RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
#042, 2021-11-12 > #043, 2021-11-18 > #044, 2021-11-26

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #44, 26-11-2021



Տեղադրվել է` 2021-11-25 23:17:19 (GMT +04:00)


Ընթերցված է` 669, Տպվել է` 2, Ուղարկվել է էլ.փոստով` 0

«ՏՐՈՅԱԿԱՆ ՁԻՆ ԱՅՐԵԼՈՒ ՊԱՀԸ ՀԱՍՈՒՆԱՑԵԼ Է»

ՍԵՎԱԿ ՎԱՐԴՈՒՄՅԱՆ

Երեւանի փողոցներում օրեր շարունակ հանրային նշանակության մի քանի դեմքերիՙ «5165» շարժման առաջնորդ Կարին Տոնոյանի , ԱԺ նախկին պատգամավոր Սոֆյա Հովսեփյանի , լրագրող Նաիրի Հոխիկյանի գլխավորությամբ 2018 թ. իշխանափոխության նույն գործելաոճով իրազեկման ու բողոքի ակցիաներ են կազմակերպվում: Հրապարակում հավաքվածները վարչապետ Նիկոլ Փաշինյանին հորդորում են թափանցիկ գործել ու հրապարկել, թե դեմարկացիայի ու դելիմիտացիայի մասին ինչ փաստաթուղթ է ստորագրելու: «Ազատագրական շարժում» անվանումը ստացած նորաստեղծ ընդդիմության գերնպատակն է, որ Փաշինյանը որեւէ դեպքում չստորագրի Ադրբեջանին Սյունիքի ճանապարհով միջանցք տրամադրելու հավանական փաստաթուղթը:

«Ազգ»ը մի քանի օր շրջել է Հանրապետության հրապարակում ու զրուցել շարժման հանրահավաքին եկած ամենատարբեր մասնագիտության տեր մարդկանց հետ:

«Ե՞րբ պետք է թուրքից ու թուրքի շնչից, թրքամոլներից աղտահանվի այս հոյակերտ շենքը»,- հայացքը կառավարության շենքին ուղղելովՙ ասում է «Ազատագրական շարժման» հրավիրած հանրահավաքի մասնակից մանկավարժ Գյուլնարա Եղիազարյանը : Նա չի հավատում, ավելինՙ ծիծաղելի ու միամտություն է համարում, թե Նիկոլ Փաշինյանը թափանցիկ կգործի ու հանրությանը կներկայացնի, թե ինչ փաստաթուղթ է պատրաստվում ստորագրել: Ըստ նրաՙ Փաշինյանն ինքը թափանցիկ է, պարզապես մեր ազգը աչքեր չունի, որ տեսնի նրա ներսի եղած-չեղածը: «Ժողովուրդը քանդեց ազգի տունը: Այսօր տավուշցիների մի մասը մտածում է, որ Սյունիքում ինչ ուզում է, թող լինի, միեւնույնն էՙ այն իրենցից բավական հեռու է: Չեմ հասկանում, մենք այդքան տգե՞տ ենք, այդքան ընկե՞լ ենք մեր զբաղեցրած դիրքից: Մեր ազգի էլիտան ո՞ւր է, ինչո՞ւ այսօր հրապարակում չէ,- ասում է մանկավարժն ու վրդովվում,- ոստիկանությունը, հացկատակ, պնակալեզ կառույց է դարձել: Գլխավոր դատախազությո՛ւն, հո դուք կրկեսի շնիկներ չե՞ք. ով շաքար է դնում ձեր ձեռքում, բերաններդ եք տանում, ասումՙ ամեն բան լավ է: Արթուր Դավթյանը նրան ինչո՞ւ չի ձերբակալում: Ոստիկանապետ Վահե Ղազարյանին, Ազգային անվտանգության տնօրեն Արմեն Աբազյանին հազար անգամ ամոթանք եմ տվել, էլ լուտանք չկա, որ չթափեմ դրանց գլխին: Թուրքն ինչո՞վ է մեղավոր, երբ ինքներս ենք մեզ վերացնում»:

44-օրյա պատերազմի մասնակից Արման Մխիթարյանն ու զինակից ընկերներն օրեր առաջ են դիմել տարածքային զինկոմիսարիատներ, բայց նրանց ո՛չ զինել են, ո՛չ էլ զորահավաք են կազմակերպել: Բայց, ի տարբերություն մեզ, ասում է, Ադրբեջանում զորահավաք է հայտարարվել: Ցավով է նշում, որ մենք ասես «տանը չենք»: Մեր զրուցակիցը հիշում էՙ գրեթե նույն բանն էլ 44-օրյա պատերազմի ժամանակ էր կատարվում. «Կոնկրետ մեր ջոկատը զինված էր, զրահաբաճկոններ ունեինք, բայց եթե համեմատում եմ ադրբեջանական կողմի հետ, ապա մեր ձեռքի զենքերը բարոյապես մաշված էին: Չնայած դա էլ խնդիր չէր, ու եթե կազմակերպվածություն ու հրամանատարական կազմ լիներ, ամեն բան այլ կլիներ: Այն հատվածում, ուր ես եմ եղել, չեմ դժգոհում, ամեն բան նորմալ էր. եւ՛ հրամկազմը, եւ՛ պաշտպանական գծի ղեկավարն իրենց տեղում են եղել, բայց հարավում խայտառակություն է եղել, ՄՈԲ-ն ուղղակի անտեր է մնացել, մարդիկ ո՛չ առջեւը, ո՛չ հետեւը, ո՛չ հարավը, ո՛չ հյուսիսը չեն իմացել, ու դա է պատճառը, որ այսքան գերիներ ունեցանք»:

Մխիթարյանը, որ օրերս է Գորիսից վերադարձել, փոխանցում էՙ այնտեղ էլ ցայտնոտային իրավիճակ է, մարդիկ փորձում են սեփական, համայնքային ուժերով ինչ-որ բան անել, կամավորական խմբեր ձեւավորել: Պետության ու պետական ձեռքի բացակայությունը, միանշանակ, այնտեղ էլ է զգացվում:

Պատերազմի մասնակցի գնահատմամբ, 44-օրյա պատերազմից ավելի քան մեկ տարի անց մարդիկ թմբիրից արթնացել են, պարզապես հաջորդական քայլերի են սպասում, որ հրապարակ դուրս գան: Տրոյական ձին այրելու պահը, ընդգծում է, հասունացել է:

Քաղաքական գործիչ Նարինե Դիլբարյանը խիստ կասկածում է, թե Նիկոլ Փաշինյանը կանսա հրապարակում հավաքվածների կոչերին ու առավել թափանցիկ կգործի: Բացատրում էՙ եթե մինչեւ այս պահը Փաշինյանի ղեկավարած կաբինետը որեւէ հարցի ականջալուր չի եղել, ապա չեմ կարծումՙ երբեւէ լինի: Ցասումը, դիմադրությունը կամ սեփական տեսակետը արտահայտելու համար է, որ մարդիկ հրապարակ են դուրս գալիս: Դիլբարյանն արձանագրում է, որ Հայաստանում այսօր հանրային ճգնաժամ է, ինչը որեւէ կերպ հաղթահարել չենք կարողանում: «Ո՞րն է ճգնաժամից դուրս գալու լուծումը» հարցին մեր զրուցակիցն այսպես է արձագանքում. «Դա այն հարթակի ստեղծումն է, որտեղ ազգային, պետական նպատակները հստակ ներկայացված ու մշակված կլինեն: Այնպիսի հարթակի, որ ոչ թե օտարի շահերին, այլ Հայաստանի պետականության շահերին ծառայի ու, ամենակարեւորը, իշխանությանը տուն ճանապարհի: Եթե հանրությունն այդ փոփոխությունն իրականացնել չկարողացավ, ապա պարզ էՙ ինչ ճանապարհով եւ ուր է գնալու Հայաստանը: Դժվարանում եմ ասելՙ այս հարթակը կարո՞ղ է դառնալ այդպիսին, թե՞ ոչ, բայց մի բան հստակ էՙ քաղաքացին չպետք է մտածի, թե ի՞նչ ճանապարհով պետք է լուծել ազգային, պետական խնդիրները. դրանով ազգային, քաղաքական մտավորական ընտրանին է զբաղվում: Մտավորական անհատների կղզյակներն այժմ առանձին-առանձին են արտահայտվում, երբեմն էլՙ գործում, բայց եթե անգամ իրենք չեն միավորվում, ուրեմն գերճշգրիտ գործում են օտար ուժերը, որ երկիրը տանում են դեպի ինքնիշխանության ավարտի»:

Ռազմական փորձագետ Դավիթ Ջամալյանը հնարավոր պատերազմը կանխող միակ գործոնն այս պահին Հայաստանում ռուսական ներկայությունն է համարում: Հիշում էՙ այնպիսի մի ժամանակահատվածում է որպես պաշտպանության նախարարի խորհրդական աշխատել, երբ Հայաստանն էր իր անվտանգության հիմնական երաշխավորը: Այժմ, սակայն, ցավով է նշումՙ մեր երկիրն այնպիսի աղետի մեջ է, որ եթե չլիներ ռուսական գործոնը, ապա ադրբեջանական ուժերը վաղուց Գորիս-Երեւան մայրուղուն ու Վարդենիսի գյուղերին հասած կլինեին: Բայց մյուս կողմից էլ, մանրամասնում է, եթե Հայաստանը կորցնի այն, ինչ պոտենցիալ առումով վտանգված է, գոյաբանական վտանգ է ստեղծվելու թե՛ Ռուսաստանի, թե՛ Իրանի համար: «Անգամ Արցախի օկուպացված տարածքների թրքապատկանությունն է գոյաբանական վտանգ ստեղծում այդ երկու երկների համար: Չմոռանանքՙ Արցախի հարավըՙ Արաքսի հովիտը, պատերազմի օրերին ահաբեկչական պլացդարմի էր վերածվել: Ադրբեջանական կողմը սիրիացի ահաբեկիչներին «խաղաղ բնակչության» անվան տակ էր ասյտեղ տեղակայել, թե իբրեւ իրենց սահմնանապահներն են: Այդ պլացդարմից վաղը, մյուս օրը հարվածելու են Հյուսիսային Իրանին ու Ռուսաստանի հարավին: Սա բրիտանական սցենարն է, ինչը ռուսները շատ լավ հասկանում են ու թե՛ պատերազմի ժամանակ, թե՛ հիմա էլ պատրաստ են օժանդակություն ցույց տալ Հայաստանին, ու Ռուսաստանի ներկայությունն է, որ զսպում է Ադրբեջանին: Ինչ վերաբերում է կոնկրետ այդ զարգացումներին, ապա դրանք կարող էին չլինել, եթե ոչ թե շոու անելով ու քաղաքացիներին հիմարի տեղ դնելովՙ օգնություն խնդրեին ՌԴ-ից, այլ ուղիղ կապով կապվեին ռուսական 102-րդ ռազմաբազայի հետ, ստանային անհրաժեշտ աջակցությունը եւ կանխեին հարձակումը: Կարեւոր է շեշտել նաեւ, որ անգամ շատ թուլացած վիճակումՙ Ռուսաստանի հետ դաշնակիցներ ենք, որովհետեւ մեր դաշինքի նշանակությունը որքան մեզ, այնքան էլ ռուսական կողմի համար է կարեւոր»,- ներկայացնում է Դավիթ Ջամալյանը:

«Ազատագրական շարժումը» հոգեբան Կարինե Նալչաջյանին այն հույսն է տալիս, որ թեեւ իշխանությունը մոտ երեք տարի է, ինչ խաբում, հիասթափեցնում է ամեն հարցում, բայց մարդիկ արթնանում են թմբիրից: Նալչաջյանի գնահատմամբՙ Փաշինյանի պաշտոնավարման մոտ երեք տարին խաբեության, ստի, կործանման, ոչնչացման տարիներ են եղել:

«Լավատես եմ, որովհետեւ տեսնում եմ, որ այն, ինչ վարկաբեկվել էՙ հայրենասիրական կայծն ու առ հայրենիք սերը, գլուխ է բարձրացնում: Վիլյամ Սարոյանի «Հայի ոգին զորավոր ոգի է» խոսքն եմ տեսնում այս հարթակում: Պատերազմում ոչ միայն հայրենիք ենք կորցրել ու կորցնում, ոչ միայն այդքան լույս ենք գերեզման դրել, այլ դադարել ենք վստահել ու սիրել իրար: Իսկ այս հավաքներով ու հանդիպումներով ասես նորից մեր ազգային «մենք»-ին ենք վերադառնում,- նշում է հոգեբանըՙ ակնկալելով, որ իրեն ժողովրդական մարդ համարող Փաշինյանը կիջնի ու կկանգնի իր ժողովրդի առաջ,- այստեղից շատերն իրեն վստահել են. նա պետք է գա, կանգնի բոլորի առջեւ ու առանց մեկնաբանության ցույց տա այն փաստաղթուղթը, որը պատրաստվում է ստորագրել»:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #44, 26-11-2021

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ