RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
#042, 2021-11-12 > #043, 2021-11-18 > #044, 2021-11-26 > #045, 2021-12-03 > #046, 2021-12-10

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #44, 26-11-2021



Տեղադրվել է` 2021-11-25 23:17:20 (GMT +04:00)


Ընթերցված է` 1485, Տպվել է` 2, Ուղարկվել է էլ.փոստով` 0

ՏԱՐՕՐԻՆԱԿԻՑ ԱՌԱՎԵԼ ՑԱՎԱԼԻ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ

ԳԵՂԱՄ ՔՅՈՒՐՈՒՄՅԱՆ

Հայաստանյան հանրության որոշակի հատվածը, մարդիկՙ որոնք մտահոգ են երկրի ապագայով, այն մոտեցման են, որ մեզանում տնտեսագիտություն ասվածը, որքանով որ այն կա, լրջագույն վերափոխման անհրաժեշտություն ունի: Նայեցի ակադեմիական հրատարակության հոմանիշների բառարաններ, փորձելով պարզել, թե ի՞նչ է բարձրագույն գիտական միտքը հասկանում տնտեսագիտություն ասելով. պարզվեց դրա հոմանիշը քաղաքատնտեսությունն է: Գրեթե ոչինչ չասող բացատրություն, որտեղ քաղաքական մասնաբաժինը շատ հաճախ միայն տարակուսանքից մինչեւ վրդովմունք է առաջացնում, քանզի այդ զբաղմունքին տրվածներին երբեմն նույնացնում են աշխարհի ամենահին մասնագիտություններից մեկի հետ: Եվ հարցը` ինչ է ուզում տնտեսագիտական հանրությունը, թող սիրաշահված զգան գիտությունների ակադեմիկոսներն ու դոկտորները, թեկնածուներն ու կառավարիչները հայաստանյան հանրությունից ու հնամենի երկրից, հնչում է ինքնաբերաբար:

Շաբաթներ առաջ, երբ քննվում էր ՀՀ կառավարության առաջիկա հնգամյա ծրագիրը, գիտական կոչումով ՀՀ բարձրագույն պաշտոնյաներից մեկը նշված հարցին հետեւյալ պատասխանը տվեց. - մեր քաղաքացիներն օր առաջ պետք է լավ ապրեն: Վստահեցնում եմ, ինքներդ էլ լավ գիտեք, որ ասվածը նորություն չէր, դա որպես իդեալական նպատակ դրել են վերջին 30- ամյակի բոլոր կամ գրեթե բոլոր պաշտոնյա պատասխանատուները: Ավաղ, այնպես է ստացվել, որ այդ լավ ապրելը վերաբերվել է միայն պետական ապարատի որոշակի մասին, հիմա նաեւ` շարքային մասնագետի ու կենսաթոշակառուի ստացածի համեմատ աստղաբաշխական գումարներ վայելելու տեսքով: Խոսքը 20-30-ապատիկ թվերի մասին է, որոնք, իմա` պետք է շահագրգռեին տնտեսություն վարող նախարարներին, տեղակալներին, կոմիտեների ու տեսչական մարմինների պետերին բարելավել ու բարեփոխել ՀՀ-ն իր բոլոր ոլորտներով ու ճյուղերով, ենթակառուցվածքներով ու ծառայություններով: Խոսքից գործի անցնելու փոխարեն իրականում ի՞նչ է տեսնում ու արձանագրում բարեխղճորեն հարկային մուծումներ կատարող ՀՀ շարքային քաղաքացին. առանց որեւէ հաշվետվողականության աշխատանքից ազատման փաստերի, որը ասենք ՀՀ էկոնոմիկայի գործող նախարար Վահան Քերոբյանը վստահ է, որ իր հնարավոր հրաժարականի ակնարկը եթե ընդունվի էլ, նոր նշանակումը չի ուշանա, ինչպես եղավ նախորդի հետ:

Մինչ այս վիճակում հայտնվելուց խուսափելու նպատակով ՀՀ իշխանական մեխանիզմը կառչում է իր ցանկացած օղակից, որտեղ խոսվում է երկրի տնտեսությունում ու օրենսդրությունում արձանագրվող ինչ-ինչ գործընթացներից, փորձելով դրանք ներկայացնել որպես հաջողություններ: Օրինակ, նշվում է, որ տնտեսական ազատության ինդեքսով ՀՀ-ն բարելավել է իր դիրքերը: Թե ինչ է այդ ինդեքս կոչվածը, շարքային քաղաքացին պարտավոր չէ իմանալ, երբ նրան առավել հետաքրքրողը տնտեսական ազատության պարագայում իր գնողունակության խնդիրն է, ասենք` ձմռանը թեյի հետ մուրաբա ունենալու համար անհրաժեշտ շաքարավազի գինը: Ընդամենը մի քանի տարի առաջ շաքարավազի կիլոգրամի գինը մինչեւ 230 դրամ էր, հիմաՙ 500 դրամի սահմաններում, վերեւ-ներքեւ տատանվող:

Գնի կայունացմանը բոլորովին չի նպաստում այն հայտարարությունների հեղեղը, ըստ որի այդ տնտեսական ազատոթյուն հռչակվածի արդյունքում շաքարավազի ներկրումներ իրականացնում են նախկին 1-2-ի փոխարեն մինչեւ 40 ներմուծողներ: Այս թիվն առաջանում է թե՛ մասնատման արդյունքում ընկերությունների կողմից հարկային արտոնություններից, թե՛ աճպարարությունից խուսափելու, թե՛ շաքարավազի տեղական արտադրություն ծավալելու անզորության արդարացումներից:

Մի փոքր ոչ հեռավոր անցյալ տեղափոխվելու պարագայում կհիշենք, որ ՀՍՍՀ-ում կար շաքար-շաքարավազի զգալի արտադրություն, տեղում աճեցված ճակնդեղի հումքի արդյունքում: Հիմա այս գործընթացը փոխարինվել է հեռավոր աշխարհամասերից շաքարեղեգի խտանյութ ներմուծելու եւ Ախուրյանում կառուցված գերհզոր գործարանը տարվա ընթացքում մի քանի շաբաթ աշխատեցնելու միջոցով: Պատճառաբանությունն այն է, հողի հայ մշակը խուսափում է ճակնդեղագործությունից, այն բավարար շահույթ ապահովող չի համարում: Պարոնա՛յք, ազնիվ չէ, քանզի այլ համանման ոլորտներ էլ կան, ուր ՀՀ կառավարությունը սուբսիդավորման գործընթաց է ծավալում, ասենք` ցորենի մշակման նպատակով: Միայն թե պարզ չէ, այդ ցորենն ի վերջո հաց հանապազօրյա է դառնում, թե՞ համաշխարհային հռչակ վայելող «Աբսոլյուտ» օղուց թանկ վաճառվող օղի: Գերմանական սուպերմարկետների գովազդային թերթիկներից վերցված լուսանկարներում շվեդական հանրահայտ օղու 0.7 լիտրի գինը 10 եվրո է, ՀՀ արժույթով մոտ 5500 դրամ, երբ հազիվ 1 մետրի վրա ցուցադրվող հայկական օղին 7000 դրամ է: Շվեդները յուրաքանչյուր տարի 1 բնակչի հաշվով մինչեւ 1000 կգ հացահատիկ են արտադրում, որի 500 կգ-ըՙ ցորեն, եւ նման շռայլ վարքագիծ իրենց կարող են թույլ տալ: Մեր արտադրածը հազիվ 60-70 կգ է, որը պարտադրված ենք ծայրահեղ մտահոգությամբ օգտագործել: Նման երեւույթը, ինչքան էլ փորձ արվի գիտական տերմինաբանությամբ արդարացնել, ըմբռնման չի կարող արժանանալ, ինչպես չարժանացավ ՀՀ հողերում կանեփ կոչվող բույսի մշակման գաղափարը, քանզի այդ բույսի հետ կապված հաղորդագրություններին մեր հանրությունը տեղեկանում է ... ոստիկանական լրատվությունից:

ՀՀ քաղաքացու հպարտ կարգավիճակով մտորում եմ այսօրինակ խնդիրների շուրջ եւ զգում, որ երկրի գործադիր բարձրագույն մարմինը տնտեսական հիմնարար կողմնորոշում չունի, ինչքան էլ ճգնի հակառակն ապացուցել: Ասացեք խնդրեմ, ով է Նիկոլ Փաշինյանի գլխավոր տնտեսական խորհրդականը, որպիսի պաշտոնյան անհրաժեշտություն է: Ե՞րբ է նման մեկը խոսել հանրության հետ, ներկայացրել իշխանության ձեռնարկումների տրամաբանությունը: Շուկայի ազատականացում ընտրած երկրում քայլեր են ձեռնարկվում, որոնք հակասում են ազատական սկզբունքներին, բյուջեից վերաբաշխումներ կատարելու աշխատաոճը դարձել է կառավարության հիմնական անելիքներից մեկը: Նախորդ նիստում, օրինակ, մարզպետարաններից մեկին ընդամենը 5 մլն դրամ հատկացվեց ինչ-որ հաստատության տանիք վերանորոգելու նպատակով: Այսօրինակ պարագայում իշխանությունն ինչպե՞ս զբաղվի տնտեսավարող սուբյեկտների կողմից գերշահույթներ ստանալու խնդրով:

Տպագրվող լուսանկարներից պարզվում է, որ նման ռիսկեր կան տեղական արտադրության հանքային ջրերի, գարեջրի, հյութերի ոլորտներում: Գերմանիայում գարեջրի 1 լիտրն է վաճառվում 70 եվրոցենտին համարժեք մոտ 400 դրամով, երբ ՀՀ-ում այդ գնով վաճառվողն ընդամենը 0.5 լիտրն է: Մեր հանքային ջրերն էլ են թանկ, եթե հատկապես նկատի ունենանք, որ Գերմանիայում ՀՆԱ-հարկեր հարաբերակցությունը 35 տոկոս է, մերըՙ 22 տոկոս:

Տնտեսության կառավարումը, որ վարվում է ՀՀ իշխանության կողմից, մոտ ապագայում չի նպաստի մեր քաղաքացիների օր առաջ լավ ապրելու խոստման իրականացման: Սա հայաստանյան հանրությունը զգում է ապրած յուրաքանչյուր պահի ընթացքում, որը շրջելու նախանշաններ չեն ուրվագծում:

Տարօրինակից առավել ցավալի է:

23.11.2021թ.

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #44, 26-11-2021

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ