +04:00)


Ընթերցված է` 2606, Տպվել է` 4, Ուղարկվել է էլ.փոստով` 0

GPS-ԻՑ ԴՈՒՐՍ ՄՆԱՑԱԾ ԱՆՀԱՍՑԵ ՎԱՅՐԵՐ ԵՐԵՎԱՆՈՒՄ

ԳՐԻԳՈՐ ԱՌԱՔԵԼՅԱՆ

Մեր քաղաքում կան այնպիսի անհասցե վայրեր, որոնք գլոբալ տեղորոշման համակարգերի օգնությամբ անգամ հնարավոր չէ ցույց տալ քարտեզի վրա: Օրինակ, երբ ուզում ես մեկին մոլորության մեջ գցել, կամ ուշադրությունը շեղել, ուղարկում ես մի անորոշ հասցեով, որը կոչվում է «ՊԵՉԵՆՈՒ ԲԱՂԵՐ»:

Մեզ մոտ «ՍԱՏԱՆԱ» մականունով թաղային հեղինակության տիրությում գտնվող մի թաղամաս էլ կա, որտեղ խորամանկություն, կամ, առավել եւս, քյանդրբազություն անելը խիստ արգելված է: Հաստատ կռահեցիք, որ այդ անհասցե թաղամասը կոչվում է «ՍԱՏԱՆԻ ՄԱՅԼԱ»:

Կադաստրային քարտեզագրման չի ենթարկվել, հետեւաբար նաեւ անհասցե է այն վայրը, ուր սովորաբար ոչ ոք չի ցանկանում հայտնվել: Բայց երբեմն ստիպված ես լինում քեզ համար ոչ ցանկալի մարդկանց ուղարկել այն վայրը, որի վրա փակցված ցուցանակին գլխատառերով գրված էՙ «ՋԱՆԴԱՄԻ ԳՅՈՌ» բառակապակցությունը:

Անցանկալի մարդկանց խռիկ տալու մեկ այլ վայր էլ կա, որը կապ չունի Բաղրամյան -3 հասցեում գտնվող Գրողների միության հետ: Բայցեւայնպես, այդ անպաճույճ վայրը կոչվում է «ԳՐՈՂԻ ԾՈՑ»: Քանի որ Գրողների միությանը չանդամակցող այդ «ստեղծագործողը», ըստ հայկական հավատամքի, մարդու արարքները ողջ կյանքի ընթացքում գրի առնող երեւակայական ոգին է:

Մեր քաղաքում կա նաեւ սուպերմարկետից ավելի պարզունակ տեսքով մի հաստատություն, որը կոչվում է «ՀՈՐ ԴՈՒՔՅԱՆ»: Բնականաբար, այդ դուքյանից ուզածդ ապրանքը կարող ես վերցնել ու հեռանալ: Այս հաստատությունն էլ տեղորոշված չէ գլոբալ համակարգերի, ասել է թե` GPS-ի միջոցով:

Գրեթե «հոր դուքյանի» դերն է կատարում «ԲՈՅԱԽԱՆԻ ԿԱՐԱՍ» կոչված այն վայրը, որը հին երեւանցիներին ծանոթ բոյախչիների (ներկարարներ) թաղամասում էր գտնվում:

Կադաստրային քարտեզների վրա նշված չէ նաեւ այն վայրը, որտեղ մարդիկ կարող են կտրվել առօրյա հոգսերից ու անվրդով վայելել իրենց հանգիստը: Իսկ դա «ԷՇԻ ԱԿԱՆՋՆ» է, որտեղ քուն մտած անձի պետքը չէ, թե ի՞նչ է կատարվում աշխարհում: Կա նաեւ «ՈՒՂՏԻ ԱԿԱՆՋԻ» մեջ քնելու հանձնարարելի տարբերակը, սակայն մեզ մոտ ավելի հեշտ է ավանակ գտնել, քանՙ սապատավոր կենդանի:

Շատ ավելի պրակտիկ նշանակություն ունի անհասցե վայրերի շարքում գտնվող այն ապահով անկյունը, որտեղ մուտք գործելու համար երբեմն ստիպված ես վճարել անգամ 1000 թուման (օրվա սակագնով): Իսկ դա «ՄԿԱՆ ԾԱԿ» կոչված հայտնի ապաստանն է:

Եվ վերջապես, կա բոլորիս հայտնի մի վայր, որտեղ դու կարող ես հայտնվել երանության մեջ եւ չունենալ առօրյա հոգեմաշ ու տառապալի տեղեկատվությունը լսելու պարտադրանքը: Իսկ դա «ՄՈՐ ՓՈՐՆ» է:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #44, 26-11-2021

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ