RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
#043, 2021-11-18 > #044, 2021-11-26 > #045, 2021-12-03 > #046, 2021-12-10 > #047, 2021-12-17

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #45, 03-12-2021



Տեղադրվել է` 2021-12-02 23:32:50 (GMT +04:00)


Ընթերցված է` 2797, Տպվել է` 21, Ուղարկվել է էլ.փոստով` 0

ՀԱԿՈՏՆՅԱ ԱՌԱՋԱՐԿՆԵՐԻ ԽԱՉՈՒՂՈՒՄ

ՄԱՐԻԵՏԱ ԽԱՉԱՏՐՅԱՆ

Չեք պատկերացնումՙ որքան հայեր չեն կարողանում նորմալ առօրյայով ապրել, քանի որ պատերազմն ու ապագայի անորոշությունը նրանց անհանգստություններին օրեցօր նոր երանգներ են ավելացնում: Չեք պատկերացնում, թե շատ-շատերի համար որքան անհետաքրքիր են ՏԻՄ ընտրություններն ու ԱԺ հանձնաժողովի նախագահի տեղակալի 14-րդ անգամ ընտրության փորձըՙայդ անհանգստությունների համեմատ:

Թվում էրՙ այս պայմաններում ամենակարեւոր բանը պետք է լիներ հանրությանը ներկայացնել բոլոր այն պատկերացումները, որոնք պետք է ուղղվեն ներկա իրավիճակից նվազագույն կորուստներով ելքերին: Ու ոչ թե ողջ քաղաքական եւ մեդիա խոսույթը լցոնված լիներ միմյանց անվանարկելու ինքնամոռաց ջանքերով: Հանրությունը, անգամ հին ու նորաստեղծ քաղաքական ուժերը, նրանց հայտարարություններին եւ հարցազրույցներին որ հետեւում ես, դույզն -ինչ պատկերացում չունեն, թե ինչ է կատարվում Հայաստանի շուրջ, որո՞նք են այս պահի իրական-շոշափվող սպառնալիքները, ինչու Բրյուսելի հանդիպումից առաջ տեղի ունեցավ Սոչիի հանդիպումը, որտեղ մազից պրծանքՙ իրավական հենք չունեցող եռակողմ հայտարարություններին չհաջորդեց արդեն միջազգային պայմանագրի ուժ ունեցող եռակողմ կամ երկկողմ թուղթ: Ի դեպՙ չենք էլ պրծել, դեռ չի բացառվում մինչեւ դեկտեմբերի 15-ը այդպիսի թուղթ չի ստարագրվի ինչ-որ ձեւաչափումՙ ավելորդ ու անիմաստ դարձնելով բրյուսելյան հանդիպումը, եթե նկատի առնենք, թե դեռ ինչեր են պայմանավորվել նոյմբերի 2-ին Ստոկհոլմում հանդիպած Հայաստանի եւ Ադրբեջանի ԱԳ նախարարները...

Ո՞վ պետք է ոչ թե մոլորեցնի հանրությանը, զբաղեցնի լոկալ բողոքի ցույցերով ու զանազան շուոներով, այլ իրոք բացատրի իրերի դրությունը գոնե ոչ պաշտոնապես, եթե պաշտոնապես դա հնարավոր չէ անել:

Իհարկեՙ նա՛խ քաղաքական ուժերը: Կա՞ հայ հանրության մեջ այդպիսի ակնկալիք քաղաքական ուժերից, վստահություն, որ նրանք իրոք գիտենՙ ի՞նչ է կատարվում, եւ իրոք ցանկություն ունեն իրազեկելու հայ մարդկանց այդ մասին, որ տարբեր անկապ գործողություններով մարդկանց չեն շեղում վտանգը տեսնելուց, խոչընդոտում նոր, առողջ ուժերի ձեւավորմանը: Որ նրանք չեն մնա անցյալի եւ ներկայի կլիշեներում (որ էլ ավելի վատ էՙ միայն իշխանությունը պահելու կամ իշխանության հասնելու նպատակի ծիրում), եւ ի վերջո կգտնվե՞ն այն շերտերը, որոնք ոչ թե կաշխատենՙ հանրության տրամադրություններով ձեռնածություն անելով հանուն իրենց նպատակների, այլ նույն հանրությանը կպատրաստենՙ Հայաստանի ապագան փրկելու, ելքի ճիշտ նպատակը սպասարկելով:

Դա առայժմ չի կատարվում, կամ չեն թողնում, որ կատարվի, որովհետեւ հրապարակի վրա եղած ուժերի թիվ մեկ նպատակը ոչ թե Հայաստանի փրկությունն է, այլ իրենց ներքին շահի սպասարկումը: Իսկ քաղաքական ուժերի շփոթվածության վկայություն կարելի է համարել, ասենք, Կարին Տոնոյանի ղեկավարած ուժի եւ ամպագոռգոռ «Ազատագրական շարժում» անունով ուժի ՙ դեռ չմիացած, միասնաբար չգործածՙ բաժանվելը:

Կան այլ տեսանելի խմորումներՙ ընդդիմադիր ուժերն իրենց ներսում խուլ կռվում են դոմինանտության համար, քանի որ Նիկոլ Փաշինյանին հեռացնելու թիվ մեկ նպատակից հետո գալու է թիվ երկու նպատակըՙ ո՞ր ուժը պետք է հնարավորություն ստանա իր լիդերով նրա աթոռը զբաղեցնելու (ԱԺ լսումների ամբիոնից Իշխան Սաղաթելյանի եւ Նաիրի Հոխիկյանի երկխոսությունըՙ ո՞վ գնա հանրահավաքների, ո՞վ չգնա, այդպիսի ներքին պարզաբանումների անսպասելի հանրայնացված դրսեւորում էր):

Քաղաքական տարբեր միավորներիՙ միմյանց դեմ ներքին, խաղի ոչ մի կանոն չունեցող պարզաբանումների տարբեր հրապարակային դրսեւորումները հենց ցույց են տալիս, որ Հայաստանի գնալիք ուղու, կատարելիք քայլերի վերաբերյալ միասնական, համաձայնեցված մոտեցումներ որդեգրելու առաջնային նպատակն այս պահին գոյություն չունի, կամ միգուցե հենց այդպիսի նպատակ չունենալն է նպատակՙ որպես դրսի ազդեցությունների հարկադրանք, չգիտենք: Սակայն Հայաստանի ողջ քաղաքական դասն անհասկանալի կամ միգուցե մի արտաքին կենտրոնից ուղղորդվող հասկանալի գործելակերպովՙ անդամալուծում է, այդպիսով, ողջ քաղաքական դաշտըՙ երրորդ-չորրորդ մոտեցումների համար ճանապարհ փակելով եւ հայերիս զրկելով առկա վտանգների վերաբերյալ տեսադաշտը լայնացնելուց: Մեդիա դաշտը, որ ամբողջովին ծածկված է ընդդիմադիր ու իշխանական ուժերի երկու բեւեռացված մոտեցումներով, թույլ չտալով այլ տեսակետներով լրատվամիջոցների գոյությունը, որոնք հանրությանը վիճակի ողջ վտանգավորությունը բացատրելու, այլընտրանքների շուրջ ծանրութեթեւ անելու հնարավորություն կստեղծեին, նույնպես խոսուն է: Արդեն անգամ չեն խորշում լրատվամիջոցների ներսից տրոյական ձիեր ունենալու գաղափարից, վիժեցնելու համար ամեն առողջ մոտեցում: Փողն է որոշում ամեն ինչ, ու փողը մեդիայում պտտելովՙ զանգվածների ուղեղն այնպես են լվանում, որ մարդիկ չկարողանան կողմնորոշվել Հայաստանը ճիշտ ուղու վրա դնելու հարցում: Նույնիսկ Սերժ Սարգսյանը , որ «Եդինայա Ռոսիյա» ռուսական իշխող քաղաքական ուժի հետ նախորդ օրը ուղիղ կապ-տեսաուղերձում հնարավորություն ուներ բացահայտելու այն երկընտրանքը, որի առաջ կանգնած է հիմա Հայաստանը, բավարարվեց հռետորական հարցադրումներ անելով եւ երկրիՙ դիլետանտ-պոպուլիստների ապաշնորհ կառավարման ծանր հետեւանքների մասին խոսելով:

Բոլոր դեպքերում, բարեբախտաբար, կան անհատներ, որոնք, ճիշտ է, ժողովրդի լայն շերտերի ուշադրությունից հեռու են, այնուամենայնիվ գտնում են մեդիա հարթակներՙ այլընտրանքի մասին խոսելու, չնայած նրանք էլ համարյա արտաքին ազդեցության տարբեր թեւեր, տարբեր շրջանակներ են ներկայացնում, ու սովորական հայ մարդն ամեն օր պետք է վերածվի Սողոմոն իմաստունիՙ համադրելու համար կարծիքները, նրանցում ռացիոնալ հատիկն արտաքին ազդեցության աղբից զատելու համար:

Եւ այսպեսՙ եթե ենթադրությունների մեր շարանը կառուցենքՙ այդպիսի վերլուծությունների առողջ հատվածները համադրելով, ապա ղարաբաղյան երկրորդ պատերազմն արդյունք է տարածաշրջանային վերաձեւումների, եւ կամ միգուցե հենց պատերազմի արդյունքը հնարավորություն տվեց Ռուսաստանինՙ խաղաղապահ զորք մտցնել Արցախ ու Հայաստանի սահմաններ: Ռուսաստանն, այդպիսով, առայժմ վերահսկողության տակ է պահում տարածաշրջանըՙ Թուրքիայի հետ միասին, դիմակայելով հատկապեսՙ Ռուսաստանին մեր տարածաշրջանից ամբողջովին դուրս մղելու արեւմտյան փորձերը: Հիմա պատերա՞զմն է այդ պատճառով եղել, թե՞ ուղղակի պատերազմի պատճառով է այդ վիճակն արձանագրվելՙ հավի ու ձվի պատմությունն է, տողերիս հեղինակն անձամբ առաջին վարկածի կողմնակիցն է (հայերիս համար ողբերգական հետեւանքների ողջ պատասխանատուներով հանդերձ):

Դրանից հետո մեկ տարի ձգվեց այն գործընթացը, որ, Հայաստանի ղեկավարությունից համաձայնություն փորձելով ստանալ (հարկադրանքով կամ գուրգուրանքովՙ դուք մտածեք), մեր գլխավոր դաշնակից պետությունն ամեն կերպ ուզում էր երկրորդական դարձնել Մինսկի խումբըՙ նրան հրելով երկրորդական հարցերի դերակատարման տիրույթ, եւ հիմա էլ խոսում է ի վերջո պատերազմի հետ կարծես թե գոնե դե յուրե չառնչված բուն Հայաստանի տարածքի սահմանազատումից ու սահմանագծումից, այդպիսով Արցախի կարգավիճակի հարցի քննարկումն անորոշ ժամանակով հետաձգել ցանկանալով եւ խաղաղապահ մանդատն առանց միջազգային օրենսդրության իրենով անելով:

Հենց սրանք կարող են տեղավորվել Արցախի հարցը լուծելու, դրա համար Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ խաղաղության պայմանագիր ստորագրել տալու ռուսական (լավրովյան) առաջարկի տրամաբանության մեջ: Չնայած դա հայերիս համար, կարելի է ասել, պարունակում է բոլոր այն վտանգները, որոնցով համակված է հայ հասարակությունը. Հայաստանի տարածքներով անցնող հաղորդուղիներ ու երկաթգիծՙ ռուսական վերահսկողությամբ (իսկ այդ վերահսկողությունը միջանցքային տրամաբանություն ունի, քանի որ ճանապարհների երկայնքով պետք է կառուցվեն ռուսական խաղաղարարների համար ենթակառուցվածքներՙ զորանոցներ, անհրաժեշտ սպասարկման ծառայություններ եւ այլն, ու դա, այո, կարող է վերածվել մեր տարածքի հաշվին միջանցքային գոտու, գումարած մեր տարածքում դրվելիք ադրբեջանական մաքսակետերը): Իսկ որ ավելի կարեւոր էՙ Հայաստանը ոչ թե ապաշրջափակվում է, այլեւ ամբողջովին սեղմվում թուրքադրբեջանական աքցանում, իսկ թուրքերի վաղեմի երազանքըՙ Նախիջեւանով ուղիղ կապվել Ադրբեջանին, իրականություն է դառնում:

Եթե հիշենք, թե ինչպես էր Բայդենը սպառնում Վրաստանում ռազմաբազա դնել, ու հիշենք վերջին շրջանի եվրոպական ակտիվությունըՙ հայ, ադրբեջանցի պաշտոնյաների հետ եվրոպական կառույցների ներկայացուցիչների հաճախադեպ հանդիպումները, Փարիզում Հայաստանի եւ Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպումըՙ Մինսկի խմբի հովանու ներքո, ԵՄ ներկայացուցչի եւ Լավրովի ՙ նյարդային վերջին հանդիպումը եւ այլ համանման փաստեր, ապա ենթադրելի է դառնում, որ Բրյուսելում եվրոպական կողմը գեներացնելու է իր առաջարկը կողմերին:

Եվրոհանձնաժողովիՙ Արեւելյան հարեւանության գծով ղեկավար Լոուրենս Մերեդիթը, որը հայտնել է նոյեմբերի 2-ին Հայաստանի եւ Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպման մասին, տեսեք թե ինչ է ասել.

« Իրավիճակը շարունակում է մնալ լարված: Ես Հարեւանության հարցերով հանձնակատար Վարհեիի հետ մի քանի շաբաթ առաջ մասնակցել եմ Կովկասի երեք երկրներում արտգործնախարարների հետ հանդիպումներին: Դա հենց Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ ողբերգական բռնությունների վերսկսման օրն էր, կամՙ դրանից քիչ առաջ: Ուզում եմ մեր կողմից շատ հստակ ընդգծելՙ Եվրոհանձնաժողովը ծայրաստիճան հանձնառու է անել ամեն բան, որ կայուն խաղաղությունը հնարավոր դառնաՙ ի շահ Կովկասի բոլոր երկրների»:

Փաստորեն Մերեդիթն ուղիղ ակնարկում է, թե ինչու սկսվեց նոյեմբերի 14-16-ը ներառյալ ադրբեջանական ներխուժումը Հայաստան: Հավանաբարՙ այդ հանդիպմանը խոսք է եղել ԵԱՀԿ Մինսկի խմբի ինչ-որ այլընտրանքային առաջարկի մասին, որից հետո անսպասելի տեղի ունեցավ Սոչիի հանդիպումը, եւ առհասարակՙ տեսանելի է Հայաստանին բան պարտադրելու ռուս-ադրբեջանական շտապողականություն:

Իհարկե, Սոչիում պայմանագրի տրամաբանությամբ որեւէ փաստաթուղթ չի ստորագրվել, որը կփոխեր եռակողմ երկու հայտարարություններիՙ իրավական հողից զուրկ վիճակը, ու հայերիս համար կփակեր դուռն այլընտրանքից որեւէ կերպ օգտվելու առումով:

Սակայն չի կարելի ասել, թե մինչեւ Արեւելյան գործընկերության գագաթաժողովի շրջանակում Փաշինյան-Ալիեւ հանդիպումն այդպիսի կամ այդ տիպի ինչ- որ թուղթ չեն պարտադրի Հայաստանին ստորագրել, որով Ադրբեջանն առանց հայերիս համաձայնության ռուսական խաղաղապահներին թույլ է տալիս Շուշիում, Հադրութում եւ մնացած սահմաններում ռուսական ներկայություն, հետո խաղաղության պայմանագիր է պարտադրվում հայերիս, բացվում են հաղորդուղիներ, իսկ այդ բոլորին նպաստում է ի վնաս Հայաստանի սկսված սահմանազատումը:

Արցախը մնում է կախված օդից, ենթադրաբարՙ ռուսական ազդեցության գոտում: Խաղաղության պայմանագիրն այն պարտադրող երկու կողմին հարկավոր է այն պատճառով, որ հետո , Հայաստանի ստորագրությունն այդ պայմանագրի տակ նրանց թույլ կտա ՄԱԿ-ի պատժամիջոցների տակ չընկնելՙ քանի որ միջազգային օրենքներով ռուսական խաղաղապահների մանդատը չի կարող հաստատված համարվել:

Գումարենք, որ վստահ չենք, թե եվրոպական առաջարկը հատկապես հայերիս շահերից կարող է բխել, եթե այդպիսին կա, բայց որ այդպիսի առաջարկը հայկական կողմի համար ավելի բալանսավորված պահանջներ ներկայացնելու հնարավորություն կստեղծերՙ դա հնարավոր է ու հավանական, այլապես ռուս-ադրբեջանական կողմերն այդպիսի շտապողականություն չէին դրսեւորի փաստաթուղթ պարտադրելու գնով ամրագրելու առկա վիճակը, Մինսկի խմբին հրելով դեպի երկրորդական հարցերի կարգավորման տիրույթ:

Եվրոպական հնարավոր առաջարկը նույնպես իր բացասական պահերը կարող է ունենալ հայկական կողմի համար, եթե այն ձեւավորվում է հայտնի սկզբունքներով. ՄԱԿ-ի խաղաղապահների մանդատ, որով միջազգային խաղաղապահ ուժերը պետք է մտնեն Արցախի շուրջ ստեղծված բուֆերային գոտի (դրանք հենց Ադրբեջանի գրաված տարածքներն են), այս պրոցեսներում գլխավոր դերակատարը եւ վերահսկողը Մինսկի խումբը պետք է լինի, որը կպնդի, որ որեւէ պայմանագիր առանց Մինսկի խմբի չի ստորագրվելու: Արցախի կառավարումն էլ միգուցե անցնի միջազգային ուժերիՙ պարզ չէ ինչ տիպի կառավարման մասին կարող է խոսք գնալ:

Որ այդպիսի առաջարկ կարող է լինել, ըստ քաղաքագետ Անդրիաս Ղուկասյանի , վկայում է ԵԱՀԿ գործող նախագահի եւ Լավրովիՙ անգամ հրապարակայնորեն դրսեւորում ունեցած նյարդային վերջին հանդիպումը:

Ահա այս հակոտնյա առաջարկների մեջտեղում է Հայաստանըՙ մուրճի ու սալի արանքում: Իրանի եւ մյուս տարածաշրջանային դերակատարներիՙ ներգրավվածության մասին այս ամեն ինչումՙ մեր լրատվամիջոցը հաճախ է հրապարակումներ անում, ինչպես ներկա համարում:

Ու մեր քաղաքական ուժերը, փոխանակ քննարկեն ու որոշենՙ ինչ են դեմ տալիս պարտադրանքներին, զորաշարժվում են արտաքին թելադրանքերով ու իրենց դրած նեղ խնդիրներով:

Հ.Գ. - Իշխանություններին ուզում ենք ասելՙ Աշոտ Մինասյանին բաց թողեք, արցախյան բոլոր պատերազմների մասնակից մարդու իրավական հետապնդումը շատ վատ մեսիջ է հանրությանը, մանավանդՙ առաջին հայացքից էլ երեւում է, որ տակն առանձնապես մեղադրանք չկա:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #45, 03-12-2021

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ