RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
#042, 2021-11-12 > #043, 2021-11-18 > #044, 2021-11-26 > #045, 2021-12-03 > #046, 2021-12-10

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #44, 26-11-2021



Տեղադրվել է` 2021-11-25 23:17:20 (GMT +04:00)


Ընթերցված է` 2185, Տպվել է` 3, Ուղարկվել է էլ.փոստով` 0

ՀԱՆՐԱՅՆԱՑՐՈ՛Ւ ՓԱՍՏԱԹՈՒՂԹԸ, ՓԱՇԻՆՅԱ՛Ն

ՆԱԻՐ ՅԱՆ

Նիկոլ Փաշինյանը մեկ անգամ չէ, որ հայտարարել էՙ պատրաստ է ստորագրել Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ սահմանագծման ու սահմանազատման փաստաթուղթը:

Այն, որ Հայաստանի բնակչությունը վաղուց դադարել է ընդվզման, ինքնապաշտպանական առողջ բնազդներ դրսեւորել, արդեն զարմանալի չէ: Հայ ժողովուրդը վերածվել է ուղղակի Հայաստանի տարածքում ապրող բնակիչների. ոչ մի հավաքական միտք, հայրենիքի, պետության պաշտպանությանը, սեփական անվտանգությանն ուղղված ոչ մի գործողություն:

Ժողովրդին ոտքի հանելու, ինքնապաշտպանական բնազդներն արթնացնելու եւ համահավաք ընդվզման մղելու նպատակով 5165 շարժումը նախաձեռնել է բողոքի երթեր ու ցույցերՙ Նիկոլ Փաշինյանից պահանջելով հրապարակել այն փաստաթուղթը, որը նա պատրաստվում է ստորագրել:

5165 շարժումը նախապես հանդես էր եկել հայտարարությամբ. «Փաստաթղթի վերաբերյալ կան հիմնավոր կասկածներ, որ Հայաստանի Հանրապետությունից թշնամուն զիջվելու են կենսական նշանակության տարածքներ, ռազմավարական կապուղիներ ու բարձունքներ, իսկ Արցախը ճանաչվելու է Ադրբեջանի մաս:

Մեր մտահոգություններն ավելանում են, քանի որ նշված փաստաթղթի բովանդակության բացահայտմանն ուղղված խորհրդարանական ու արտախորհրդարանական նախաձեռնությունները տապալվում են:

Համաձայն ՀՀ Սահմանադրությանՙ ՀՀ տարածքի փոփոխությանը վերաբերող հարցերը լուծվում են բացառապես հանրաքվեի միջոցով»:

Այդ հայտարարությունը հիմք համարելովՙ 5165 շարժումը փորձում է գիտակից, սրտացավ, ազգային ու սեփական անձի ինքնորոշման նկատմամբ ոչ անտարբեր մարդկանց ոտքի հանել, համախմբել:

Բողոքի ակցիաներին միացել է «Զարթոնք» կուսակցությունը, ինչպես նաեւ քաղաքական վերլուծաբաններ, փորձագետներ ու ոչ մեծ թվով քաղաքացիներ: Նրանք նաեւ իրազեկման ակցիաներ են իրականացնում փողոցներում, բուհերի շրջակայքումՙ անցորդներին, ուսանողներին, դասախոսներին բացատրելով, թե ինչ վտանգներ ու սպառնալիքներ են սպասվում մեզ, եթե չհամախմբվենք ու չպայքարենք Հայաստանը կործանելու իշխանական ծրագրի դեմ:

«Զարթոնք» կուսակցության ներկայացուցիչ, փաստաբան Արա Զոհրաբյանը, դիմելով քաղաքական ընդդիմադիր ուժերին, նշում է.«Մենք ձեզ մրցակից չենք, խնդրում եմ, խանդի եւ այլ գործընթացների մեջ չներգրավվել: Ինչպես ասվել էՙ սայլապանս կառապանիդ վնաս չէ»:

Շարժման մասնակիցներն իշխանություններից պահանջում են զինել առաջնագիծը:

Կարին Տոնոյանը դիմում է զինծառայողների մայրերինՙ նրանց հորդորելով ոտքի կանգնել եւ պահանջել իշխանություններից զինել իրենեց որդիներին:

«Մեր զինվորն ադրբեջանցու գլխարկ է դրել ու գնացել նրանց խրամատից փամփուշտներ բերել, սա ի՞նչ է նշանակում: Մեզ մեղադրում են, թե խուճապ ենք տարածում: Գնացեք Սյունիք, Գորիս-Կապան ճանապարհով ոչ մի հայ չի անցնում, գնացեք ու անցեք այդ ճանապարհով, տեսեքՙ անվտա՞նգ է: Ի՞նչ միջանցքի մասին է խոսքը, եթե մենք դեռ գերիներ ունենք թշնամու մոտ:

Սա վերկուսակցական շարժում է, մենք վայր ենք դրել մեր կուսակցական դրոշներն ու կանգնել ՀՀ եռագույնի տակ: Սա ազատագրական շարժում է: Կոչ ենք անում բոլորիդՙ վարորդ, ուսուցիչ, ուսանող, դասախոս, միանալ մեզ, որպեսզի միասին փրկենք խորտակվող նավը»,- հայտարարում են Ազատագրական շարժման մասնակիցները:

Կարին Տոնոյանն ու Արա Զոհրաբյանը շեշտում են, որ ոչ թե պահանջում են Նիկոլ Փաշինյանի հրաժարականը, այլ պահանջում են հանրայնացնել այն փաստաթուղթը, որը Փաշինյանը ստորագրելու է, որը որոշելու է հայի ու Հայաստանի ճակատագիրը: Նրանց խոսքովՙ յուրաքանչյուր հայ իրավունք ունի իմանալու, թե ինչ է գրված փաստաթղթում, ինչ բովանդակություն ունի այն:

«Մենք պահանջում ենք հրապարակել փաստաթուղթը, դա պետք է ամբողջ ժողովուրդը տեսնի: Այս պահին մենք վայր ենք դրել մեր կուսակցական դրոշները: Եթե մենք Փաշինյանին պատասխանատվության ենթարկենք, նա այլեւս ոչինչ չի կարող անել: Թող փաստաթուղթը ցույց տա, հետո մենք կորոշենքՙ թույլ տալի՞ս ենք, որ ստորագրի, թե ոչ»,-հայտարարել է Կարին Տոնոյանը:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #44, 26-11-2021

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ