RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
#043, 2021-11-18 > #044, 2021-11-26 > #045, 2021-12-03 > #046, 2021-12-10 > #047, 2021-12-17

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #45, 03-12-2021



Տեղադրվել է` 2021-12-02 23:32:50 (GMT +04:00)


Ընթերցված է` 2532, Տպվել է` 4, Ուղարկվել է էլ.փոստով` 0

ՀՈԳԵՎԱՐՔԻ ՋՂԱՁԳՈՒՄՆԵՐ. ԱՇՈՏ ՄԻՆԱՍՅԱՆԻ ԿԱԼԱՆԱՎՈՐՈՒՄԸ

ՆԱԻՐ ՅԱՆ

Վերաքննիչ քրեական դատարանըՙ դատավոր Տիգրան Սիմոնյանի նախագահությամբ, բավարարել է դատախազության բողոքը եւ կայացրել «Սիսական» ջոկատի հրամանատար Աշոտ Մինասյանի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու մասին որոշումը:

Հիշեցնենք, որ Աշոտ Մինասյանին կալանավորելու առաջին փորձը եղել է 2020 թվականի նոյեմբերինՙ Նիկոլ Փաշինյանիՙ կապիտուլյացիոն հայտարարության փաստաթղթի ստորագրումից հետո, երբ տեղի էին ունում զանգվածային ձերբակալություններ: Այդ օրերին ձերբակալվեց նաեւ Աշոտ Մինասյանը:

«Սիսական» ջոկատի հրամանատարը մեղադրվում է իշխանության յուրացումը նախապատրաստելու, պետական, քաղաքական կամ հասարակական գործչի գործունեությունը դադարեցնելու նպատակով սպանության նախապատրաստման եւ ապօրինի զենք-զինամթերք պահելու մեջ:

Ուղիղ մեկ տարի առաջ մեծ աղմուկ բարձրացավ, թե իբր Աշոտ Մինասյանը պատրաստվում է Նիկոլ Փաշինյանի սպանության նախապատրաստությանը: Զավեշտալի բառախաղի վերածված մեղադրանքն ավելի ընդգծեց Փաշինյանիՙ իր անձն ու իշխանությունը «վտանգներից պաշտպանելու» հոգեվարքային վարքագիծը: Սակայն մեկ տարի անց, արդեն այսօր, դատական իշխանություններն իրականացրին ազատամարտիկին կալանավորելու քաղաքական որոշումը:

Փաստաբան Միհրան Պողոսյանը դեկտեմբերի 1-ին է տեղեկացրել, որ լեգենդար հրամանատարը կալանավորվել է. «Վերաքննիչ քրեական դատարանի տարած-հետ բերած, անունով դատավոր Տիգրան Սիմոնյանի ակնհայտ ապօրինի որոշմամբ «Սիսական» ջոկատի լեգենդար հրամանատար, արցախյան երեք պատերազմների մասնակից Աշոտ Մինասյանը կալանավորվեց:

Աշոտ Մինասյանը շուրջ մեկուկես ժամ սպասում էր կալանավորվելուն: Սույն դատավորը բավարարեց քննիչիՙ դեռեւս 2020 թվականի նոյեմբերի 15-ի միջնորդությունը, որով փաստեց, որ կալանք տալու համար փաստերն էական չեն, էականը իշխանությանդ ցանկությունն է:

Ընթանում է «Սյունիքի գլխատում» օպերացիայի երկրորդ փուլը, ինչին օժանդակում են տիգրանսիմոնյան դատավորները. արդյունքըՙ առաջիկայում»:

Այս տարվա նոյեմբերի 22-ին Երեւանի ընդհանուր իրավասության դատարանը մերժել էր Աշոտ Մինասյանին կալանավորելու մասին դատախազության որոշումը, իսկ Վճռաբեկ դատարանը մասնակի բավավարել էր դատախազության բողոքը եւ գործն ուղարկել Առաջին ատյանի դատարանՙ նոր քննության:

Փաստորեն, կալանավորման որոշումը բավարարվեց:

Արցախի Մարդու իրավունքների նախկին պաշտպան Ռուբեն Մելիքյանն արձագանքել է իրողությանը. «Վերաքննիչ դատարանի նորաթուխ դատավոր Տիգրան Սիմոնյանի որոշումն այն աստիճանի ապօրինի է, որ քրեական դատավարությունից թեկուզ 3-րդ կուրսի գիտելիք ունեցող յուրաքանչյուրի մոտ կարող է միայն սարկաստիկ ժպիտ առաջացնել:

Քեզ հետ ամեն ինչ պարզ է, Տիգրան: Ափսոս»:

Հայտնի է, որ Աշոտ Մինասյանը սյունեցի է, ծնունդով Սիսիանից, եւ պարբերաբար քննադատել է իշխանությունների վարած քաղաքականությունը, հայտնել իր դիրքորոշումը, որ հայրենիքը պետք է միայն զենքով պահել:

Հրամանատարին, որի մարտական անունն Աշոտ Երկաթ է, բարձր են գնահատում թե՛ քաղաքական, թե՛ զինվորական շրջանակներում:

Նրան կալանավորելու փաստին անդրադարձել է նաեւ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Նազարյանը ՙ նշելով. «Սյունիքի գլխին կարկտաբեր ամպերը կուտակվում են: Առուշ, Մխիթար, Մենուա, Արթուր, հիմա էլՙ Աշոտ Երկաթ: Կամ գուցե ամպեր չեն կուտակվում Սյունիքի գլխին, այլ ոմն մեկի վախի նոպան է սաստկացել: Կալանավորես, չկալանավորեսՙ քո դատավճիռը Երկնքում վաղուց է կայացել: Ամեն ինչ արա, որ դատավճիռդ էս երկրի վրա կայանա, որ այն դատավճիռը գոնե մեղմվի»:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #45, 03-12-2021

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ