RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
#042, 2021-11-12 > #043, 2021-11-18 > #044, 2021-11-26 > #045, 2021-12-03 > #046, 2021-12-10

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #44, 26-11-2021



ՄՇԱԿՈՒՅԹ

Տեղադրվել է` 2021-11-25 23:17:20 (GMT +04:00)


Ընթերցված է` 1186, Տպվել է` 1, Ուղարկվել է էլ.փոստով` 0

ՌԻՄԱ ՊԻՊՈՅԱՆԻ ՀԱՋՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ 2021-ԻՆ

Ա. Բ.

«Aerowaves» միջազգային խորեոգրաֆիկ ընկերությունը, որն այս տարի նշում է իր ստեղծման 25-ամյակը, եւ Եվրոպական խորեոգրաֆների խորհուրդը հայաստանցի պարադիր Ռիմա Պիպոյանին ընդգրկել են 2022 լավագույն երիտասարդ խորեոգրաֆների կազմումՙ վերջինիս «Ես, իմ ոչ-եսը եւ ինքս» («Ծe, My non-Self and I») ներկայացմամբ: Այն ներշնչված է Թիերի Ժոնքեի «Տարանտուլ» ստեղծագործությունից եւ Պեդրո Ալմոդովարի «Մաշկը, որի մեջ ապրում եմ» ֆիլմից: Մոտ 30 րոպե տեւողություն ունեցող ներկայացումը պարում են Պիպոյանն ինքը եւ Կիեւի օպերայի եւ բալետի ակադեմիական թատրոնի բալետի մենակատար Վլադիսլավ Բոնդարը : Բեմադրությունը ստեղծվել է Հայաստան-Ուկրաինա պարային նախագծի շրջանակներումՙ Բեռլինի Արվեստների Ակադեմիայի, Երեւանի Գյոթե ինստիտուտի, Հայաստանում Պարարվեստի Զարգացման հիմնադրամի, Վրաստանում Ժամանակակից պարի փառատոնի եւ միջազգային «Trust of Mutual Understanding» կազմակերպության ջանքերով: Պիպոյանը ներկայացումը բեմադրել է սույն թվականի մայիսին, առցանց ներկայացվել է հայ հանդիսատեսին եւ մասնակցել է Խորվաթիայում ու Լիբանանում կայացած ժամանակակից պարի փառատոներին: Բեմադրությունն արդեն իսկ հրավերներ է ստացել հաջորդ տարվա համարՙ տարբեր երկրներից:

Նշենք նաեւ, որ Պիպոյանի հեղինակած «Ե՛լ» պարային ֆիլմն այս տարի Լոս Անջելեսի Կարճամետրաժ ֆիլմերի 10-րդ փառատոնում առաջադրված երեք անվանակարգիցՙ լավագույն պարային ֆիլմ, լավագույն ռեժիսոր եւ բազմակողմանի ֆիլմարտադրող, արժանացել էր «լավագույն ռեժիսոր» մրցանակին: Ֆիլմը նախկինում արժանացել է «լավագույն ֆիլմ», «լավագույն ռեժիսոր» եւ «պատվավոր հիշատակում» մրցանակներինՙ Անգլիայի, Իտալիայի եւ ԱՄՆ-ի կարճամետրաժ ֆիլմերի փառատոներում: Ֆիլմը նաեւ ցուցադրվել է տարբեր պարային եւ կինոփառատոներում, այդ թվումՙ Կիպրոսում, Հունաստանում, Բելգիայում, Մեքսիկայում, Պորտուգալիայում, Հնդկաստանում եւ այլուր: Շուտով տեղի կունենա ֆիլմի պրեմիերան նաեւ Բրազիլիայում:

Շնորհավորում ենք հայաստանյան արդիական պարի աչքի ընկնող ներկայացուցիչ Ռիմա Պիպոյանին եւ լիահույս ենք, որ նա շարունակելու է նորանոր հաջողություններով անցնել իր ստեղծագործական ուղին:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #44, 26-11-2021

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ