RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
#043, 2021-11-18 > #044, 2021-11-26 > #045, 2021-12-03 > #046, 2021-12-10 > #047, 2021-12-17

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #45, 03-12-2021



ՄՇԱԿՈՒՅԹ

Տեղադրվել է` 2021-12-02 23:32:51 (GMT +04:00)


Ընթերցված է` 1020, Տպվել է` 1, Ուղարկվել է էլ.փոստով` 0

ՍԵԼԵՍԹ ՆԱԶԵԼԻ ՍՆՈՈՒԲԵՐ. «ՀԱՅԿԱԿԱՆ «ԲԵԿՈՐՆԵՐԸ» ԿԱՐՈՂ ԵՆ ԱՇԽԱՐՀ ՊԱՀԵԼ»

ԱՐԾՎԻ ԲԱԽՉԻՆՅԱՆ

Սելեսթ Նազելի Սնոուբերը կանադացի բանաստեղծուհի է, պարուհի, պարադիր, արվեստաբան եւ մրցանակակիր մանկավարժ: Նա Բրիտանական Կոլումբիայի Սայմոն Ֆրեյզեր համալսարանի կրթության բաժանմունքի պրոֆեսոր է, պարի, արվեստի եւ պոեզիայի վերաբերյալ գրքերի ու բազմաթիվ հոդվածների հեղինակ: Գրել է «Մարմնավորված աղոթք», «Մարմնավորված հարցում. գրել, ապրել եւ լինել մարմնի միջոցով», «Աստծո արգանդում. ստեղծագործ սնուցում հոգու համար» արվեստագիտական գործերը, բանաստեղծական «Վայրի զբոսաշրջիկ. հրահանգներ վայրի զբոսաշրջիկին աստվածային կանացիից» եւ իր հայկական ինքնությունը քննող «Կապույտ սպասում» եւ «Կարոտի ոսկրածուծը» հատորները: Սելեսթը ստեղծում է առանձին վայրերին հատուկ բեմադրություններ, այդ կերպ Բրիտանական Կոլումբիայի համալսարանի բուսաբանական այգում ներկայացրել է լայնակտավ ներկայացումներՙ շաղկապելով պոեզիան եւ պարը տարվա յուրաքանչյուր եղանակի: Հեղինակել է ձայնը, կատակերգությունը եւ պարը միավորող մենաներկայացումներ, որոնք ցուցադրել է Հյուսիսային Ամերիկայում եւ այլուրՙ համերգասրահներում, պատկերասրահներում, թանգարաններում եւ բացօթյա տարածքներում: Սելեսթի անձնական կայքէջն էՙ www.celestesnowber.com:

- Սե՛լեսթ, առաջին անգամ ձեր մասին եւ քո բանաստեղծությունները կարդացել եմ 2005-ին «Արարատ» անգլերեն եռամսյա հանդեսում: Հետո ձեր կարճ կենսագրությունը ներառեցի իմ «Հայերը համաշխարհային պարարվեստում» ուսումնասիրության մեջ: Վստահ եմ, վաղուց ժամանակն է, նույնիսկ ուշացել ենք, որ հայությունը ճանաչի իր հայրենակցուհուն: Պոեզիան եւ պարը տեսականորեն նման են, բայց դուք ապացուցում եք, որ գործնականում դրանք նույնպես նման են: Ինչպե՞ս են դրանք փոխկապակցված ձեր գեղարվեստական աշխարհում:

- Իմ ընկալմամբՙ թե՛ պարը, թե՛ պոեզիան ծնվում են մարմնից: Իմ աշխատանքը համատեքստված է հետազոտության մարմնավորված ձեւերում, եւ ես գրելուն նվիրվում եմ այնպես, ինչպես որ պարում եմ: Ուստի ես ուզում եմ, որ ռիթմը, պոեզիան, շարժումը, դադարը եւ կենսական ուժերը մտնեն իմ գրածի լեզվի մեջ, քանի որ դրանք նաեւ «բնակվում են» իմ պարի մեջ: Ես հաճախ եմ գրում պարելուց հետո, եւ իմ պոեզիան իմ պարի մեջ է մտնում միաժամանակ խոսելու եւ պարելու միջոցով: Բանաստեղծություններս հաճախ մեկնաբանում եմ ժամանակակից պարի միջոցովՙ հնչեցնելով դրանք շարժվելիս: Այս երկու արվեստի ձեւերն էլ տեսնում եմ որպես գեղեցիկ ուղեկիցներ եւ ոգեշնչումներ մեկը մյուսի համար:

- Մի անգամ դուք ասել եք. «Երբ մենք կարող ենք բացվել մարմնի առջեւ, կարող ենք բացվել եւ սրտի առջեւ»: Բայց մինչ այդ միգուցե պետք է բացվենք մտքի՞ առաջ:

- Կարծում եմՙ միտքը, մարմինը եւ սիրտը փոխկապակցված են, եւ եթե մեկը բացենք, կարող ենք բացել եւ մյուսները: Այնուամենայնիվ, քիչ ուշադրություն է դարձվում մարմինը բացելուն, ինչը, իմ համոզմամբ, խորապես կապված է ներըմբռնման, տրավմայի բուժման եւ կեցության նոր ուղիների անցնելու, արտացոլման եւ ընկալման հետ: Ուզում եմ միտքՙ մարմնով եւ մարմինՙ մտքով: Եվ, իհարկե, ուզում եմ սիրտ... մշտապես:

- Ձեր կենսագրությունը կարդալիս հետաքրքրական էր իմանալ, որ դուք սովորել եք նաեւ հուլաՙ պոլինեզական պարերգի մի տեսակ: Արդյո՞ք դա չափազանց հեռավոր ու տարաշխարհիկ չէ արեւմուտքցու համարՙ լինի կատարող, թե հանդիսատես:

- Իմ պարային պրակտիկայի մի զգալի մասը բնության աշխարհում տվյալ վայրին հատուկ պարի կատարումն է: Ես զգում եմ, որ ստեղծագործությունը մի վայր էՙ լսելու այն, ինչը որ ի հայտ է գալիս, եւ ես ստեղծագործում եմ ծառերի, երկնքի, ծովի եւ բույսերի հետ համատեղ եւ բնությունը մեկնաբանելը ներգրավում եմ ժամանակակից պարի, հանկարծաբանության եւ պոեզիայի միջոցով: Հուլան պարի հին ավանդույթ է, որը խորապես կապված է սրբության եւ ստեղծագործության հետ: Հուլային տիրապետելու համար ինձնից մի ամբողջ կյանք կպահանջվի, եւ կարծում եմ, որ հուլայի արմատները պիտի ուսումնասիրել բնիկ գիտելիքների եւ շարժումների միջոցով, որոնք համատեղելի են երկրին ունկնդիր լինելու իմ արժեքների հետ: Ինքս հուլա չեմ կատարում, բայց այն աջակցում ու ոգեշնչում է շարժման այն ձեւերը, որոնք ես գնահատում եմ:

- Ասում ենՙ պարողների մեծամասնությունը սովորաբար չի կարդում: Դուք պարի վերաբերյալ ուսումնասիրությունների հեղինակ եք: Ո՞ւմ համար եք գրում պարագիտական աշխատություններըՙ պարողների՞, թե՞ իրենցՙ պարագետների:

- Իմ հետազոտությունները խարսխված են արվեստի վրա հիմնված ուսումնասիրության եւ մարմնավորման վրա, ուստիեւ ինձ չեմ դասում պարագետների շարքում: Վերջին քսանհինգ տարիները ես նվիրել եմ մարմնից կատարվող գրառման պրակտիկան զարգացնելուն, հետազոտության մարմնավորված եղանակներին, որոնք ներառում են պարը, շարժումը եւ սոմատիկանՙ մարմնի հետ կատարվող աշխատանքի եւ շարժումների ուսումնասիրությունը, որոնք նաեւ կապեր ունեն տարբեր ոլորտների հետՙ էկոլոգիա, ընդհանուր կրթություն, հոգեւորություն եւ պարային ու գեղարվեստական կրթություն: Ես ինձ հաճախ անվանում եմ «վերականգնվող պարադիր», քանի որ իմ բեմադրություններում ես շատ եմ դիմում հանկարծաբանությանըՙ միախառնված ժամանակակից ու արդիապաշտ պարի, ձայնի, պոեզիայի եւ նույնիսկ կատակերգության ձեւերի հետ: Ես զգում եմ, որ պարի իմացության լսարանն ավելացել է ավելի շատ ոլորտներում, զուտ պարագիտությունից բացի, եւ միշտ ձգտել եմ պարը, մարմինը եւ սոմատիկան հասցնել ավելի լայն լսարանների:

- Ձեր երկրորդ անունըՙ Նազելի, հուշում է ձեր հայկական արմատների մասին: Յուրաքանչյուր հայի անձնական պատմությունը համընդհանուր հայկական պատմության մի մասն է: Ինչպիսի՞ պատմություններ, աշխարհագրական եւ մշակութային անուններ ու նյութեղեն հիշատակներ եք դուք փայփայում «հին երկրի» հետ կապված:

- Մայրսՙ Գրեյս Թերզյանը, հոր եւ մոր հետ թողել է իր ծննդավայր Խարբերդը 1913 թվականինՙ Ցեղասպանությունից անմիջապես առաջ, երբ երեխա էր: Նա միակն էր, որ ծնվել էր Հայաստանում, իսկ իմ մյուս նախնիները սպանվել են Մեծ եղեռնի ժամանակ: Կարծում եմ, որ մայրս ողջ կյանքում չսպիացած վերք է ունեցել, որը բացահայտելու համար ինձնից բավական երկար ժամանակ է պահանջվել: Հայկական ժառանգությունն, իհարկե, շատ դժվարություններ է ներառում, բայց առկա է նաեւ մշակութային հարստություն, որը ես հետ եմ ստանում իմ կյանքում: Դա է պատճառը, որ ես շատ նյութեղեն հիշատակներ չունեմ: Ունեմ մի քանի լուսանկար, որոնք փայփայում եմ: Այնուամենայնիվ, ես ունեմ բանավոր պատմությունների դրվագներ եւ հիշողությունն այն հրաշալի խոհանոցի, որով մեծացել եմ:

- Եվ այս ժառանգությունն ինչ-որ կերպ արտացոլվո՞ւմ է ձեր պարի եւ պոեզիայի վրա:

- Այո, մեծապես: Բազմաթիվ բանաստեղծություններ ու պարեր կան, որոնք ես ստեղծել եմՙ կապված, ասենք, խաղողի տերեւների ու խաչքարերի, հայկական ճարտարապետության հետ. եկեղեցիներն ու վանքերը նույնպես միշտ գրավել են ինձ, քանի որ մանուկ հասակից դրանք ինձ ծանոթացրել են գրքերում: Մի քանի տարի առաջ մի մենաներկայացում ունեիՙ «Կինը կարմիր պղպեղ է ծնում», որտեղ քննել եմ իմ հայկական ժառանգությունը եւ օգտագործել եմ սմբուկի մասին իմ մի բանաստեղծությունըՙ «Սեւ սալորի կեղեւի տակ»: Ես այն կարծիքի էի, որ պոեզիա գրելը միջոց է պեղելու իմ հայկական ինքնության բեկորները, բացահայտելու նրա հետ կապված դժվարությունները, բայց նաեւՙ բացառիկ հարուստ մշակույթը: Ես հաճախ ասում եմ, որ հայ ինքնության այս բեկորները կարող են աշխարհ պահել:

- Դուք քննել եք ձեր հայկականությունը նաեւ ձեր վերջինՙ «Կարոտի ոսկրածուծը» ժողովածուի 54 բանաստեղծություններում: Պատմական հիշողության եւ ինքնության ճանաչման այս պոեզիան սփյուռքահայերի մեջ գոյություն ունի շուրջ մեկ դար: Ինչպե՞ս են ոչ հայերն ընկալում խորապես անձնական եւ միջանձնային գրականության այս տեսակը, հատկապես, եթե նրանք չեն առնչվում արդի միտումներին:

- Ես անսահման հիացած եմ, որ մեծաթիվ ոչ հայեր ծանոթացել են այս գրքին: Շատերն ուսումնասիրում են իրենց ինքնությունը, եւ հատկապես Հյուսիսային Ամերիկայի բնիկները ցեղասպանության պատմություն ունեն: Շատերն ինձ ասել են, որ այդ գիրքն իրենց արիություն է տվելՙ փնտրելու իրենց անհանգստացնող անցյալը եւ կապվելու իրենց մշակույթների հետՙ որպես բուժման վայր: Կարծում էի, որ ամենաշատը հայերին կհուզի այդ գիրքը, եւ այդպես էլ եղել է, բայց հատկապես ուրախացնում է ոչ հայերի դրական արձագանքը: Այսպիսով, իմ գիրքը դառնում է մեր մշակույթն ու պատմությունը ճանաչել տալու մի վայր:

- 106-ամյա ցեղասպանությունը հայերի համար ահազանգող իրողություն է եղել, սակայն այսօր Հայաստանում 44-օրյա պատերազմից հետո մենք բախվեցինք ցեղասպանական նոր փորձի: Ինչպես տեսնում ենք, ոչինչ չի փոխվել: Եվ չնայած ամեն ինչին, Հայաստանն ու նրա ժողովուրդը միշտ ողջունում են իրենց զավակներին: Երբեւէ եղե՞լ եք ձեր մոր երկրում, եթե ոչ, ապա գիտեք, որ այնտեղ միշտ սիրով կընդունեն ձեզ:

- Հայաստանում եղել եմ 2007-ին եւ հայկական պարեր եմ սովորել: Ինձ դուր եկավ լինել այնտեղ եւ այդ ժամանակվանից ի վեր փափագում եմ վերադառնալ: Ամենից շատ ինձ ցնցեց, երբ Եղեգնաձորի գյուղերից մեկում ես ինձ ամենից շատ զգացի ինչպես իմ տանը: Իմ բարեկամ Անտուան Թերջանյանը տարին վեց ամիս բնակվում է այդ գյուղում: Երբ պարուհի Ռուզանը լավաշ հաց բերեց, եւ մենք բոլորս գյուղի ժողովրդի հետ փողոցում քոչարի պարեցինք, ես զգացի, որ իսկապես իմ հարազատ տանն եմ գտնվում: Ի դեպ, իմ վերջին գրքում կա մի բանաստեղծությունՙ «Մի պարող սիրտըՙ մյուսին» վերնագրով, որտեղ խոսում եմ այս մասին: Վերջին տողերն ենՙ

Ահա՛ իմ ծագումը

մի ժամանակ, որը ես չգիտեմ

բայց որի համար ցավում եմ:

Ցանկանում եմ վերադառնալ Հայաստան, երբ անցնեն կովիդի սահմանափակումները. Ես գիտեմ, որ իմ ժամանակը չի ավարտվել այս սիրելի երկրում...

Նկար 1. Լուսանկարըՙ Միքել Մաթեուսի

Նկար 2. Լուսանկարըՙ Քրիս Ռենդլի

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #45, 03-12-2021

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ