RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
#043, 2021-11-18 > #044, 2021-11-26 > #045, 2021-12-03 > #046, 2021-12-10 > #047, 2021-12-17

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #45, 03-12-2021



Տեղադրվել է` 2021-12-02 23:32:51 (GMT +04:00)


Ընթերցված է` 1414, Տպվել է` 1, Ուղարկվել է էլ.փոստով` 0

ԹԵ ՉԷ ՔԱՅԼՈՒՄ ԵՔ, ՔԱՅԼՈՒՄ ԵՔ, ՔԱՅԼՈՒՄ...

ՍԵՎԱԿ ՎԱՐԴՈՒՄՅԱՆ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականը քաղաքական տարբեր ուժեր պահանջել սկսել են դեռեւս նրա պաշտոնավարումից մեկ տարի անց: Առաջինը 2018-ի քաղաքական վերադասավորումներից հետո կարճ ժամանակ Փաշինյանի կաբինետի մաս կազմած Դաշնակցությունն էր, որ դժգոհում էր Փաշինյանի տնտեսական ու սոցիալական քաղաքականությունից: ՀՅԴ-իՙ Ազատության հրապարակում նախաձեռնած ու անցկացրած հանրահավաքի տրամաբանական շարունակությունը դաշնակացական երիտասարդների նախաձեռնած «Ահազանգ» շարժումն էր: Նոր սերնդի դաշնակցականները եկամտահարկի համահարթեցման, բուհերում հայագիտական առարկաների դասաժամերի կրճատման մասին էին ահազանգ հնչեցնում:

Փաշինյանի հրաժարականի պահանջով մարդիկ փողոց դուրս եկան մեկ էլ 44-օրյա պատերազմից ՙ նոյեմբերի 9-ի չարաբաստիկ հայտարարությունից հետո: 17 ուժերից կազմված «Հայրենիքի փրկության» շարժումը սակայն ոչ միայն վարչապետի հրաժարականին, այլ նաեւ խորհրդարանական արտահերթ ընտրություններին հասնել չկարողացավ: Խորհրդարանական արտահերթ ընտրությունների մասին ԱԺ ընդդիմությանՙ «Լուսավոր Հայաստանի» եւ «Բարգավաճ Հայաստանի» առաջնորդների ու Նիկոլ Փաշինյանի բանակցություններից հետո հայտարարվեց:

2021-ի հունիսի 20-ի ընտրություններից հետո «Հայաստան» խմբակցությունն, ի դեմս ՀՀ 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի, նորից պահանջում է Փաշինյանի հրաժարականը: Նույն պահանջով նաեւ Կարին Տոնոյանի գլխվորած «5165» շարժումն ու ինքնաբուխ կերպով ստեղծված «Ազատագրական շարժումն» են հանդես գալիս:

2018-ին Նիկոլ Փաշինյանի կիրառած նույն մեթոդներով ու լոզունգներովՙ ընդդիմադիրները փորձում են հանրային դժգոհության ալիք բարձրացնել: Առավոտյան ու երեկոյան ժամերին մի քանի րոպեով ճանապարհ են փակում, մետրոյում իրազեկման ակցիաներ իրականացնում, թռուցկիներ բաժանում ու, Փաշինյանի ասած, «քայլում են, քայլում են, քայլում են»:

Տպավորություն է, թե քաղաքական ուժերից ամեն մեկը քաղաքամայր Երեւանում զբոսանք անցակցնելու սեփական «տուրն» է մշակել ու այն պարտադրում է քաղաքացիներին: Ընդդիմությանՙ խզված ձայնով, չսափրված, անձրեւաջրերից կեղտոտված կոշիկներով ներկայացուցիչներն ասես Փաշինյանին լավագույնս կրկնօրինակելու մրցույթի են մասնակցում, ինչի հաղթողը միայն կկարողանա վաստակել վարչապետի պաշտոնի հաղթական դափնին: Հանրության հայտնի տեխնոլոգիաները սակայն, դժվար թե, կարողանաս երկրորդ անգամ բանեցնել: Մարդիկ եթե անգամ աչքերը փակ քայլերթ իրականացնեն ու «Նիկոլ հեռացիր» վանկարկեն միաբերան, համընկնող հանգերով, ապա այդ ամենից Փաշինյանը ո՛չ հուզվելու, ո՛չ էլ, առավել եւս, հրաժարական է տալու:

44-օրյա պատերազմից հետո, կարելի է ասել, ամեն 2-րդ քաղաքական ուժը, «ձեռի հետ, ոտի վրա», պահանջում է Փաշինյանի հրաժարականը: Ցավոք, դրան հասնելու ճանապարհային քարտեզը չունեն հաճախ, իսկ քաղաքացիներին իրենց շուրջը համախմբել չկարողանալը «մարդիկ թմբիրից դուրս չեն գալիս» արտահայտությամբ են արդարացնում: Այնինչ պետք է գիտակցել, որ բոլոր գործողություններից զատ նախեւառաջ քայլերի հստակ հաջորդականություն, ապա նոր քայլել է պետք:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #45, 03-12-2021

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ