RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
#042, 2021-11-12 > #043, 2021-11-18 > #044, 2021-11-26 > #045, 2021-12-03 > #046, 2021-12-10

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #44, 26-11-2021



Տեղադրվել է` 2021-11-25 23:17:20 (GMT +04:00)


Ընթերցված է` 1934, Տպվել է` 2, Ուղարկվել է էլ.փոստով` 0

ՄԵՆՔ ՊԵՏՔ Է ԱԹՍ-ԵՐԻ ՏԱՐԱԾՄԱՆ ԴԵՄՆ ԱՌՆԵՆՔ

Անգլ. թարգմանեց` ՀԱԿՈԲ ԾՈՒԼԻԿՅԱՆԸ, (Washington Examiner, նոյ.19)

Ստորեւ թարգմանաբար ներկայացվող հոդվածի հեղինակ Մայքլ Ռուբինը «Washington Examiner» պարբերականի «Beltway Confidential» բաժնի աշխատակիցներից է: Նա նաեւ American Enterprise Institute-ի ավագ գիտաշխատող է:

Ամսվա սկզբներին Մոգադիշոյի միջազգային օդանավակայանի իշխանությունները առգրավեցին վեց ապամոնտաժված դրոններ (ԱԹՍ-եր): Թուրքական կողմի ճնշումները ստիպեցին Սոմալիի իշխանություններին, որ բաց թողնեն թուրք ինժեներներին, որոնք ուղեկցում էին դրանց: Ինժեներներն ասացին, որ դրոնները նախատեսված էին գյուղատնտեսասկան նպատակների համար:

Սա անհավանական է: Նախ այն պատճառով, որ դրանք 780 հազար դոլար արժեն, ինչը Սոմալիի գյուղացիների հնարավորություններից շատ բարձր է, եւ երկրորդ, թուրքական արտահանման արտոնագրի տվյալներով այդ դրոնները թռիչքային եւ բեռնավորվածության ընդամենը 3-4 ժամյա տեւողություն ունեն, ինչը խոսում է այն մասին, որ դրանք նախատեսված են ոչ թե գյուղատնտեսության, այլ ռազմական նպատակների համար:

Ավելին, բոլորովին պատահական չէ, որ Թուրքիան օգնել է կառուցել սողացող դրոնների հենակետ, որտեղ աշխատում են ե՛ւ Թուրքիայի, ե՛ւ Սոմալիի հետախուզական գործակալները, որոնք կապ ունեն Սոմալիի ազգային հետախուզական եւ անվտանգության վարչության հետ:

Վերջինս պաշտպանում է, եւ ոչ թե խոչընդոտում, Սոմալիի ամենաարմատական ահաբեկչական խմբերին: Մինչ Թուրքիայի աջակցությունը ավելանում է ոչ միայն Սոմալիի ահաբեկչական խմբավորումներին, այլեւ Եթովպիայի ցեղասպան վարչակազմին եւ Սուդանի իսլամիստներին, թուրքական ԱԹՍ-երի հենակետը Մոգադիշոյում իրական մարտահրավեր է տարածաշրջանի ինչպես կայունության, այնպես էլ անվտանգության համար:

Սոմալիում, Եթովպիայում եւ Սուդանում ժողովրդավարության եւ առավել չափավոր ու հանդուրժողական ապագայի համար պայքարողները իրենց անզոր են գտնում թշնամու առաջ եւ լքված` Արեւմուտքի կողմից:

Սոմալիի ԱԹՍ-երի հենակետը միակը չէ: Այս տարվա սկզբներին Թուրքիայի նախագահ Էրդողանը հայտարարեց, որ Թուրքիան նմանատիպ հենակետ կառուցել է նաեւ Կիպրոսից 1974-ին գրաված իր տարածքում: «Թուրքիան մեզ համար միայն 780 հազար քառ. կմ. չէ: Մեզ համար Թուրքիան ամենուրեք է», ասաց նա այդ ժամանակ: Լեֆկոնիկո օդանավակայանի, կամ Էրդողանի նոր սահմանումովՙ Գեչիթկալեյի օդային հենակետը մեծացնում է Թուրքիայի ԱԹՍ-երի շարժակազմի գործողության սահմանները, սպառնալով Իսրայելին, Եգիպտոսին, Սուեզի ջրանցքին եւ ընդհանրապես նավագնացությանը արեւելյան Միջերկրականում:

Բայց անհրաժեշտ է նշել, որ միան Թուրքիայով չի սահմանափակվում խնդիրը: Իրանն օգտագործել է իր դրոնները խփելու համար Սաուդյան Արաբիային ու միաժամանակ Հզբոլլահին, Ասայիբ Ահլել Հակին եւ Հութիներին է փոխանցել դրանց արտադրության գաղտնիքները: Այդ խմբավորումները Լիբանանում, Իրաքում եւ Եմենում իրանական ԱԹՍ-երը հենակետեր են ստեղծել: Այժմ պակիստանյան ԱԹՍ-երն սպառնում Հնդկաստանին:

Սպիտակ տունը չպետք է անտեսի այնպիսի հարձակումները, որոնք չեն սպանում ամերիկացիներին: Այդ ԱԹՍ-երը կատարելագործվելու են ժամանակի ընթացքում եւ դառնալու են ավելի դիպուկ: Մ. Նահանգները պարտավոր է բազմակողմանի մարտավարություն մշակել դրանց հակազդելու համար: Կոնգրեսը պետք է երաշխավորի, որ Թուրքիայի, Իրանի կամ Պակիստանի ԱԹՍ-երի կողմից սպառնալիքների ենթարկված Ամերիկայի դաշնակիցները նույնպես ունենան դրոններ եւ դրանցից պաշտպանվելու բոլոր միջոցները: Եթե Թուրքիան ԱԹՍ-երի հենակետ է կառուցում Կիպրոսի գրավյալ հյուսիսային հատվածում, ապա Պենտագոնը Կիպրոսին կամ Հունաստանին պետք է տրամադրի ԱԹՍ-եր, որոնք կհարվածեն Թուրքիան խորապես: Եթե Թուրքիայի ռազմական ուժերը ԱԹՍ-եր է տրամադրում Սոմալիի անկայուն կառավարությանը, ապա ժամանակն է ԱԹՍ-եր տրամադրել Քենիային եւ Սոմալիլենդին, որպեսզի հակադարձեն սպառնալիքները, նույնիսկ եթե վերջինիս պարագայում հարկ լինի ամերիկացի մասնագետների օժանդակությունը: Եթե Թուրքիան եւ Իրանը Եթովպիային են զինում ԱԹՍ-երով, որպեսզի դրանք օգտագործվեն այդ երկրի ժողովրդի դեմ, ապա Մ. Նահանգները պետք է առնվազն Տիգրայաններին հնարավորություն ընձեռի որսալու եւ վայր գցելու այդ ԱԹՍ-երը: Պաշտպանության նման կարիքներ ունեն նաեւ հայերը, Էմիրությունների եւ Սաուդյան Արաբիայի բնակիչները: Հնդկաստանը եւս Պակիստանի նման իրավունք ունի որակավոր ռազմական տեխնիկա ձեռք բերելու: Գուցե Թուրքիան ԱԹՍ-եր է փոխադրում Քաշմիրի ահաբեկիչների՞ն:

Իսրայելի խնդիրը ավելի բարդ է: Այն ոչ միայն հնարավոր զոհ է, այլեւ դրոնների տարածման երկիրը: Բայդենի վարչակազմը պետք է դիվանագիտական եւ ֆինանսական ճնշում գործադրի, որպեսզի վերջ դրվի Եթովպիային եւ Ադրբեջանին իսրայելական դրոնների վաճառքին:

Այս ահագնացող սպառնալիքի պարագայում Մ. Նահանգների պասիվ դիրքորոշումը նշանակում է հրաժարվել պատասխանատվությունից եւ առաջնորդությունից: Ամերիկայի դաշնակիցը դառնալը պետք է անվտանգության ապահովման հարթակ լինի որեւէ երկրի համար, եւ ոչ թե խանգարիչ հանգամանք:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #44, 26-11-2021

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ