RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
#043, 2021-11-18 > #044, 2021-11-26 > #045, 2021-12-03 > #046, 2021-12-10 > #047, 2021-12-17

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #45, 03-12-2021



Տեղադրվել է` 2021-12-02 23:32:50 (GMT +04:00)


Ընթերցված է` 2585, Տպվել է` 3, Ուղարկվել է էլ.փոստով` 0

ՏՆՏԵՍԱԳԻՏՈՒԹՅԱՆ ՆՎԻՐՅԱԼԸ. ԱՊԱԳԱՆ ՊԱՏԿԱՆՈՒՄ Է ԳԻՏՈՒԹՅԱՆԸ

Ստեփան ՊԱՊԻԿՅԱՆ, Ռուսաստանի բնագիտության ակադեմիայի պրոֆեսոր, ժուռնալիստների միջազգային ֆեդերացիայի անդամ

Գաղտնիք չէ, որ ցանկացած երկրի տնտեսության զարգացման մակարդակն անխզելիորեն պայմանավորված է գիտության հարաճուն զարգացման հետ:Այս տեսակետից գիտնականի դերակատարությունը տնտեսության զարգացման գործում հսկայական է: Հանդիպումը վաստակաշատ գիտնական Վլադիմիր Հարությունյանի հետ անցավ գործնական եւ հետաքրքրական մթնոլորտում:

Օգտագործելով իր մասնագիտական փորձը, գործնական գիտելիքներն ու հմտություններըՙ Վլ. Հարությունյանը 2004 թ.ին պաշտպանել է դոկտորական ատենախոսություն: 2006թ. ընտրվել է ՀՀ ԳԱԱ Մ.Քոթանյանի անվան տնտեսագիտության ինստիտուտի տնօրեն, որտեղ եւ աշխատում է մինչ օրս:

2010թ. ընտրվել է ՀՀ ԳԱԱ թղթակից անդամ: Դասախոսել է ՀՊՏՀ-ում եւ ԵՊՀ-ում: 2013թ. պարգեւատրվել է «Մովսես Խորենացի» մեդալով, 2014թ., 2016թ. եւ 2018թ. «Արդյունավետ գիտաշխատող» մրցույթների հաղթող է: 27 մենագրության եւ ավելի քան 140 գիտական հոդվածների հեղինակ է:

Վլ.Հարությունյանը գիտականորեն հիմնավորել է հետեւյալ դրույթները.

1. Բյուջեի եկամուտները դասակարգել ըստ հարկ վճարողների խմբերի, ըստ հարկման օբյեկտների ու բազաների եւ ըստ ոլորտների. մոտեցումներՙ որոնք հարկային օրենսդրությամբ դրված են հարկման մեխանիզմների հիմքում:Նրանք իրենց արտացոլումը չեն ստացել «Բյուջետային համակարգի մասին» եւ ամեն տարի ընդունվող «Պետական բյուջեի մասին» ՀՀ օրենքներում.

2. Համապատասխան փոփոխություններ կատարել հարկային օրենսդրության մեջ, որոնք որոշակիացված են ինչպես ըստ առանձին հարկատեսակների մասին ՀՀ օրենքների, այնպես էլ ըստ դրանց համապատասխան հոդվածներում կատարվելիք փոփոխություններիՙ հնարավորություն ընձեռելով ընդլայնելու առանձին հարկատեսակների հարկման բազաները եւ բարձրացնելու հարկման արդյունավետությունը.

3. Նոր մոտեցումներ բյուջետային միջոցների ծախսման արդյունավետության բարձրացման ուղիների վերաբերյալ, որոնք կիրառական նշանակություն կարող են ունենալ հանրապետությունում իրականացվող հարկաբյուջետային քաղաքականության կատարելագործման բնագավառում:

4. Մինչեւ 30 տոկոսի հասցնել հարկեր / ՀՆԱ տոկոսային հարաբերակցության ցուցանիշը եւ այն դիտարկել որպես մակրոտնտեսական ցուցանիշ:

5. Հրաժարվել արատավոր հարկային օրենսդրությունում հաճախակի ու մասնակի փոփոխություններ կատարելու պրակտիկայից եւ առաջարկել այնպիսիք, որոնք կնպաստեն.

- անուղղակի եւ ուղղակի հարկերի հարաբերակցության փոփոխմանը` հօգուտ երկրորդի, քանի որ անուղղակի հարկերը ներառվում են ապրանքների ու ծառայությունների գների մեջ` հարկային բեռը տեղափոխելով սպառողների վրա,

- պրոգրեսիվ հարկման մոտեցումների գործնականում կիրառմանը. մոտեցումներՙ որոնք կիրառվում են զարգացած երկրներում.

- միասնական հարկի ձեւավորման ու գործնականում կիրառման ճիշտ մոտեցումներ արմատավորելուն, բայց ոչ այնպես, ինչպես կատարվել է «պարզեցված հարկի» եւ հաստատագրված վճարների պարագայում, որոնք չեն բխում հարկման արտերկրյա փորձից ու հարկման տեսություններից.

- հարկային բեռի ինչպես արդարացի, այնպես էլ համաչափ բաշխմանը: Վերջինս ենթադրում է օրենքի առաջ հարկատուների հավասարության սկզբունքի ֆիսկալային կենսագործում: Ընդ որում, հարկային բեռի բաշխման հիմքում ֆիզիկական անձանց պարագայում անհրաժեշտ է դնել ընտանիքի անդամների, իսկ իրավաբանական անձանց պարագայում` վերջիններիս համախառն եկամուտը:

Քննական վերլուծության են ենթարկվել ՓՄՁ-ների դասակարգման ցուցանիշները, ներկայացվել են մոտեցումներ դրանց վերանայման ուղիների վերաբերյալ, ինչպես նաեւ արվել են առաջարկություններ ՓՄՁ-ների գործունեությունը խթանող հարկային եւ վարկային խթանների վերաբերյալ:

Համակողմանիորեն ուսումնասիրվել են տնտեսության առաջընթացի ապահովման գործում վճռորոշ ազդեցություն ունեցող հարկային եւ մաքսային մարմինների գործունեության զարգացման հիմնախնդիրները, հարկային վարչարարության բարելավման տեսական եւ մեթոդաբանական մոտեցումները, տարածաշրջանային ինտեգրման ազդեցությունը հարկային եւ մաքսային համակարգերի վրա, միջազգային լավագույն փորձի հիման վրա հարկային եւ մաքսային ծառայողի վարվելակերպի արմատական վերափոխման հնարավոր ուղիները:

Վերլուծությամբ եւ միջազգային փորձի խորը ուսումնասիրությամբ բացահայտվել են հարկային եւ մաքսային մարմինների գործունեության կատարելագործման օպտիմալ ուղիները` շեշտադրելով նաեւ կազմակերպչական կառուցվածքի օպտիմալացումը, եւ հարկային եւ մաքսային ծառայողի վարվելակերպի կանոնների բարելավումը:

Հարկ է նշել, որ Վլադիմիր Հարությունյանի երկու որդիները` Տիգրան եւ Դավիթ Հարությունյանները տնտեսագիտության դոկտորներ են, իսկ դուստրը` Աննան, տնտեսագիտության թեկնածու: Նրանք ներկայում աշխատում են ՀՀ տնտեսության տարբեր ոլորտներում:

Չպետք է մոռանալ, որ ապագան պատկանում է գիտությանը:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #45, 03-12-2021

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ