RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
#042, 2021-11-12 > #043, 2021-11-18 > #044, 2021-11-26 > #045, 2021-12-03 > #046, 2021-12-10

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #44, 26-11-2021



Տեղադրվել է` 2021-11-25 23:17:20 (GMT +04:00)


Ընթերցված է` 2460, Տպվել է` 1, Ուղարկվել է էլ.փոստով` 0

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՈՒ ԱԴՐԲԵՋԱՆԻ ՊԱՏԿԵՐԱՑՈՒՄՆԵՐԸ ԽԱՂԱՂՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ ՀԱՏՄԱՆ ՈՐԵՎԷ ԿԵՏ ՉՈՒՆԵՆ

ՍԵՎԱԿ ՎԱՐԴՈՒՄՅԱՆ

Խաղաղության մասին մեր ու Ադրբեջանի պատկերացումները բոլորովին տարբեր են։ Թեեւ հատկապես 44-օրյա արյունալի պատերազմից հետո իշխանության տարբեր ներկայացուցիչների շուրթերից լսում ենք հարեւանների հետ խաղաղ համակեցություն հաստատելու եւ, ինչու ոչ, հարեւանություն անելու մասին, բայց ադրբեջանցիները հաստատ նույն կերպ չեն մտածում։ 2018-ի քաղաքական վերադասավորումներից հետո, երբ իշխանության եկավ Նիկոլ Փաշինյանը, խաղաղության դարաշրջանի կարմիր ժապավենը կտրելու մասին առաջինը հենց Փաշինյանն էլ հայտարարեցՙ վերելակի մեջ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի հետ շփվելուց ու նրան կիրթ անձնավորություն հայտարարելուց հետո։ Խաղաղության թեզը Փաշինյանի կինըՙ Աննա Հակոբյանը, շարունակեցՙ հորդորելով փամփուշտներից զարդեր ձուլել։ Ավելինՙ Ադրբեջանի նախագահի տիկնոջը Հակոբյանն Արցախում համատեղ մուղամ լսելու հրավեր ուղարկեց։ Տիկին Ալիեւան մուղամ լսելու, իհարկե, եկավ, բայց առանց Աննա Հակոբյանի եւ ավելի քան 4000 հայերի կյանք արժեցած ողբերգական պատերազմից հետո։

44-օրյա պատերազմից ու պարտությունից հետո, երբ թվում էր, թե ոչ միայն ադրբեջանցիների, այլեւ, առհասարակ, թուրքերի հետ խաղաղության գնալու մասին խոսակցություն լինել անգամ չի կարող, Ադրբեջանին եղբայրության ձեռք մեկնելու հայտարարություններն է՛լ ավելի են շատացել։ Եռաբլուրում հանգչող տղաների ծնողները խաղաղության ու վայ-հարեւանի հետ սահմանները բացելու մասին լսել անգամ չեն ուզում, դրան զուգահեռՙ Փաշինյանն ընդգծում էՙ տարածաշրջանի ճանապարհներն ու երթուղիները ապաշրջափակելու հարցում իր տեսակետը խիստ դրական է ու նախաձեռնողական։

Ադրբեջանցիների պատկերացումները խաղաղության մասին ուղղակիորեն արյան կամ հայերի հլու-հնազանդ լինելու հետ են առնչվում։ Խաղաղությո՞ւն եք ուզում, ուրեմն պատրաստ եղեք ընդունել մեր գերակայությունը ոչ միայն տարածաշրջանում, այլ նաեւ ձեր երկրի ներսում, ու մենք, բարի կամք դրսեւորելով, ձեզ հետ հաշտ-խաղաղ կապրենք։ Հակառակ դեպքումՙ ստիպված ենք լինելու վերացնել թյուրքական երկու պետությունների կոկորդին կանգնած ոսկորն ու միավորել եղբայրական երկրները։

Ադրբեջանցիների խաղաղության բանաձեւը, փաստորեն, կա՛մ մեր բնաջնջումն է, կա՛մ իրենց գերակայության ճանաչումն ու ընդունումը։

Եթե մինչեւ 44-օրյա պատերազմը կամ դրա ավարտից մեկ-երկու ամիս անց Ադրբեջանը խաղաղության պայմանագիրը կնքելու համար պայման էր դնում Ադրբեջանի տարածքային ամբողջականության ընդունումը, այսինքնՙ Արցախից հրաժարվելը, այժմ, փաստորեն, այդ փաթեթի մեջ նաեւ Հայաստանի որոշ տարածքներ է ներառել եւ ուժի, սպառնալիքի, զենքի ու հարձակումների միջոցով շարունակում է իր օրակարգը թելադրել։

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #44, 26-11-2021

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ