RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
#042, 2021-11-12 > #043, 2021-11-18 > #044, 2021-11-26 > #045, 2021-12-03 > #046, 2021-12-10

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #44, 26-11-2021



Տեղադրվել է` 2021-11-25 23:17:19 (GMT +04:00)


Ընթերցված է` 2504, Տպվել է` 3, Ուղարկվել է էլ.փոստով` 0

«ԹՈՒՐՔԻԱՆ ԱՉՔԸ Է ԴՐԵԼ ԿՈՎԿԱՍԻ ԵՎ ՍԻԲԻՐԻ ՎՐԱ». Свободная Пресса-Նՙ ԷՐԴՈՂԱՆԻ ՔԱՐՏԵԶԱՅԻՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

Գ.ԳՅՈՒԼՈՒՄՅԱՆ

Թերթի նախանցած համարում անդրադարձել էինք Թուրքիայի` Ռուսաստանի կազմում գտնվող Յակուտիայի հանդեպ բացված ախորժակի մասին: Այս համարում կփորձենք ներկայացնել թուրքական ախորժակի մի նոր` ավելի խոշոր ու մասշտաբային դրսեւորման մասին, որով սուլթան Էրդողանը աչք է տնկում Ռուսաստանի տարածքի զգալի հատվածի վրա` այն համարելով թյուրքերի ծագման երկիր:

Խոսքը Դեւլեթ Բահչելիի` Էրդողանին նվիրած քարտեզի մասին է, որն ընդգրկում է Ռուսաստանի մոտ 20 տոկոս տարածքը: Էրդողանն ու Բագրեշին լուսանկարվեցին քարտեզի հետ ու հրապարակեցին այն, որը մեծ աղմուկ բարձրացրեց: ՌԴ նախագահի մամլո խոսնակ Դմիտրի Պեսկովը «Москва. Кремль. Путин» հաղորդման շրջանակում լրագրող Պավել Զարուբինին տված հարցազրույցում մեկնաբանել է Թուրքիայի առաջնորդ Ռեջեփ Թայիփ Էրդողանի լուսանկարը «թյուրքական աշխարհի» քարտեզի հետ: Պեսկովը նշել է, որ նորմալ է համարում այն, որ թուրք գործընկերները պահպանում են թյուրքական միասնության գաղափարը: Սակայն, ինչպես հեգնանքով նշել է պաշտոնյան, Կրեմլում ցավում են, որ քարտեզի վրա մեծ կարմիր աստղ չկա թյուրքական աշխարհի կենտրոնում, որը պատմականորեն գտնվում է Ռուսաստանումՙ Ալթայում:

«Մեր թուրք գործընկերները օրորում են թյուրքական միասնության գաղափարը, դա նորմալ է: Ես միայն կարող եմ ափսոսալ, որ քարտեզի վրա, այնուամենայնիվ, մեծ կարմիր աստղ չկա թյուրքական աշխարհի կենտրոնում: Այն Թուրքիայում չէ, այն Ռուսաստանի Դաշնության տարածքում էՙ Ալթայում, յուրաքանչյուր թյուրքի համար սրբազան այն վայրում, որտեղից էլ նրանք գալիս են ծագումով: Սա որպես թուրքագետ եմ ասում»:

Արձագանք էր հնչել նաեւ Ռուսաստանի Պետդումայի ԱՊՀ գործերով, եվրասիական ինտեգրման եւ հայրենակիցների հետ կապերի կոմիտեի փոխնախագահ, ԱՊՀ երկրների ինստիտուտի ղեկավար Կոնստանտին Զատուլինի կողմից. «Ռուսաստանը դեմ է թուրքական նկրտումներին»:

Նույն առիթով հետաքրքրական հոդված է հրապարակել ռուսական համբավավոր Свободная Пресса-ն, որը թարգմանաբար ներկայացնում ենք ստորեւ:

«Թուրքիայի «Ազգայնական շարժում» կուսակցության ղեկավար Դեւլեթ Բահչելին օրերս Էրդողանին է ընծայել թյուրքական աշխարհի մի տարօրինակ քարտեզ, որն ընդգրկում է Ռուսաստանի տարածքի զգալի մասը: Բահչելիի եւ Էրդողանի հանդիպումից հետո կուսակցության թվիթերյան էջում հրապարակվել է քաղաքական գործիչների լուսանկարը, որտեղ նրանք կանգնած ենՙ շրջանակված քարտեզը բռնած: Քարտեզի վրա Ռուսաստանի Դաշնության գրեթե 20 բաղկացուցիչ սուբյեկտներՙ Դաղստանից մինչեւ Օրենբուրգի մարզ, ներառյալ Սիբիրի զգալի մասը, «տրվել» են «թյուրքական աշխարհին»:

Քարտեզում Թուրքիան, Ադրբեջանը, Թուրքմենստանը, Ուզբեկստանը, Ղազախստանը, Ղրղզստանը եւ Տաջիկստանը (*) ներկված են կարմիր: Բալկանյան թերակղզու որոշ երկրներ, Իրանի մի հատվածը, Ռուսաստանի հարավային շրջանները, ինչպես նաեւ Սիբիրի եւ Արեւմտյան Մոնղոլիայի մեծ մասը նշված են նարնջագույնով, Ալթայը, Յակուտիան եւ Չինաստանի Սինցզյան-Ույղուրական ինքնավար շրջանը նշված են դեղինով: Թե կոնկրետ ինչ են նշանակում այս գույները, քարտեզի հեղինակները չեն պարզաբանել:

«Այն արձանագրում է պանթուրքիզմի գաղափարախոսությունը, որն ավելի ու ավելի է ամրապնդում իր դիրքերը Թուրքիայում: Եվ եթե այսօր Անկարան գործում է փափուկ ուժովՙ վերականգնելով «թյուրքական աշխարհը», ապա ապագայում կարող է օգտագործել այլ գործիքներ, որոնք կարող են հանգեցնել Ռուսաստանի հետ աշխարհաքաղաքական բախման», կարծում են լրատվամիջոցի զրուցակից քաղաքագետները:

«Խոսակցությունները, որ Թուրքիան պետք է վերականգնի իր տնտեսական եւ մշակութային ազդեցությունն այն տարածքներում, որտեղ ապրում են թյուրքական մշակույթին մոտ մարդիկ, շարունակվում են երկար ժամանակ»,- նշում է Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի տնտեսագիտության ինստիտուտի Միջազգային տնտեսական եւ քաղաքական հետազոտությունների ռուսական արտաքին քաղաքականության կենտրոնի ղեկավար Բորիս Շմելյովը :

Ըստ նրաՙ պանթուրքիզմի գաղափարները սկսել են զարգանալ Էրդողանից շատ առաջ եւ հիմնականում համընկնում են օսմանիզմի գաղափարախոսության հետ, այն էՙ Թուրքիան պետք է վերականգնի իր քաղաքական եւ տնտեսական ազդեցությունը նախկին Օսմանյան կայսրության տարածքում:

«Դա հակասում է եվրոպիզմի գաղափարախոսությանը, որին Անկարան հավատարիմ էր ավելի վաղ, այն էՙ ԵՄ-ին անդամակցելու եւ աշխարհիկ պետություն կառուցելու կողմնորոշմանը: Էրդողանը պաշտպանում է պանթուրքիզմի եւ պանօսմանիզմի քաղաքականությունը, քանի որ արդեն ակնհայտ է, որ Թուրքիան տեղ չունի ԵՄ-ում եւ չի էլ լինի այնտեղ: Նա իրեն դիտարկում է որպես տարածաշրջանային խոշոր տերություն եւ փորձում է ամրապնդել իր հեղինակությունը հենց այս գաղափարախոսության հիման վրա:

Ես չէի թերագնահատի այս գաղափարախոսության նշանակությունը թե՛ Թուրքիայի արտաքին քաղաքականության, թե՛ Ռուսաստանի անվտանգության համար: Մենք ականատես ենք Թուրքիայի ազդեցության ուժեղացմանը Կովկասում, դա ակնհայտ է: Նրան տեսնում ենք Աբխազիայում, Աջարիայում, բավականին ակնհայտՙ Ադրբեջանում: Թուրքիան ակտիվացրել է իր քաղաքականությունը Կենտրոնական Ասիայումՙ փորձելով ստեղծել մի տեսակ պանթյուրքիստական միությունՙ իր գլխավորությամբ:

Շատ մեծ խաղ է ընթանում, եւ Թուրքիան դառնում է հետխորհրդային տարածքում եւ հենց Ռուսաստանում իրավիճակի զարգացման գործոններից մեկը: Նրա ազդեցությունն աճում է Թաթարստանում, Բաշկորտոստանում, նույնիսկ Ղրիմում: Այդ ազդեցությունն իրականացվում է, այսպես կոչված, փափուկ ուժի օգնությամբՙ մշակութային հարաբերությունների, տնտեսական կապերի զարգացման միջոցով: Բայց Թուրքիան այդ լծակների օգնությամբ փորձում է լուծել նաեւ իր աշխարհաքաղաքական խնդիրները:

Մենք տեսնում ենք մի տեսակ աշխարհաքաղաքական մարտահրավեր Թուրքիայի կողմից Ռուսաստանին: Մենք բախվում ենք ոչ միայն Սիրիայում, որտեղ մեր շահերը հակասում են, այլ նաեւ հետխորհրդային տարածքում, ե՛ւ Կովկասում, ե՛ւ նույնիսկ հենց Ռուսաստանում: Մենք հիմա այս մասին չենք խոսում, մենք լռում ենք այս փաստի մասին եւ առանձնահատուկ ուշադրություն չենք դարձնում: Բայց մեր իրական քաղաքականության մեջ այս գործոնը պետք է հաշվի առնել:

Թուրքիան ունի զգալի ֆինանսական եւ նյութական ռեսուրսներ, որոնցով կարող է մեծացնել իր ազդեցությունը հետխորհրդային տարածքում եւ Ռուսաստանում: Նրանք ցանկանում են ուժեղացնել իրենց ազդեցությունն այս տարածքում, ստեղծել պանթյուրքիստական աշխարհ եւ դրա հիման վրա ամրապնդել իրենց դիրքերը Եվրոպայում, Մերձավոր Արեւելքում եւ ողջ աշխարհում:

Սա շատ մեծ խաղ է: Թե սա որքան ժամանակ կարող է շարունակվել եւ ինչպես կազդի ռուս-թուրքական հարաբերությունների վրա, ցույց կտա ժամանակը: Իրական քաղաքականության մեջ Թուրքիան դեռեւս որոշակի զսպվածություն է ցուցաբերում եւ չի անցնում կարմիր գծերը, ինչը կառաջացներ Ռուսաստանի բացահայտ առարկությունը: Նա գործում է դանդաղ, հանգիստ հասնում է իր նպատակին: Բայց կարծում եմ, որ որոշակի ժամանակ անց աշխարհաքաղաքական շահերի այս բախումը չի կարող ջրի երես դուրս չգալ: Սա կարող է լուրջ ճգնաժամի հանգեցնել ռուս-թուրքական հարաբերություններում»,- նշել է Շմելյովը:

Ռուսաստանի Գիտությունների ակադեմիայի Համաշխարհային տնտեսության եւ միջազգային հարաբերությունների ինստիտուտի գիտաշխատող Վիկտոր Նադեին Ռաեւսկին , իր հերթին, ասել է. «Բնականաբար, սա մեր անվտանգության համար վտանգ է ներկայացնում: Ռուսաստանի տարածքի 56%-ը կազմում են ազգային-տարածքային կազմավորումները, եւ դրանց մեծ մասը կապված է թյուրքական մշակույթի հետՙ Տիվա, Բաշկորտոստան, Թաթարստան եւ այլն:

1992 թվականից այս շրջաններում եւ ամբողջ հետխորհրդային տարածքում մշակութային եւ կրթական կառույցների ակտիվ թուրքացում է տեղի ունենում: Այո, 2006-ին այս թուրքական լիցեյները արգելվեցին, բայց ինչ-որ տեղ սկսեցին գործել որպես մասնավոր դպրոցներ: Եվ ի տարբերություն նախկին խորհրդային հանրապետությունները միավորելու մեր փորձերի, թուրքերը հաջող քաղաքականություն են վարել: Իսկ այսօր իշխանության են եկել թուրքամետ ոգով դաստիարակված երիտասարդներ:

Ինչ վերաբերում է հարցի ուժային մասին, ապա թուրքերն արդեն ստացել են հետխորհրդային տարածքում ակտիվ գործողությունների առաջին փորձը: Ամբողջ գործողության թուրքական կառավարման շնորհիվ նրանք հասան ակնհայտ հաջողությունների եւ հաղթեցին Հայաստանին Լեռնային Ղարաբաղում: Կարող եմ այդպես ասել, քանի որ հայկական բանակը չհատեց Ղարաբաղի սահմանները:

Ես վստահ եմ, որ քարտեզը միայն այսբերգի գագաթն էՙ ժամանակակից աշխարհի թուրքական ըմբռնման ցուցիչ: Նրանք հավատում են, որ ի վիճակի են վերստեղծել հսկայական համայնք, որը կկառավարի աշխարհը: Սա շատ վտանգավոր երեւույթ է, եւ այս ծրագիրն արդեն մեծ մասամբ իրականացվել է: Բայց մեր թյուրքական հանրապետություններում, ինչպես նաեւ նորանկախ պետություններում Ռուսաստանի եւ ռուսաց լեզվի դիրքերն ամրապնդելու փորձի փոխարեն, մենք ամեն ինչ բարձիթողի վիճակում ենք թողել, եւ թուրքերը լավ օգտագործեցին դա»:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #44, 26-11-2021

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ